Մեր մասին Գործունեություն Հրատարակություններ Համագործակցություն Լուրեր Կապ
Լուրեր
Հայտարարություններ
Դիրքորոշումներ - ուղերձներ
ՄԻԺԻ-ի խմբագրականները
2007.12.10

Ո՞ւր է հայոց ՁԱԽ-ը` ճշմարիտ այլընտրանքը
 
Ո՞ւր է ՁԱԽ-ը Հայաստանում և հայ ժողովրդի ներկայում։ Ոմանց այս հարցը զարմացնո՞ւմ է, ոմանց հեգնանքին արժանանո՞ւմ կամ անիմաստ հնչո՞ւմ։ Հենց այստեղ է մեր իրական ցավը՝ մեր քաղաքական ու քաղաքացիական տգիտության մեջ։ Մեր ժողովուրդը քաղաքական ու քաղաքացիական տգիտությամբ է տառապում և վերածվում է ԱՄԲՈԽ-ի` զուտ սպառողական ու նյութածին հզոր ցանկություններով, ճորտամիտ ու ճորտացող միանմանության (հեգեմոնության) հակող մարդկանց մի խմբավորման։ ԱՄԲՈԽ, որը տնօրինվում է և բթացվում, այլ ոչ թե` ղեկավարվում, կառավարվում, կրթվում ու առաջնորդվում, պատեհապաշտ ու նյութապաշտ վարչարարներով/իշխանավորներով, ու միջակությամբ տառապող պաշտոնական մտավորականությամբ ու արվեստի գործիչներով։
 
Այո՛, մենք ժամանակին, և ժամանակ առ ժամանակ եղել ենք հզոր ժողովուրդ, սակայն այսօր այդպիսին ՉԵ՛ՆՔ։ Սա պետք է ընդունե՛նք, ինչքան էլ մեզ վիրավորած ու բարդույթավորված զգանք, քննադատական առողջ մտքով ու գիտակցությամբ պետք է ընկալե՛նք և դառն իրականության հետ հաշվի նստենք, պատճառները գիտակցելով փորձե՛նք վերլուծել` իբրև ճշմարտասեր, արդարատենչ, մարդասեր, զարգացող հայ ժողովուրդ, առաջնորդվելով հոգևորով ու ոգեղենով, վերածնվող մշակույթով, իր ներկան ու ապագան գիտակցորեն տնօրինող ու ստեղծագործող մի գործոն՝ մի ժողովուրդ, և ոչ փողին, նյութականին ու սեփականատիրության ուժին տուրք տվող, քստմնող, ճորտամիտ ԱՄԲՈԽ. ազատագրված ու լիարժեք անհատականության (անհատ, ազգ) դեմ գնացող ամբոխ, որն ապրում ու վերարտադրում է մի նոր հասարակական կարգում, ուր ՄՇԱԿՈՒՅԹԸ ոչ թե վեհացնող ու ազատագրող է, այլև ստանդարտիզացված արտադրության մի շարան-սերիա, որը հաջողում է միատեսակացնել մտածելակերպերն ու ապրելակերպերը։ Մի նոր հասարակարգ, որտեղ վարչարար-իշխանավորները ընդունակ են հեշտությամբ տնօրինել ու վերարտադրել բնազդային, ճնշող ու նյութապաշտ հակա-մշակույթը և անարդար հասարակարգը` օգտագործելով իրենց ամբոխաճաշակ միջակությունը բեմադրող և ժողովրդին (ու մանավանդ երեխաներին) բթացնող գրպանային արվեստի գործիչներին ու մտավորականներին։ Քանզի այս հակա-մշակույթում ու հասարակարգում անհատը իրեն գործիքի է վերածում, իրեն հնազանդեցնում է թե՛ սեփական երկրում և թե՛ համաշխարհայնորեն օրինականացված/լեգիտիմացված տիրապետող մի նոր հասարակարգի հակարժեքներին ու կանոններին. այն է՝ նոր-ազատական աշխարհահայացքով աճող կապիտալիզմին։ Անհավասար, անարդար, ատոմիզացնող, մրցակցային, կարճատես, պետության կանոնավորող դերը քայքայող, հանրային ծառայությունները մասնավորեցնող և անվերահսկելի դարձնող, պետությունը և հասարակությունը թուլացնող, մեծամասնությանը աղքատացնող և միայն տիրապետող փոքրամասնության նյութական բարօրությանը ծառայող, քննադատական միտքը և կրթությունը քայքայող և զուտ տեխնոկրատական ընտրանի պատրաստող մի հասարակարգ։ Արդեն իսկ 25-30 տարիներ ի վեր այս հասարակարգն առավել արմատավորվում է «զարգացած» երկրներում` Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) առաջնորդությամբ և Եվրոպայի հետևորդությամբ, իսկ սանձարձակ ու վայրագորեն արագ աճող ու հոշոտող կերպով ընդարձակվում է զարգացող երկրներում, դրանց շարքում նաև մեր հայրենիքում՝ Հայաստանում, անկախությունից սկսած` 16 տարի ի վեր։
 
* * *
Ողբամ հայ ժողովուրդ քո խոր վերքը.
 
Ճշմարիտ մի ասացվածքի համաձայն՝ «իմաստունը սովորում է ուրիշների սխալներից» իսկ «հիմարը կրկնում է ուրիշների սխալները»։ Մենք 16 տարի շարունակ, իբրև ժողովուրդ և պետություն, որդեգրում ենք երկրորդի կարգավիճակն ու վարքագիծը։ Եվ այս էլ այն ժամանակ, երբ դարեր անց մեզ վերջապես պատմական ու ճակատագրական հնարավորություն է ընդձեռվել ինքնուրույն կերտել մեր ինքնիշխան/սուվերեն պետությունը, լինել մեր մարդկային ու ազգային, անհատական ու հավաքական ինքնուրույն զար•ացման ու բարօրության ստեղծագործողը։
 
Եվ ահա, այս պատմական ու ճակատագրական ժամանակահատվածում, մենք տգիտությամբ կրկնում ու վերարտադրում ենք ուրիշների, բայց նաև մեր նախկին սխալները։
 
Եթե Եվրոպան 200 տարուց ավելի է, որ սկսել է արդի մարդասիրական մտքի ու մշակույթի, կապիտալիզմի ու արդյունաբերության, ժողովրդավարացման հոլովույթը, և հիմա, 21-րդ դարում իր առաջադեմ մտավորականությունը գնահատում է, որ իրենք հետքայլի/ռեգրեսիայի ժամանակաշրջան են ապրում, որ կա վերադարձի հակում/տենդենց դեպի 19-րդ դարի սկիզբ՝ «թագավոր-իշխան-նախագահ», «նոր-ճորտատիրություն», «նոր-կիսաֆաշիզմ»` շնորհիվ նոր-ազատական կապիտալիստական հասարակարգի, ապա ի՞նչ ենք կարող ասել մեր մասին, որտե՞ղ ենք, մեր պետության ո՞ր ժամանակահատվածն ենք ապրում կամ վերապրում մենք՝ հայ ժողովուրս և հայ պետականությունը։
 
Չէ՞ որ մենք, իբրև ազատ ժողովուրդ և ինքնիշխան պետություն, չենք ապրել կապիտալիզմի, ազգ-պետության, արդի մարդասիրության մշակույթի վերածննդի սկզբնավորման ու զարգացման հոլովույթը և մեր ազգային, մշակութային ու պետականության պատմության մեջ ունենք մի հսկայական ճեղքվածք՝ դարեր կտրված արդի մարդկային մշակութային վերածննդից, հոլովույթներից ու զարգացումներից` իբրև՝ ազգ, ժողովուրդ և պետություն…
 
Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և ուրիշները կարող են գուցե ներկայումս իրենց թույլ տալ` վերարտադրել իրենց պատմության մութ ու լույս կողմերը` 19-րդ դարի սկզբից ի վեր, քանի որ ունեն դարեր շարունակ չընդհատված ինքնիշխան ու ինքնուրույն պետություն, 60 միլիոն և ավելի ժողովուրդ, ստեղծագործ ու հարուստ մշակույթ՝ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, ...հասարակական շարժումների հարուստ ժառանգություն ու կապիտալ։ Այդ բոլորի շնորհիվ էլ այսօր նրանք փորձում են խորհել, հարցականի ենթարկել, որոնել ու մշակել այլընտրանքներ` նոր-ազատական կապիտալիզմին: Նրանք փորձում են դիմակայել հասարակական ինքնակազմակերպմամբ և շարժումներով` հանուն իրենց մարդկային ու ազգային իրավունքների պաշտպանության, հանուն իրենց անհատական, հասարակական և պետական հարստության, կապիտալի ու նվաճումների պաշտպանության, ըմբոստանալով ու պայքարելով զանգվածային աղքատացման, մշակույթի աղավղման, աշխատանքի կորստի, չտեսնված գնաճի և միաժամանակ գնողության ուժի կորստի դեմ։
 
Վերջերս էր, որ ականատես եղանք նոյեմբերյան հսկայածավալ հասարակական շարժումների ու գործադուլների Եվրոպայի երկու հզոր երկրներում՝ Ֆրանսիայում և Գերմանիայում։ Վերջինում` երկաթգծի վարորդների շարժման գլխավորությամբ, որոնք պահանջում էին աշխատավարձի 31% բարձրացում։ Եվրոպայում, որտեղ սղաճը /ինֆլացիան իր ռեկորդային տոկոսին է հասել՝ տարեկան 3% (մի բան, որ 2001-ից չէր տեսնված) ... Իտալիայում տեղ գտած ռեկորդը, ուր հինգ տարիների ընթացքում մարդկանց գնողունակությունն ընկել է 1900 եվրոյով, և աշխատավարձերի անկումը պատճառ է դարձել նոր աղքատների ի հայտ գալուն։ Կամ Իսպանիայում ու Բելգիայում, որտեղ հիմնական սննդի անտեսված ու ահռելի գնաճ է արձանագրվել, և մարդկանց գնողունակության հսկայական նվազումը դժվարացնում է դրա մատչելիությունը աղքատացող մեծամասնության համար` Իսպանիայում հավկիթի գինը մեկ տարում աճել է 11%-ով, կարտոֆիլինը՝ 7%-ով, հացի ու կաթի գները` 18%-ով, Բելգիայում կարտոֆիլը թանկացել է 76%-ով, բժշկական ծառայությունները՝ 24%-ով։
 
Եվրոպայում, հասարակական շարժումների կապիտալին ու ներուժին գումարվում է աջ ազատական և ձախ մտավորականության՝ ինքնաքննադատական ու վերլուծական միտքը, դիալոգը/երկխոսությունն ու ստեղծագործական գործունեությունը։ Նրանք հարցականի են ենթարկում այս համակարգը՝ ֆինանսականացված, համաշխարհայնացված ու նոր-ազատականացված շուկայական կապիտալիզմը, և այդ անում են բազմակողմանի՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային դիտանկյուններից։ Եվրոպայի աջ ազատականները, որոնք վերարծարծում են Կարլ Մարքսի և իր հետևորդների մտքերը, վերլուծություններն ու ստեղծագործությունները, որքան էլ զարմանալի թվա` այդ համարում են անդարձելի անհրաժեշտություն՝ հասկանալու համար ներկա հասարակարգի թերությունները, վնասները, և այլընտրանքներ մշակելու փորձ են կատարում։ Այո, ինչքան էլ տարօրինակ է թվում, այսօր Եվրոպայում աջ ազատական ճակատում ենք գտնում՝ Մարքսի ամենակարկառուն պաշտպաններին։
 
* * *
 
Իսկ ՄԵ՞ՆՔ։ Արդյո՞ք սովորում ենք այս ամենից։ Թե՞ միայն կուրորեն կապկում և կրկնում թերություններն ու սխալները, հեշտն ու ավերիչը։ Ո՛չ, մենք չենք կարող մեզ թույլ տալ և իրավունք չունենք հիմարորեն մտածել ու շարժվել` կրկնելով ու վերարտադրելով ուրիշների սխալները, որոնք իրենք իսկ այսօր հարցականի են ենթարկում և այլընտրանքային ելք խորհում և մշակում։ Մենք միայն 16 տարի է, որ ինքնիշխան պետություն ունենք. մենք 3- (8) միլիոն ենք (սփյուռքը ներառյալ) և մեր ժողովրդագրական թվերն ահազանգող են, քանզի ընդունակ չենք մեզ կենսաբանորեն իսկ վերարտարդել ու սերունդների շարունակականությունն ապահովել մեր հայրենիքում, աղքատ ենք թե՛ տնտեսապես, սոցիալապես և մանավանդ` քաղաքական ու քաղաքացիական մշակույթի իմաստով, իսկ հասարակական շարժումների մեր ժառանգությունը շատ թերի է, ներկայումս` գրեթե անգո է։ Մեր փրկության ու զարգացման ճշմարիտ ուղին մեր և ուրիշների սխալները կրկնելն ու վերարտադրելը չէ, որը մեզ համար ազգովին կարող է լինել և է՛ ճակատագրական ու վախճանական: Մենք պետք է խելամտորեն ու համարձակորեն, ինքնաքննադատական ու քննադատական մտքով, գործով ու պայքարով ՍՈՎՈՐԵ՛ՆՔ ուրիշների, մանավանդ այդ ճամփան անցած՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի, և անցնող՝ Հնդկաստանի, Չինաստանի և մյուս երկրների ու ժողովրդների փորձից, նաև մեր պատմության սխալներից, և հմտորեն ու ճկունորեն մեր ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ (Հայաստան, Արցախ, սփյուռք) սեփական ներուժը՝ միտքը, իմացությունը, մշակույթը, մարդկային կապիտալը գնահատելով, արժևորելով` վերլուծե՛նք, կերտե՛նք՝ արդարը, ճշմարիտը, մարդկայինը։ Սա մեր ժողովրդի, ազգի ու պետության ճշմարիտ հզորացման, ինքնուրույնության և զարգացման միակ ճշմարիտ ուղին է, ինքնուրույն ստեղծագործական կենսագործման, ազատության, արդարության, հավասարության ու բարօրության նվաճման ուղին։
 
