ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

25.01.2015 - Ավետիսյանների ընտանիքի սպանությունն իր էությամբ «ծրագրված» ահաբեկչական գործողություն է

 
 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԻԺԻ-ի հիմնադիր, քաղաքագետ և միջազգային իրավաբան Արմինե Առաքելյանը:

-Գյումրիում տեղի ունեցած սպանդից հետո ի՞նչ դաս պետք է քաղենք բոլորս:

-Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների դաժան սպանությունն իր էությամբ «ծրագրված» ահաբեկչական գործողություն է: Դասերը տարբեր կարող են լինել տարբեր դիրքերում գտնվող դերակատարների համար՝ թե՛ անհատական և թե՛ հավաքական, անձնական և ինստիտուցիոնալ իմաստով: Այստեղ կանդրադառնամ Հայաստանի քաղաքացու և բնակչի համար քաղելիք դասերից հիմնականներին.

-քաղաքական ու հանրային կյանքում ԿՐՔԵՐՈՎ չառաջնորդվել. սա ծառայում է մանիպուլացմանը, չմտածված գործողություններին, հետևաբար սրա ու նրա ջրաղացին ջուր լցնելուն: Իշխողները (ամեն տեսակի ու ամեն կարգի, հայ կամ օտար) միշտ փորձում են  կրքերի հրահրմամբ մարդկանց և զանգվածներին կառավարելի դարձնել իրենց նեղմիտ շահերի համար: Նման քաղաքականությունը, որը կարող է լինել կարճաժամկետ և երկարատև քաղաքական միտում հետապնդող,  կիրառվում է և հաջողվում մանավանդ սոցիալական, տնտեսական, քաղաքական  ու հոգևոր ճգնաժամի մեջ գտնվող մարդկային հավաքականությունների պարագայում: Անհրաժեշտ է զգացականը լիարժեք ապրել ու այն բանականության դաշտ տեղափոխել, որպեսզի մտածելու և գործելու ընդունակ լինենք: Սա բացակայում էր:

-Կարևոր է, որ քաղաքացին, մարդը մատչելիություն ունենան անկողմնակալ, բազմազան տեղեկատվության, մտքերի ու մասնագիտական մոտեցումների բազմազանության: Սա բացակայում էր:

-Կարևոր է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների արժեքներին հարող էլիտաների, հանրային պետական և ոչ պետական ինստիտուտների սթափ ու լրջագույնս կազմակերպված աշխատանքը՝ մոբիլիզացնել մտքերը, շրջանառության մեջ դնել վերլուծականներ և ռազմավարություններ, մարդկանց զգոնացնել, համախմբել, կազմակերպել և մոբիլիզացնել գործողությունների, առաջարկությունների, արժեքների, մտքերի, ճանապարհային քարտեզների շուրջ, չեզոքացնել վտանգը և հաստատել արդարության վրա հիմնված անդորրը: Սա բացակայում էր:

-Կարևոր է քաղաքական, իրավական, հավաքական անվտանգության և արդարության հաստատման մեխանիզմների անմիջական, պրոֆեսիոնալ և սթափ աշխատանքը՝ հանուն հավաքականության շահի ու անվտանգության, հանուն արդարության ու վստահության վերականգնման: Սա բացակայում էր:

-Կարևոր է քաղաքական որոշում կայացնող պետական տարբեր մակարդակների ղեկավարների ու մարմինների լեգիտիմությունը և ճգնաժամի տնօրինման մասնագիտական ու էթիկական բարձր մակարդակը՝ հանուն սահմանադրական կարգի և հավաքական շահերի: Սա բացակայում էր:

-Կարևոր է գիտակցել, որ քրեաօլիգարխիկ անարդար և բռնի համակարգում մարդը և հավաքականությունը ընչազուրկ են, անպաշտպան և վտանգված: Անպատժելիությունն ու ամենաթողությունը հանդուրժելով և դրանց համակերպվելով՝ դա դառնում է տիրող կարգ և հանգեցնում ավելի մեծ ու ծանր մարդկային ոճիրների և մարդու իրավունքների խոշտանգումների (Գյումրիում ռուս զորամասի անդամների նախկին ոճիրները, նաև Հայոց բանակում, «Հարսնաքարում» և բազմաթիվ այլ ոճրագործություններ և մարդու իրավունքների խոշտանգումներ…):

Արդյունքները՝

- մարդը, քաղաքացին չկարողացավ արժանապատիվ կերպով լիարժեք ապրել, դրսևորել իր զգացական ապրումներն ու անցնել մյուս փուլ: Ինքնաբուխ մոմավառությունն ու սուգը հանրային ու պաշտոնական ճանաչողություն չգտան և նույնիսկ խոչընդոտվեցին: Հետևաբար մարդկանց կրքերն ավելի բորբոքվեցին ու նույնությամբ էլ «հանդարտեցվեցին»: Մարդկանց ցասումն ու հուզումները մանիպուլացվեցին. այս առումով կարճատև կտրվածքով ահաբեկչական ծրագիրն առայժմ հաջողված է:

- Մարդը, քաղաքացին մնաց խոցված արժանապատվությամբ, անարգանքի ու անպաշտպանության վախերով ու մտահոգություններով. այս առումով կարճատև կտրվածքով ահաբեկչական ծրագիրն առայժմ հաջողված է:

-Մարդը, քաղաքացին ապրեց անզորության ամբողջ ծանրությունը՝ այն առումով, որ չունի իր վիշտը կիսող, իր վախերը հանգստացնող, իր շահերն ու անվտանգությունը հարգող ու պաշտպանող ինքնիշխան ու ՎՍՏԱՀԵԼԻ հավաքական կառույցներ, վստահելի էլիտաներ, վստահելի քաղաքային ու պետական ղեկավարներ ու ինստիտուտներ, վստահելի պետություն: Հետևաբար ինքը ՄԵՆԱԿ է, անզոր, դժգոհ, զոհ, անպաշտպան… Սա հուսալքության, հանձնվելու և դեպրեսիայի մի նոր փուլ է տանում ու նաև շատ լավ կառավարելի է դարձնում մարդկանց, իսկ ծայրահեղական ու հետադիմական գաղափարների և ծրագրերի համար հրաշալի բեմ է բացում: Այս առումով կարճատև կտրվածքով ահաբեկչական ծրագիրն առայժմ հաջողված է:

- Սնանկացած, ոչ ինքնիշխան, քրեաօլիգարխիկ համակարգում, որտեղ մարդու իրավունքների վրա հիմնված պաշտոնական սահմանադրությունն ու սահմանադրական կարգը չեն գործում, որտեղ իրավունքի գերակայության պակաս կա, հնարավոր չէ ժողովրդավարական և սահմանադրական խաղի օրենքներ ակնկալել ֆորմալ պետական ղեկավարներից, մարմիններից ու էլիտաներից: Դա պատրանք է և քաղաքական անհույս քայլ: Հետևաբար բոլոր նրանք, ովքեր ակնկալում են, որ միանգամից ամեն ինչ գործելու է ըստ Սահմանադրության ու իրավունքի գերակայության, և ովքեր փորձելու են դա պահանջել, անպայման հուսախաբվելու են: Սնանկացման, ճգնաժամային իրավիճակում գտնվող ղեկավարները, մարմինները և համակարգը չեն կարող մեկ օրում սկսել աշխատել հանուն մարդու, հանրային շահի և հանրային անվտանգության: Պետք է լավ ընկալել տիրող կարգը և հաշվի նստել այն փաստի հետ, որ այդ կարգը միանգամից չի կարող որակապես ձևափոխվել: Այսինքն՝ քրեաօլիգարխիկ և գաղութացված համակարգը միանգամից չի կարող վերածվել ժողովրդավարական, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգող, արդար, ազատ ու սոլիդար կարգի:

-Որո՞նք պետք է լինեն մեր այս պահի քայլերը:

- Լիարժեք ու արժանապատիվ կերպով ապրել մարդկային կորուստը՝ դեռևս յոթ հոգու, որոնցից երկուսը՝ մանուկներ (հիշեցնեմ նաև, որ մեր բանակում և այլուր, ինչպես, օրինակ, «Հարսնաքար»-ում, ունեցել ենք ու շարունակում ենք ունենալ այլ հարթության վրա գտնվող, բայց այս ոճրագործության հետ որոշակի հասարակական եզր ունեցող կորուստներ), դաժանության ու ահաբեկչության ցավը և հետո սթափվել, սանձել կրքերն ու անցնել գնահատելու, վերլուծելու, ինքնակազմակերպվելու և պայքարելու հարթություն:

- Գիտակցել, որ Հայաստան պետությունը սնանկացած է, թույլ է և ոչ ինքնիշխան, հավաքական էլիտաները բարոյալքված են ու ոչ ինքնուրույն: Հաշվի նստել իրականության հետ և խուսափել կեղծ հայրենասիրական դիսկուրսներից, որպեսզի ընդունակ լինենք կերտելու նոր որակի հասարակություն և պետություն: Չակնկալել, որ տիրող համակարգը և ինքնիշխանության դեֆիցիտը կարող են միանգամից որակական փոփոխություն արձանագրել, որ միևնույն մարդկանց ու էլիտաների միջոցով հնարավոր է լինելու հաստատել սահմանադրական կարգ, արդարություն, ազատություն և սոլիդարություն:

-Դեպրեսիայից, վախից ու ապատիայից ապաքինվելու հիմնական ճանապարհը մարդկային էմպատիան ու սոլիդարությունն են, հետևաբար հարկ է զարկ տալ նման տարածքներին և հոգեվիճակին:

-Քողազերծել ու չեզոքացնել ամբոխային տրամաբանությունը, ինչպես նաև ամեն տեսակի ծայրահեղական, այլատյաց, քսենոֆոբ դիսկուրսներն ու գործողությունները: Մնալ բացառապես աշխարհիկ և քաղաքացիական դիսկուրսում՝ սահմանադրական կարգը հարգելով:

-Գիտակից, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների արժեհամակարգը կրող անհատները, խմբերը, կառույցներն ու ինստիտուտները հարկ է, որ սթափ, վճռական ու հետևողական վարք ցուցաբերեն, վերջապես ընկալեն, որ միմյանց կարիքն ունեն, և որ միայն համագործակցելով և իրար շուրջ հավաքվելով կարող են ճգնաժամը տնօրինել:Հետևաբար պիտի գործի անցնեն ու կոնսոլիդացվեն, մշակեն հստակ ռազմավարություններ, թոթափեն նեղ հատվածապաշտ մոտեցումները և մարդկանց, զանգվածների համախմբումները զարգացնեն այդ արժեհամակարգի, ռազմավարությունների ու գործողությունների շուրջ:

-Ստացվում է՝ ռուսական ռազմաբազան անվտանգության երաշխավորից վերածվում է սպառնալիքի աղբյուրի՞, գլխացավա՞նք դառնում բոլորիս համար: Եվ ի՞նչ տեղի կունենա հայ-ռուսական հարաբերությունների հետ, եթե գործը չհանձնեն հայ իրավապահներին:

-Ինքնիշխան հզոր պետությունում չեն կարող երկարատև ու շարունակական կարգով տեղակայվել օտարերկրյա ռազմական ուժեր և բազաներ: Հայաստանն անցյալ քսաներեք տարիներին ժամանակ ու հնարավորություն ուներ՝ կերտելու ինքնիշխան և մարդու իրավունքների վրա հիմնված արդար, ազատ ու ամուր հասարակություն և պետություն:

Ռազմական և միլիտարիզացման դիսկուրսներն ու քաղաքականությունները հիմնականում ձեռնտու են զենք վաճառողներին և տարատեսակ իշխող խավերին, բայց երբեք՝ պարզ մարդուն, քաղաքացուն և մանավանդ՝ սնանկացած պետություններին, որոնք խաղի առարկա են դառնում իրենց կոռումպացված էլիտաների աշխարհաքաղաքական/գեոպոլիտիկ ծրագրերի պատճառով:

Հայաստանը պետք է ունենա իր հզոր բանակը՝ դրսի վտանգից պաշտպանվելու համար, իսկ դա նշանակում է նաև բարոյական, նյութական, արդարության և մարդու իրավունքների գերազանց հարգում նույն այդ բանակում, նույն այն ժողովրդի նկատմամբ, որին ուզում է պաշտպանել պետությունը: Իսկ պետությունը միայն բանակով կամ ռազմականով չէ հզոր: Վախերը, պատմական ուրվականների նման, ներկա են հայ մարդու և ժողովրդի մեջ: Դրսի վտանգն ավելի մեծ չի կարող լինել և դրան նույնիսկ կարելի է հակակշռել, երբ մարդը և քաղաքացին վստահում են իրենց ընտրած կառավարիչներին ու առաջնորդներին, երբ պետության հետ փոխհարաբերություններում ապրում են արժանապատիվ, արդար, ազատ ու սոլիդար: Երբ վստահում են համակարգին, որը բխում է իր Սահմանադրությունից, երբ հանրային շահն  ու օգուտը գերիշխում են: Այդպիսի պետություններում ամեն մարդ, քաղաքացի ընդունակ է թե անհատական և թե հավաքական ինքնապաշտպանության, քանի որ ինքնիշխան է, սիրում ու հարգում է իր հավաքականության արժանապատվությունը, ազատությունը, սոլիդարությունը, վստահում է իր հավաքականության ղեկավարությանը, ներկայացուցիչներին և հավաքական մարմիններին:

Ռուսական կամ որևէ այլ պետության ռազմական ներկայությունը Հայաստանի տարածքում միայն վտանգի և անապահովության աղբյուր է: Այն նվաստացնող է և հիշեցնում է, որ խնամակալի կարիք ունենք, որ դեռ ընդունակ չենք ինքնիշխանություն, արդար ու հզոր պետություն կերտելու:

Միջազգային և միջպետական փոխհարաբերություններն, ըստ միջազգային իրավունքի, հավասարների միջև են: Ուրեմն ընդունակ լինենք ինքնիշխան լինելու և պարտադրելու այլ պետություններին ևս մեզ հետ հարաբերվելու հավասարըհավասարի կարգավիճակով: Սա ենթադրում է թոթափել ստրկամտությունն ու խնամակալություն հայցողի հոգեվիճակը, ուղղել ողնաշարը՝ հարգելով ինքներս մեզ, մեր սերունդների և այլոց արժանապատվությունը:

- Տեղի ունեցած ողբերգությունից հետո քաղաքացիական բուռն արձագանքը, պահանջատիրությունը ցույց տվեցին, որ մեր քաղաքացին պաշտպանում է երկրի պատիվը: Սա, կարելի՞ է ասել, նաև լյուստրացիա էր իշխանության, ընդդիմության համար:

-Ես հարցն այդպես չեմ դնում, քանի որ ինձ համար պատվի հանգամանքը քրեաօլիգարխիկ ու նաև պատրիարխիալ համակարգի արժեք է: Ես, ինչպես ասացի, խոսում եմ մարդկային արժանապատվության մասին, բայց դա պատրիարխիալ համակարգի նամուսն ու թասիբը չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների արժեհամակարգի մարդկային արժանապատվություն՝ այն, որ յուրաքանչյուր մարդ-անհատ և մարդկային հավաքականություն ունի իրավունքներ, նրա հոգևոր (մտավոր և զգացական) ու ֆիզիկական ամբողջականությունն անձեռնմխելի են, և միայն ինքն է դրանք տնօրինում՝ հարգելով մյուսների այդ նույն ամբողջականության անձեռնմխելիությունը: Սա է արժանապատվությունը՝ իբրև մարդկային գերագույն արժեք: Իսկ արդարությունն այն անփոխարինելի օրինաչափն է, այն առանցքային հրամայականը, որը հաստատում է այդ հարգանքը և վերականգնում անձեռնմխելիությունը, երբ մարդկային փոխհարաբերություններում սայթաքում են, և մեկը բռնանում, բռնաբարում կամ փորձում է ոչնչացնել մյուսի տվյալ ամբողջականությունը:

Մենք Հայաստանում դեռ ապրում ենք պատրիարխիալ և քրաօլիգարխիկ կոդեքսով, հետևաբար ընդվզում, ծեծկռտվում, հայհոյում են և այլն «պատվի համար», այլ ոչ՝ արժանապատվության:

Համակարգային դրական փոփոխության ձգտելու համար պետք է հաշվի նստենք նաև այս իրականության հետ, որ Հայաստանում մարդը և հասարակությունը իր արժեքների, վարքագծի ու մշակույթի հիմնովին վերանայման հարց ունի… Երբ ամեն օր իրար հայհոյում են, խտրականությունը նորմալ համարում, կանանց ծեծում, երեխային ծեծում, ուրիշին և տարբերին հալածում, ապա ճգնաժամային վիճակում այս մշակույթն անմիջապես չի ջնջվում, ամեն ոք չի վերածվում արժանապատվության ձգտող ու պայքարող մարդու կամ հավաքականության, այլ դրսևորում են նույն՝ թասիբի, գողական, պատրիարխիալ և քրեաօլիգարխիկ փոխհարաբերությունների կոդեքսները:

Ես հարցը չեմ դնում երկրի պատիվը պահելու և կամ ազգը փրկելու դիսկուրսում: Ես առաջարկում եմ, որ մենք ձգտենք փոխել իրավիճակը, որպեսզի Հայաստանում մարդը գիտակցի ու հարգի իր և ուրիշի արժանապատվությունը՝ սահմանադրական արժեքների համաձայն, աշխարհիկ ու քաղաքացիական խաղի օրենքներով:

Մարդկանց և մարդկային հավաքականությունների միջև սոլիդարության ու համերաշխության երաշխիքը մարդկային արժանապատվության, միմյանց հանդեպ հարգանքի և մանավանդ՝ արդարության արժեքի գիտակցումն ու կենսագործումն է:

Երբ դեմ հանդիման ենք կանգնում «ծրագրված» ոճրագործության, որն իր էությամբ ահաբեկչական է, պետք է քողազերծել պատճառները, ծրագրման աղբյուրները, հետևանքները: Պետք է արդարություն հաստատել, որպեսզի այլևս չհամարձակվեն նմանօրինակ ծրագրեր իրականացնել, և որպեսզի մարդը և հավաքականությունը վերականգնեն իրենց արժանապատվությունը, իրենց անվտանգությունը և համերաշխությունը:

Լեգիտիմությունից զուրկ պետական մարմինները և քաղաքական էլիտան անընդունակ են դա անելու: Գիտակից մարդ-քաղաքացին և քաղաքացիական համախմբումները մարտահրավերի առջև են՝ վերականգնելու իրենց մարդկային արժանապատվությունը, անվտանգությունը, արդարությունն ու համերաշխությունն այնտեղ, որտեղ սնանկացած են պետությունն ու հավաքական էլիտաները, որտեղ հավաքական ինստիտուտները չեն աշխատում ի շահ մարդու, քաղաքացու, հանրային շահի ու բարիքի, որտեղ մարդն ու հանրությունը ձգտում են ինքնիշխանության, ապահովության և զարգացման:


 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014