Մեր մասին Գործունեություն Հրատարակություններ Համագործակցություն Լուրեր Կապ
Լուրեր
Հայտարարություններ
Դիրքորոշումներ - ուղերձներ
ՄԻԺԻ-ի խմբագրականները
2008.03.01

ՄԻԺԻ-ի 2008թ-ի մարտի 1-ի հայտարարությունը
 
ՄԻԺԻ-ի անդամներին, համակիրներին, համայն հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետությունում` Երևան և մարզեր, Արցախում, Սփյուռքի բոլոր համայնքներում
Արդեն 2007թ. դեկտեմբերին, ՄԻԺԻ-ն իր հստակ դիրքորոշումով է հանդես եկել և համապարփակ վերլուծել Հայաստանի Հանրապետության անցյալ 16 տարիների զարգացումները և 2008թ. նախընտրական կացությունը (տես` «Տեսակետ-ՄԻԺԻ» ÃÇí 24-Ç ËÙµ³·ñ³Ï³ÝÁ): Իբրև հայ և հայաստանյան ինքնուրույն և անկախ քաղաքացիական գործոն` մենք ցավով ենք արձանագրում, որ այս վերլուծություններն ու կանխատեսումներն արդարանում են:
Սույն թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Երևանի Ազատության հրապարակում խաղաղ ցույցի բռնի ցրումը, չնայած իր կանխատեսելիությանը, կրկին անգամ փաստում է, որ իշխանությունները և նրանց հետ համագործակից բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական ուժերը, պաշտոնական մտավորականությունն ու արվեստագետները, նրանց սատարող այլ ուժերը գործում են ոչ քաղաքական և Սահմանադրական կարգով և մեթոդներով: Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի պաշտոնական պատասխանատու ուժերը կրկին անգամ փորձում են վերարտադրել իրենց` ոչ քաղաքական խաղի օրենքներով, մանիպուլացիաներով, հակաիրավական ու անպատասխանատու գործելաոճով: Ներկայումս առավել ևս հանդես եկավ քաղաքական ուժերի, վարչարար-իշխանավորների անվստահելիությունը, անպատասխանատվությունը և անկարողությունը` քաղաքական և իրավական սկզբունքներով առաջնորդվելու, կառավարելու մեր հասարակությանն ու ժողովրդին:
Վառ վկայությունն են փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները, որոնք նախընտրական, ընտրական և հետընտրական ժամանակահատվածում ուղեկցվեցին բազմաթիվ խախտումներով, կեղծումներով և բռնարարքներով, ընտրակաշառքներով, Հանրային հեռուստատեսության կողմանակալ վերաբերմունքով, ընտրական խախտումների նկատմամբ իրավապահ մարմինների անգործությամբ ու կաշկանդվածությամբ, քաղաքական ուժերի ոչ սկզբունքային, անբարոյական գործելաոճով և մանրառևտրի մեջ մտնելով: Այս ամեն գործողությունները քողարկվում են հայտարարություններով, թե իբր ազգը պառակտված է, թե ազգային խնդիրների հարցում դավադրություններ են եղել, թե հանուն քաղաքացիական պատերազմից խուսափելու են քաղաքական ուժերը միավորվում այսօրվա իշխանությունների շուրջ: Սակայն մեր ազգը պառակտված չէ, իսկ եթե պնդում են, որ Արցախի հարցում ու պետական այլ գործերում կան դավաճաններ ու հանցագործներ, ապա դրանք պետք է ժամանակին օրինական կերպով, օրենքի շրջանակում դատապարտվեին կամ դատապարտվեն:
Մեր հասարակությունը և ժողովուրդը պառակտված չէ, այլ կա սոցիալական և տնտեսական հսկայական բևեռացում, չկա քաղաքացիական պատերազմի վտանգ, այլ կա լուրջ վտանգ պետականության և հասակարության ճգնաժամի ու քայքայման` շնորհիվ նույն այդ անպատասխանատու և վարկաբերկված քաղաքական, «մտավորական» ու «հոգևոր» ուժերի անմարդկային և ապազգային, անպատասխանատու և անբարոյական վարքագծի ու գործելաոճի:
Վարկաբեկված է իշխանությունը, վարկաբեկված են պաշտոնական «մտավորականությունը», քաղաքական դաշտը և ուժերը, Հայ Առաքելական Մայր Աթոռի ղեկավարությունը…
Ինչպես արդեն իսկ հանդես ենք եկել մեր դիրքորոշմամբ` ՄԻԺԻ-ն չի կիսում Հայոց Համազգային Շարժման` ՀՀՇ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները և չի համակրում դրանք և մինչև օրս էլ շարունակում ենք մնալ այդ նույն գծի վրա: Սակայն գտնում ենք, որ իշխանությունները և նրանց հետ համագործակցող ուժերը իրավունք չունեին բռնություն գործադրելու Ազատության հրապարակի ցուցարարների դեմ, որոնք քաղաքական և Սահմանադրական ձևով էին իրենց դժգոհությունը և քաղաքացիական պահանջն արտահայտում: Քաղաքակիրթ մարդկային ու ազգային քաղաքական և հասարակական ուժերը պարտավոր են հանուն իրենց հասարակության, ազգի և պետության զարգացման, առաջնորդվել և բոլոր խնդիրները լուծել միայն ու միայն Քաղաքական ճանապարհով և Սահմանդրության շրջանակում:
ՄԻԺԻ-ն դատապարտում է ՀՀ իշխանավորների կողմից ծրագրված և կիրառված հանցագործ բռնատիրական գործելաոճը, որը վտանգում է քաղաքացիական և հասարակական համերաշխությունը` ի հավելումն իրենց կողմից մինչ օրս իրականացվող սոցիալ-տնտեսական անարդար քաղաքականության, որի հետևանքով բևեռացվել և թուլացվել է մեր երկիրն ու պետությունը, և որի հետևանքով ճաշակում ենք այս ըմբոստացումն ու ընդվզումը:
Մեր գերակա քաղաքական ուժերի մեջ բացակայում է Քաղաքական, բարոյական, ազգային և մարդասեր ուղե•իծը, մշակույթն ու գործելաոճը. բացակայում է նաև այս հատկանիշներով տոգորված ՈՐԱԿԱԿԱՆ քաղաքական երրորդ ուժը: Այդ իսկ պատճառով ցավով ենք ականատես, որ մեր երիտասարդության, հասարակության և ժողովրդի դժգոհությունն ու քաղաքական պահանջարկը ուղղորդվում և առաջնորդվում է ՀՀ առաջին նախագահի` Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձով:ՄԻԺԻ-ն գտնում է, որ հայ ժողովրդի, ՀՀ հասարակության խավերի ցուցաբերած դժգոհությունն ու ըմբոստությունն ունեն արդարացի և իրավացի արմատներ:
Ազգային և մարդկային հավաքական շահերը իր անձնական, հատվածական հանցագործ կամ ոչ հանցագործ շահերից գերադասող յուրաքանչյուր ուժ և իշխանավոր պարտավոր է հաշվի նստել այս արդարացի դժգոհության և պահանջի հետ` ճշմարիտ ինքնաքննադատության ենթարկելով իրենց և իրենց քայլերը. հանուն հայ երիտասարդության, ՀՀ հասարակության, բովանդակ հայ ժողովրդի մեծամասնության հավաքական բարօրության և համերաշխության` պարտավոր են որակական և արմատական քաղաքական բարեփոխումներ կատարել իրենց կեցվածքի, ուղեգծի, քաղաքականությունների և գործունեության մեջ:
Հայաստանի Հանրապետությունը իր Սահմանադրությամբ Ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Մենք սթափության կոչ ենք անում հայ երիտասարդության, հասարակության և ժողովրդի գիտակից, ինքնուրույն, անկախ գործոններին` անհատ և կառույց, վեր կանգնել ամբոխային և ամբոխավարական մանիպուլացիաներից և սթափվել, լիարժեք տերը լինել մեր ժողովրդի և հայրենիքի, թույլ չտալ, որ մեր հասարակությունը և ժողովուրդը նորից հուսահատության, անտարբերության, հարմարվողության և ստրկության ուղին բռնի: Դիմե՛նք քաղաքական և քաղաքացիական ակցիաների, արհամարհե՛նք և ամոթանքի մատնե՛նք հատվածական, հանցագործ, անբարոյական, քաղաքական և քաղաքացիական մանրավաճառությամբ զբաղվող թե՛ հովանավորողներին և թե՛ նրանց գործիքներին` քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներին, «մտավորականներին», լրագրողներին…` դպրոցներում, համալսարաններում, աշխատավայրերում, հարևանության մեջ, հանրային վայրերում, ամենուր, մեր ամենօրյա քաղաքացիական վերաբերմունքով ու վարքագծով, տարբեր քաղաքական-քաղաքացիական ակցիաների միջոցով:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության հասարակության և հայ ժողովրդի յուրաքանչյուր գիտակից անհատի ու կառույցի` ինքնակազմակերպվել, քաղաքական և հասարակական սահմանադրական, իրավական համարձակ, անվախ գործունեություն ծավալել` անհապաղ: Գիտակցելով և հարգելով ՀՀ Սահմանադրությունը` տերը լինենք սահմանադրական կարգի և իրավունքի գերակայությանը մեր հայրենիքում, չթողնելով որ այն մանիպուլացվի այս կամ այն իշխանավորի կամ գործիչի հատվածապաշտ ձգտումներով:
Հասարակական և սահմանադրական կարգը պաշտպանելու համար բռնության հրահանգ տվող և իրականացնող յուրաքանչյուր ոք պարտավոր կլինի հաշվետվություն տալ իր որոշումների և գործողությունների օրինականության համար. մենք` ժողովուրդս, պահանջում ենք այդ հաշվետվությունը:
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ Երևան, 1 մարտի 2008թ.
Հանրայնացվել է 18:00-ին
Copyright © 2002 – 2009 Institute for Democracy and Human Rights Created by PLANET.AM