* * *
Պրագմատիզմի/գործնապաշտության մոդան և ավերումները
 
Ասում են՝ թե մենք միակը չենք, ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը` ամբողջ աշխարհն ու բոլոր ժողովուրդները ապրում են այս վտանգն ու մարտահրավերները, որ պարտադրում է արդի նոր-ազատական կապիտալիստական կարգը. այս է աշխարհն ու իրականությունը և մենք պետք է համակերպվենք մեր գործնապաշտությամբ, թե չկա այլևս ուտոպիա և իդեալներ` դրանք պատրանքներ են, պետք է համակերպվել ու գոյատևել։ Ասում են և հավատում, և ուրիշներին էլ փորձում համոզել այս միանմանության, միատարրության ու անճարության, անզորության դյուրին, հարմարվողական հոգեվիճակին` տիրապետող տրամաբանություն, որ փորձում է զինաթափել անհատի ու ազգի պայքարունակությունը, ինքնակամորեն իր ճակատագիրը կերտելու հոգևոր ուժը։ Այն աշխատում է ենթագիտակցության վրա, պատեհապաշտության հոմանիշ գործնապաշտությունը գովաբանելով ու մրցակցային, անտառային աշխարհում այն հաջողության (նյութական) միակ գաղտնիքը և երաշխիքը հայտարարելով ու պրոպագանդելով՝ ամենուրեք։
 
Սխա՛լ և ավերի՛չ տրամաբանություն, քարոզչություն, քաղաքականություն։ Ճնշումը, կեղեքումը, ճորտությունը, հնազանդեցումն ու համակերպումը ինքնարդարացնող, ինքնամխիթարող մի քաղաքական ճարպիկ գործիք է, որ նոր ազատականների զենքն է` անզորացնելու և առանց պատերազմելու ու դիմակայության` մարդկանց, հասարակությունների ու ժողովուրդների հոգին խեղճացնելու, սեփականությանը, ազատությանը, ունեցվածքին, տարածքին տիրանալու համար` և այս ամենը առանց արյան կաթիլ իսկ թափելու։
 
Գործնապաշտությունը, նպատակն արդարացնում է ամեն միջոց (իսկ նպատակը փողն է և ուժը), պատեհապաշտությունը, մրցակցությունը, անբարոյականությունը/անէթիկությունը, մարդու և հասարակության տեխնոկրատացումն ու գործիքացումը հպարտորեն փառաբանվում են իբրև բացարձակ ճշմարտություն և միակ ելք անձի «երջանկության» ու հաջողության համար։
 
Ա ն հ ե թ ե թ ո ւ թ յ ո ւ ն:
Մարդկության ու ազգերի զարգացման հիմնական ներուժը միշտ եղել է և մնում է ՍԵՐԸ, ԱՐԴԱՐԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈԼԻԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ (քաղաքացիական գոտեկցությունը) միշտ պաշտպանելով ամենաթույլին, ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆԸ, այս ամենին իբրև նպատակ հավատացող, պայքարող փոքրաթիվ անհատականությունները և խմբավորումնները։ Նրանք են նվաճել հոգևոր, բայց նաև նյութական երջանկությունը, հաջողությունը:
 
Հավասարություն, արդարություն, սոլիդարություն (քաղաքացիական գոտեկցություն) և ընդհանուրի բարօրություն. ահա ՁԱԽԻ անքակտելի ու անբաժանելի ներդաշնակ չորս գլխավոր արժեքները, որոնք չի կարելի հերթավորել, դասակարգել և զիջել հանուն որևէ բանի, բայց մանավանդ՝ գործնապաշտության ու հարմարվողության։ Իդեալ, որին տարբեր ազգերից և տարբեր ժամանակահատվածներում մարդիկ հավատացել ու հավատում են, հանուն որի ստեղծագործել ու ստեղծագործում են, պայքարել ու պայքարում են։ Նրանք մեզ են ժառանգել այն, ինչ մենք այսօր ունենք իբրև ամենաթանկագինը՝ մարդկային և ազգային հոգևորը, մշակույթը` իր համապարփակ իմաստով տնտեսական, սոցիալական, քաղաքական։ Առանց դրա մարդը դառնում է կենդանական աշխարհի ամենավտանգավոր ու ավերիչ գործիքը։ Փող և ուժ նպատակադրողները վտանգավոր գործիքներ են մարդու, ազգի ու բնության համերաշխ ու բարեկեցիկ զարգացման համար։
 
Մարդու՝ իր, ուրիշների, բնության ու տիեզերքի վրա իշխելու ու տիրապետելու տենչանքն ու արարքները ինքնավերող են։ Փողը և ուժը՝ իբրև նպատակ, ինքնանպատակ ու կյանքի վերջնական նպատակ համարելը ինքնավերիչ է։ Փողն ու ուժը միջոց ու գործիք են հանուն ավելի վեհ նպատակների կենսագործման, հանուն մարդու, ուրիշի, բնության և տիեզերքի համերաշխ ու ներդաշնակ զարգացման, հանուն ընդհանուրի շահի ու բարօրության ապրելու և ստեղծագործելու` իբրև լիարժեք անհատականություն, հարգելով իրեն, ուրիշին, բնությունն ու տիեզերքը, փորձելով գտնել համերաշխության համակեցության եզրերը և ո՛չ գերիշխանությունը և տիրապետումը։
 
* * *
 
Հայաստանում քաղաքականությունը իջեցրել են` մանրավաճառության. քաղաքական մշակույթի և գործունեության բաց-դեֆիցիտ.
«Հայաստանում չենք կարող խոսել նոր-ազատականության մասին, քանի որ մենք դեռևս այդ տնտեսակարգում չենք և …»,- այսպես էր բարձրակոչում մի հայ երիտասարդ տնտեսագետ, ՀՀ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին (ԱՀՌԾ) նվիրված հանդիպումներից մեկում, երեք տարի առաջ։ Ցավալի է, որ իր տգիտությունն այդքան հպարտորեն արտայայտող այս երիտասարդ տնտեսագետը փորձում էր «համոզել» կամ ավելի ճիշտ` պորպագանդում էր մի բան, որի էությունն ու այբուբենը ինքը չգիտեր և համեստությունն էլ չուներ չհամառելու, քանի որ հավանաբար ենթագիտակցորեն իր թիկունքն ամուր էր զգում` իրեն համարելով գերիշխող գաղափարախոսության և դասի շահերից ու ճակատից։ Նոր-ազատականությունը փիլիսոփայական աշխարհայացք է, իսկ կապիտալիզմը՝ տնտեսակարգ։ Այդ տարրական ու հիմնական հումանիտար գիտությունների իմացությունը չունեցող և հպարտորեն իր տգիտությունը բարձրակոչելով նա և այս երևույթը վկայում են այն բազմահազար նմուշներից մեկը, որ ներկայացնում են Հայաստանյան քաղաքական ու քաղաքացիական կյանքի ու մշակույթի ցածրորակությունն ու այլասերումը. դրանց անընդհատ հանդիպում ենք ամենուր. դժբախտաբար այս տեսակի մարդկանց, կառույցների ու նրանց սփռած անհեթեթությունների ու պրոպագանդների պակաս/դեֆիցիտ չկա մեզանում։ Լավ գերհագեցված ենք դրանցով։
 
Հայաստանում 16 տարուց ի վեր է, որ նոր-ազատականության աշխարհայացքը ներթափանցել է և ներկայումս այն տիրապետող մասշտաբներով գերիշխում է բովանդակ երկրում ու հասարակությունում։ Ավելին, երբ Համաշխարահային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը՝ կապիտալիստական և նոր ազատականության տիրապետության երկու հիմնական կառույցներն ու լծակները մուտք են գործում որևէ «զարգացող» կոչվող երկիր , այդ թվականից իսկ պաշտոնական պետք է համարել տվյալ երկրում «նոր-ազատական կապիտալիզմի» մուտքը և ավերիչ գործունեությունը։ Իսկ ՀԲ-ին, ԱՄՀ-ին և դրանց լծակ կառույցներին ծառայող տնտեսագետները, փորձագետները, նախարարները, իշխանավորները, հասարակական կազմակերպությունները, լրատվական միջոցները... գիտակցորեն կամ անգիտակցորեն գործիք են դարձել՝ այդ գաղափարախոսության պրոպագանդման և այդ համակարգի ավերչական գործը իրականացնելու իմաստով։
 
