ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

10.10.2015 Հայաստանը՝ նեոլիբերալ հզոր ճնշման տակ․ հարցեր գերմանացի պատգամավորին

 
 

«Դեմոկրատիան աստված է տվել, մենք պիտի պահենք այն»

Հեղինակներ՝ Աննա Շահնազարյան, Արփինե Գալֆայան

2015թ․ հոկտեմբերի 5-ին Երևանի պետական համալսարանում գերմանական պահպանողական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը հրավիրել էր Բունդեսթագի Քրիստոնեա֊դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ալբերտ Վայլերին (լուսանկարում)՝ խոսելու պառլամենտարիզմի մասին։ Որպես քաղաքացիական հանրության ակտիվ անդամներ՝ մեր ուշադրությունն այս միջոցառումը գրավեց նախ՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների ոչ լեգիտիմ գործընթացի հետ ժամանակային համընկնման պատճառով։

Սակայն առիթ չէր լինի մամուլով հրապարակել միջոցառման ընթացքում հնչած շատ կարծիքներ, եթե դրանք չարտացոլեին «հարուստ երկրի» պահպանողական տղամարդ պաշտոնյայի ամբարտավան, անհարգալից և շահագործող վերաբերմունքը մի երկրի նկատմամբ, որին նա համարում է իր բարեկամը։

Կարիք չտեսնելով մատնանշել միջոցառման ընթացքում ցեղասպանության թեմայով հնչեցված կարծիքները և այդ առիթով Ալբերտ Վայլերի ձեռնարկած քայլերը՝ անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ Հայաստանի համար կյանքի շարունակության հարց դարձած խնդիրների շուրջ պարոն Վայլերը հնչեցրեց խիստ սահմանափակ, քամահրական և մակերեսային կարծիքներ։ Ու քանի որ նրա կարծիքներն այլ երկրների վերաբերյալ, մասնավորապես՝ Հունաստանի, նույն որակի էին, թույլ ենք մեզ տալիս եզրակացնել, որ դրանք արտացոլում են Գերմանիայի իշխող պահպանողական կուսակցության և, ընդհանրապես, նեոլիբերալ պետությունների քաղաքականությունը։

Այսպես, պարոն Վայլերը Հունաստանը համեմատեց «ընտանիքում դժվար երեխայի» հետ, որին իրենք՝ «ծնողները» դուրս չեն հանի եվրոպական ընտանիքից, այլ կշարունակեն նոր վարկեր տալ, որպեսզի եվրոպական ընտանիքը չքայքայվի։ Հայաստանում հանքարդյունաբերության և գերմանական շահի ու հայաստանցու կեղեքման ու վնասի մասին հարցին նա, ըստ էության, պատասխանեց անվարան վճռականությամբ, որ ամեն ինչ ճիշտ է, կապիտալիզմի բնույթն է դա, և որ հանքարդյունաբերության «տորթից մի կտոր էլ հայ ժողովրդին պիտի հասնի»։ Իսկ պառլամենտարիզմի՝ որպես Արևմուտքում ճգնաժամի մեջ գտնվող քաղաքական համակարգի և Հայաստանում դրա պրոպագանդայի փորձի մասին հարցին, նա հաստատեց, որ պառլամենտական համակարգը լավագույն համակարգն է և որ ինքը համաձայն չէ որակումների հետ, թե Հայաստանում ոչ լեգիտիմ գործընթացներ կան ու, ընդհանրապես, ինքը շատ է հավանում Հայաստանը, ու չէր ուզի նման բաներ լսել։

Քանի որ զեկույցներին հաջորդող հարցուպատասխանի այս հատվածներն իսկապես ուշագրավ են, դրանք սղագրած վիճակում, ինչպես նաև տեսագրությամբ ներկայացնում ենք հանրությանն առանց հավելյալ մեկնաբանությունների։

Ցավում ենք, որ Հայաստանը գտնվում է նեոլիբերալ հզոր ճնշման և կեղեքման, այդ թվում՝ անհասկանալի ոչ լեգիտիմ ռեֆորմների պարտադրման տակ, որոնք զուգորդվում են նմանատիպ այցելություններով ու ելույթներով։

