ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

08.06.2014 ՄԻԺԻ-ի հիմնադիր Արմինէ Առաքելեանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվական»-ին «Հարցականի տակ է ամբողջ համակարգի, գործընթացների և բարեփոխումների լեգիտիմությունը» վերնագրով

 
 
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը:

-Տիկին Առաքելյան, Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում Սերժ Սարգսյանը կրկին խոսեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու վերաբերյալ հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի 2015 թվականի վերջին: Որքանո՞վ է այդ մոդելը  հարմար Հայաստանին:

-Ինձ համար էական նշանակություն ունի որևէ համակարգի ձևավորման կամ բարեփոխման սկզբնաղբյուրը, գործընթացները, մեխանիզմները և՛ պրոֆեսիոնալ իմաստով, և՛ իրավունքների կենսագործման, և՛ ժողովրդավարական իմաստով: Սրանով է պայմանավորվում դրանց լեգիտումությունը և հանրօգուտ բնույթն ու արդյունքները: Այսինքն՝ էական է,

- թե ով է առաջ քաշում տվյալ համակարգի ձևավորման կամ բարեփոխման գաղափարն ու միտքը, ո՞ւմ կողմից և ինչո՞ւ է դա դրվում քաղաքական օրակարգ, ի՞նչ նպատակներ են հետապնդվում, ի՞նչ շահերից ելնելով և ի՞նչ պատասխանատվությամբ:

- Թե որո՞նք են իրավական և քաղաքական  այն մեխանիզմները, որ կյանքի են կոչվում ու ի գործ դրվում տվյալ համակարգի ձևավորման կամ բարեփոխման համար։

-Եվ վերջապես, ի՞նչ բանավեճային, խորհրդակցական և երկխոսության  գործընթացներ են մշակվում ու իրականացվում, որպեսզի տվյալ համակարգի ձևավորումը կամ բարեփոխումը ընկալվի և ընդունվի ժողովրդի ու հանրության կողմից՝ որպես լեգիտիմ: Իսկ լեգիտիմ համարվելուց հետո ինպե՞ս են դրանք կենսագործվում:

Բնականաբար, տարբեր երկրներում տարբեր մոդելներ են աշխատում, սակայն հիմնական է իրավունքների կենսագործման ու ժողովրդավարական սկզբունքերի և մատրիքսի համաձայն ճշտորոշել դրանց հանրօգուտության և լեգիտիմության մակարդակը:

Քանի ՀՀ ում չի գերակայում իրավական և ուղղակի ժողովրդավարական համակարգը, այսինքն՝ քաղաքական համակարգի ձևավորումը և բարեփոխումների սկզբնաղբյուրը, քաղաքացիներն ու քաղաքացիական հասարակության դերակատարները չեն իրենց ուղղակի նախաձեռնության ու ազդեցության հնարավորություններով, դա արդեն իսկ հարցականի տակ է դնում ամբողջ համակարգի, գործընթացների և բարեփոխումների լեգիտիմությունն ու դրանց հանրօգուտությունը:

Հետևաբար, կրկին ՀՀ սահմանադրական բարեփոխումների քաղաքական օրակարգում հայտնվելը պիտի գնահատել վերոհիշյալի հիման վրա. ո՞վ, ինչո՞ւ և ի՞նչ շահերից ելնելով է այդ դրել  ՀՀ քաղաքական օրակարգում, և ի՞նչ գործընթացներով ու մեխանիզմներով է դա ընթանում: Ինչո՞ւ ՀՀ նախագահը առհասարակ դա դրեց օրակարգ, ո՞ւմ շահերից ելնելով, ի՞նչ գործընթացով է դա կատարվում մինչև հանրաքվեի դրվելը: Եթե ՀՀ նախագահը այդ բարեփոխման գծով հանձնաժողով է կյանքի կոչել, ապա այդ հանձնաժողովը ի՞նչ  լեգիտիմություն ունի: Ո՞ւր է կապը հանրության, քաղաքացիական հասարակության շահերի ու պահանջների հետ, այդ ե՞րբ և ինչպե՞ս,  ո՞վ է արտահայտվել, որի հիման վրա ՀՀ նախագահը կամ որևէ քաղաքական ուժ պատճառաբանում է դրա անհրաժեշտությունը և անհրաժեշտ կիրառելի գործընթացներն ու մեխանիզմները: Սրանք ինձ համար թե իբրև մասնագետի և թե իբրև քաղաքացիական գործչի, հարցականի տակ են դնում խորքային իմաստով ներկա ՀՀ Սահմանադրության բարեփոխման, քաղաքական համակարգի փոփոխման լեգիտիմությունը: Այս ամենում, ինչպես կարգն է ՀՀ-ում, ընդհանրապես գործոն չեն ճանաչվում ժողովուրդն ու քաղաքացիական հասարակությունը և իբրև գործոն դերակատարություն չունեն շահերի ու ուժերի վերաբաշխման և փոխհարաբերակցության դինամիկայում: Ժողովուրդն ու քաղաքացիական հասարակությունը չլինելով գործոն, որի հեղինակության հետ հաշվի են նստում, և հնարավորություն չունենալով լինել սկզբնաղբյուրը և հիմքը քաղաքական համակարգի ձևավորման ու բարեփոխումների, այդ համակարգի ձևավորումն ու բարեփոխումը  թե՛ նախաձեռնության, թե՛ տեր կանգնելու գործընթացների իմաստով կտրված ու օտարված են քաղաքացուց ու հանրային շահից:

ՀՀ-ի այս անարդար, ոչ ժողովրդավարական ու ոչ  իրավական կարգն ու պրակտիկան նպաստում է հիմնականում փոքրաթիվ վերնախավերի մոնոպոլիային և նեղ կլանային շահերին: Քաղաքացիները, քաղաքացիական հասարակությունը, ժողովուրդը իրական ճշտորոշիչ ձայն և ազդեցություն չունեն այդ  համակարգի ձևավորման և գործընթացների վրա, իսկ դա վտանգավոր է դարձնում նաև հանրաքվեի ձևական օգտագործումն ու արդյունքները:

Ես բավականին  վերապահումով եմ մոտենում ներկայացուցչական ժողովրդավարությանը, որ այսօր ճգնաժամի մեջ է: Իսկ երբ դիտարկում ենք ուղղակի ժողովրդավարության համակարգ կիրառած երկրներին, ինչպես, օրինակ, Շվեյցարիան է, տեսնում ենք, որ նմանօրինակ քաղաքական համակարգն ու պրակտիկաները քաղաքացիների կյանքում ավելի դրական ազդեցություն  են թողնում և առավել նպաստում հանրային շահին:

Ես կողմնակից եմ ուղղակի ժողովրդավարական քաղաքական համակարգին՝ հիմնված իրավունքի գերակայության վրա։

ՀՀ նախագահի կողմից նախաձեռնած ներկա ՀՀ սահամանդրական բարեփոխումներն ու դրանց արդյունք քաղաքական նոր համակարգի ձևավորումը չունեն նախադրյալներ՝ լեգիտիմ համարվելու վերը նշածս հիմնավորումներով: Դա կրկին ձևական  է, կրկին արտահայտիչն է ՀՀ-ում գերակա քրեա-օլիգարխիկ համակարգի շահերի, այդ փոքրաթիվ խավի ներսում դիրքերն ամրապնդելու և իրար մեջ իշխանությունը վերաբաշխելու հնարավորության: Ես կողմնակից եմ, որ ՀՀ քաղաքական համակարգի ձևավորման և ՀՀ Սահմանադրության բարեփոխումները և ընդհանրապես քաղաքական բարեփոխումները բխեն քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների, քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի կողմից, որ հիմնված կլինեն սոցիալական ու համայնքային զանազան խավերի շահերի ու ձայնի վրա: Այս վերջիններս կոնսոլիդացվելով, հստակ, բաց  ու ներգործուն կդնեն ՀՀ սահմանադրական փոփոխությունը, իշխանության ձևավորման իմաստով կդնեն նաև ուղղակի ժողովրդավարական համակարգի որդեգրումը  Հայաստանում:

Ինչո՞ւ վերցնենք ավտորիտար համակարգերի օրինակը, եթե հնարավորութուն ունենք  հիմնական փոփոխել քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով: Վերջին 20 տարիներին դա չի եղել, և հիմա կրկնվում է այդ դեժավյուն, այսինքն՝ նորից վերաբաշխում են իշխանությունը փակ ձևով, որը վերջում հռչակելու են «լեգիտիմ»՝ ձևական հանրաքվեով:

-Տեսակետներ կան, թե Հայաստանի համար  խորհրդարանական կառավարման մոդելը հարմար չէ նաև այն պատճառով, որ այստեղ կայացած  և ուժեղ չեն կուսացկությունները:

-Մեր քաղաքական կուսակցությունները կտրված են, հանրային բազա չունեն համապատասխան իրենց քաղաքական առաքելության: Այսինքն՝ կարող է, երբ ընտրությունների ժամանակ պետք է ծաղիկ բաժանելով,  բրինձ բաժանելով, ընտրակաշառք տալով, ընտրատարածք բերելով՝ ապահովում են իրենց ընտրազանգվածը: Սակայն դա համարվում է կլիանտելիզմ՝ ամբոխավարություն, տարրական կարիքների պատեհապաշտ կարճատև հասցեագրումով քաղաքականությունը վերածում են կլիանտելիզմի ու կաշառակերության: Իսկ քաղաքականությունը՝ դա հանուն քաղաքացիների, սոցիալական զանազան խավերի իրավունքների կենսագործման, նրանց շահերի գիտակից ձևակերպումն ու հանրային օրակագում ներառելն է հանրային բազաների մոբիլիզացման միջոցով, այդ իրավունքերի ու շահերի հասցեագրումն է հանրային որոշումներ կայացնելու պրոցեսներում: Դա ենթադրում է կանոնավոր աշխատանք սոցիալական զանազան խավերի հետ իրավուքների ու շահերի հարթության վրա, նրանց քաղաքական գիտակցության զարգացման իմաստով: Դա նշանակում է նաև ուժի ու իշխանության նկատմամբ արմատական մի այլ մոտեցում, որը ուզուրպացիայի, մենաշնորհելու փոխարեն սերմանում է ուժի ու իշխանության արդար վերաբաշխման ու կիրառման հնարավորություն քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության դերակատարների կողմից՝ ելնելով իրավունքների ու շահերի դիրքից:

ՀՀ ներկա քաղաքական կուսակցություննեից և ոչ մեկը չունեն իրենց գաղափարային ծրագրերի վրա հիմնված կազմակերպված ընտրազանգված,  հանրային բազա, և քանի որ դա գոյություն չունի, ուրեմն  և՛ խորհրդարանական, և նախագահական մոդելները կտրված են  հանրությունից ու հասարակությունից և շատ փոքրաթիվ  վերնախավի, իշխանությանը ռեսուրսների բաժանման պրոցես են ապահովում:

 -Ի՞նչ տեսակետ ունեք 100 տոկոս համամասնական ընտրական համակարգին անցնելու վերաբերյալ: Ընդդիմադիր ուժերը պարբերաբար խորհրդարանում այդ հարցը բարձրացնում են, իսկ քաղաքական մեծամասնությունը մերժում է:

-Հիմա խոսում եք ընդդիմադիր և դիմադիր ուժերի մասին՝ դրանք շատ մեկուսացված, ինքնակենտրոն կառույցներ են, որ ծառայում են որոշ փոքրաթիվ վերնախավի շահերին: Ժողովրդավարական կոչված՝ մեծամասնական և  համամասնական համակարգներն էլ ձևական իմաստով օգտագործում են իրենց  վերարտադրման համար: Այս հանգրվանում ՀՀ-ում կենսական չէ համամասնական կամ մեծամասնական ընտրական համակարգերի օրակարգը, որովհետև ընդհանրապես կուսակցական համակարգը ձևավորված և կայացած չէ, իսկ ընտրական ինստիտուտը օբսոլետ է Հայաստանում, որտեղ չի գերակայում իրավունքը:

Այո՛, իրավական պետություններում, ներկայացուցչական ժողովրդավարական համակարգում, համամասնական ընտրական համակարգը հնարավորություն է տալիս ավելի լուսանցաքավորված, նաև՝ կանանց մասնակցությունն ու ներկայացուցչական ապահովումը իշխանության ձևավորման մեջ: Սակայն, ինչպես ասացի այսօր, նույնիսկ զարգացած ներկայուցչական ժողովրդավարական համակարգերը ճգնաժամում եմ, հետևաբար այդ կրկնօրինակել ՀՀ-ում, մեզ համար անհեթեթություն է, առանց այդ ճգնաժամերը խորապես վերլուծելու ու ընկալելու և առանց իրավական պետության ու սահմանադրական կարգի գերակայության ՀՀ-ում:

Այսօր նպատակահարմար է ուղղակի ժողովրդավարության համակարգի կիրառումը ՀՀ-ում և իրավական ու սահմանադրական պետականաշինությունը, որպեսզի հիմքը դնենք առողջ ու արդար նոր որակի քաղաքական համակարգի թե՛ կառուցվածքային և թե՛ պրակտիկայի մշակութային զարգացման իմաստով: Այդ երաշխիքն է արդար ու իրավունքի կենսագործման վրա հիմնված համերաշխ համակեցության մոդելի զարգացմանը ՀՀ ում:

Բացում ենք  քաղաքական դաշտը, իշխանության/ուժի մատչելիությունը, ձևավորումն ու կիրառումը ՀՀ քաղաքացու, համայնքների ու սոցիալական բազմազան ու զանազան խավերին, քաղաքացիական դերակատարներին, և նրանք իրենց քաղաքացիական քաղաքական նախաձեռնության իրավունքով կբյուրեղացնեն քաղաքական դաշտը ՀՀ-ում, կսթափեցնեն առկա քաղաքական կուսակցություններին,  որպեսզի աշխատեն համաձայն իրենց առաքելության: Ներկայացուցչական հանգամանքը նվազագույնի հասցնելով և ուղղակի քաղաքացիական, քաղաքական նախաձեռնություններով ու հանրաքվեներով կմշակվեն հանրային քաղաքականություններն ու որոշումները: Այդ այն քաղաքական համակարգն է, որը նպաստում է քաղաքացիական գիտակցության ու քաղաքական մասնակցության արդյունվետ զարգացմանը մեր երկրում և երաշխավորում է հանրային շահը:

Կենսական է արմատապես վերափոխել ու վերաիմաստավորել ՀՀ-ում քաղաքականության ու քաղաքական համակարգի ձևավորման, բարեփոխման ու զարգացման մոտեցումները, գործընթացներն ու պրակտիկան՝ դրանց առանցքը դարձնելով մարդ-քաղաքացու գործոն լինելու ու հեղինակային ու ազդեցիկ դերակատարության հրմայականը:
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014