ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

17.06.2014 - Գոռ Հակոբյան. Կենսաթոշակային բարեփոխումների առաջարկ

 
 
Կենսաթոշակային համակարգը յուրաքանչյուր պետության ու հասարակության համար հանդիսանում է յուրահատուկ սոցիալական համերաշխության ձև: Կենսաթոշակային համակարգի միջոցով մենք հնարավորություն ենք ստեղծում հասարակության ծեր անձանց համար՝ ապահովելու իրենց կենսական կարիքները, երբ  նրանք հնարավորություն չեն ունենա աշխատելու և ինքնուրույն հոգալու այդ ամենը: Պատմության տարբեր ժամանակահատվածներում տարեց մարդկանց խնամել են իրենց իսկ զավակները, իսկ անզավակների մասին հոգ են տարել կրոնական կառույցները, որոշ պետական ծրագրեր, կամ էլ այդ մարդիկ ուղղակի մահացել են, ինչն ամենահաճախն է պատահել: Ժամանակակից պետական համակարգերում հասարակության տարեց անդամների խնամքը և նրանց նկատմամբ հոգատարությունը հանդիսանում են ոչ միայն նրանց զավակների, այլև ողջ հասարակության պատասխանատվությունը, որի համար տարբեր երկրներում կիրառվում են բազմաթիվ մոդելներ և մեխանիզմներ:

Ի՞նչ մոդելներ են կիրառվել Հայաստանում և ի՞նչ է առաջարկվում մեզ այսօր:  Կենսաթոշակային համակարգը՝ որպես պետական քաղաքականության մաս, ներդրվել է դեռևս Խորհրդային Հայաստանում: Այն ժամանակ հավաքագրվում էին որոշակի սոցիալական վճարներ, որոնք հետագայում բաշխվում էին կենսաթոշակառուներին՝ հիմք ընդունելով նրանց աշխատանքային ստաժը: Հաշվի չէր առվում աշխատանքի տարիներին ստացված վարձատրության չափը, ինչը խորհրդային համակարգի համար, կարելի է ասել, բնական էր, քանի որ վարձատրության չափերը շատ չէին տարբերվում: Մինչ այժմ կենսաթոշակ վճարելու համար հատկացված գումարը ձևավորվում էր աշխատողների կողմից վճարված սոցիալական վճարումներից և բյուջե մուտք գործած այլ հարկերից: Այսպիսով ողջ հանրությունը պատասխանատվություն էր ստանձնում տարեցների խնամքի համար. եթե երիտասարդ սերունդը վճարեր ավելի շատ հարկեր, ապա տարեցներն ավելի լավ կապրեին ու հակառակը: Ներկա կուտակային համակարգն ամբողջությամբ փոփոխում է մինչ այս եղած սոցիալական պաշտպանության ավանդույթներն ու համակարգը, որն էլ առաջացանում է նման հակազդեցություն:

Առաջին սկզբունքային փոփոխությունն այն է, որ երիտասարդ սերունդն այլևս պատասխանատվություն չի կրում ավագ սերնդի համար, այլ յուրաքանչյուր ոք և ուղղակի տարիներով կուտակում է իր սեփական սոցիալական վճարումները՝ ապագայում օգտագործելու համար: Այսինքն, ՀՀ-ում դադարում է գործել կենսաթոշակային համակարգի սոցիալական համերաշխության սկզբունքը: Այս մոդելն ավելի «էգոիստական» է, և միաժամանակ, ավելի խոցելի, քանի որ սխալ ներդրման, կամ գումարի պահպանման սխալ ընտրության դեպքում ոչ ոք ամբողջապես պատասխանատվություն չի կրելու ձեր արժանապատիվ ու բարեկեցիկ ծերության համար. ապահովված է լինելու միայն պետության երաշխավորած նվազագույն գումարի չափը: ՀՀ-ի համար առաջարկված տարբերակը ժամանակակից էգոիստական մոդելներից վատթարագույնն է, քանի որ այն խախտում է յուրաքանչյուրի ազատ ընտրության իրավունքը. գումարների կուտակման համար նախատեսված է միայն մեկ տարբերակ՝ հավաքել դրանք արտասահմանյան ֆոնդերում: Չկա ընտրության այլ հնարավորություն: Ֆոնդերի սնանկացման պարագայում ոչ մի պետական կառույց պատասխանատվություն չի ստանձնում ամբողջական փոխհատուցման համար: Միևնույն ժամանակ, այս անորոշության ու ռիսկայնության պայմաններում, ներդում է ունենում նաև պետությունը՝ օգտագործելով բյուջեի գումարները: Հանրային ընկալման մեջ արմատավորվել է 5% հարկումը, սակայն հարկումն իրականում կրկնակի է՝ 10%: Մնացած 5%-ը վճարում է պետությունը, այսինքն՝ կրկին մենք ենք վճարում: Ավելին, այդ գումարի 1%-ն էլ վճարում ենք ֆոնդերի կառավարիչներին` մեր գումարները տնօրինելու համար: 

