|
ՄԻԺԻ-ի 2006-2008թթ-ի ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Կրթական և լուսավորչական գործունեություն
ՄԻԺԻ-ի կրթական և լուսավորչական գործունեությունն ընդգրկում է ինչպես ՄԻԺԻ-ի անդամներին, աշխատակիցներին ու համակիրներին, այնպես էլ հասարակության և ժողովրդի ավելի մեծ խմբերին` իր հիմքում դնելով կրթության և քաղաքացիական մտածողության, ինքնագիտակցության ու մշակույթի զարգացումը: Այս ներառում է ինչպես ՄԻԺԻ-ի կողմից տրվող քաղաքացիական կրթությունը, քաղաքացիական մշակույթի և գիտակցության սերմանումը, այնպես էլ մեր պետության մեջ կրթության` որպես հիմնական ռազմավարական գերակայության հրամայականը: ՄԻԺԻ-ն Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման բանալին տեսնում է կրթության մեջ, կրթությամբ` ազատ, ստեղծագործ, գիտակից, հանձնառու և ներգործուն մարդ-անհատների ու քաղաքացիների պատրաստման մեջ:
Իր կրթական և լուսավորչական գործունեության շրջանակներում ՄԻԺԻ-ն 2002 թ-ից ի վեր կազմակերպել է քաղաքացիական կրթության դասընթացներ Երևանում և ՀՀ մարզերում: 2006թ-ից ՄԻԺԻ-ն իրականացնելու է «Քաղաքացիական կոնֆերանսներ» ծրագիրը Երևանում և ՀՀ` Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Արմավիրի և Տավուշի մարզերում: ՄԻԺԻ-ն այս ծրագիրն իրականացնելիս (հայ իրականությանը համապատասխանեցնելով) կիրառելու է հյուսիսային Եվրոպայի երկրներում մշակված և այսօր աշխարհի ավելի քան 20 երկրներում կիրառվող «քաղաքացիական կոնֆերանսների մոտեցումն» ու մեթոդը, որը տվյալ հասարակության փոքր մոդելը հավաքելով` մի կողմից զորացնում է քաղաքացիներին` նրանց գիտակցությունը զարկ տալով` ընտրված խնդրի շուրջ, մյուս կողմից հնարավորություն է ստեղծում վերջիններիս համար ձևակերպել իրենց պահանջը և ազդել հանրային քաղաքականությունների վրա:
Քաղաքացիական կոնֆերանսների թեմաներն են «Աղքատության հաղթահարման հիմնահարցը Հայաստանում» և «Կրթության դերը` ժողովրդավարական, սոցիալական արդար ու սոլիդար ՀՀ պետականության զարգացման գործում»: Այս թեմաներին զուգահեռ յուրաքանչյուր քաղաքացիական կոնֆերանսում արծարծվելու են ՄԻԺԻ-ի կողմից 2005-ին անգլերենից հայերեն թարգմանված և հրատարակված «Ժողովրդավարություն, կրթություն և բազմամշակութայնություն. քաղաքացիության երկընտրանքները գլոբալ աշխարհում» Կ.Ա. Թորեսի գրքում ներկայացված կրթության և քաղաքացիության հիմնախնդիրներն ու վերլուծությունները:
Այս ծրագրերին մասնակցության համար կարող եք այցելել կամ զանգահարել ՄԻԺԻ Կենտրոն Երևանում և ՄԻԺԻ-ի մարզային գրադարան-տեղեկատվական կենտրոններ: Հավելյալ տեղեկություն ստանալու համար այցելեք ՄԻԺԻ-ի ինտերնետային կայքի «Հայտարարություններ» բաժինը:
ՄԻԺԻ-ն իր այս գործունեության շրջագծում համագործակցում է այն անհատների և կառույցների հետ, որոնք կիսում են ՄԻԺԻ-ի կրած աշխարհայացքն ու սկզբունքները ու նաև արմատավորում են քաղաքացիական ակտիվիզմը հիմնականում կամավորության հիմքերով:
2. Հրատարակչական և գիտակցական իրազեկման գործունեություն
Հրատարակչական և գիտակցական իրազեկման գործունեությամբ ՄԻԺԻ-ն իր արժեքները, աշխարհայացքը, խոսքը և դիրքորոշումը, ինչպես նաև հայ և միջազգային լավագույն միտքն ու փորձը, որոնց ՄԻԺԻ-ն համակրում է, հասու է դարձնում մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում, Ջավախքում և արտերկրում:
ՄԻԺԻ-ն արդեն 7-րդ տարին է, ինչ հրատարակում է «Տեսակետ-ՄԻԺԻ» տեղեկագիրը, որը ՄԻԺԻ-ի պաշտոնական խոսքն է, և որի միջոցով ՄԻԺԻ-ի ստեղծումից ի վեր հանրայնացվել է ՄԻԺԻ-ի աշխարհայացքը, սկզբունքներն ու դիրքորոշումները, ՄԻԺԻ-ի գործունեությունը, ինչպես նաև ՄԻԺԻ-ի աշխարհայացքին համահունչ հոդվածներ, վերլուծություններ և այլ ստեղծագործություններ: Տեղեկագիրը հրատարակվում է չորս ամիսը մեկ` հայերեն լեզվով 4000-4500 օրինակով, նաև ընտված հոդվածներ թարգմանվում են անգլերեն: Այն տարածվում է Հայաստանում` Երևան և մարզեր, Արցախում, Ջավախքում և Սփյուռքի համայնքներում:
ՄԻԺԻ-ն իր այս գործունեության շրջանակում նախաձեռնել և իրականացրել է մի շարք թարգմանություններ և հրատարակություններ, որոնք կարող եք ընթերցել ՄԻԺԻ-ի գրադարանում կամ մեր ինտերնետային կայքում:
ՄԻԺԻ-ն իր այս գործունեության շրջագծում համագործակցում է այն անհատների և կառույցների հետ, որոնք կիսում են ՄԻԺԻ-ի կրած աշխարհայացքն ու սկզբունքները ու նաև արմատավորում են քաղաքացիական ակտիվիզմը հիմնականում կամավորության հիմքերով:
Այս ծրագրերին մասնակցության համար կարող եք այցելել կամ զանգահարել ՄԻԺԻ Կենտրոն Երևանում և ՄԻԺԻ-ի մարզային գրադարան-տեղեկատվական կենտրոններ, ինչպես նաև հետևել ՄԻԺԻ-ի ինտերնետային կայքի «Լուրեր» և «Հայտարարություններ» բաժիններին:
3. Հանրային մասնակցություն հանրային քաղաքականության մշակմանը, իրականացմանը և վերահսկողությանը
Հանրային մասնակցություն հանրային քաղաքականության մշակմանը, իրականացմանը և վերահսկողությանը գործունեության ուղղության շրջանակներում ՄԻԺԻ-ն 2006-2008թթ –ին շարունակում է խիստ վերահսկողություն իրականացնել Հայաստանի հանրային քաղաքականությունների նկատմամբ, մասնավորապես «ՀՀ Աղքատության Հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ)», գիտական և կրթական քաղաքականությունների, «ՀՀ երիտասարդության զարգացման» ու նաև «ՀՀ ազգային անվտանգության» քաղաքականությունների և հայեցակարգերի նկատմամբ` այդ մասին իր դիրքորոշումներն ու նկատառումները հանրայնացնելով, և հաշվետվության կանչելով համապատասխան պատասխանատու անհատներին ու կառույցներին. հիմնական ուշադրությունը սևեռում է ՀՀ կառավարման մարմինների, նրանց կողմից վարձված փորձագետների, և այս ծրագրերի իրագործման մեջ ներգրավված ոչ կառավարական (ՀԿ և այլ) կառույցների վրա:
ՄԻԺԻ-ն նաև վստահ է, որ սոցիալական արդար և սոլիդար ժողովրդավարական պետականություն կառուցելու համար հիմնական պայման է ժողովրդի և հասարակության մասնակցությունը, ներգրավվածությունը հանրային քաղաքականությունների մշակմանը, իրագործմանը և դրանց վերահսկողությանը: Ժողովուրդը և հասարակությունը պետք է տերը լինեն իրենց անհատական ու հավաքական կյանքին առնչվող յուրաքանչյուր քաղաքականության և գործունեության, ուղղորդեն պատասխանատու մարմիններին ու նաև հաշվետվություն պահանջեն նրանցից: Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր քաղաքացիական գործոն` անհատ կամ կառույց, պետք է հստակ դիրքորոշվի և իր գործը ծառայեցնի միայն ու միայն իրական շահառուին:
* * *