Հայաստանում խոսում, գրում, «քննարկում», ծամծմում են՝ կենսական հիմնախնդիրների մասին, առանց որևէ էական վերլուծության, երկխոսության, բանակցության, առանց որևէ էական անդրադարձի կամ ամրագրման` նոր ազատականության գաղափարախոսության և քաղաքականությունների, ուրիշների ձախողումների ու տարած վնասների մասին: Եվ այս ամենի համար լավ վճարվում են իբրև մասնագետ/փորձագետ, գործիչ, ՀԿ , խորհրդատու/կոնսուլտանտ, իշխանավոր և այլն։ Սահմանումներ, ծրագրեր ու «բարենորոգումներ», որոնք արդյունք չեն քննադատական ազատ ու խորքային մտավոր աշխատանքի ու կենսափորձի։ Օգտագործվում են անընդհատ` ոչի՛նչ չասելու համար և ընդհանուրի շահի ու բարօրության համար ոչի՛նչ չանելու համար։ Տեխնոկրատացման «էլիտար» հասարակարգի նմուշ է սա, այն էլ` ցածրորակ տեսակի։ Իրականում այդ ձևական, էական ու խորքային ոչինչ չասող ծրագրերի ու «բարենորոգումների» քաղաքականությունները ոչ միայն չեն ծառայում ժողովրդի մեծամասնության, այսինքն` այդ ծրագրի ու քաղաքականությունների իրական շահառուների կյանքին ու զարգացմանը, այլև անբարոյական ձևով հարստացնում են նույն այդ գրող-արտագրող, ծամծմող, հավերժ քննարկող ու քվեարկողների փոքրամասնությանը։ Այդ օղակի շուրջ կա նաև մեկ այլ օղակ` ՀԿ-ներից և գործիչներից կազմված, որոնք հասկանում են, գուցեև համակրում են արդարատենչ և այլընտրանքային դիրքորոշումներին ու գործունեությանը, սակայն ինքնաբացարկ են հայտարարում, հրապարակային ինքնագրաքննության ենթարկում և ինքնահնազանդվում վախի ու ստրկամտության պատճառով, որպեսզի չկորցնեն իրենց պատվերները, դրամաշնորհները, պայմանագրերը կամ դրանց հնարավորությունները։ Ավելի ձեռնտու է հարմարվել տիրապետող գաղափարախոսությանն ու դրա լծակներին զուտ իրենց անձնական կամ խմբակային շահերը և կարգավիճակը քարշ տալու համար։ Բայց էթիկական/բարոյական Չէ:
 
Մի երկում ինչպիսին է մեր երկիրը, երբ չեն խոսում, մտածում ու արարում հիմնախնդիրների էության մասին, խորքային ու քննադատական մտքով ու գործով, այլ խուսափում են, շրջանցում ու քողարկում են այդ և այդ բացը, որ չեն ձգտում սովորել ու կրթվել քաղաքականորեն ու քաղաքացիական իմաստով այն վտանգավոր, ո՛չ իրենց առնչվող՝ հայտարարելով և այդ հիմնականում պաշտոնական` մտավորական փորձագետների, իշխանավորների, արվեստի ու հասարակական գործիչների իմաստով. ապա այսպիսի երկրում` մեր երկրում, չեն զարգանում և մշակվում այլընտրանքային մտածողություն, քաղաքականություններ և մշակույթ։ Չի գոյանում շահերի բախում, չեն ձևավորվում ու մոբիլիզացվում դասակարգերը, հիմնախնդիրները չեն լուծվում հասարակական շարժումներով և իրական բանակցություններով։ Խորանում է վերքը և մարդիկ փախչում են, արտագաղթում կամ... հարմարվում։
 
Հայաստանում քաղաքականությունը իմաստազրկված ու այլանդակված է, վերածվել է` տեխնոկրատական ու մաֆիական մանրառևտրի/բաղալության: Չկա իմաստալից, իր անվանն ու առաքելությանն արժանի փոքր և մեծ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, քաղաքականացած հասարակություն և ժողովուրդ, քաղաքական մշակույթը, որը այդքան անհրաժեշտ ու փրկարար է: Մեզանում քաղաքականությունը շփոթում են անբարոյականության ու մանրառևտրի հետ. այն համարում են ամենաթողության վայր, անձնապաշտ ու հատվածապաշտ, հասարակ ու տհաս մանիպուլացիաների ու մանյովրերի ցածրորակ բեմադրություն, իսկ թերևս` այդ ամենը միասին։
Նույն աշխարհայացքի և պրոպագանդի արդյունք են ՔԱՂԱՔԱԿԱՆԸ և ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ վարկաբեկելու փորձերը. իրենց ապաքաղաքական հռչակելն ու անգույն երևալը «առաջադիմական է» համարվում, «առարկայական», «փորձագետի» վարկը բարձրացնող, հռչակում են որ չկան գաղափարներ և «Աջ»-ի ու «Ձախ»-ի միջև զանազանություն, և այլևս անիմաստ է խոսել կամ համակրել` մանավանդ ձախ-ին, որը վարկաբեկված և քայքայված է. որ` «բարյացակամ» նոր-ազատական իշխողները արդենիսկ ներառել են «սոցիալականն» ու «սոցիալական արդարությունը» իրենց մշակած ու որդեգրած քաղաքականություններում։ «Սոցիալականը» և «սոցիալական արդարությունը» այստեղ ու այնտեղ անընդհատ գործածելով` նրանց մարտավարությունն է` գրավել և տիրանալ «ՁԱԽ»-ի հասկացություններին (պարպված իր արժեքային համակարգից), իհարկե` զուտ հռչակագրային և հռետորական իմաստով, դատարկել այն իր էությունից, աղավաղված կիրառել և փորձել «մարդասեր» հանդես գալ։
Խորամանկ մարտավարություն, որը ցավոք խաբում է միամիտներին ու նաև բոլոր այն ձախ կոչեցյալներին, որոնք ուզում են ինքնակամ խաբվել և ձախ իրենց գաղափարներից հրաժարվելով` միանալ տիրապետող ճակատին, իրենց անձնապաշտ և փառամոլ տենչանքները բավարարելով հանուն պաշտոնի, դիրքի, փողի, ուժի, դավաճանել ձախ արժեքներին, գաղափարներին և գաղափարակից ընկերներին ու պայքարողներին։
 
