Մեր մասին Գործունեություն Հրատարակություններ Համագործակցություն Լուրեր Կապ
Լուրեր
Հայտարարություններ
Դիրքորոշումներ - ուղերձներ
ՄԻԺԻ-ի խմբագրականները
2005.07.05

ՄԻԺԻ-ի Արձագանքը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Գորան Լեննմարքերի ներկայացրած զեկույցին
 
«Ոսկե հնարավորություն. որոշ գաղափարներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» /Ներկայացված` 1 հուլիս 2005, Վաշինգտոնում, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության կազմակերպության` ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի տարեկան նստաշրջանում/
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ ոչ կառավարական կազմակերպությունը` որպես հայկական ներգործուն քաղաքացիական կառույց, իր դիրքորոշումն է ներկայացնում ս.թ. հուլիսի 1-ին ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի տարեկան նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ, շվեդացի պատգամավոր Գորան Լեննմարքերի` Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հիմնախնդրի մասին ներկայացրած «Ոսկե հնարավորություն. որոշ գաղափարներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» զեկույցի վերաբերյալ, ուր վերլուծվում են Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման նախադրյալները և տարբերակները:
 
ՄԻԺԻ-ն ողջունում է այս նորարար փաստաթղթում հրապարակված հետևյալ երկու կարևոր պնդումները
ա. Այս փաստաթղթի 29-րդ կետում, դիվանագիտական մակարդակով և միջազգային հաստատությունների կողմից ներկայացված բացառիկ առաջարկների թվում նման ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՈՎ Արցախի կարգավիճակի վերաբերյալ տարբերակ է առաջարկվում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության կազմում : Հեղինակը նշում է, որ «Հայաստանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, և այսպիսի կարգավիճակը կձևավորի անվտանգության բարձրագույն մակարդակ»:
բ. Արցախի հիմնահարցի խաղաղ լուծումը պետք է հիմնված լինի «ոչ թե ուժային քաղաքականության կամ երկակի չափանիշների, այլ միջազգային նորմերի և եվրոպական արժեքների վրա»: (կետ 4)
 
Մյուս կողմից, նույն 29-րդ կետում հեղինակը բացառում է Արցախի անկախ և ինքնիշխան պետականության գոյությունը, նշելով, որ «Լեռնային Ղարաբաղը ինքը ցանկանում է անկախ պետություն լինել … սակայն Կովկասյան տարածաշրջանի մասնատումը փոքր պետությունների վտանգավոր է դիտվում … միջազգային հանրությունը պատրաստ չէ անկախություն տալ տարածաշրջանի տարբեր մասերին, այդ թվում Լեռնային Ղարաբաղին»: ՄԻԺԻ-ն քննադատում է այս ձևակերպումը և մեկ անգամ ևս ցանկանում է շեշտել, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ազգերի ու ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է. հետևաբար Արցախի կարգավիճակի հետ կապված ցանկացած տարբերակ նախ և առաջ պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կամքի վրա: Այն որևէ կերպ չպետք է զիջվի աշխարհաքաղաքական շահերին:
ՄԻԺԻ-ն նաև քննադատում է հեղինակի այն մոտեցումը, որ Արցախի հիմնահարցը դիտարկվում է ազգային փոքրամասնությունների իրավունքի համատեքստում և իբրև հակամարտություն (կետ 6): Արցախի խնդիրը հայ ժողովրդի համար եղել է և մնում է իր իրավունքի համար մղվող պայքար և «հիմնահարց», այլ ոչ «կոնֆլիկտ»:
 
Փաստաթղթի 10-րդ և 11-րդ կետերում հեղինակը նշում է, որ «հայերի հիմնական մտահոգությունը ազգային անվտանգությունն է»` պատմական կոնտեքստում, իսկ «Ադրբեջանական հիմնական մտահոգությունը` արդարությունը»` նկատի ունենալով կորցրած տարածքների և փախստականների հարցերը: ՄԻԺԻ-ն շեշտում է, որ Արցախի, Հայաստանի և բովանդակ հայ ժողովրդի համար Արցախի հիմնախնդիրը ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ հարց է, մարդկային և ազգային գոյատևման ու զարգացման, և մարդու իրավունքների հիմնախնդիր: Սրանով է պայմանավորված այն դիրքորոշումը, որ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, անգամ ինքնավարության բարձրագույն մակարդակով, չի կարող ընդունելի լինել հայ ժողովրդի համար:
 
Հեղինակի կողմից նորարար առաջարկ է ներկայացվում Արցախի կարգավիճակի մասին շվեդաբնակ Ալանդական կղզիների օրինակով, որոնք չնայած գտնվում են Ֆինլանդիայի կազմում, սակայն հանդիսանում են Եվրոպայի ամենաբարգավաճ շրջանը (կետ 30): Ալանդական կղզիների օրինակը ուշագրավ նախադեպ է այն բանի, որ մի էթնիկ հանրություն կարող է բարգավաճ ապրել մեկ այլ պետության տարածքում: Սակայն մենք գտնում ենք, որ այս օրինակը որևէ կերպ չի համապատասխանում Արցախի օրինակին: Ադրբեջանը մի կողմից, Արցախն ու Հայաստանը մյուս կողմից այսօր գտնվում են քաղաքակրթական զարգացման տարբեր հանգրվաններում: Հայերի դեմ Ադրբեջանի կողմից` իբրև պանթուրքական քաղաքականության արդյունք կիրառված բռնությունները, կոտորածներն ու պոգրոմները «պատմութուն» չեն, և ոչ էլ կարող են բացատրվել պատերազմական պայմաններով: Դեռ 2 տարի էլ չի անցել այն դեպքից, երբ Բուդապեշտում հայ սպան քնի մեջ կացնահարվեց ադրբեջանցի սպայի կողմից: Հետևաբար, դժբախտաբար, Ալանդական կղզիների օրինակը չի կարող ընդունելի լինել Արցախի պարագայում, քանզի Արցախը Ադրբեջանի կազմում նշանակում է հայերի ոչնչացում:
 
Հեղինակի կողմից կարևորվող ինտեգրացիոն գործընթացները (կետ 18-20), փոխադարձ հաղորդակցությունը, քաղաքական, տնտեսական և մշակութային ճանաչողությունը, անշուշտ, երկխոսություն խթանելու և փոխադարձ վստահության կարևոր նախադրյալներ են: Սակայն այս ինտեգրացիոն գործընթացները կարող են տեղի ունենալ և հաջողվել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանի կողմից քաղաքակրթական թռիչք կատարվի` հարգելու մարդու հիմնական իրավունքները և հրաժարվելու պանթուրքական ռասիստական գաղափարախոսությունից և պետական ագրեսիվ ու ահաբեկչական քաղաքականությունից:
 
ՄԻԺԻ-ն մեկ անգամ ևս ողջունում է այս փաստաթղթում ներկայացված որոշ առաջարկների դրական արժեքը: Միաժամանակ, հույս ենք հայտնում, որ նստաշրջանի պատվիրակները, և մասնավորապես Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը նկատի կունենան վերը նշված դիտողությունները և հայ քաղաքացիական գործոնների առաջարկությունները, որպեսզի ներկայացվող թղթածրարը ավելի դրական և ամբողջական դառնա:
Copyright © 2002 – 2009 Institute for Democracy and Human Rights Created by PLANET.AM