- 2005թ-ից ՄԻԺԻ-ն առավել ընդլայնել է իր գործունեությունը ՀՀ մարզերում: 2005թ ՄԻԺԻ-ն հիմնել է ՄԻԺԻ-ի գրադարան-տեղեկատվական կենտրոն Լոռու մարզում, 2006-ի մարտին Վայոց Ձորի մարզում, 2006թ-ի ապրիլից այդպիսի կենտրոններ հիմնվել են Շիրակի, Արմավիրի և Տավուշի մարզերում, իսկ 2008թ-ին նաև Կոտայքի մարզում: Գրադարան-տեղեկատվական կենտրոնների միջոցով մարզերի բնակիչները կարող են հաղորդակցվել ՄԻԺԻ-ի աշխարհայացքին, դիրքորոշումներին և գործունեությանը: Այս կենտրոնները հնարավորություն են տալիս վերոնշյալ մարզերի բնակիչներին ծանոթանալ և ուսումնասիրել իրենց կյանքին և մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն օրենքները և դրանց մեկնաբանությունները, հաղորդակից լինել հայ և համաշխարհային մտքի ինքնատիպ ստեղծագործություններին, ինչպես նաև իրազեկ լինել մեր պետության կարևորագույն իրադարձություններին` թերթերի միջոցով: Կենտրոնները նաև եզակի այն վայրն են, որտեղ մարզերի քաղաքացիները և բնակիչները կարող են քննարկումներ կազմակերպել իրենց հուզող քաղաքացիական, հասարակական կամ մշակութային խնդիրների շուրջ, ինքնակազմակերպվել, մշակել ծրագրեր և իրագործել դրանք:
- 2005թ. ՄԻԺԻ-ն միացել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա-Լոս Անջելեսի համալսարանի Փաուլո Ֆրեյրեյի ինստիտուտի (UCLA-PFI) նախաձեռնած «Գլոբալիզացիայի ազդեցությունը կրթության վրա» համաշխարհային համեմատական հետազոտական ծրագրին: Հետխորհրդային և արևելաեվրոպական տարածաշրջանից հետազոտության առայժմ միակ մասնակիցը Հայաստանն է` հանձինս ՄԻԺԻ-ի: Այս ծրագրի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես են վերջին 25 տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցող գլոբալացման գործընթացներն ազդում տարբեր պետությունների կրթական համակարգերի վրա, այդ թվում` կրթական ծրագրերի, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, կրթական մեթոդների, կրթական համակարգի կառավարման վրա և այլն: Միջազգային մակարդակում ծրագիրն իրականացվելու է մինչև 2009թ-ը` ներառելով հանրակրթության, բարձրագույն կրթության և մեծահասակների կրթության ուսումնասիրությունը հետազոտության մասնակից պետություններում: Համեմատական հետազոտության մասնակիցները 16 պետություններ են տարբեր աշխարհամասերում:
- ՄԻԺԻ-ն Երևանում կազմակերպում է մի շարք քաղաքացիական ակումբային և հանրային քննարկումներ, ֆիլմի դիտումներ և մշակութային հանդիպումներ, որտեղ բարձրացվում և քննարկվում են հիմնականում Հայաստանի արտաքին հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության խնդիրները` դիտարկելով սոցիալական արդարության և համերաշխության վրա հիմնված ամուր պետականությունը` որպես երաշխիք արտաքին քաղաքական հաջողության: Բացի այդ, քաղաքացիական ակումբային և հանրային քննարկումներում ՄԻԺԻ-ն արծարծում է քաղաքացիական ու նաև մշակութային թեմաներ, քաղաքային և համայնքային համակեցության խնդիրներ: ՄԻԺԻ-ն տարբեր առիթներով իր Կենտրոն է հրավիրում մշակույթի, արվեստի, քաղաքացիական և պետական տարբեր գործիչների, Հայաստանում գտնվող իր սփյուռքահայ և օտարազգի անդամներին ու համակիրներին` իրենց փորձը կիսելու, ոչ պաշտոնական մթնոլորտում երկխոսություն ունենալու համար:
- ՄԻԺԻ-ն հետևում է համաշխարհային և տարածաշրջանային սոցիալական ֆորումների զարգացումներին ու նաև նախատեսում է մասնակցել դրանց` ներկայացնելով ծրագիր «Կրթության դերը Հայաստանում ժողովրդավարական, սոցիալական արդար և սոլիդար պետության զարգացման գործում» թեմայով:
Համաշխարհային և տարածաշրջանային սոցիալական ֆորումները բաց հանդիպման վայր են, ուր հավաքվում են նոր-ազատականությանը, կապիտալի գերակայությանը և իմպերիալիզմի բոլոր այլ ձևերին հակադրվող հասարակական շարժումները, ցանցերը, ոչ կառավարական կազմակերպություններն ու քաղաքացիական հասարակության այլ կառույցներ` զարգացնելու իրենց մտածողությունը, տարբեր գաղափարների շուրջ ժողովրդավարական բանավեճի մեջ մտնելու, ազատորեն կիսելու իրենց միտքն ու փորձը` ավելի արդյունավետ գործելու համար:
ՄԻԺԻ-ն իր այս գործունեության շրջագծում համագործակցում է այն անհատների և կառույցների հետ, որոնք կիսում են ՄԻԺԻ-ի կրած աշխարհայացքն ու սկզբունքները ու նաև արմատավորում են քաղաքացիական ակտիվիզմը հիմնականում կամավորության հիմքերով:
Այս ծրագրերին մասնակցության համար կարող եք այցելել կամ զանգահարել ՄԻԺԻ Կենտրոն Երևանում և ՄԻԺԻ-ի մարզային գրադարան-տեղեկատվական կենտրոններ, ինչպես նաև հետևել ՄԻԺԻ-ի ինտերնետային կայքի «Լուրեր» և «Հայտարարություններ» բաժիններին:
4. Քաղաքացիական ցանցային համագործակցության զարգացում
Քաղաքացիական ցանցային համագործակցության զարգացման շրջանակներում ՄԻԺԻ-ն անդամակցում և նպատակային աշխատանք է ծավալում Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի (ՔՀՀՑ ) և Համաշխարհային կոչ ընդդեմ աղքատության հայաստանյան կոալիցիայի շրջանակներում` Հայաստանում իրական և գաղափարական հասարակական համագործակցություն կառուցելու միտումով:
- Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը` ՔՀՀՑ, ստեղծվել է 2002թ-ին տաս հիմնադիր ոչ կառավարական կազմակերպությունների կողմից (ՄԻԺԻ-ն հիմնադիրներից է) Երևան- ՀՀ-ում և ներկայումս ունի 26 անդամներ: Ցանցը պաշտոնապես գրանցված մարմին չէ, այլ ոչ կառավարական կազմակերպություների համագործակցություն է, որի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության դերակատարների կամ տարբեր օղակների համագործակցությունը` հանուն Հայաստանում ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացման և զագացման: Ցանցի սկզբունքներն են հաշվետվողականությունը, թափանցիկությունը, անդամների հավասարությունը, համագործակցությունը, համերաշխությունը, արդյունավետությունը: Ցանցի հիմնական գործունեությունն է` վերահսկողություն սահմանել ՀՀ ռազմավարական ծրագրերի (ԱՀՌԾ և այլն) նկատմամբ, արտահայտել դիրքորոշումներ և առաջարկներ դրանց բարելավման ուղղությամբ:
- «Համաշխարհային կոչ ընդդեմ աղքատության» միջազգային կոալիցիան (ինչպես նաև նրա հայաստանյան կոալիցիան) կյանքի է կոչվել 2005թ-ին` իր առջև դնելով 3 հիմնական նպատակ միջազգային մակարդակով` ա) ամենաաղքատ պետությունների արտաքին պարտքերի ներում, բ) զարգացող պետություններին միջազգային օժանդակության քանակի և որակի բարձրացում, գ) պայքար հանուն միջազգային առևտրի արդար պայմանների: Իր այս գործունեության մեջ կոալիցիան պայքարում է համաշխարհային տնտեսական և քաղաքական զարգացումների վրա ներազդող նոր-ազատական կառույցների և միավորումների վարած քաղաքականության դեմ:
- 2005թ. դեկտեմբերից ՄԻԺԻ-ն նաև համագործակցում է Փաուլո Ֆրեյրեի ինստիտուտի ցանցի հետ` «Գլոբալիզացիայի ազդեցությունը կրթության վրա» հետազոտական ծրագրի շրջագծում:
- ՄԻԺԻ-ն նաև հանդիսանում է Միջազգային քրեական դատարանի ՀԿ կոալիցիայի անդամ: ՄՔԴ կոալիցիան միջազգային ցանց է, որը նպաստում է աշխարհում ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացմանը` հանուն միջազգային արդարության և անպատժելիության վերացման:
ՄԻԺԻ-ն իր այս գործունեության շրջագծում համագործակցում է այն անհատների և կառույցների հետ, որոնք կիսում են ՄԻԺԻ-ի կրած աշխարհայացքն և սկզբունքները ու նաև արմատավորում են քաղաքացիական ակտիվիզմը հիմնականում կամավորության հիմքերով:
Այս ծրագրերին մասնակցության համար կարող եք այցելել կամ զանգահարել ՄԻԺԻ Կենտրոն Երևանում և ՄԻԺԻ-ի մարզային գրադարան-տեղեկատվական կենտրոններ, ինչպես նաև հետևել ՄԻԺԻ-ի ինտերնետային կայքի «Լուրեր» և «Հայտարարություններ» բաժիններին:
5. Գործունեությունը մարզերում
ՄԻԺԻ-ն ավելի է արմատավորվում` մեր հայրենիքի զանազան շրջաններում
ՄԻԺԻ-ի մարզային գրադարան-տեղեկատվական կենտրոնները
«Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտ»` ՄԻԺԻ, հայաստանյան անկախ, ոչ կառավարական կազմակերպությունը, նպատակ ունենալով խթանել հանձնառու, գիտակից և ներգործուն մարդ-անհատի և մարդ-քաղաքացու զարգացումը Հայաստանում, Արցախում, Ջավախքում և Սփյուռքում, և ցանկանալով առավել ընդլայնել իր գործունեությունը Հայաստանի մարզերում` հիմնադրել է գրադարան-տեղեկատվական կենտրոններ ՀՀ Լոռվա, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի,Արմավիրի և Կոտայքի մարզերի մարզկենտրոններում:
Գրադարան-տեղեկատվական կենտրոնների միջոցով մարզերի բնակիչները կարող են հաղորդակցվել ՄԻԺԻ-ի աշխարհայացքին, դիրքորոշումներին և գործունեությանը: Այս կենտրոնները հնարավորություն են տալիս վերոնշյալ մարզերի բնակիչներին ծանոթանալ և ուսումնասիրել իրենց կյանքին և մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն օրենքները և դրանց մեկնաբանությունները, հաղորդակից լինել հայ և համաշխարհային մտքի ինքնատիպ ստեղծագործություններին, ինչպես նաև իրազեկ լինել մեր պետության կարևորագույն իրադարձություններին` թերթերի միջոցով: Կենտրոնները նաև այն եզակի վայրերից են, որտեղ մարզերի քաղաքացիները և բնակիչները կարող են քննարկումներ կազմակերպել իրենց հուզող քաղաքացիական, հասարակական կամ մշակութային խնդիրների շուրջ, ինքնակազմակերպվել, մշակել ծրագրեր և իրագործել դրանք:
«ՄԻԺԻ-ի մարզային գրադարան-տեղեկատվական կենտրոնները» հանրության համար բաց են` երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 10.00-13.00:
Լոռու մարզում ՄԻԺԻ-ի ԳՏԿ` Աղայան 59, Սայաթ-Նովայի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց, 2-րդ հարկ, քաղաք Վանաձոր, Լոռու մարզ- Հեռ.: 374 322 5 93 31:
Վայոց Ձորի մարզում ՄԻԺԻ-ի ԳՏԿ` Շահումյան 12, թիվ 3 միջնակարգ դպրոց, 1-ին հարկ, քաղաք Եղեգնաձոր, Վայոց Ձորի մարզ- Հեռ.: 374 281 2 36 71:
Շիրակի մարզում ՄԻԺԻ-ի ԳՏԿ` Շչեդրինի 54ա, Երևանի Մենեջմենթի Համալսարանի յումրու մասնաճյուղ, 1-ին հարկ, քաղաք յումրի, Շիրակի մարզ - Հեռ.: 374 312 3 18 02, 091 342 395
Տավուշի մարզում ՄԻԺԻ-ի ԳՏԿ՝ Երիտասարդական 3, թիվ 5 միջնակարգ դպրոց, 2-րդ հարկ, քաղաք Իջևան, Տավուշի մարզ - Հեռ.: 374 0263 310 68
Արմավիրի մարզում ՄԻԺԻ-ի ԳՏԿ՝ Շահումյան 68ա, 2-րդ հարկ, քաղաք Արմավիր, Արմավիր մարզ - Հեռ.: 374 0237 6 23 30