Խորամանկ մարտավարություն է, այո՛, քանզի, առանց մեծ ջանքերի նոր-ազատականները կարողանում են վարկաբեկել Ձախ գաղափարները` դրանց տիրանալով և աղավաղելով, իսկ մյուս կողմից` «բաց և ժողովրդավար» անվան տակ հաջողեցնում են ճեղքել Ձախ գաղափարակիրներին, հրապուրել, հոգեպես և նյութական դիվիդենտներով կաշառել Ձախ գաղափարականներին, հրապուրել, հոգեպես և նյութական դիվիդենտներով/շահաբաժիններով կաշառել Ձախ գաղափարականներից ոմանց, որոնք էլ` հոժարակամ միանում են նրանց ու գրավում պաշտոն, դաշնակցում կառավարության հետ` իրենց այդ վարքագիծն արդարացնելով, թե` ձախը թույլ է, և այս կերպ իրենք, միանալով «հակառակորդին», ներսից կմղեն իրենց ձախ գաղափարների պայքարը։ Այստեղ նրանք ինքնախաբեությամբ են զբաղված, կամ էլ իսկապես միամիտ են իրենք և միամիտ են կարծում ձախ պայքարողներին, որոնց դավաճանել են, քանզի իրենք որևէ ռազմավարական և հիմնական ազդեցություն չունե՛ն և երբևիցե չե՛ն կարող ունենալ տիրապետող աշխարհայացքում, ապարատներում. նրանք ճարտարորեն հրավիրվել և ներքաշվել են այդ նույների կողմից, որպեսզի վարկաբեկվեն ու կարթի դեր խաղան Ձախ գաղափարախոսության և ուժերի քայքայման գործում։ Այս է նոր-ազատական աշխարհայացքի տրամաբանությունը` միանմանության և միատարրության իշխում և տիրապետություն` փողի, նյութի, բթացման և կաշառքի միջոցով։
 
Գալով Հայաստանին ու հայ ժողովրդին, նոր-ազատականների տիրապետության համար գործն ավելի դյուրացված է, քանզի՝ ՁԱԽ գաղափարախոսությունն ու ուժերը դեռևս կայացած չեն։ Հայաստանում (նաև Արցախում) հետզհետե և սրընթաց կերպով խորանում են հսկայական հասարակական բևերացումն ու զանգվածային աղքատացումը ու միաժամանակ իրական (բայց ոչ քաղաքական ու քաղաքացիական իմաստով դեռևս ձևակերպված ու կազմակերպված) հասարակական պահանջարկ կա ձախ մարդասիրական արժեքների ու քաղաքականության նկատմամբ, ինչը վտանգ է ներկայացնում տիրապետող անհավասար, անարդար ու նաև անիրավական հասարակարգի ու համակարգի կայունությանը: Ուստի, հայ նոր-ազատական տիրապետող խավը և վարչարար-իշխողները, անպայմանորեն Համաշխարհային բանկի և նրա նախկին ու ներկա փորձագետների և ԱՅԼՈՑ խորհուրդներով, փորձ են անում հակառակորդին ի սկզբանե շրջանցել ու չթողնել, որ այն իր հիմնական արժեքային համակարգով և ազդու ձախ քաղաքականություններով քաղաքականորեն ձևավորվի և կայանա իբրև հասարակական ու քաղաքական ճշմարիտ բարենորոգումներ առաջադրող ու կենսագործող ուժ։
 
Սրանով կարելի է նաև բացատրել այն հանգամանքը, որ մեր «քաղաքական» կոչված չկայացած ու արատավորված դասում ու դաշտում վարչարար/իշխանավորները, մասնավորապես վերջին երեք տարիներին, կրկնում ու ծամծմում են «սոցիալական» ու «սոցիալական արդարություն» բառերը:
 
Ո՛չ, չխաբվե՛նք, մեր պետությունն ու տիրող հասարակարգը «սոցիալական» չեն... ամեն ինչ են բացի «սոցիալական» լինելուց։ Այսինքն՝ ՀՀ Սահմանադրության առաջին կետը, որը փոփոխման ենթակա չէ և Հայաստանի Հանրապետությունը հռչակում է «ինքնիշխան և սոցիալական» պետություն, ԷԱՊԵՍ խոշտանգված է և խոշտանգվում է ամեն օր` մեր ազգի և ժողովրդի համաձայնագրի, հավաքական տենչանքների առաջին հիմնական ու կենսական իրավունքն ու քաղաքացիական համաձայնությունը։
 
Եվ այդպես, մեր տարեկան պետական բյուջեներն էլ՝ ներառյալ վերջերս քվեարկված 2008-ինը, «սոցիալական» ՉԵՆ։ «Սոցիալական» անվանում տալը ինքնըստինքյան չի նշանակում, որ էապես սոցիալական քաղաքականություն և բյուջե է կազմվել և որդեգրվել։ Այլապես, ինչպե՞ս է հնարավոր սոցիալական կամ սոցիալական ուղղվածություն ունեցող պետության մեջ, այսինքն իրական պետական ազգային ծրագրեր ու բյուջեներ որդեգրած երկրում, աղքատությունը կազմի՝ 29.8%՝ բնակչության 1/3-ը, և որ աղքատ լինելու սանդղակը պաշտոնապես համարվի 20.289 դրամ։ Այն դեպքում, երբ այլընտրանքային հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե ոչ աղքատ լինելու սանդղակը համարվի 30.000 դրամ, ապա աղքատության ցուցանիշը կհասնի շուրջ 65%-ի ՝ բնակչության 2/3-ը։ Այս ամենի անհեթեթությունն ավելի ցայտուն է լինում, երբ Հայաստանում տարեկան գնաճը ահռելի թափով բարձրանում է, գնողունակությունն անկում է ապրում։ Տանջող ու ցավալի իրականությունն այս է ու նաև զանգվածային աղքատացումը, արտագաղթը, ժողովրդագրական և տնտեսության անկումը, անգրագիտության զարգացումը, որակյալ մարդուժի, այսինքն հայկական իրական կապիտալի արտահոսքը…
 
Ո՛չ, դժբախտաբար այս բոլորը և ավելին Հայաստանի` «սոցիալական» պետություն և սոցիալական պետական ծրագրով ու բյուջեով քայլող պետության ապացույցը չեն և դա 16 տարի շարունակ. տենդենցի ապացույցով` չենք էլ ձգտում այդպիսին լինել։ Ընդհակառակը, հեռու ենք և հակառակ ուղին ենք որդեգրել` ոչ-սոցիալական, անարդար, գերազանցապես բևեռացող ու աղքատացող, դատարկվող հասարակություն և պետություն ենք։
 
ՀՀ կառավարությունը 2008-ի պետական բյուջեն ներկայացնելիս և պաշտպանելիս ՀՀ Ազգային Ժողովում, - ինչպես 2007-ին- համարձակվում է կրկին անգամ հռչակել, որ այն սոցիալական ուղղվածություն ունի։ Հեգնանքով է նշում, որ եթե մարդիկ կարող էին ապրել ամսական 20000 դրամով, ապա իրենց բարձրացրած 25000 ամսական նվազագույն աշխատավարձը 2008թ-ի համար բավարար է մարդուն Հայաստանում ապրելու համար։ Սա արդյոք նշանակում է, որ Հայաստանում աշխատավորը պետք է Աստծուն փառք տա, իսկ Աստծուց առաջ «թագավոր-իշխան-վարչարարին», որ այդպիսի վեհանձնություն են ցուցաբերել իրենց նկատմամբ և բարեհաճել «թագավորական-իշխանական» գանձանակից մեծ բարեհոգությամբ այդ անհեթեթ 20000 դրամը բարձրացնել ավելի անհեթեթ ամսական 25000 դրամի:
 
