ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

10.07.2015 #ElectricYerevan-ի պայքարի պահանջները և հասցեատերը սխալ էին ընտրված. Արմինե Առաքելյան

 
 

Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ և միջազգային իրավաբան, ՄԻԺԻ–ի հիմնադիր Արմինե Առաքելյանը:

– Էլէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական անհնազանդությունից  ի՞նչ դասեր պետք է քաղել, ի՞նչ էր սա, և ի՞նչ է մնում անել այս ամենից հետո նրանց, ովքեր չեն պատրաստվում արտագաղթել:

– Նախ պետք է դասեր քաղելու ցանկություն, որը բավարար  կերպով չի կարևորվում և պարբերական բնույթ չի կրում մեր քաղաքացիական ոլորտում: Հիմնականն այն է, որ պայքարի համակարգողներն ու մասնակիցները կամք և ճիգ թափեն՝ լրջորեն  վերլուծելու տեղի ունեցածը և դասեր քաղելու: Եվ նրանք  դա պետք է անեն անաչառ, առանց ֆանատիզմի և անձնական դափնիների բաժանման: Սա վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական պայքարների հիմնական  թերություններից է: Ակտիվ անհատները և խմբերը չեն արժևորում այս կենսական փուլը:

Անհրաժեշտ է, որ քաղաքացիական համախմբումները կանոնավոր  և որակական զարգացում ապրեն, որը և կնշանակի քաղաքացիական ոլորտի հզորացում, և որը իշխող համակարգի հետ ուժերի փոխհարաբերակցությունը ի շահ իրեն կդարձնի: Այսինքն՝ «Թռչկան», «Թեղուտ», «Բակեր», «Մաշտոցի պուրակ», «Հարսնաքար», «Վճարում եմ 100 դրամ», «Հղիների իրավունքներ», «Փակ շուկա», «Ինքնիշխանության համար պայքար», «Դեմ եմ» և Բաղրամյանի «Ոչ թալանին» պայքարների շղթայում պետք է արձանագրվի որակական զարգացում, այնինչ ես դա չեմ նկատում: Այո՛, յուրաքանչյուր  պայքարում կան նոր ներգրավվածներ, կա նաև քանակական ընդլայնում, ինչն ինքնին դրական է: Դրական է  այն իմաստով, որ նոր մարդիկ են ներառվում, նրանք տոգորվում են պայքարի ոգով և  ճաշակում են այն, սակայն ձեռքբերումների  փոխանակում  և կուտակած կապիտալի թե՛ իմացության, թե՛ փորձառության, թե՛ ինքնակազմակերպման և  դասերից դրական հետևություններ անելու գործընթացը մնում է թերի: Մեծ բաց է  ներգործունեության  և քաղաքացիական ներուժի զարգացումը, իշխող համակարգի  և  քաղաքացիականի ներուժի դինամիկայի  գնահատումը, ճշգրիտ ռազմավարություններ և օրակարգեր մշակելը, կանոնավոր  ինքնակազմակերպումը, հորիզոնական դաշինքների ձևավորումը, ժողովրդի զանազան շերտերին կրթելը և մոբիլիզացնելը  և պայքարի ամուր հենք ստեղծելը: Բնականաբար, այս ամենը  ազդում են արդյունքների վրա, և վերելքային  առաջընթաց  չի արձանագրվում:

