|
ՄԻԺԻ-Ի ՀԻՄՆԱԴԻՐԸ
ՄԻԺԻ-ի հիմնադիր և առաջին նախագահ` ԱրմինԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Ծնվել է Թեհրան քաղաքում (Իրան): Մասնագիտությամբ միջազգային իրավաբան և քաղաքագետ է, ունի երկու MA և DESS կոչումներ այդ բնագավառներում Սորբոնի և Ռընե Դեքարտի համալսարաններից (Փարիզ, Ֆրանսիա):
Արմինեն ավելի քան 18 տարվա փորձառություն ունի` որպես մասնագետ և ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպանության ու զարգացման, մարդասիրական, միջազգային զարգացման, ժողովրդավարության զարգացման, քաղաքացիական և հասարակական կրթության, գործընթացների, ինստիտուտների զարգացման, գենդերային հարցերի բնագավառներում ոչ կառավարական կազմակերպություններում և միջազգային միջկառավարական կազմակերպություններում, ինչպիսիք են Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ), Եվրոպական հանձնաժողովը Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Աֆրիկայում: Նա աշխատել է Ժնևում և Աֆրիկայի Մեծ Լճերի շրջանում, ՄԱԿ-ի փախստականների գծով բարձրագույն հանձնակատարի ( UNHCR ) գլխավոր գրասենյակում՝ որպես իրավաբան և ավագ խորհրդական` կազմակերպության քաղաքականության և ծրագրերի գծով: Համագործակցել է Եվրամիության և Մարդու իրավունքների բնագավառում ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարի հետ Ռուանդայում (Աֆրիկա) 1994թ.-ի ապրիլյան ցեղասպանության հաջորդող երեք տարիներին՝ որպես Մարդու իրավունքների զարգացման բաժնի գլխավոր պատասխանատու: 1999-ից աշխատում է International IDEA (Ժողովրդավարության և ընտրությունների աջակցման միջազգային ինստիտուտ` ԺԸԱՄ միջազգային միջկառավարական կազմակերպությունում՝ որպես Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի-Եվրոպայի ծրագրերի ղեկավար: Ներկայումս նա ԺԸԱՄԻ- Հայաստանյան դիվանագիտական գրասենյակի ղեկավարն է և լիազոր ներկայացուցիչը:
Որպես ակտիվիստ` ԱրմինԷ Առաքելեանը շարունակում է իր կամավոր աշխատանքը քաղաքացիական և մարդու իրավունքների միջազգային ցանցերում: 1999թ-ին նա հիմնադրել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ ոչ կառավարական կազմակերպությունը Հայաստանում:
ԱրմինԷ Առաքելեանը ՄԻԺԻ-ի հիմնադիրն է և առաջին նախագահը` 1999թ.-ի օգոստոսից մինչև 2006թ ապրիլը` կամավոր հիմունքներով:
Ապրիլ 2006-ին ՄԻԺԻ-ի հիմնադիր և առաջին նախագահ Արմինէ Առաքելեանը թողել է ՄԻԺԻ-ի նախագահությունը` գտնելով, որ ՄԻԺԻ-ի երիտասարդ սերունդն արդեն իսկ լիարժեք կերպով պատրաստ է ստանձնել ՄԻԺԻ-ի ղեկավարությունը: ՄԻԺԻ-ի հիմնադիրի և առաջին նախագահի այս որոշումը բխում է կազմակերպության աշխարհայացքից և կառավարման հիմնադիր հիմնական սկզբունքներից և դրան համաձայն վերջին տարիներում` ՄԻԺԻ-ի մեջ համապատասխան հայ երիտասարդների ներգրավման և ինտենսիվ, լուրջ, հետևողական ու դժվարին աշխատանքի:
Արմինէ Առաքելեանը կշարունակի մնալ ՄԻԺԻ-ի հիմնադիր, առաջին նախագահ և պատվո անդամ` կամավոր հիմունքներով: Նա այդ հանգամանքով իսկ ակտիվորեն նեցուկ կկանգնի ու կխթանի ՄԻժԻ-ին և նոր ղեկավարությանը` կենսագործելու ՄԻԺԻ-ի առաքելությունն ու նպատակները համաձայն և հավատարիմ ՄԻԺԻ-ի հիմնադիր սկզբունքներին ու աշխարհայացքին:
Կազմակերպության գրեթե 7 տարիների բազմաբովանդակ և արդյունավետ աշխատանքից հետո, այս գիտակից նոր փոփոխությունները կշարունակեն խթանել ՄԻԺԻ-ի ուժեղացմանն իբրև` քաղաքացիական գործունեություն և պայքար մղող ճշմարիտ գործոն հայ ներկա իրականության մեջ (Հայաստան և սփյուռք). ու նաև իբրև` ազդու նախադեպ ու նախատիպ Հայաստանում քաղաքացիական ասոցիատիվ կամավոր ակտիվիզմի ու մշակույթի խթանիչ ներուժ` հիմնված մարդկային ու ազգային քաղաքացիական արդար արժեքների վրա:
|