Սա նոր ազատականության աշխարհայացքի անբարոյական-անէթիկական ցայտուն արտացոլումներից ևս մեկն է։ Այսպես աղքատացող ժողովրդի Ազգային Ժողովի ամբիոնից համարձակորեն հեգնելով և հիմարի տեղ դնելով բովանդակ ժողովրդին, անընդհատ նմանօրինակ հայտարարություններ և ոճ է կիրառվում, և ո՛չ ոք էապես ու խորքային իմաստով չի հակազդում ո՛չ Ազգային Ժողովում, ո՛չ դրանից դուրս: Մեզանում «քաղաքակրթության», «համերաշխության» ու «կոնսենսուսի/համախոհության» ի՛նչ մե՜ծ արտացոլում, այն է` էական հակազդեցության ու հակադարձի լիակատար բացակայություն և ամբոխային «հավանություն»։
 
Նախ «պետական բյուջեն» «անձնական» կամ «թագավորական/իշխանական» գանձանակ չէ, այլ ազգային պետական հանրապետական գանձանակ, որում հիմնականորեն ներդրում են ունենում փոքր և միջին հարկատուները. վարչարար/իշխանավորները պետք է նաև հասկանան, որ նրանք մեծ շնորհ չեն անում, մեծ իշխանական «բախշիշներ»նվերներ կատարելու կոչված չեն, այլ ծառան են այդ նույն ժողովրդի: Թող որ նրանցից յուրաքանչյուրն ապրի ամսական 25000 դրամով և այդ դեպքում միայն բարոյականությունը թույլ կտա նրանց ժողովրդից էլ նմանատիպ զոհողություն ՀԱՅՑԵԼ, ոչ թե պարտադրել։ Եթե ազգի և պետության գանձանակը համեստ է (ինչը հարցական է, հաշվի առնելով տարիներ շարունակ արձանագրվող երկնիշ տնտեսական աճը) ապա ղեկավարը-առաջնորդը նախ ինքը զոհողություններ կցուցաբերի` իր աշխատավարձն ու եկամուտները կրճատելով, և հետո ամենահարուստներից գանձելով, և վերջում միայն այդպիսի զոհողություն կպահանջի ժողովրդից և մանավանդ` ժողովրդի ամենաթույլ, աղքատացող մեծամասնությունից։ Այս է էթիկական և բարոյական առաջնորդի վարքագիծը, սակայն մեզանում հակառակն է գերիշխում. գրավվում և կրճատվում է ամենաթույլերից, առավել ուռճացնելով հարուստներին ու ուժեղներին։ Ահա Հայաստանի Հանրապետությունում որդեգրվող իրական «սոցիալական անարդար» նյութապաշտական գաղափարախոսությունը և քաղաքականությունը` ճնշել, վախեցնել, նվաստացնել և կեղեքել աղքատին ու թույլին, և սատարել արտոնյալ անբարոյականությամբ տոգորված փողամոլ, ագահ և չտես 1-10% փոքրաթիվ տիրապետողներին և նրանց շրջապատի պաշտոնական՝ միջակ մտավորականությանը, արվեստագետներին, փորձագետներին եւ այլ գործիչներին....
 
Ըմբոստացման ոչ մի նշույլ... մեզանում ընտրում են արտագաղթը, ինքնամփոփումը, ինքնամերժումը, ինքնասպանությունը: Մեզանում ամեն ինչ, ամեն բան թույլատրելի, ընդունելի և անտեսանելի է, քանի որ թույլ է, կայացած չէ այլընտրանքային Ձախը։
 
Անգույն և ապաքաղաքական հռչակված քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագետների, արվեստագետների, մտավորականների շարան, որոնք գրպանի և պաշտոնի համար իրենց հոգին են ծախում և շրջապատն այլանդակում ու վարակում։ Նրանք, որ քաղաքականությունը հեգնում են, որ դրանից իրենց հեռու են համարում, իսկ նախընտրական ամիսներին ամբոխավար կերպով և հրապարակայնորեն ճորտաբար կոչ անում քվեարկել տիրապետող կուսակցության օգտին։ Նրանք որ չեն հասկանում, որ քաղաքականություն և քաղաքական մշակույթ կերտելն առաջադիմական է, քանի որ առանց քաղաքականության մարդը, հասարակությունն ու պետությունը և մարդկությունը չեն կենսագործում, չեն զարգանում: Քաղաքականությունը անհատի-հավաքականության և պետության փոխհարաբերությունների հիմնական և անփոխարինելի միջոցն է ։ Դա բխում է մարդու աշխարհայացքից, և ամեն մարդ, որ ընդունակ է մտածելու և գործելու, կրում է իր մտածումը աշխարհի նկատմամբ և գործում ըստ դրան (քաղաքականություն է վարում): Դա տարբեր է կուսակցականությունից, կարող ես ինքնակամ ընտրել ծառայել և ուժերդ ներդնել հանուն կրածդ գաղափարների իրագործմանը՝ անդամակցելով և պայքարելով կուսակցությանդ ՄԻՋՈՑՈՎ։
 
Ցավոք այս քաղաքական տհասությամբ և տգիտությամբ են տառապում մեր պաշտոնական մտավորական, արվեստագետ, հասարակական ու քաղաքական գործիչներ կոչվածները, երբ ուրանում են իրենց առաքելությունը և մերժում են քաղաքացիորեն դիրքորոշվել, բայց կուսակցականորեն դիրքորոշվում ու պրոպագանդում են նախընտրական շրջանում, հավակնորեն հերքում են իրենց հասարակական ու քաղաքացիական դերը, «համարում են, որ իրենց դերը չէ «դիրքորոշվել», «պահանջել», հասարակական պահանջարկ ձևակերպել», որ դա բիրտ է հնչում, պետք չէ իշխանություններից պահանջել, ամենաշատը կարելի է մեղմորեն հայց ուղղել: Ճորտատիրություն հիշեցնող վարքագիծ է սա, երբ ճորտն իր իշխանին ընծայաբերում է աքլոր կամ… և դրա դիմաց ստանում է նրա հովանավորությունը։
 
* * *
 
Եվ վերջում անդրադառնանք՝ հայ և հայաստանյան ներկա քաղաքական դասին ու այսօրվա երեք հիմնական ուժերին.
- Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ ՀՅԴ. իր արմատներով ու ակունքներով հայկական ձախ և ընկերվար/սոցիալիստ քաղաքական ուժ. իր հիմնադիրները, առաջատար ղեկավարներն ու շարքերը՝ 19-րդ դարի Եվրոպայի ձախ մտավորականության ու գործիչների հետ համագործակցում, հարգվում և ահարկու գործունեություն էին կենսագործում երկու ամենամեծ կայսրությունների դեմ հանուն հայ ազգի ու ժողովրդի պաշտպանության և զարգացման։ Իրենց մարդասեր ու ազգային ձախ գաղափարները պետական ծառայության մեջ փորձում էին կոնկրետացնել ամենադժվարին ժամանակահատվածում` Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ, սոցիալական իրական քաղաքականություն և ծրագիր հիմնադրելով, իսկ ղեկավարները համեստորեն ծառայում էին և օրինակ հանդիսանում` հավատարիմ մնալով իրենց կրած գաղափարներին։
 
