ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

10.04.2014 ՄԻԺԻ-ի հիմնադիր Արմինէ Առաքելեանի հարզազրույցը «Առաջին լրատվական»-ի հետ: Քաղաքական ուժերը զարգանում ու համագործակցում են հետկուլիսային, կլանային շահերի հիման վրա վերնագրով

 
 
Քաղաքական ուժերը զարգանում ու համագործակցում են 
հետկուլիսային, կլանային շահերի հիման վրա

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանի կարծիքով՝ եթե վարչապետի հրաժարականը և կառավարության փոփոխությունը ոչ իշխանական ուժերը համարում են իրենց հաղթանակը, ապա այդ իրողությունը բացարձակապես կապ չունի քաղաքացիական հասարակության և հանրության արդար միտումների ու պահանջատիրության հետ և չի բնութագրում վերջինիս շահերն ու կամքը հաշվի առնելու, նրա հետ հաշվի նստելու քաղաքական ժողովրդավարական ու սահմանադրական մշակույթի ու գործընթացների կիրառումը իշխանությունների ու քաղաքական էլիտայի կողմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ա. Առաքելյանը՝ հավելելով, որ ՀՀ ում իշխանության ձևավորումն ու ձևափոխումները, այս դեպքում՝ վարչապետի փոփոխությունը հասարակության և քաղաքացիական հասարակության արդար ձգտումների ու պահանջների հետ որևէ ուղղակի կապ չունի:

«Հայաստանը, իբրև ինքնիշխան պետություն, մնում է թույլ և չձևավորված. սահմանադրական, իրավական, սոցիալական պետությունը մնում է թղթի վրա ամրագրված մի գաղափար, որը, սակայն, չի մշակվում ու կենսագործվում հետևողական կերպով ու պարբերաբար: Իշխանությունը ժողովրդի կամքով չի ձևավորվում և ժողովրդի ու հանրային շահով չի առաջնորդվում: 

ՀՀ ում հանրային օրակարգերը, պետական ռազմավարություններն ու քաղաքականությունները չեն ձևավորվում և ձևափոխվում հասարակության զանազան խավերի և քաղաքացիական ու քաղաքական կազմակերպությունների կամ խմբավորումների գաղափարային, ծրագրային և պահանջատիրական գործունեության հետևանքով: Փոխարենը այն ձևավորվում է կլանային, քրեաօլիգարխիկ համակարգի օրենքներով ու կարգով, իշխող փոքրաթիվ խավի մեջ քրեական ու կլանային շահերի և պայմանավորվածությունների հիման վրա, որը, սակայն, արմատականորեն հակադրվում է «հանրային շահ» և «հանրօգուտ» հասկացությանն ու գործունեությանը: 

Հասարակությունը օտարված է հանրային կյանքից, պետության կառավարման և իշխանության ձևավորման ու ձևափոխման գործընթացներից, այդ իմաստով էլ վարչապետի կամ կառավարության, նախագահի և այլ պաշտոնների «գրավումը/օկուպացիան» ոչ լեգիտիմ կարգավիճակ է ստանում: Միայն հասուն, գիտակից ու ներգործուն քաղաքացիական գործոնների և գործունեության տևական զարգացմամբ ու հզորացմամբ հնարավոր կլինի ուժերի փոխհարաբերակցությունը ուղղորդել ի շահ հանրային շահի ու հանրօգուտ պետական քաղաքականության զարգացման՝ անընդհատ քաղաքական ու քաղաքացիական դաշտերից դուրս մղելով ու չեզոքացնելով քրեական ու օլիգարխիկ հակասահմանադրական դերակատարներին: Սա է երաշխիքը՝ ՀՀ ում սահմանադրական, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն ու կառավարման համակարգ ձևավորելու»,- ասաց Առաքելյանը: 

Նա ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանում քաղաքացիական հասարակության մոտ որոշ չափով ներգործուն զարգացում է արձանագրվում, և դրա անվան տակ, դա շահարկելով՝ քրեաօլիգարխիկ պայմանավորվածությունները իրականացվում են իշխող էլիտաների կողմից. «Բայց ես վարչապետի ու կառավարության փոփոխությունը ուղղակիորեն չեմ կապում՝ թեև զարգացող, սակայն դեռևս տկար քաղաքացիական հասարակության արդար ու անհրաժեշտ միտումների ու պահանջատիրության հետ»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է լինելու ոչ իշխանական չորս ուժերի՝ քառյակի համագործակցության հետ, արդյոք սրանով այդ համագործակցությունը փակուղի չի՞ մտնում. «Դժբախտաբար, քաղաքական ուժերն ու կուսակցությունները գաղափարականի ու սկզբունքայնության հիման վրա չեն զարգանում ու համագործակցում, դա հետկուլիսային, անհատական կլանային շահերի վրա է իրականանում: 