Հարց. Գերմանական կառավարության քաղաքականությունը Հայաստանում իրականացվում է ոչ միայն Գերմանիայում տեղի ունեցող իրադարձություններով, պառլամենտի աշխատանքով և այլն, այլ նաև տարբեր հաստատությունների միջոցով՝ Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության (GIZ-ի), Եվրամիության տարբեր կառույցների և, այսպես կոչված, ֆինանսական հաստատությունների, նույնիսկ տարածաշրջանային քաղաքականության միջոցով, մասնավորապես՝ նավթարդյունաբերական բիզնեսում ունեցած դերով՝ կառավարական և ոչ կառավարական: Եվ Հայաստանում, մասնավորապես, տնտեսական լուրջ շահեր ունի Գերմանիան, դրանք հանքարդյունաբերության ոլորտում շահերն են, հանքարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկում ունի մեծամասնությամբ բաժնետերեր, և Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող մյուս ընկերություններից ստացված հումքը նույնպես մեծամասամբ արտահանվում է Գերմանիա: Այս հարաբերություններում Հայաստանի բնակչությունը լրջագույն զրկանքների և կեղեքման է արժանանում, մասնավորապես, հանքարդյունաբերությունը մեծագույն սոցիալական և բնապահպանական բացասական ազդեցություն ունի: Մենք զրկանքների ենք ենթարկվում: Որպես Հայաստանի բնակիչ՝ ես չեմ կարողանում իմ կառավարության վրա ազդեցություն գործել, որպեսզի այնպիսի հարկային համակարգ լինի, որ հանքարդյունաբերությունից մեր երկիրը որոշակի տնտեսական շահ իսկապես ունենա: Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում հարկերը չափազանց ցածր են, Հայաստանում բնապահպանական, սոցիալական, աշխատանքային տեսչություններ կա՛մ չկան, կա՛մ դրանք գրեթե անգործունակ են: Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանի կառավարության հետ աշխատում են միջազգային դոնոր կոչվածները, այդ թվում նաև՝ Գերմանիայի միջազգային զարգացման գործակալությունը, և տալիս են բարեփոխումների խորհուրդներ: Հաշվի առնելով այս իրավիճակը՝ երբ մենք զրկանքների ենք ենթարկվում նեոլիբերալ քաղաքականության, տնտեսական կապիտալիստական շահագործման քաղաքականության արդյունքում, շարունակո՞ւմ եք արդյոք պնդել, որ Հայաստանի և Գերմանիայի միջև կան չեզոք և բարիդրացիական հարաբերություններ:

Պատասխան՝ Ալբերտ Վայլեր, Քրիստոնեա֊դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գերմանիայի բունդեսթագում

Կապիտալիզմ… կա Կառլ Մարքսի ուսմունքը, որն ուզում էր, որ երկիրը պատկանի պրոլետարիատին: Ըստ իս՝ դա սկզբունքորեն լավ գաղափար է, բայց այն հնարավոր չէ իրականացնել, քանի որ մարդն այլ կերպ է ստեղծված: Յուրաքանչյուր մարդ ձգտում է բարեկեցիկ կյանքի և ուզում է ավելի շատ բան ունենալ, քան մեկ ուրիշը: Եթե լիներ որևէ նյութ, որը սրսկելով՝ մարդուն կարելի լիներ դարձնել անձնուրաց, եթե «սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ» խոսքն իսկապես իրականանար այնպես, ինչպես մտածված էր՝ մարդիկ ոչ միայն հավատային այդ պատվիրանին, այլև ապրեին այդ պատվիրանի համաձայն, ապա այդ դեպքում չէր լինի կապիտալիզմ: Բայց քանի որ դա այդպես չէ, չի կարող նաև աշխատել: Այսինքն միշտ էլ կլինեն բաներ, որոնք մարդիկ ուզում են ունենալ, բայց չեն կարողանում, իսկ ուրիշ մարդիկ այդ բաներն ունեն, և դա ստանալու համար սրանք պիտի ջանք թափեն կամ էլ պարզապես գողանան այդ բաները: Անցյալում, մասնավորապես Գերմանիայում՝ ԳԴՀ-ում, սոցիալիզմի պատրվակի ներքո գողացվել են այդպիսի բարիքներ: Մարդիկ, ովքեր հարյուրամյակներ շարունակ գնել էին հողամասեր, այդ հողամասերի վրա տներ էին կառուցել… նրանց զրկեցին այդ հողամասերից, իրենց տներից, և նրանց ասվեց, որ դա սոցիալիզմ է՝ սոցիալիզմում ամեն ինչ պետք է պատկանի բոլորին: Ես այստեղ բավականին երկակի կարծիք ունեմ, որովհետև եթե Դուք կամ ես տուն դնենք, ապա դրա համար պիտի շատ աշխատանք կատարած լինենք, շատ քրտինք թափած լինենք և շատ փող ծախսած լինենք, նաև շատ զրկանքներ ապրած լինենք: Եվ ես կարծում եմ, որ եթե որևէ մեկը տուն գնելու համար աշխատում է, փող է կուտակում և հետո նրանից այդ տունը խլում են, ասելով, որ նա կապիտալիստ է՝ շատ փող ունի, այդ կարծիքը կարելի է ունենալ, բայց դա իմ կարծիքը չէ:

Հիմա ինչ վերաբերվում է հանքաշինությանը: Բնական է, որ արտադրանքը պիտի դուրս բերվի, եթե ուզում ես շուկա հանել: Եվ եթե ես ուզում եմ փող աշխատել, ապա, եթե կարելի է, դա կանեմ: Եթե ես ասեմ, որ դա անում եմ ի բարօրություն հանրությանը… ցույց տվեք ինձ որևէ մեկին, ով ամբողջ օրն աշխատում է և չի ուզում դրա համար վարձատրվել: Ոչ դուք և ոչ էլ մյուսները չեն ուզենա առանց վարձատրության որևէ աշխատանք անել: Բայց երբ զբաղվում ես հանքարդյունաբերությամբ, ապա հումքը պետք է վաճառես, շուկա հանես և դրանից, անշուշտ, պետք է օգտվեն ոչ միայն առանձին մարդիկ, այլ նաև այն երկիրը, որին պատկանում է այդ հումքը: Այսինքն, շահույթի մի մասը մնում է մասնավորներին, իսկ մի մասն էլ հարկերի միջոցով մտնում է պետական գանձարան: Արդյոք սա կապիտալի՞զմ է, թե՞ ոչ՝ յուրաքանչյուրը թող ինքը որոշի իր համար, բայց անհրաժեշտ է մարդկանց շահագրգռել, որ ինչ-որ բան անեն. իսկ դա հնարավոր է միայն դրամի միջոցով՝ կամ դրամ պետք է տաս մարդուն կամ որևէ արժեքավոր առարկա, որ շահագրգռված լինի:

Ի՞նչ կարող է անել Գերմանիան: Գերմանիան կարող է օգնել իր ֆիրմաներով, կարող է օգնել և՛ հանքարդյունաբերությունում և՛ այլ ոլորտներում, բայց դա հնարավոր է միայն Հայաստանի կառավարության հետ միասին: Կարծում եմ, որ այդպես պետք է անեն նաև մյուս երկրները՝ աշխատեն հայկական կառավարության հետ միասին: Ես միայն կարող եմ ասել, որ եթե Հայաստանում աշխատում են գերմանացի ձեռնարկատերերը, ապա նրանք դա չեն անի, եթե որևէ շահույթ չունենան. ոչ մի ձեռնարկատեր առանց շահույթի ոչ մի երկրում ոչինչ չի անում: Օգնություն ես տալիս, օգնությունը կարևոր է, բայց յուրաքանչյուրն ով աշխատում է, ցանկանում է նաև վարձատրված լինել: Հարցը միայն այն է, թե ո՞վ է աշխատում միայն շատ մեծ վարձատրության համար, իսկ ո՞վ է պատրաստ աշխատել նաև փոքր վարձատրության դիմաց: Հատկապես հանքարդյունաբերության և տուրիզմի ոլորտներում, այդ հարցերը պետք է այնպես կարգավորվեն Հայաստանի կառավարության հետ մեկտեղ, որ հայ ժողովուրդը և առանձին հայերը դրանից ոչ թե տուժեն, այլ իսկապես այդ վաստակված տորթից էլ մի կտոր ունենան: Ես միայն կարող եմ ասել, որ ուրախ կլինեի, որ Գերմանիան ավելի շատ ֆիրմաներ ուղարկեր Հայաստան, ես կողջունեի այդ հանգամանքը: Բայց այդ մասին որոշումն այստեղ չի կայացվում, այդ մասին որոշումը կայացնում են քաղաքական գործիչները և այդ որոշումները կայացվում են նաև ֆինանսական տեսանկյունից:

Այսինքն, եթե որևէ գերմանական կոնցերն աշխատելու է Հայաստանում, ապա այն պետք է համոզված լինի, որ անվտանգ պայմաններում կարող է Հայաստանում աշխատել. միաժամանակ, պետք նաև հնարավոր լինի հումքի տեղափոխումն այն երկրներ, որոնք դրա կարիքն ունեն, և անպայման կարևոր է նաև պատշաճ վարձատրությունը՝ անկախ այն բանից, թե երկիրը սոցիալիստակա՞ն է (կարծեցյալ սոցիալիստական)… Չինաստանն ասում է, որ ինքը սոցիալիստական է: Բայց գնացեք Աֆրիկա, և կտեսնեք, հատկապես Նիգերիայում… հումքն այնտեղից ուղարկվում է Չինաստան, իսկ ի՞նչ է անում Չինաստանը, որպեսզի օգնի մարդկանց Էբոլայի հարցում: Ես հիմա չեմ ուզում այստեղ գնահատականներ տալ, բայց մենք՝ եվրոպացիներս, շատ բան ենք անում. մենք հանգանակություններ ենք հավաքում, տեղում ենք օգնում, բժիշկներ ենք ուղարկում Նիգերիա… բայց հապա նայեք, թե ի՞նչ է անում այսպես կոչված սոցիալիստական Չինաստանը Նիգերիայի համար, թեև ամբողջ հումքը Նիգերիայից ինքն է հանում՝ շահագործելով նիգերացիներին: Այդ բոլորը տեսնելով այլ կերպ ես նայում և՛ կոմունիզմին, և՛ կապիտալիզմին:

Հարց․ Լինո՞ւմ են իրավիճակներ, երբ ձեր կողմից դեմ քվեարկած քաղաքական որոշումները կամ օրենքները առաջացնում են ձեր ընտրողների դժգոհությունը: Եթե կա նման պրակտիկա, ինչպե՞ս եք դուք կարգավորում հարաբերությունները:

Պատասխան․

Հարց եղավ, թե արդյոք դժգոհություն չի՞ առաջանում ընտրողների մոտ, եթե ես քվեարկում եմ այնպիսի որոշման օգտին, որոնք սիրված չեն: Այո: Ես կողմ եմ քվեարկել Հունաստանին Եվրամիությունում պահելու համար և Հունաստանին օգնություն տալու համար: Քաղաքացիները հարցրել են ինձ՝ ինչո՞ւ եք նման բանի հետ համաձայնվել, Հունաստանին տված փողը կորած փող է, հույները չեն կարողանում նորմալ օգտագործել այդ փողը: Ես բացատրեցի, թե ինչու եմ կողմ դրան քվեարկել. մենք ունենք Եվրոպական Միություն և Եվրոպական Միությունը չպետք է քայքայվի, չպետք է փշրվի և թուլացվի: Ես կարծում եմ, որ մենք մի մեծ ընտանիք ենք, և այդ մեծ ընտանիքում կա մի դժվար երեխա: Իսկ եթե ընտանիքում լինում է դժվար երեխա, այդ երեխային դուրս չեն անում տնից, այլ փորձում են ամենատարբեր միջոցներով երեխային նորից ինտեգրել: Ես նույն կարծիքի եմ նաև Հունաստանի մասին: Բոլորին չէ, որ իմ պատասխանը բավարարեց, բայց դա իմ որոշումն է եղել, և ես այստեղ բերված փաստարկներով փորձեցի նաև պարզաբանել իմ տեսակետը: Սիրիայի հարցում ևս Հունաստանը կարող է կարևոր դեր խաղալ, քանի որ Սիրիան արդեն անհանգստության մի մեծ օջախ է. Հունաստանն էլ կարող է նման օջախ դառնալ, եթե դուրս մնա Եվրոպական միությունից:

Հարց․ Երևի տեղյակ եք, որ հիմա Հայաստանում սահմանադրության փոփոխությունների գործընթաց է նաև գնում և դա նույնպես խորհրդարանական համակարգի անցնելու համար է ներկայացվում, ու այստեղ էլ խորհրդարանական համակարգի պրեզենտացիա է տեղի ունենում. ուզում եմ հասկանալ՝ սրանք կապվա՞ծ են, թե չէ: Եվ երկրորդ, որպես քոմենթ կուզեի ասել, որ խորհրդարանական համակարգը հենց եվրոպայում արդեն ճգնաժամի մեջ է և հետադիմական սիստեմ է, որովհետև 400 տարի առաջ երբ կազմվում էր, ժողովրդի շատ շերտեր բացառված են եղել դրանից, օրինակ՝ կանայք, օրինակ՝ աղքատ խավերը. հիմնականում հարուստ սպիտակամորթ տղամարդկանց կազմած սիստեմ է եղել: Ճիշտն ասած բացասական եմ վերաբերվում նրան, որ այդ սիստեմի պրոպագանդայի տարրեր եմ տեսնում այն ժամանակ, երբ Հայաստանում ոչ լեգիտիմ ձևով խորհրդարանական սիստեմ է պարտադրվում և ներքևից ընդդիմություն կա դրա վերաբերյալ:

Պատասխան․

Դուք խոսեցիք սահմանադրական բարեփոխումների մասին: Դուք հարցնում եք, թե արդյո՞ք մեր այս միջոցառումը կապված է այդ սահմանադրական ռեֆորմի հետ, թե ոչ: Ինձ չեն կանչել այստեղ, որ ես որևէ կուսակցության օգտին արտահայտվեմ: Ես այս զեկուցումն անում եմ, որպեսզի ձեզ տեղեկացնեմ այն մասին, թե ինչպես է գործում համակարգը Գերմանիայում, և ես համոզված եմ, որ սա լավ համակարգ է, հակառակ դեպքում՝ Հայաստան չէի գա և չէի ներկայացնի այս համակարգը: Գերմանիայում 70 տարվա ավանդույթ ունի այս համակարգը, դրանով պաշտպանված են փոքրամասնությունները. իսկ էլ ի՞նչ եք ուզում: Եթե համակարգը պաշտպանում է ոչ միայն ուժեղներին, այլև փոքրամասնությանը, կարծում եմ՝ դա լավ սահմանադրական կարգ է: Դրա համար եմ եկել, որ ձեզ ներկայացնեմ այդ կարգը, բայց ոչ նրա համար, որ օգնեմ ինչ-որ մեկին կամ խանգարեմ մեկ ուրիշին: Դուք խոսեցիք այստեղ ոչ լեգալ համակարգի մասին. ես չեմ ուզում դրա մասին առանձնապես արտահայտվել, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանում համակարգը իլեգալ է, ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ դուք այստեղ իլեգալ կարգ ունեք. ես ինձ լավ եմ զգում Հայաստանում և չեմ ուզում շարունակել այս հարցին անդրադառնալ:

Հարց. Դուք նշեցիք, որ ընտրողները շահագրգիռ չեն ընտրությունների մասնակցելու: Ինչո՞ւմն է պատճառը:

Պատասխան.

Դուք ասացիք, որ ընտրողները հաճախ պասիվ են մնում: Դա իսկապես այդպես է: Բայց երբ ուշադիր ես նայում, ապա տեսնում ես, որ ընտրողների մոտավորապես կեսը ընտրություններին մասնակցում է, և այդ կեսն էլ արդեն բավականին մեծ քանակ է: Եվ ես աշխաում եմ հենց այդ կեսի հետ: Բոլոր պատգամավորները չէ, որ դա անում են, բայց ես դա անում եմ: Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում, թե ինչպես աշխատի իր ընտրողների հետ: Երբ ինձ ընտրում էին քաղաքապետի պաշտոնում, 70%-ից ավելի ընտրողներ մասնակցեցին քվեարկությանը և ես հպարտ եմ, որ կարողացա այդքան մարդ բերել ընտրությունների: Եթե քաղաքապետի ընտրություններին այդքան մարդ չգա, դա կնշանակի, որ համակարգը իսկապես լավ չի աշխատում: Մարդիկ հաճախ չեն գնում ընտրությունների, քանի որ լավ են ապրում, բարեկեցիկ կյանքով են ապրում: Օրինակ, Յենայում բնակչությունը բավականին բարեկեցիկ կյանքով է ապրում: Իսկ աշխարհում արդեն հայտնի փաստ է, որ որքան ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում մարդիկ, այնքան ավելի քիչ են հետաքրքրվում քաղաքականությամբ: Բայց մենք աշխատում ենք, որպեսզի դեմոկրատիան չմնա միայն Աստծո շնորհ, Աստծո տված մի նվեր, այլ մարդիկ պիտի մասնակցեն դեմոկրատիային, հակառակ դեպքում դեմոկրատիան վտանգված կլինի: Աստված տվել է մեզ դեմոկրատիան, բայց տվել է, որպեսզի մենք շարունակենք աշխատել այդ ուղղությամբ, որ մնանք դեմոկրատ:

Հղումներ

Բնագիրը
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014