Իսկ այսօր, 117 տարեկան այս ձախ արմատներով կուսակցությունը գործնապաշտության/պրագմատիզմի ճանկերում այլասերում է ապրում` 1999-ից սատարելով ՀՀ Նախագահին և նրա քաղաքական գծին, իսկ 2003-2007թթ. ՀՀ կառավարության մասը լինելով, գրեթե ինը տարի Հայաստանի երրորդ հանրապետությունում, նոր-ազատական կապիտալիստական իշխանության մաս կազմելով կամ կցորդ հանդիսանալով։ Այս շեղումը` ձախ արմատներից դեպի նոր-ազատական կապիտալիստական գաղափարներին ծառայելն ու գործադրելը ճակատագրական է՛ր և է՛ ոչ միայն կուսակցության զարգացման համար, այլև մեր ժողովրդի ու պետության` ճշմարիտ ձախ քաղաքական այլընտրանքային ուժի և ստեղծած բացի պատճառով։
 
Հերքել, խուսաբել, շեղվել` մեր ժողովրդի ու պետության գոյատևման ու զարգացման համար այդքա՜ն անհրաժեշտ ընկերվարական/սոցիալիստական ակունքներից, հանուն պրագմատիզմի, «ռեալ-պոլիտիքի», որի հետևանքն է այլասերումը և նոր-ազատականության հզորացումը Հայաստանում (տես վերոնշյալ բաժինը պրագմատիզմի մասին)։ ՀՅԴ-ն ինքնավերածննդի փորձ ձեռնարկելով ու համարձակորեն իր ձախ ակունքներին վերադարձով` հնարավորություն կունենա դառնալ հայ ժողովրդի և Հայաստանի ներկա և գալիք տարիների անդարձելի, առաջատար, ազդու քաղաքական այլընտրանքային ուժը։ Ավա՜ղ, այդ ուղու վրա չէ հիմա։
 
- Հայոց Համազգային Շարժում՝ ՀՀՇ. Հայաստանում նոր-ազատական կապիտալիզմի հիմնադիր արմատավորողը։ 1991-1998թթ, յոթ տարի իշխանության ղեկին լինելով, Հայաստանի Երրորդ Հանրապետությունում թագադրել ու շարել են նոր-ազատական կապիտալիզմի ավերիչ ու անարդար, վայրագ հասարակարգի ու համակարգի հիմնասյունները։
 
- Հայաստանի Հանրապետական Կուսակցություն՝ ՀՀԿ. մասնակիցը` ՀՀՇ-ի նոր-ազատական կապիտալիզմի հիմնասյունների շարման և դրանք հայ ժողովրդի ու պետության սրտում ավելի մեխողը: Պաշտոնապես իշխանության է գտնվում 1999թ-ից մինչ այսօր՝ 2007թ-ը, ինը տարի։ Նրանք նոր-ազատական կապիտալիզմի հասարակարգը և համակարգը ավելի բռնի և գռեհիկ ոճում ամրացնողներն ու տիրապետողներն են, ժառանգները ՀՀՇ-ի, որը գուցե ավելի խելացի ու հմուտ ոճի կրողն էր։ Բայց դա առանցքային ոչի՛նչ չի փոխում իրավիճակի մեջ։
 
Այս երեք քաղաքական հիմնական տարրերին ու նաև քաղաքական դաշտում արծարծվող մյուսներին հիմնականում միացնում է իրենց միանմանությունը՝ նոր-ազատական կապիտալիզմի գաղափարների, արժեքների, քաղաքականությունների, ծրագրերի և «բարենորոգումների» կիրառման գործում և այդպիսով դրսևորվում է նրանց իրականում՝ հակասոցիալական, ապազգային, անիրավական, անարդար էությունն ու վարքագիծը, որոշ տարբերություններով՝ իրենց երանգների ու ոճերի մեջ, որոնք ավելի կոսմետիկ/արդուզարդի նշանակություն ունեն։
 
Բավական չէ՝ հռչակել ու արտասանել գեղեցիկ ճառեր ազգայինի, սոցիալական արդարության, իրավական հասարակություն և պետություն կառուցելու մասին, ինքնախաբվել և ուրիշին խաբել, թե իրականում իրենց էությամբ` թե՛ անհատական, թե՛ կուսակցական և թե՛ «առաջնորդի» մակարդակով իսկապես այդ են և դրան են ձգտում։ Իմաստուն ու գիտակից ժողովուրդը, ոչ` ամբոխը, նրանց և նրանց կառույցներն ու առաջնորդներին գնահատում է իրենց ամենօրյա իրական վարքագծով ու արարքներով, քանզի այդ է ճշմարիտ արտացոլում նրանց և նրանց վարած կառույցների իրական էությունը, բարոյականությունը, ճշմարտասիրությունը, ինչ լինե՛լ - չլինե՛լը. ճառը, ծրագիրը, պլատֆորմը, հռչակագիրը, երբ մանավանդ, ձևական ու մեխանիկական գործընթացներով են ձևակերպվում, այդքան էական չեն ճշմարիտ էությունը բացահայտելու և ժողովրդին առաջնորդելու համար, այլև ամենօրյա ճշմարտասեր միտքը, գործը, վարքագիծն ու կեցվածքը։
 
Հայ ժողովրդին և Հայաստանի քաղաքական դաշտում հիմնականում տիրապետում են նոր-ազատական կապիտալիստական արժեքները, գաղափարները, ծրագրերն ու «բարենորոգումները», գումարվելով արատավորված ու ապականված անիրականությամբ, անբարոյականությամբ, բացարձակ տհասությամբ։ Մեծ դեֆիցտ/բաց կա ճշմարիտ ձախ, այլընտրանքային քաղաքական ուժերի, քաղաքականությունների ու բարենորոգումների, որը և վտանգում է մեր ժողովրդի և պետության գոյատևումը, մարդկային ու ազգային իրավական պետության զարգացումը։
 
Հարկավ, և բարեբախտաբար, հայ ժողովրդի և հասարակության մեջ կան ձախ անհատներ ու կառույցներ՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում, ինչքան էլ սակավաթիվ լինեն նրանք, սակայն հիմնականն այն է, որ կա՛ն և համառորեն, համարձակորեն, խելամտորեն, մրջյունային աշխատասիրությամբ ու կարգապահությամբ իբրև անհատ և կառույց արարում են, ստեղծագործում, կրթում, լինի դա արվեստի, լրագրության, հասարակական կազմակերպությունների, կրթական-գիտական օջախների, աշխատավորության կամ գործազրկության, անվտանգության կամ այլ ոլորտներում, մայրաքաղաքում, մարզերում, գյուղերում և արտերկրում։
 
* * *
 
Ո՞ւմ ընտրել 2008-ի փետրվարին` իբրև ՀՀ նոր նախագահ.
 