 Այսպիով, մենք աղքատանում ենք, մինչդեռ հարստանում են միջազգային անկառավարելի ֆոնդերը: Իսկ քանի դեռ վերացված է սերունդների միջև սոցիալական համերաշխությունը, մարդիկ կլինեն աղքատ ու անպաշտպան միայնակ ծերության մարտահրավերների դեմ հանդիման: 

Նման խորքային բարեփոխումներ սկսելուց առաջ պետք է իրականացվեին հանրային լայն քննարկումներ՝ հասկանալու համար, թե արդյոք մենք ցանկանո՞ւմ ենք նման փոփոխություններ, ցանկանո՞ւմ ենք ապագայի համար գումար կուտակել և վստահել միջազգային ֆոնդերին, թե՞ գերադասում ենք մեր խնայողությունները պահել մեր բարձերի տակ:

ՀՀ-ում կենսաթոշակային համակարգի փոփոխությունները պետք է ապահովեն սերունդների համերաշխության և ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ սոցիալական պետության հիմնարար սկզբունքները: Այս երկու դրույթները պետք է հիմնարար լինեն հանրային քաղաքականության փոփոխությունների ժամանակ: Ծերության ժամանակ պետք է ապահովված լինի արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ առնվազն նվազագույն շեմը՝ պարեն, հագուստ, հիգիենա, կացարան, կենցաղային ծախսեր, առողջապահություն, սոցիալականացում, մշակույթ: 

Հանրային քաղաքականության քննարկումներում այսօր ապագան դիտարկվում է առաջին հերթին բավարար փող ունենալու դիտանկյունից՝ որքան շատ՝ այնքան լավ, սկզբունքով: Սակայն, օրինակ, եթե գործի այնպիսի մեխանիզմ, որը կապահովի անվճար որակյալ առողջապահական համակարգ, ապա կարիք չի լինի դրա համար անհատաբար գումար կուտակելու:

Գործնական առաջարկներ. 
1. սկսել քննարկումներ սոցիալական ապահովության ու զարգացման հայեցակարգի  վերաբերյալ, բացահայտել կենսաթոշակային համակարգի տեղը և գործառույթն այդ համակարգում:
2. Դադարեցնել հարկման հետ կապված փոփոխությունների գործադրումը կամ գումարի կուտակումը մինչև ամբողջական հայեցկարգի ու ըստ դրա՝ նոր կենսաթոշակային համակարգի մշակումը: 
Եթե ամեն դեպքում հարկումն այս փուլում անհրաժեշտ է, ապա՝ 
3. այն դարձնել ընդամենը 3%` վերացնել պետության կողմից 5% վճարումը, իսկ աշխատողին հարկել 5%-ի փոխարեն 3%–ով:
4. Մասնավոր ֆոնդերին զուգահեռ ստեղծել նաև պետական ֆոնդ, որպեսզի հանրությունն ունենա ընտրելու հնարավորություն: 
5. Քննարկումներ սկսել՝ փոքր կոոպերատիվ ֆոնդեր ստեղծելու ուղղությամբ, որտեղ աշխատողներն իրենք կկարողանան կատարել սեփական ներդրումները և հիմնել  սոցիալական  բիզնեսներ. սա կօգնի նաև զարգացնել  ասոցիատիվ-համագործակցային մշակույթը: 
6. Պետք է մշակել զարգացման ծրագրեր առողջապահության, բնակարանաշինության ոլորտում, որտեղ ներդրումներ կանեն պետությունը, մասնավոր հատվածը և աշխատավորները: Կստեղծվի յուրահատուկ կոոպերատիվ և այսօրվա ներդումները կապահովեն ապագայում իրենց անհրաժեշտ ծառայությունները:

Այս գործնական առաջարկներն ուղղակի հնարավոր բազմաթիվ տարբերակներից մի քանիսն են և կարիք ունեն մասնագիտական ու մասնակցային քննարկումների: Ամենակարևորը սկզբունքների կիրառումն է, որոնց հիման վրա մենք կարող ենք ստեղծել նոր, արժանապատիվ և բարեկեցիկ  համակարգ, որը կարող է ուրույն լինել և ոչ մի կապ չունենալ նախկինում կամ ներկայում գործող համակարգերի հետ: Կարևորը մեր մոտեցումներն ու պատկերացումներն են մեր ապագայի ու մեր հասարակության տարեց անդամների հանդեպ:

Գոռ Հակոբյան 
Քաղաքագետ, ՄԻԺԻ-ի փոխնախագահ

Լուսանկարը՝ Իննա Մխիթարյանի

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014