ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

03.11.2015 Սերժ Սարգսյանը սառցաբեկորի երևացող մասն է միայն

 
 
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Գոռ Հակոբյանը

Ինչո՞ւ են իրականացվում Սահմանադրական փոփոխությունները, հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի պատրաստվում ոչ մի պաշտոն զբաղեցնել: Ո՞ւմ են դրանք ձեռնտու:

Սահմանադրական փոփոխությունները կատարվում են Հայաստանում իշխող խավի համար, որը ներառում է քաղաքական, տնտեսական, ուժային, քրեական, մշակութային վերնախավերին ու խմբավորումներին: Սահմանադրական փոփոխությունները ձեռնտու են բոլոր նրանց, ովքեր տիրապետում են երկրի հիմնական ռեսուրսներին՝ նյութական, մտավոր, ֆինանսական, ունեն արտոնյալ կարգավիճակ և ձգտում են բացարձակ մենաշնորհի իրենց տիրապետած ոլորտներում: Նրանք իրենց օրենքից վեր են դասում, և այս Սահմանադրական փոփոխություններով փորձելու են իրենց ստատուս քվոն ապահովել օրենքի ուժով և երկարատև ժամանակահատվածի համար լեգիտիմացնել իրենց անազատ, ստորացնող և շահագործող համակարգը: Սերժ Սարգսյանն այս համակարգի ամենասերտաճած և առանցքային դեմքերից է, և եթե Սահմանադրությունը փոփոխելով ուժեղացնում են ներկա համակարգը, ապա արդեն Սերժ Սարգսյանի համար այդքան էլ էական չէ՝ նա պաշտոն ունի, թե ոչ: Համակարգի պահպանումը, ամրապնդումը և դրա հնարավոր մշտական գոյությունն արդեն իսկ ձեռնտու է նրան:

Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այս նոր սահմանադրությունը. անընդհատ հնչում է մեկ պատճառ, որ սա Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման նախագիծ է:

Սահմանադրական փոփոխությունները միայն Սերժ Սարգսյանի և նրա նկրտումների հետ կապելը պարզունակ մոտեցում է և չի արտահայտում այն ամբողջ փոփոխությունները և գործընթացները, որ տեղի են ունեցել և ունենում Հայաստանում: Սերժ Սարգսյանը սառցաբեկորի երևացող մասն է միայն:

Այս Սահմանադրական փոփոխությունները մի գործընթացի ավարտն են, որը սկսել է դեռևս 1995-ի Սահմանադրության հանրաքվեի և Գերագույն Խորհրդի ընտրությունների ժամանակ, երբ ուժի ու խաբեությունների միջոցով կեղծվեցին ընտրությունների արդյունքները, ՀՀ քաղաքացիներին զրկեցին իրենց ազատ կամարատահայտությունն իրականացնելու հնարավորությունից՝ ծնունդ տալով այս ստորացնող համակարգին: 20 տարվա ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, ՀՀՇ-ին փոխարինեց Միասնությունը, հետո Հանրապետականը և Դաշնակցականները, հետո նրանց միացան Օրինաց Երկիրը և Բարգավաճ Հայաստանը, և այսպես շարունակ:

Իրականում փոխվել են անհատներ, խմբեր, կուսակցություններ, միավորումներ, սակայն համակարգը փոփոխության չի ենթարկվել, այլ ավելի է ամրապնդվել, դարձել է ավելի կոպիտ, հզոր, ուժային, իսկ արտաքին հարաբերություններում ավելի վասալային կարգավիճակ է ձեռք բերել: Այս փոփոխություններից հետո համակարգի փոփոխությունը, ինչպես նաև ինքնափոփոխվելն ավելի դժվար է լինելու, քան մինչ այժմ: Ստեղծվելու է մի իրավիճակ, երբ հանրային քաղաքացաիական կյանքում շատ դժվար կլինի իրականացնել ինքնուրույն քաղաքականություն, և ամեն ինչ կլինի վերահսկելի:

25 տարվա շրջափուլը մենք ավարտում ենք զարգացման բոլոր հնարավորություններից ամենավատթարագույն տարբերակին համապատասխան: Այդ իսկ պատճառով մենք չպետք է Սահմանդրության այս փոփոխությունները դիտարկենք միայն Սերժ Սարգսյանի պրիզմայով և կարծենք, որ այն սկսել է 2013-ից միայն: Քաղաքական պատրանք է, որ Սերժ Սարգսյանին փոխելով համակարգը կփոխվի, հիշենք նախկին նախագահներին: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, բայց եթե չփոխվի համակարգը, նրան փոխարինողը կրկին ծառայելու է համակարգին: Բայց որպեսզի համակարգը ամեն դեպքում կախված չլինի մեկ անհատի կամքից, այս փոփոխություններից հետո մենք ընդհանրապես չենք իմանա, թե այս երկրում ով ինչի համար է պատասխանատու, որովհետև նոր Սահմանադրությունում լիազորությունների հստակ տարանջատում գոյություն չունի, դրանք կրում են լղոզված բնույթ:

ՀՀ քաղաքացին որքանո՞վ է գիտակցում Սհամանդրության արժեքը և սահմանադրական կարգի տապալման փաստը, ովքեր են մեղավոր այսքան ժամանակ սահմանադրության արժեզրկման և քաղաքացու դեգրադացման մեջ:

Նորանկախ Հայաստանի բնակչությունն, ի տարբերություն զարգացած պետությունների, չի ունցել պետականության պատմություն և մշակույթ և անկախանալով որդեգրել է ժողովրդավարական կառավարման համակարգը, որ շատ դեպքերում չէր համապատասխանում և խորթ էր բնակչության մտածողությանը և Հայ ազգի զարգացման այդ փուլին: Եվ քաղաքական, տնտեսական, մշակութային վերնախավը հիմնական պատասխանատվություն է կրում՝ իր օրինակով ուսուցանելով ու կրթելով մնացած բնակչությանը և նրանց բնակչությունից վերածելով ժողովրդի՝ քաղաքական սուվերեն սուբյեկտի: Սակայն դրան հակառակ նրանք օգտվում են բնակչության անտեղյակությունից, քաղաքական տգիտությունից, եւ օգտագործելով ուժը և մանիպուլյացիան՝ կատարում են հակառակ գործընթացը: Քաղաքացու դեգրադացման և սահմանադրության արժեզրկման առաջին մեղավորները հանրային և պետական այն ծառայողներն են, որոնք կոչված էին ծառայելու հանրությանը, այլ ոչ թե ուժով ստրկացնելու և ինքնիշխանությունից և իշխանությունից զրկելու:

Ներառողական ու մասնակցային քաղաքականության փոխարեն կիրառվեց խտրական, բացառող ու փակ քաղաքականություն, և արդյունքում բնակչության բազմաթիվ խավեր՝ աղքատներ, կանայք, գյուղացիներ, այլընտրանքային մտածողություն ունեցող խմբեր և այլն, դուրս են մնացել քաղաքականությունից: Քաղաքականությունը դարձել է տղամարդկային ու քրեական մտածողություն ունեցող մարդկանց մենաշնորհ, ովքեր ունեն հարստություն, կոռուպցիոն կապեր և դեմ չեն լինել արտաքին ուժերի վասալներ:

Այս իրավիճակում, մենք 25 տարի հետո ունենք ավելի վատ արժեհամակարգով ու փչացած մենթալիտետով  բնակչություն, քան ունեինք ՀՀ անկախության սկզբում:

Հայաստանում չկա ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մեխանիզմ, ինչպե՞ս եք տեսնում կանխարգելման մեխանիզմները, առհասարակ հանրաքվեի փուլ չհասնելու հանգամանքը:

Այո, քանի դեռ չկա Սահմանադրական կարգ, ապա չեն կարող լինել նաև ազատ, արդար ընտրություններ, որոնք իրականում կարտահայտեին քաղաքացիների կամքը և որոշումը: Որպեսզի կանխարգելեվեն, պետք է ուղղակի դելեգիտիմացնել բուն ընտրությունները և հանրաքվեն:

Արդեն իսկ այդպիսի հարցադրումը, որ հանրաքվեի չհասնի, նշանակում է, որ մենք լեգիտիմացնում ենք բուն ընտրությունների պրոցեսը, ուղղակի գիտենք, որ արդյունքները կեղծվելու են, դրա համար չենք ուզում, որ բանը հասնի հանրաքվեին: Սա շատ նուրբ պահ է, բայց ուղղակի պետք է չընդունել և մաս չկազմել որևէ տեսակի ընտրության: Ոչ մի վստահված անձ, ոչ մի դիտորդական խումբ, ոչ մի դիսկուրս, ոչ մի քարոզչություն հանրաքվեի վերաբերյալ: Ամեն պահի պետք է դելեգիտիմացնել հանրաքվեն, որպեսզի արդյունքները չունենան որևէ ազդեցություն: Այս պահին, ինչքան հասկանում եմ, հակառակն են անում, որ գնան ընտրություններին ու ասեն Ոչ: Վերջում արդյունքները կկեղծվեն, սակայն գործընթացը կլինի լեգիտիմ, արդյունքում ամենակարևոր գործը համակարգի համար՝ լեգիտիմացումը կանեն այն ուժերը, որոնք չէին ուզում, որ այս փոփոխությունները տեղի ունենային: Թվում է, թե պարադոքս է, բայց սա իրականությունն է:

Դելեգիտիմացումը ոչ միայն պետք է ներառի բուն հանրաքվեն, այլ նաև սահմանադրական փոփոխությունների գործընթացը և բուն համակարգը: Եթե իրական գործողություններով դու չես դելեգիտիմացնում համակարգը և մնում ես համակարգում, ապա քո Ոչ-ը ոչ մի արժեք չունի, և ընդամենը համակարգի կողմից քեզ տրված ընդդիմադիրի դեր խաղալն է, դու ընդամենն ուղղակի կամ անուղղակի գործիքի ֆունկցիա ես անում: Օրինակ բերեմ կուսակցություններից. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները և պատգամավորները հայտարարել են, որ ընտրությունները կեղծվել են, սակայն գնացել և կեղծված ընրությունների մանդատները վերցրել են, քննադատում են համակարգը, մեղադրում են հանցագործությունների մեջ, քաղաքացիական անհնազանդության կոչեր են անում, սակայն շարունակում են մնալ Ազգային ժողովում և իրենց այնտեղ լինելով լեգիտիմացնում են այս անօրեն գործընթացները: Սա ցույց է տալիս, որ իրենք համակարգի մեջ են, օգտվում են անձեռնմխելիության իրավունքից և իրենց արտոնյալ դիրքից, բայց միաժամանակ ոչ մի իրական արդյունք չեն կարողանում ապահովել, և հակառակը՝ ինչպես լեգիտիմացրել են մի քանի տարի առաջ ՀՀ վասալային կախվածությունը, այդպես էլ հիմա լեգիտիմացնում են այս փոփոխությունների գործընթացը:

Շատ դժվար է անցկացնել այս բաժանարար գիծը, այրել բոլոր կամուրջները և զբաղվել իրական քաղաքականությամբ և կատարել  արմատական փոփոխություններ:

Ինչ կարող ենք անել մենք՝ քաղաքացիներս, իրական փոփոխության հասնելու համար:

Իրական փոփոխությունը սկսում է այն ժամանակ, երբ մենք դադարում ենք փնտրել փրկիչների և առաջնորդողների, մենք ինքներս ենք դառնում մեր ճակատագրի ու կյանքի տնօրինողները, պատասխանատվություն ենք ստանձնում մեր կյանքի համար ու սկսում ենք փոխվել ու փոխել մեր շրջապատը, ընտանիքը, համայնքը և պետությունը: Ստեղծում ենք հանրության կողմից իրականացված քաղաքականության դրական նախադեպեր, ստեղծում ենք այլընտրանքներ, կատարում ենք փոփոխութուններ, ունենում ենք դիմակայության ու ընմբոստության հաջողված դեպքեր: Եվ այս ամենը փորձում ենք անել տարբեր մակարդակներում ու տարբեր խնդիրների դեպքում, և ինչ-որ ժամանակ հետո մենք կտեսնենք, որ ընդհանուր իրավիճակը փոխվել է: Երբ այս տեսակ փոփոխության մասին խոսում ես պայքարի տարբեր մակարդակի մարդկանց հետ, նրանք սա համարում են երկարատև, դանդաղ, ինչ-որ տեղ դժվար ու ձանձրալի և ուզում են, որ փոփոխությունները լինեն շատ արագ ու միանգամից, մի մասն էլ կարծում է, որ իրենք ունեն աստվածային կամ ազգային առաքելություն և սկսում են զբաղվել «իշխանափոխությամբ», գնում են ընտրությունների՝ պարտվում են, հետո 5 տարի միայն զբաղվում են դաժան ու ստեղծագործ քննադատությամբ և կրկին պարտվում են ընտրություններում, ու այսպես անցնում է 25 տարի:

Մենք ունենք սուղ ռեսուրսներ, կոպիտ ու շահագործող համակարգ, արագ զարգացող աշխարհ և ամեն մի օրը, ամեն մի ամիսը և ամեն մի 5 տարին չափազանց էական նշանակություն ունեն մեզ համար, եթե մենք ուզում ենք ապրել ազատ, արադար, արժանապատիվ ու բարեկեցիկ: Ընտրությունները և հանրաքվեներն ընդամենը քաղաքականության բազմաթիվ գործընթացներից մեկն են, ու կյանքը դրանցով չի սկսվում ու չի ավարտվում:

Հղումներ

Բնագիրը
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014