ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

15.07.2015 Վերջում պարզվում է, որ համակարգի «ջրցանը» ամենամեծն է

 
 

Մեր զրուցակիցն է ՄԻԺԻ փոխնախագահ, քաղաքագետ Գոռ Հակոբյանը

Գոռ, եթե ամփոփենք՝ Բաղրամյան պողոտայում ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչ հաջողվեց և ի՞նչ չհաջողվեց այս պայքարում։

Բաղրամյան փողոցը գրեթե 10 տարի հետո կրկին թրջվեց։

Որոշ չափով հնարավոր եղավ կոտրել հասարակական անտարբերությունը և ինչ-որ ժամանակ թմբիրից հանել հասարակության մի մասին։ Ստեղծվել է լավ հնարավորություն նրանց հետ ակտիվ աշխատանք տանելու համար: Անհաջողությունների մասով հանրային սեփականությունը շարունակելու են  օգտագործել մասնավոր շահի համար: Պետական բյուջեն հանրային սեփականություն է և այն պետք է ծառայի հանրային բարիքի, այլ ոչ թե մասնավոր ընկերության վնասները փոխհատուցելու համար: Էներգետիկ համակարգը և աղբյուրները մասնավորեցված են, պետական վերահսկողությունը չափազանց թույլ է, ամենաթողության և կոռուպցիայի միջոցով համակարգը քայքայվում է: Իսկ այս պայքարի համար դրված էին այս ոլորտի կարգավորման մակերեսային պահանջները:

Ի՞նչն էր պատճառը, որ այս շարժումը չփորձեց քաղաքականացնել պայքարը: Ավելին՝ շարժման առաջին օրերին որոշ ակտիվիստների մոտ քաղաքականացնելու հետ կապված վախեր կային:

Հասկացությունների չիմացության և օգտագործման խառնաշփոթ և քողակում կա: Որևէ տեսակի բողոքի ակցիա, հավաք ինքնին քաղաքական է, և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաներն ու հավաքները` նմանապես: Մասնակիցներից ոմանք սակայն քաղաքական տերմինn այլ իմաստով են օգտագործում: Նրանք օգտագործելով չքաղաքականացնել տերմինը, ավելի շուտ նկատի ունեին, որ իրենք «իշխանափոխության» պահանջ չեն դնում և լոյալ են «իշխանավորներին», և միայն ցանկանում են, որ էլեկտրաէներգիան չթանկանա: Մենք այլ պայքարներում միշտ շեշտել ենք, որ հանրային պահանջն իր էությամբ իսկ քաղաքական է, սակայն ոչ կուսակցական, իսկ այս հավաքների ժամանակ տարբեր կուսակցություններ, հասարակական-քաղաքական ուժեր ակտիվ մասնակցում էին գործընթացներին և ունեին իրենց «ազդեցությունը»: Ամբողջ հավաքների շրջանում լոյալության հայտարարությունները կարևոր են եղել, իսկ Ռուսաստանի ու մայդանի հետ կապված հայտարարությունները և ջանքերը, իմ կարծիքով, նույնիսկ չափազանցված էին։ Ցավում եմ, բայց այնպիսի տպավորություն կար, որ լույալությունը երաշխավորում էր, որ հավաքները տեղի ունենան, և իրենք իշխող համակարգի համար վտանգավոր չեն: Այս ամենը ավելի սուր երևում էր ոստիկանության կողմից ջրցան մեքենայի օգտագործումից հետո:

Նման իրավիճակը առաջանում է, երբ պայքարի համակարգողները և մասնակիցների գլխավոր մասը թանկացման հարցը չեն կապում իրենց սահամանադրական իրավունքներին և դրանց ուղղակի նվաճման լիազորության հետ: Միաժամանակ, «իշխող համակարգի» իրենց ընկալումը և նրա հետ իրենց փոխհարաբերությունները չեն կարողանում տեղավորել  Սահմանադրականության շրջանակներում, և իրավա-քաղաքացիական քաղաքականությունը փոխարինվում է ուժի քաղաքականությամբ, ու վերջում պարզվում է, որ համակարգի «ջրցանը» ամենամեծն է:

Այս շարժման առանձնահատկությունը ո՞րն էր։ Դուք մի շարք  նախաձեռնությունների մասնակից եք եղել, այս առումով ի՞նչ թերություններ և առավելություններ նկատեցիք  այս պայքարում։

Առանձնահատկություններից էին ակցիաների մասսայականությունը, սակայն այն  այդքան էլ քաղաքացիական պայքար և շարժում չէր, չնայած որ հիմնականում օգտագործվում էին մինչև այս եղած տարբեր քաղաքացիական պայքարների գործիքները, մեթոդները և տեխնոլոգիաները, բայց ոչ սահմանադրականության բովանդակությունը: Այն ավելի ընդվզում էր և իր առջև դրված խնդիրներից որևէ մեկը դեռ չի լուծել, սակայն շատերին թվում է, որ նրանք հաղթել են:

Քաղաքացիական պայքարների հիմքում իրավունքի գերակայության, սահմանադրականության սկզբունքներն են: Այս տեսակ պայքարները օգտագործում են իրավունքի քաղաքականությունը և համոզված են, որ իրավունքն է ծնում ուժը և ոչ թե հակառակը։ Քաղաքացիական պայքարները ձգտում են հզորացնել քաղաքացիներին, զարգացնել նրանց կարողությունները և հմտությունները, որպեսզի նրանք կարողանան ուղղակի նվաճել և պաշտպանել ու զարգացնել իրենց իրավունքները և տեր կանգնել իրենց իշխանությանը: Նրանք իրենց պայքարներում հիմք են ընդունում ՀՀ Սահմանադրությունը և փորձում են այն աշխատեցնել: Այս պայքարներում քաղաքացիները փորձում են գիտակցել և իրենց վերադարձնել իրենց իշխանությունը, որը նրանցից խլվել է: Եւ յուրաքանչյուր քաղաքացիական պայքար, նախաձեռնություն երկարատև կտրվածքով այդ նպատակին է ծառայում՝ հզորացնել քաղաքացուն, վերադարձնել քաղաքացու իշխանությունը և աշխատեցնել քաղաքացիա-իրավական համաձայնությունները՝ Սահմանադրությունը և դրանցից բխող օրենքները:

Էլեկետրաէներգիայի թանկացման դեմ պայքարը իր հիմնական պահանջը չէր ձևակերպել սահմանադրականության վերոհիշյալ հասկացության համաձայն ու նաև պահանջի հասցեատիրոջը սխալ էր ընտրել և հնարավորություն էր ստեղծել, որ ՀՀ նախագահը խախտի ՀՀ Սահմանադրությունը: Ես սա հետընթաց եմ համարում: Այդ իսկ պատճառով Բաղրամյան պողոտայում հավաքվում էր մինչև 20-30 հազար մարդ, սակայն Սերժ Սարգսյանը հարկ չէր համարում խոսել հետները, իսկ Մաշտոցի պուրակում մաքսիմում հավաքվել էին 500 մարդ և երբեք հակասահմանադրական քայլ չէին ձեռնարկել, պահանջները չէին ուղղվել ՀՀ նախագահին և այլ պատկան մարմիններին, իսկ նա պարտավոր եղավ անկոչ հյուրի նման գալ այգի ու փորձեց իր հակասահմանադրական քայլին մասնակից դարձնել նաև պուրակի պայքարի մասնակիցներին, որպեսզի հանկարծ սահմանադրական ճանապարհով հարցեր չլուծվեն և մարդիկ չկասկածեն քրեա-օլիգարխիկ համակարգի ամենազորությանը և որևէ հարցի լուծման վերջնական իրավունքը թողնեն իրեն՝ «թագավորին»:

Քաղաքացիական պայքարները կոչված են փոխելու այս մշակույթն ու գործընթացները և սոցիալ-քաղաքական վարքագծերը, որն այս պարագայում թույլ է կատարվել: Քաղաքացիական պայքարները Հայաստանի նման ոչ լիարժեք ինքնիշխան երկրներում առաքելություն ունեն իմաստավորելու և հաստատելու  Սահամանադրական կարգ: Քաղաքացիական նախաձեռնությունները յուրահատուկ հանրային ազատ ու ստեղծագործ տարածքներ են, որտեղ հասարակության այն խմբերը, որ խտրականության զոհ են, չեն կարողանում լիարժեք ինքնաիրացվել, այստեղ կարողանում են գործել և դրսևորվել: Վառ օրինակ է կանանց մասնակցությունը քաղաքացիական պայքարներին, որպես մասնակից, որպես որոշում ընդունող, կազմակերպիչ և հրապարակային խոսք ասող, իսկ այս պարագայում մենք տեսնում ենք ավելի հիերարխիկ ու պատիրախալ վիճակ ու կանայք զրկված են հրապարակային խոսք ասելուց: Նախկին պայքարներում հատուկ ուշադրություն է դարձվել, որ կանայք ներգրավվեն, խտրականության չենթարկվեն ու կարողանան ազատ ու ստեղծագործ մասնակցություն ունենալ։ Սա հետընթաց է, և պետք է հետագայում ուշադրություն դարձնել, որ այս ոլորտում կանայք լիարժեք իրենց դերակատարությունը ունենան։ Ավելին, սա վերաբերում է նաև ՀՀ-ում բոլոր սոցիալական զանազան շերտերի լիարժեք մասնակցությանը և դերակատարությանը, ինչպես նախատեսված է ՀՀ Սահամանադրությամբ:

Քաղաքացիական պայքարների համար սկզբունք է եղել, որ նրանք չպետք է կուսակցականացվեն և դաշտում պետք է հիմնականում լինեն նոր սերնդի՝ ոչ անպայման տարիքային, այլ այլընտրանքային, քաղաքացիական գիտակցությամբ  գործիչները: Քաղաքական գործիչներին չպետք է թույլ տրվի, որ այս պայքարների հարթակն օգտագործեն իրենց անձնական, կուսակցական կամ միավորումների շահերին ու իրենց մակաբույծերի նման պահեն: Քաղաքացիական ոլորտը ձգտում է հնարավորություն տալ իրական սահմանադրական մասնակցության և չեզոքացնում է քաղաքական կամ տնտեսական ոլորտների դե ֆակտո մոնոպոլիան։ Իսկ այս հավաքների ժամանակ ինչ տեսակ քաղաքական դիակներ, այլասերված գործիչներ ու վարկաբեկված մտավորականներ ասես ներկա չէին ու ակտիվ դերակատարություն ունեին: Կուսակցությունները, միավորումները ու գործիչները չեն կարող այս հարթակներում հանդես գալ չեզոք, հովանավորող ու խնամակալ դիրքերից: Նրանք կամ պետք է լիարժեք հավասար մասնակցեն, կամ թողնեն հեռանան:

Առավելություններից է մասայական մոբիլիզացիան, մասնակիցների, բայց ոչ համակարգողների հաստատակամությունը, վախի հաղթահարումը, միասնական ոգին և փոխաջակցությունը: Ամենահիմնականներից է երիտասարդության մասնակցությունը և պետք է հսկայական կրթական գործունեություն ծավալել, որ իրական քաղաքացիական սկզբունքներով նրանք առաջնորդվեն ու կարողանան օգտագործել նախկին պայքարների փորձառությունը և նրանց սխալները չկրկնեն, այլև մի քայլ առաջ գնան: Այստեղ կա նաև մեր պատասխանատվությունը, որ մենք կանոնավոր ու հետևողական կերպով մեր փորձը և հմտությունները չենք փոխանցում ավելի երիտասարդ սերունդներին և հասարակության լայն զանգվածներին, և նրանք դրանց անհաղորդ են մնում: Իհարկե, կարևոր դեր և առաքելություն ունեն ՀՀ կրթական համակարգն ու ԶԼՄ-ները քաղաքացի կրթելու և պատրաստելու մեջ, որը սակայն չեն անում, չհաշված բացառությունները:

Այս անգամ իշխանությունը ավելի ճկուն գործիքնե՞ր կիրառեց, սա չի նշանակում արդյոք, որ քաղաքացիական հանրույթը ավելի ճկուն գործիքներ պետք է կիրառի։

Կարծում եմ իշխող համակարգը կարողացել է լավագույնս ուսումնասիրել մինչ այս եղած փորձերը և կարողանում է կանխատեսել հետագա ընթացքը: Այս պայքարը ցույց տվեց, որ նրանց համար այս ամենը դեռևս կառավարելի ու վերահսկելի է: Կառավարելի ու վերահսկելի տերմինը օգտագործելիս նկատի չունեմ, որ ուղղակի են կառավարում կամ վերհսկում: Քանի որ նրանք կարողանում են քայլերի մակարդակում կանխատեսել հնարավոր զարգացումները, ապա կարող են նաև որոշ չափող ուղղորդել այն ու անպայման չի, որ մասնակիցները հասկանան, որ իրենք ավելի մի մեծ խաղի մի մասնիկն են ու իրենց օգտագործում են: Ինչքան տարբեր քաղաքացիական պայքարները լինեն հատվածական ու ժամանակ առ ժամանակ գոլորշի բաց թողեն, այնքան նրանք կլինեն կանխատեսելի ու կառավարելի: Մենք կանոնավոր ու հետևողական չենք կարողանում երկարատև քաղաքացիական գործընթացներ ծավալել ու դրա համար կորցնում ենք նախաձեռնողականությունը և հասարակության մեջ բազաներ չենք կարողանում ձևավորել: Եթե մենք հետևողական աշխատենք, իշխող համակարգը չի կարող այսպիսի մեծամասշտաբ մանիպուլյացիաններ անել:

Միաժամանակ հետագայի համար պետք է հստակ սկզբունքներ որոշել ոստիկանության հետ հաղորդակցելու համար և թույլ չտալ, որ ոստիկանությունը գերազանցի իր գործառույթները և իրականացնի ինչ-որ միջնորդական ու բարոյա-դաստիարակչական լիազորություններ։ Եվ ճիշտ կլինի, որ կրոնական գրքերի փոխարեն սահմանադրություն բաժանեն մասնակիցներին, քանզի սա քաղաքացիական ոլորտ է, ու իրենք էլ հետևեն այնտեղ գրվածին ու գիտակցեն, որ սա աշխարհիկ պետություն է, այլ ոչ թե կրոնապետութուն:

Հունիսի 27-ից հետո Բաղրամյան պողոտան ազատե՞լն էր ճիշտ, թե՞ մնալը։ Արդյոք եթե կազմակերպիչները միահամուռ որոշեին մնալ, պայքարի այլ արդյունք կունենայինք, թե այսպես կամ այնպես շաժումը մարելու էր։

Չեմ կարող միանշանակ պատասխանել, բայց եթե պայքարի պահանջները, քայլերը, հասցեատերը և բովանդակությունը մնար նույնը, ապա կարծում եմ արդյունքների տարբերություն չէր լինի:

Հղումներ

Բնագիրը
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014