Գործնական հարց, որն արժանի է պատասխանի։
 
Մի տռուբայի՝ ջրի խողովակի, տան շենքի կռիշի՝ կտուրի վերանորոգման, պաշտոնում մնալու կամ նորը ստանալու համար ձայն տվող ու քվեարկող ճորտացած քաղաքացու համար որոշումը դյուրին է։ Ընտրել նրան, որ կտա իրեն նորոգված՝ տռուբան, կռիշը, պաշտոնը և այլ նյութական նվերներ։ Առաջիկա 5-10 տարիներին և հաջորդող տասնյակ տարիներում, նրանք կհագեցվեն ու կգերհագեցվեն տռուբաներով ու նմանօրինակ կենցաղային հիմնախնդիրների կոսմետիկ լուծումներով, իսկ իրենք և իրենց սերունդները կզրկվեն մարդավայել ու արժանապատիվ ապրելու ու զարգանալու հնարավորությունից և հեռանկարից։ Ահա քաղաքական ու քաղաքացիական մշակույթից աղքատ և իրենց քաղաքական ու քաղաքացիական իրավունքի, ուժի ու պարտքի ճշմարիտ արժեքը և դերակատարությունը չգիտակցողների վերաբերմունքը և դրանց անսրբագրելի ու ճակատագրական հետևանքները` իրենց, իրենց սերունդների և բովանդակ հասարակության ու ազգի ներկայի ու ապագայի իմաստով։
 
Այս է վերջին 10-12 տարիներին շարունակ կրկնվող սցենարը, որին ամբոխային իմաստով վարժեցվել են ու դաստիարակվել, և ոչ` կրթվել, քանզի այդ պարագայում գիտակից քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշում ու կեցվածք կարտահայտվի հզոր հասարակությունից ու ժողովրդից։
 
Դժբախտաբար այս առաջին սցենարն է ամենից հավանականը 2008թ-ի փետրվարին, քանզի դեռևս չունենք քաղաքական ու քաղաքացիական կրթված, գիտակից ու հասուն հասարակություն և ժողովուրդ։ Իսկ այն չի գոյանում կախարդական փայտիկով` վարկյանական ու կարճ ժամանակահատվածում, մանավանդ երբ քայքայումն ու բացը էական ու խորքային են:
 
* * *
 
Քննադատական մտքով, գիտակից, հայ մարդու, ձախ մարդու համար կա՞ն արդյոք իրական ընտրանքի տարբերակներ, նույնիսկ դրա փոքրիկ նշույլը:
Ի՞նչ ճշմարիտ ընտրանք, եթե չկա ոչ մի ճշմարիտ ձևավորված ու կայացած այլընտրանք, գոնե ներկայումս և դեռևս... Չկա նույնիսկ չարյաց փոքրագույնի տարբերակը և հետևաբար` սցենարը։
 
Հասկացողաց շատ ու շատ բարի` շարունակենք լինել խելամիտ, համարձակ, հնարամիտ ու համառ. սաստկացնենք մտային գրոհը, այլընտրանքների մշակումն ու ձևակերպումը, ինքնակազմակերպումն ու զան•վածային կրթումն ու մոբիլիզացումը, գաղափարական ու քաղաքացիական դժվարին ու հարաճուն պայքարը։
Իսկ չհասկացողաց էլ անսահման տռուբաներ ու նորոգված կռիշներ և ինքնամխիթարող պաշտոններ, եթե դրանք և նմանօրինակ բաները նրանց երջանկություն կպատճառեն:
 
Քանի որ նրանք երջանիկ հիմարությամբ են տարված, ապա Փոքր Մհերի ահազանգը գուցե արթնացնի նրանց մարած հոգիներն ու մտքերը։
 
Բայց ինչ վերաբերում է գլխավոր չհասկացող վարչարար/իշխանավորներին ու նրանց շրջապատող պաշտոնական ու ձևական միջակ մտավորականությանն ու գործիչներին, ապա նրանց՝ տոննաներով փող, երկնասլաց պալատներ, 8-10 անիվներով ու թևերով հսկայական արտառոց ավտոմեքենաներ “հատուկ տղամարդկային ույժը փաստող” վկայականով, և «մարդասեր» համարվելու պաշտոնական հավատարմագրեր, որ իրենց ավելի երջանիկ -հիմարներ- կարծեն: Բայց քանի դեռ այս տեսակը երջանիկ ու վտանգավոր հիմարությամբ է զբաղված՝ ապականելով ու ավերելով ոչ միայն իրեն, ինչը ազատագրող և ապաքինող կլիներ ողջ հասարակության ու ժողովրդի համար, այլև վնասում ու վտանգում է հայ մարդու, ազգի ու պետության մարդկային և ազգային գոյատևումն ու զարգացումը։ Հետևաբար, նրանց խլացած հոգիներին Սասնա Դավիթի սպառնալիքն է դիպուկ ու անհրաժեշտ (քանի որ նրանք հեշտության են հակված, այս խոսքերը տպագրում ենք «Տեսակետ-ՄԻԺԻ-ի» այս համարի շապիկի վրա, հատուկ իրենց համար): Ավելի ծանր ու բարդ գրականություն նրանց խորհուրդ չի տրվում, քանզի՝ ավաղ, նրանց հոգևոր ներուժն այդ ընկալելու ընդունակության մեծ դեֆիցիտ/բաց է արձանագրում, երջանկանալով «աստղային» հիվանդությամբ տառապող երգիչների, լրագրողների, ճարտարապետների, գրողների, ակադեմիկոսների, մտավորականնների դատարկ ու բութ ինքնափառաբանող ու ամբոխաճաշակ թմբկահարություններով. այդ ամենը ազգի ու ժողովրդի համեստ գանձանակի ու հարստության հաշվին և նրանց ի վնաս։
 
* * *
 
Մեր անհատի ու ազգի այսօրվա ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ է ` Քաղաքական մշակույթի զարգացում ու քաղաքական-քաղաքացիական պայքարի ու ըմբոստացման անընդհատ ու հարաճուն հետապնդում, քաղաքական-քաղաքացիական կրթությամբ և այդ գիտակցության ու մշակույթի զարգացմամբ։
 
Մենք հավատում ենք ու անհապաղ աշխատում այդ ռազմավարական նպատակի ուղղությամբ, հանուն Ձախ արժեքների, գաղափարների ու քաղաքականությունների մշակման ու որդեգրման` իբրև կենսական այլընտրանք մեր հայ իրականության ու պետության վերածննդի ու ճշմարիտ հզորացման համար։ Հանուն մարդկային ու ազգային գլխավոր նպատակի՝ հավասարության, արդարության, քաղաքացիական գոտեկցության ու համերաշխության, ընդհանուրի բարօրության` հարգելով լիարժեք անհատականությունը (իբրև մարդ, ազգ), հանուն պետության կանոնավորող դերի ամրացման` իբրև արդար վերաբաշխման ու որակյալ հանրային ծառայությունների երաշխավոր, իբրև ազգի, ժողովրդի քաղաքական, տնտեսական, մշակութային ու սոցիալական անվտանգության ապահովող, հանուն մարդու և բնության ու տիեզերքի ներդաշնակ համակեցության, հանուն համապարփակ մարդկային և հայ մշակույթի զարգացման։ Անհապաղ մտային գրոհ և գործունեություն է անհրաժեշտ` հայ մարդուն, հայ հասարակությանը և ժողովրդին այս արժեքների ու գաղափարների շուրջ կրթելու, ինքնակազմակերպելու, մոբիլիզացնելու համար` միշտ համահունչ լինելով համամարդկային հոգու և մտքի մշակույթի զարգացումներին, հանուն այդ գաղափարների կենսագործման` հարաճուն և ուժգին պայքարի ուղով։
 
Առանց այլընտրանքի, ճշմարիտ այլընտրանքի՝ մարդը, հասարակությունը, ժողովուրդը, ազգը, պետությունը, նաև մարդկությունը դատապարտված է ապականման, նեխածության, այլասերման և քայքայման։ Ներկայիս մեր ժողովրդի ու պետության համար ՃՇՄԱՐԻՏ ՈՒՂԻՆ՝ ձախ, մարդասիրական ու ազգային այլընտրանքի մշակումն ու կայացումն է: Այն է` մեր թթվածինը և մեր փրկության երաշխիքը։
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ Երևան, 10 դեկտեմբերի, 2007թ.
Copyright © 2002 – 2009 Institute for Democracy and Human Rights Created by PLANET.AM