Կոտայքի մարզում ՄԻԺԻ-ի ԳՏԿ` 2-րդ միկրոշրջան, Նիկոլայ Վանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոց, 2-րդ հարկ, քաղաք Աբովյան:
Ինչո՞վ են առանձնահատուկ ՀՀ-ի այս մարզերը
Լոռու մարզ
Տարածքը 3789 քառ. կմ, ունի 8 քաղաքային և 105 գյուղական համայնքներ, ու նաև 122 գյուղական բնակավայր: 2005թ. հունվարի 1-ի դրությամբ այստեղ ապրում է 283.9 հազ. մարդ: Մարզկենտրոնը Վանաձոր քաղաքն է (նախկինում՝ Մեծ Ղարաքիլիսա, 1935-1992թթ.՝ Կիրովական):
Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է Հայաստանի հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7%-ը), իսկ բնակչության թվաքանակով` երկրորդը (ք. Երևանից հետո):
Այն գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանին: Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում է ՀՀ գլխավոր երկաթուղին: Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը (այս տարածքում X-XI դարերում գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը, մարզի տարածքի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը):
Մարզում շատ են և բազմաբնույթ են տարբեր դարերի ճարտարապետական հուշարձանները: Պետական պահպանության տակ են գտնվում մոտ 3000 հուշարձաններ, այդ թվում Սանահինի ու Հաղպատի համալիրները, Օձունի վանքային համալիրը և այլն:
Երբեմնի արդյունաբերական հսկաներով հարուստ ու միաժամանակ առողջարանային կենտրոն համարվող քաղաքն այսօր չի համապատասխանում նախկինում իր անվանը կցվող բնորոշումներին: Անցյալի խոշոր արդյունաբերական կազմակերպությունների մեծ մասը դեռ չի գործում, մանկական ճամբարներն ու հանգստյան վայրերը պարապուրդի են մատնված, հատված են քաղաքի շրջակա անտառները:
Վանաձորն ունի բանիմաց ու աշխույժ երիտասարդություն, բայց ցավոք շատ քիչ են մշակութային, հոգևոր օջախները, որտեղ երիտասարդությունը կարող է հոգևոր սնունդ ստանալ, ինքնիրացվել: Քաղաքում մեծ է գործազուրկների թիվը: Ընդհանրապես, մարզի մակարդակով գործազրկությունը կազմում է 17.2 %:
Վայոց Ձորի մարզ
Տարածքը 2308 քառ. կմ է, ունի 3 քաղաքային և 41 գյուղական համայնքներ, ու նաև 52 գյուղական բնակավայր: 2005թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը 55.9 հազ. է: Վայոց Ձորի մարզը գտնվում է հանրապետության հարավում, զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության տարածքի 7.8%-ը: Մարզի բնակչությունը 2004թ. կազմել է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի ընդամենը1.7%-ը: Մարզի բնակչության 65.3%-ը բնակվում է գյուղական վայրերում:
Վայոց Ձորը մեծ դեր է խաղացել միջնադարյան հայ մշակույթի զարգացման գործում: Այստեղ է գործել Գլաձորի (XIIIդ.) հռչակավոր համալսարանը, ուր աշխատել և ստեղծագործել են տաղանդավոր գիտնականներ, գրիչներ և մանրանկարիչներ, որոնց գրած ու նկարազարդած բազմաթիվ ձեռագրերն այսօր էլ հիացմունք են պատճառում: Վայոց Ձորում են գտնվում մշակույթի հոյակապ հուշարձաններ` Նորավանքը, Գնդեվանքը, Շատի, Թանահատի, Հերմոնի, Եղեգիսի վանքերը և այլն:
Վայոց ձորի մարզով է անցնում Հայաստանն Իրանի հետ կապող ավտոմայրուղին, որն էական դեր ունի մարզի տնտեսության հեռանկարային զարգացման գործում: Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Արդյունաբերության բնագավառում, հիմնականում, զարգացած է հանքային ջրերի և խաղողի գինու արտադրությունը: Գործազրկությունը մարզում համեմատաբար ցածր է, այն կազմում է 4.9 %: Վայոց Ձորում է գտնվում Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքը՝ Ջերմուկը:
Եղեգնաձոր քաղաքը, որը Վայոց Ձորի մարզկենտրոնն է (8.2 հազ. բնակիչ) համարվում է Սյունիքի հնագույն բնակավայրերից մեկը: Քաղաքի շրջակայքում պահպանվել են Կիկլոպյան ամրոցի մնացորդներ: Քաղաքը թարմացման խիստ կարիք ունի, սկսած փողոցներից` վերջացրած մշակութային օջախներով: Քաղաքում չկա գոնե մեկ գործող հյուրանոց, ինչը մեծ խոչընդոտ է քաղաքում աշխուժություն մտցնելու հարցում:
Քաղաքում գտնվող մշակույթի պալատը, որը խիստ վերանորոգման կարիք ունի, հանդիսանում է ներկայումս գրեթե միակ վայրը, որտեղ եղեգնաձորցիները կարող են ժամանակ առ ժամանակ հաղորդակցվել հոգևոր-մշակութային արժեքներին:
Շիրակի մարզ
Տարածքը 2681 քառ. կմ է, ունի 3 քաղաքային, 116 գյուղական համայնքներ և 128 գյուղական բնակավայր: Բնակչության թվաքանակը 2005թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 281.7 հազ. մարդ:
Շիրակի մարզը գտնվում է հանրապետության հյուսիս-արևմուտքում, զբաղեցնում է ՀՀ տարածքի 9%-ը: Սահմանակից է Թուրքիային և Վրաստանին: Մարզի տարածքով են անցնում Հայաստանը Վրաստանին կապող գլխավոր երկաթգիծը և ավտոմոբիլային մայրուղին: Այստեղ իրար են միանում Հայաստանի և Թուրքիայի երկաթուղային և ավտոճանապարհային ցանցերը:
Մարզի տարածքում են գտնվում Հառիճի, Մարմաշենի վանքերը, Սառնաղբյուրի Հոգեվանքը (VIIդ) և այլ հուշարձաններ, որոնց մեծ մասը կառուցվել են X-XI դդ.-ում և ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող կոթողներ են:
Շիրակի մարզի արդյունաբերության առաջատար ճյուղերից են՝ սննդամթերքի, ներառյալ խմիչքների արտադրությունը և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը: Հայտնի են Արթիկի և Անիի տուֆն ու պեմզան:
Ներկայումս մարզն առանձնանում է իր ծանր սոցիալ-տնտեսական վիճակով: Այստեղ շատ մեծ է աղքատների թիվը: Շիրակի մարզում գործազրկության մակարդակը ամենաբարձրերից է ամբողջ հանրապետության մակարդակով: Այն կազմում է 17.5%:
Մարզկենտրոնը՝ Գյումրի քաղաքը (1924-1990թթ.՝ Լենինական), բնակչության թվաքանակով և իր նշանակությամբ շարունակվում է համարվել Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը:
Գյումրիում բազմաթիվ են սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրները՝ բնակարանային հարցից մինչև բնակչության զբաղվածության ցածր մակարդակը: Երիտասարդներից շատերը զբաղվածության առումով բարելավման հեռանկար չտեսնելով` լքում են քաղաքը: Հոգևոր-մշակութային կյանքի առումով Գյումրին, որն ունի հարուստ պատմամշակութային ավանդույթներ, քիչ ավելի ակտիվ է ՀՀ այլ մարզկենտրոններից:
Տավուշի մարզ
Տարածքը 2704 քառ. կմ է, ունի 4 քաղաքային և 58 գյուղական համայնքներ ու նաև 61 գյուղական բնակավայր: ՀՀ պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ: 2005թ. հունվարի 1-ի դրությամբ այստեղ ապրում է 134.4 հազ. մարդ: Գոործազրկության մակարդակը 6.4 % է:
Տավուշի մարզը գտնվում է Հայստանի Հանրապետության հյուսիսարևելյան հատվածում, չափավոր խոնավ տարածաշրջանում: Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ: Մարզի բնությունը գեղատեսիլ է: Ընդհանուր մակերեսի 51 % - ը զբաղեցնում են խառն անտառները:
Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի զարգացման համար:
ՀՀ Տավուշի մարզի տարածքը հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշ բերդը և այլն: Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանց վանքը:
Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է, սակայն մարզի գյուղատնտեսությունը վերջին տասնամյակում զգալիորեն տուժել է նաև Արցախյան հակամարտության պատճառով: Սահմանամերձ ավելի քան 9000 հեկտար այգիներ ու դաշտեր մնում են անմշակ:
ՀՀ Տավուշի մարզի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է (մինչև 1919 թ.-ը ՝ Քարվանսարա), որի բնակչությունը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20.4 հազար: Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա:
Տավուշի մարզը, լինելով սահմանամերձ մարզ, ունի բավականին խնդիրներ, սակայն դրանցից կարելի է առանձնացնել հատկապես մշակութային և կրթական խնդիրները, որոնք խիստ արտահայտված են մարզում և առավել կարևոր են կիրթ և զարգացած հասարակություն ունենալու համար:
Մարզի հատկապես հեռավոր տարածաշրջաններն անմասն են մշակութային կյնաքին, քանզի մարզում շատ քիչ են մշակութային հաստատությունները, որոնք իրոք կարողանում են բնակչությանը մոտ պահել մշակույթին:
Կրթական բնույթի հիմնական խնդիրները կապված են նաև համապատասխան որակյալ և մասնագիտական գրականության պակասի հետ, գրադարանները չեն թարմացվել, գրախանութներ չկան:
Արմավիրի մարզ
Տարածքը 1254 քառ. կմ է, ունի 3 քաղաքային և 94 գյուղական համայնքներ ու նաև 95 բնակավայր: Բնակչության թվաքանակը 2005թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 278.2 հազ. մարդ: Գործազրկության մակարդակը՝ 3.2 %:
Արմավիրի մարզը գտնվում է ՀՀ-ի արևմուտքում: Արմավիրի մարզկենտրոնն է՝ Արմավիր քաղաքը (նախկին Հոկտեմբերյան). կրում է Հայոց առաջին մայրաքաղաքի անունը և հիմնադրվել է 1931 թ. հունիսի 26-ին:
Մարզը հարուստ է պատմամշակութային կողոթներով և արժեքներով՝ Սբ. Էջմիածնի Մայր Տաճարն իր Գանձատնով, Սբ. Գայանեի, Սբ Հռիփսիմեի և Զվարթնոց տաճարները, Մեծամորի և Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը՝ Սարդարապատում, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը՝ Այղրլիճը, հին հեթանոսական կենտրոն Բագարանը, «Մուսալեռ» և «Սարդարապատ» հուշահամալիրները:
Պատմական Հայաստանի մայրաքաղաքներ Արմավիրի ու Երվանդաշատի փլատակներն առնված են ՀՀ Պատմական միջավայրի պահպանության գոտիների մեջ:
Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհրագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Մարզն ունի մի շարք լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ: Արմավիրում գործարանների մի մասն աշխատում է իրենց հզորության 8 % - ով, մյուս մասը կամ լուծարվել է, կամ էլ ուղղակի չի աշխատում: Սրա հետևանքով մարզում գործազրկությունը մեծ չափերի է հասնում: Առանձնահատուկ խնդիր է նաև ջրի որակը՝ 2004 թ-ին կատարված ջրագծերի փոփոխման արդյունքում ջրի որակն էլ ավելի վատացավ:
Արմավիրի մարզում կարևոր մշակութային հիմնահարց է համարվում թատրոնի և կինոյի, և համապատասխան շենքերի ու հաստատությունների բացակայությունը:
|