Հայաստանում քաղաքացիական պայքարների դինամիկան սկսել է նմանվել ընտրությունների դինամիկային, երբ քաղաքական կյանքը  աշխուժանում է ընտրությունից ընտրություն, այն շարունակական գործընթաց չէ և չի ընդգրկում  ընտրությունների միջև ընկած ժամանակաշրջանը: Քաղաքացիական պայքարներն էլ իշխող համակարգի թելադրած որոշումներին հակազդելով՝  թափ են առնում, բայց շարունակական ներգործուն բնույթ չեն կրում, օրակարգ չեն թելադրում: Նախաձեռնությունների  ռազմավարությունները և քայլերի հաշվարկը պետք է իշխող համակարգին հանկարծակիի բերեն, քայլերը պետք է անկանխատեսելի  լինեն նրանց համար, որպեսզի ուժերի ներկա փոխհարաբերությունը հնարավոր  լինի բեկումնային կետի հասցնել: Վերջին երեք տարիների ընթացքում իշխող համակարգը, արտաքին մասնագետների և խորհրդատուների օժանդակությամբ, կանոնավոր  ուսումնասիրում և գնահատում է Հայաստանի քաղաքացիական ոլորտի ներուժը, կարողությունները և գրեթե կանխատեսելի է դարձնում նրանց քայլերը  ու կարողանում է որոշ չափով քաղաքացիական նախաձեռնությունների և պայքարների «ատամները  հաշվել»՝ երբեմն նույնիսկ իմիտացիաներ կազմակերպելով, իրենց քայլերը գրագետ կամ անգրագետ համապատասխանեցնելով նրանց քայլերին, երբեմն էլ քաղաքացիական տարրերին գործիքավորելով իրենց նեղ շահերի համար:

Մենք՝ քաղաքացիական ոլորտի գործոններս, չկարողացանք 2012-ի քաղաքացիական կապիտալը լրջագույնս և ամենաազդու կերպով գիտակցել ու զարգացնել, և հատվածականությունը, աստղային հիվանդությունները, ավագ սերունդների  սխալների կրկնությունը, ամեն գնով նեղ խմբակային ինքնահաստատումները և այլ բաներ խանգարեցին: «Մաշտոցի պուրակին» պետք է  հաջորդեին քաղաքացիական հարթակների կանոնավոր  մշակումը և զարգացումը, դաշինքների ձևավորումը, մտածված օրակարգերի ու ռազմավարությունների մշակումը և ժողովրդի զանազան շերտերի քաղաքացիական մոբիլիզացումը, կրթությունը, քաղաքացիական հենարանների հզորացումը և ընդլայնումը… Ահա այդ ժամանակ մենք ընդունակ կլինեինք օրակարգ պարտադրելու, գործընթացը ներգործուն կերպով առաջ մղելու և իրավիճակի բեկումնային փոփոխություն գրանցելու: Եվ քանի որ մինչ այս այդ ամենը հնարավոր չի եղել իրականացնել, ապա  պետք է ակնկալել այն, ինչի  ականատեսն ենք վերջին ժամանակաշրջաններում. «կառավարելի» բողոքներ և  ընդվզումներ, որոնք գուցե նաև քաղաքացիներին հյուծման և սպառման հանգեցնեն երկարատև պայքարի ժամանակաշրջանում, իշխող համակարգի կողմից օրակարգի թելադրում։ Բնականաբար, նա թելադրում է նաև երաժշտությունը՝  իր հրահանգած «պատ»-ի դերակատարություն ստանձնած այլասերված/կոռումպացված գործիքների մասնակցությամբ։ Նրանք միշտ մնում են «պատ»՝ պաշտպանելով իշխող համակարգի գոյատևումը ընդդեմ ժողովրդի շահերի։ Այդպես են արել անցյալում, Մարտի մեկին և շարունակում են մինչ այսօր:

– Քաղաքացիական այս շարժումն ի՞նչ ուժեղ և թույլ կողմեր ուներ: Շատերը քննադատում էին ծրագրային  բացը:

– Ուժեղ կողմերից կարելի է համարել բազմաքանակություն ապահովելը, երիտասարդության մասնակցությունը, քաղաքացիական ինտեր-ակցիայի ու սոլիդարության դրսևորման հնարավորությունը, պայքարի տեղի խորհրդանշական լինելը՝ Բաղրամյան հիմնական փողոցը, այդ փողոցը  երկու շաբաթ շարունակ փակ պահելը, պայքարի խաղաղ բնույթը, պայքարի արձագանքը մարզերում և սփյուռքում, հայաստանյան, սփյուռքյան և միջազգային լրատվամիջոցների արձագանքը:

Պայքարի թույլ կետերն են՝ հակազդող բնույթը և անընդունակությունը՝ մշակելու ու կիրառելու ներգործուն օրակարգ և ռազմավարություն։  Ձևակերպված պահանջները և հասցեատերը սխալ էին ընտրված՝ ՀՀ նախագահին սխալ էր նմանօրինակ պահանջով դիմել, նույնիսկ եթե այն սոցիալական հիմնախնդիր էր: Հայաստանում հարցերը պետք է  լուծվեն սահմանադրական կարգի հաստատման պահանջի ծիրում: Զուտ մի քանի դրամ պակաս վճարելու պահանջը ինքնըստինքյան թույլ պահանջ է՝ նկատի ունենալով հայաստանյան իշխող համակարգի իրականությունը և բնույթը, բոլոր ազգային ռեսուրսների ու ոլորտների վայրի մասնավորեցումը, որտեղ պարզ քաղաքացու հիմնական իրավունքները ոտնահարված են:  Հիմնախնդիրը և օրակարգը պետք է խորքային և ընդգրկուն դրվեն, որը թույլ կտա քաղաքացուն նվաճել իր ոտնահարված իրավունքները: Պայքարը անկազմակերպ էր և վերահսկված թե՛ պայքարի ներսի համակարգողների և թե՛ իշխող համակարգի կողմից: Բազմազանության ու քաղաքացիական մշակույթի ու վարքագծերի ազատությունը սահմանափակված էր հենց պայքարի ներսում իշխող տարրերի կողմից՝ թաղային տղայական ուժի գերիշխում՝ լուսանցքավորելով  և խոչընդոտելով աղջիկների դերակատարությունը և քաղաքացիական հանդուրժողական փոխհարաբերությունների զարգացումը: Առկա էր պայքարը հեռանկարային զարգացնելու, մտածելու և ստեղծագործելու անընդունակություն, նաև անկարողություն՝ հաշվարկելու ու ազդեցիկ դարձնելու սեփական ու նաև իշող համակարգի քայլերը:  Նկատելի էին ելքի ռազմավարության (exit strategy) մշակումն  ու կիրառման բացարձակ թերությունը, քաղաքացիական համապատասխան տեքստերի, քաղաքացիական կրթության, փորձի փոխանակման հարթակների կազմակերպման չիմացությունը,  պայքարի ներուժի ու քայլերի կանխատեսելիությունը:

– Իշխանությունն այս անգամ այլ ձևով  գործեց: Որո՞նք էին իշխանության ուժեղ և թույլ կողմերն այս պայքարում:

– Թույլ տվեք խոսել իշխող համակարգի մասին և ոչ զուտ իշխանությունների մասին. այն ներառում է թե՛ իշխանություններին, թե՛ զանազան այլասերված  էլիտաների, թե՛  քաղաքական, մշակութային  գործիչներին, թե՛  պաշտոնական հասարակական կազմակերպություններին, որ հովանավորվում են կամ հայաստանյան իշխողների, կամ արտասահմանյան ուժերի կողմից, թե  «ամոթի պատի» մի մասը կազմողներին, թե պատգամավորներին, միջին և բարձր օղակների հանրային ծառայողներին,  պետական կամ մասնավոր ԶԼՄ ներին:

Ինչպես առաջին հարցում  պատասխանել եմ, վերջին տարիներին իշխող համակարգը՝  արտաքին օգնության օժանդակությամբ (պետք է գիտակցել, որ Հայաստանում իշխող համակարգը պահպանվում և կանոնավոր սնվում է արտաքին ուժերի կողմից՝ թե՛ Ռուսաստանի և թե՛ Արևմուտքի), անընդհատ ուսումնասիրում և գնահատում է քաղաքացիական տարրերին, նրանց ով և ինչ լինելը, ներուժը: Բոլոր այն տարրերը, որ պաշտոնական հասարակական կազմակերպության՝ ՀԿ-ի դերում չեն մնում և  փորձում են իրական դրական փոփոխության գործոն լինել, չեն ցանկանում իմիտացիոն երկխոսություն իշխող համակարգի հետ և չեն ցանկանում  իմիտացիոն ժողովրդավարություն խաղալ, ճշտորոշվում են և ամեն տեսակ ռեսուրսից  ու հնարավորությունից զրկվում են  թե՛ հայաստանյան ուժերի և թե՛ արևմտյան ուժերի կողմից, կամ եթե ռեսուրս են ստանում՝ համարվում են կառավարելի: Այս գործընթացը ուժգնացել է 2012-ից հետո և գնալով ավելի է ուժգնանում։ Փորձ է արվում ամբողջ դաշտը կառավարելի և կանխատեսելի դարձնել և վերահսկել:

Մյուս կողմից՝ խորհուրդների և ուսուցումների միջոցով իշխող համակարգին ուղղություն է տրվում, թե ինչ տեխնոլոգիաներ կիրառեն քաղաքացիական դաշտը կառավարելու և վերահսկելու համար,  թե խաղաղ ցույցերի ժամանակ ինչպես իմիտացիոն «քաղաքակիրթ» մեթոդներ կիրառեն, բանակցեն, ցրեն և այլն:

Մեզանում դա մի քիչ անճոռնի է ստացվում, քանի որ քրեական օլիգարխիկ իշխողների մոտ այն լավ չի ընկալվում և չի ստացվում այն լավ բեմադրել. օրինակ՝ ոստիկանապետի՝ տեր հոր կարգավիճակում հանդես գալը, մեծ եղբոր կամ խնամակալի դերում հայտնվելը, «ամոթի» պատի կեղծ բեմադրությունը և այլն։

Մի բան պետք է ընկալել և դաս քաղել՝ այս իշխող համակարգը ուժային, քրեական, օլիգարխիկ համակարգ է, ոստիկանական համակարգ է։ Փաստը մնում է փաստ, որ «Մաշտոցի պուրակ»-ից մինչև այս «Ոչ թալանին» պայքարներում քաղաքացիների ու հանրության հետ իշխող համակարգի հիմնական հաղորդակցական միջոցը ոստիկանությունն է: Դասերից, որ չի քաղվել՝ սկսած «Մաշտոցի պուրակ»-ից, այն է, որ պայքարի մասնակիցները պետք է կատեգորիկ մերժեն համակարգի հետ բանակցելը ոստիկանական օղակի/միջնորդի միջոցով։ Եթե համակարգը ուզում է երկխոսել, ապա ո՛չ ոստիկանների,  ո՛չ զինվորականների և ո՛չ էլ հոգևորականների միջոցով պետք է քայլ անի երկխոսելու, այլ սահմանադրական կարգին համապատասխան: Երկխոսելու համար պետք է վստահության քայլ անել,  որպեսզի քաղաքացիական գործոնները պատրաստ լինեն երկխոսության մեջ մտնել։ Իսկ այդ քայլերից կլինի, օրինակ, ոստիկանական անհամաչափ ուժ կիրառողներին և նրանց հրահանգողներին պատժելը, պաշտոնից ազատելը, քրեական գործ հարուցելը և այլն. մինչ այսօր իշխող համակարգը անընդունակ է դա անելու։

Ոստիկանապետի հրաժարականը կամ գործից ազատելը լավ սկիզբ է,  քանի որ նա իր լիազորություններից անցել է, կատարել քաղաքական հայտարարություններ, զրպարտել քաղաքացիներին, հրահանգել անհամաչափ ուժի կիրառում…

– Ո՞ր կետից սխալ հուն մտավ պայքարը:

– Ոստիկանության կողմից ջրցանի կանխամտածված  օգտագործումը մի քանի հարյուր ցուցարարների դեմ և  ցուցարարների՝ թաղային տղայական ուժի ցուցադրությունները  և այս տարրերի գերիշխանությունն ու կարծր վերահսկողությունը պայքարի մասնակիցների շրջանակում։ Դա արդեն իսկ սկիզբն էր և ավարտը քաղաքացիական որակական ավելի զարգացած պայքարի ներուժի և հնարավորության։  Պայքարի առանցքը կազմող անհատները իրենց մտածողությամբ և վարքագծերով, պայքարի առանցքը կազմող գործելաոճը և խաղի օրենքները պետք է կտրականապես տարբեր լինեն քրեական, տղայական ուժի իշխող համակարգի խաղի օրենքներից, որպեսզի այն որակական իմաստով քաղաքացիական և սահմանադրական սկզբունքներին հարիր կարողանա զարգանալ։ Այս դեպքում և հետագա պայքարում այդ սկզբունքները չէին, որ առանցքային կերպով առաջնորդում էին պայքարի համակարգողներին ու մասնակիցներին: Նաև այս հանգամանքը համարում եմ այս պայքարի գլխավոր հետընթացը՝ նախկին քաղաքացիական պայքարների համեմատ։

Վերջում որպես հավելում ուզում եմ նաև նշել, որ պայքարի ընթացքում  թև առած «սիրային համբույրները» կամ «սեռական հեղափոխության» մասին այդ քարոզչությունները նաև մարքեթինգի և «մոդեռնիզմի» շուկայական քարոզչության  մաս են կազմում: Իսկ աղջիկների/կանանց կողմից «մատ» ցույց տալը կամ տղամարդկանց առնանդամի մեծության ու փոքրության սակարկության մեջ մտնելը՝ իբրև դիմակայության մեթոդ և դիսկուրս, ես համարում եմ ոչ թե կարծրատիպերից ազատագրում, այլ ուժ/իշխանություն հասկացության տղայական բռի ընկալում։ Կանանց  ազատագրումը լինում է, երբ մենք ընդունակ ենք այլընտրանքային մոտեցում առաջարկել և կիրառել ուժ/իշխանության հասկացության և ձևավորման նկատմամբ։ Իսկ սեռական հեղափոխության մասին կարելի կլինի խոսել ոչ թե զուտ փողոցում սեքս անելու կամ համբուրվելու մի քանի դեպքերով, քանի որ դա կա նաև մեր այգիներում, այլ երբ աղջիկները և կանայք լիարժեք գիտակցեն և կիրառեն իրենց մարմնի տնօրինման, ամուսնանալու կամ չամուսնանալու, երեխա ունենալու կամ չունենալու իրավունքը, թոթափեն կանացիությունը զուտ տղամարդուն հաճույք պատճառելու մեջ տեսնելը՝ տիկնիկ/ապրանքի կարգավիճակի մեջ, երբ արժևորեն ու նվաճել իրենց կին ինքնությունը, ինքնուրույնությունը  և անհատականությունը և այլն։ Ու երբ նաև տղաները կգիտակցեն ու կհարգեն կանանց այս իրավունքները, սոցիալական ազատագրված կարգավիճակը և կհանդուրժեն ու կընդունեն ուժերի «դե ֆակտո» նոր փոխհարաբերության իրավիճակը կանանց և տղամարդկանց միջև։ Սա՝ հանուն մարդու իրավունքների ու սոցիալական արդարության և զարգացման: Իսկ այս երկու շաբաթներում ինչ նվաճումներ են տեղի ունեցել այս ասպարեզում  Բաղրամյան փողոցում, որ թույլ են տալիս նման հաստատումներ անել ոմանց՝ ինձ հայտնի չէ. լավ կլինի այն փաստացի և խորը վերլուծականներով  հանրային ոլորտում արծարծել:

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014