Ես վարչապետի փոփոխությունը որոշ չափով իշխող իշխանական ուժերի ու այլասերված էլիտաների կողմից խորամանկ քայլ և/կամ հետկուլիսային թաքուն, ստվերային համաձայնություն կորակեմ, որ այն պահանջատիրությունը և այն պլատֆորմը, որի շուրջ այդ ոչ իշխանականները հայտարարում էին ապրիլին ժողովրդին մոբիլիզացնելու մասին, որոշ չափով չեզոքացվեց և նաև հրաշալի առիթ ստեղծեց «դեժավյու»՝ արդեն բազմիցս տեսնված իշխանաբաշխության՝ հանրային հարստությունը միմյանց միջև բաշխելու հակասահմանադրական սցենարներին միևնույն քաղաքական ուժերի միջև, որ մերթ իշխանական կոալիցիաներ են կազմում, հետո, այսպես կոչված, ընդդիմադիրի կամ ոչ իշխանականի դեր խաղում՝ հանրային շահից, ժողովրդի շահից ու կամքից միանշանակ օտարված: Այս ամենը բնորոշում են ՀՀ ժողովրդի ու հանրության վստահությունը չվայելող օֆիցիալ քաղաքական դաշտը: 

Որոշ չափով Պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ քաղաքացիական հանրային մոբիլիզացման ու պայքարի ընթացքում մի կամուրջ ստեղծվեց քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի միջև, բայց թե դա ինչքան խորը արմատներ ունի՝ մշակութային, ինստիտուցիոնալ և համակարգային փոփոխությունների զարգացման իմաստով, մեծ հարցական է»: 

Քաղաքագետն ընդգծեց, որ քաղաքական ուժերի գործող ղեկավար կամ գլխավոր որոշում կայացնող անձինք նույնն են, որ այս վերջին 15 և ավելի տարիներին՝ պրոֆեսիոնալ և փորձի բերումով, իր գնահատմամբ՝ այդ ուժերի մտայնության և գործելաոճի մեջ արմատական դրական փոփոխություններ չեն եղել. «Հետևաբար չեմ կարծում, թե քաղաքական ուժերը իսկապես դրական փոփոխություններ են արձանագրել և ընդունակ են ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժ լինել և այդ իմաստով էական հեռանկար մատուցել հայ ժողովրդին ու ՀՀ հասարակությանը:

Իշխանական կամ ոչ իշխանական ուժերը, գոնե հասարակության հեռանկարային միտումների և ցանկությունների մեջ, իրենց կշիռն այդքան չեն բարձրացրել: Թեև կենսաթոշակային պայքարին մաս են կազմել, որոշ քայլեր են արձանագրել՝ հանրությանը և քաղաքացիական հասարակությանը հաշվի առնելու իմաստով, սակայն մինչև նրանք իրենց կազմակերպությունների ու կուսակցությունների ներքին համակարգում արմատական փոփոխությունների չգնան ու չվերանորոգվեն, ավելի ժողովրդավար, ավելի գաղափարական չդառնան և ողջամիտ ու հանրօգուտ գործունեություն չձեռնարկեն, արտաքին իմաստով նրանք չեն կարող հայ ժողովրդի՝ համազգային ու համապետական մակարդակներում լուրջ ու իմաստալից քաղաքական ուժ լինել, որոնց կարելի է համակրել, անդամակցել և հանրային վստահություն ունենալ»։ 

Մեր զրուցակիցն ընդգծեց նաև, որ ՍԴ ս.թ. ապրիլի 2-ի ոոշումը՝ ՀՀ կենսաթոշակային համակարգի հետ կապված, նախադեպ է առ այն, որ այդ ինստիտուտն իր առաքելությունը կատարեց իրական և ոչ ձևական իմաստով. «Այդ որոշումը ես ողջունում եմ, սակայն հասարակության և քաղաքացիական հասարակության մոտ անվստահություն և թերահավատություն կա, թե այս ամենը խաղ է: Այդուամենայնիվ, իրավական և սոցիալական ժողովրդավար պետություն կառուցելու իմաստով սա հիմնական նախադեպ է Հայաստանի համար: Իսկ նախադեպը կմնա բացառություն, եթե քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից լուրջ փորձ չարվի այն ընկալելի և մատչելի դարձնելու ժողովրդի համար ու բարձրացնելու ժողովրդի ինքնագիտակցությունը, հեղինակությունն ու ինքնորոշվածությունը, վստահելու իր անհատական ու հավաքական ուժին և իր անփոխարինելի դերն ստանձնի սեփական իրավունքների՝ թե՛ մարդկային և թե՛ ազգային, կենսագործման գործում, որ նա թոթափի վախի, ենթարկվածության, կրավորական դիտորդի ներկա իր կարգավիճակը և դառնա գիտակից, ակտիվ և հզոր քաղաքացիական ԳՈՐԾՈՆ, որի հետ հաշվի կնստեն իր անունից խոսող, իր անունից ֆինանսավորում ստացող կառավարական և ոչ կառավարական ՀԿ ինստիտուտները և կամ իրենց քաղաքացիական կամ քաղաքական ներկայացնող ուժերը, և որի շահերն ու հանրային շահը իրականում պաշտպանված կլինեն, քանզի նրա կամքով և ներգործուն մասնակցությամբ ու վերահսկողությամբ կձևակերպվեն հանրային ու հանրօգուտ օրակարգերը և դրանից բխող որոշումներն ու գործունեությունը»,- եզրափակեց նա:

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014