ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

12.11.2012 -Վերլուծական. Երևանում բակային հանրային տարածքի պաշտպանություն

 
 
Վերլուծական. Երևանում բակային հանրային տարածքի պաշտպանություն

Երևանի կենտրոնում, Կասկադ համալիրի աջ կողմում գտնվող բակային հանրային տարածքի պահպանությունը, որպեսզի այն չդառնա հերթական խառիխուռն շինություններով ու կանաչազուրկ տարածք, սկսում է 2007թ-ից։ Այս բակային տարածքը գտնվում է Մաշտոցի 39/12, Թումանյան 1 և 2 բազմաբնակարան շենքերի միջև՝ Մաշտոցի պողոտայի ու Մոսկովյան փողոցների անկյունային մասում։ Այս բակային տարածքը Երևանի այն հազվագույտ տեղերից էր, որտեղ որևէ շինարարություն չէր կատարվել, որը կանաչապատ էր, ծառերը չէին հատվել ու որոշ չափով բնակիչները խնամում էին բակը։ 2007թ-ին Հայաստանի Էլեկտրական Ցանցեր (ՀԷՑ) ռուսական մասնավոր ընկերությունը որոշեց այս բակում կառուցել Էլեկտրաէներգիայի բաշխիչ կայան՝ ենթակայան։ Այն կառուցվելու էր բակի կենտրոնում, զբաղեցնելու էր շուրջ 100 քմ տարածք, իսկ անվտանգության գոտին ավելի քան 400 քմ էր լինելու: Արդյունքում բակը դադարելու էր լինել կանաչապատ և հանրային տարածք: Կասկածներ կային, որ այս շինարարությունը առիթ կհանդիսանա հետագայում նաև այլ շինարարական աշխատանքներ սկսելու համար: Կար նաև անվտանգության խնդիր. ենթակայնի արձակած մագնիսական ճառագայթման հետևանքով առողջապահական իմաստով բակում լինելը վտան կներկայացներ:

Ենթակայան կառուցելու համար հողահատկացման թույլտվությունը ՀԷՑ-ը ստացել էր դեռևս 2004թ-ին Երևանի քաղաքապետի կողմից: Քաղաքապետի որոշման համար հիմք էր հանդիսացել ՀԷՑ-ի և ՀՀ Կառավարության միջև ստորագրված ներդումային պայմանագիրը, որով ընկերությունը պարտավորություն էր ստանձել վերազինելու բոլոր ենթակայանները, դրանք հանելու բազմաբնակարան շենքերի միջից և բնակելի շենքերից դուրս տեղադրելու։ 2007թ-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլտվություն էր տրամադրել ՀԷՑ-ին իր հերթական ներդրումային տարում այս 3 շենքերի համար ենթակայան կառուցելու ու վերազինելու։ Այս ամենի մասին բազմաբնակարան շենքի բնակիչներն իմացան այն ժամանակ, երբ շինարարական ընկերութունը սկսեց բակում կատարել առաջին չափումները՝ շինարարությունը սկսելու համար։ Բնակիչների մի փոքր խումբ փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում և աջակցության համար դիմեց ՄԻԺԻ ոչ կառավարական կազմակերպությանը ։

ՄԻԺԻ-ին դիմելը պատահական չէր, քանի որ այդ նույն ժամանակահատվածում այս բազմաբնակարան շենքի բնակիչներից մեկը, ով ՄԻԺԻ-ի անդամներից էր, հաշվետվության ու վերահսկողության պահանջ էր ներկայացրել իրենց բազմաբնակարան շենքը կառավարող «Կենտրոն» համատիրությանը: Գործընթացին միացել էին նաև որոշ թվով այլ սեփականատեր ու բնակիչներ, և ՄԻԺԻ-ն օգնում էր կազմակերպելու պայքարը իրավական ու քաղաքացիական սկզբունքների համաձայն, ներկայացնում էր հայցվոր սեփականատիրոջը դատարանում և այլն: Շենքերի մասնակցային կառավարման հարցը քննարկելիս, բնակիչները նաև քննարկել էին իրենց ընդհանուր բակի պահպանման ու բարեկարգման, այլ ավելի լավ հանգստյան տարածք դարձնելու տեսլականը: Ուստի երբ առաջ եկավ բակում անցանկալի շինարարության խնդիրը, բնակիչներն այդ հարցում նույնպես դիմեցին ՄԻԺԻ-ին։

Բնակիչները վրդովված էին, որ իրենք չեն մասնակցել ու տեղյակ չեն եղել իրենց բակի մասին կայացված որոշումից։ Սկզբում քննարկվեց դատարանում քաղաքապետի որոշումը վիճարկելու տարբերակը, սակայն որոշման ընդունումից անցել էր արդեն շուրջ 4 տարի, և դատարան դիմելու բոլոր հնարավոր ժամկետները սպառված էին։ Իրավիճակին ավելի լավ տիրապետելու և խնդրի մանրամասներն ավելի լավ հասկանալու նպատակով բակիչների անունից նամակներ և դիմումներ ուղարկվեցին ՀՀ Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, ՀԷՑ-ին ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ պահանջելով տրամադրել ավելի մանրամասն տեղեկատվություն, դադարեցնել շինարարական աշխատաքները և բնակիչների հետ միասին այլ տարբերակներ քննարկել, ինչպես օրինակ ստորգետնյա ենթակայան կառուցելու տարբերակը։ Երևանի քաղաքապետարանը պատասխանեց, որ իրենք իրականացրել են ՀՀ Կառավարության որոշումը և չեն պատրաստվում որևէ հարց քննարկել բնակիչների հետ։  ՀԷՑ-ից հայտնեցին, որ իրենք չեն կարող այլ տեսակի գծագրում իրականացնել, քանի որ իրենց ներդումային ծրագրով նախատեսված գումարը բավարար է միայն այդ տարբերակի համար, իսկ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձանժողովին հետաքրքրեց ստորգետնյա ենթակայան ունենալու հեռանկարը և նույնիսկ մի քանի համատեղ այցեր կատարվեցին Հյուսիսիային պողոտա՝ ուսումնասիրելու համար այնտեղի ստորգետնյա ենթակայանները և հասկանալու համար, թե արդյոք այդ նույն մոդելը հնարավոր է կիրառել վերոնշյալ բակում: Աակայն վերջում հանձնաժոովը հայտարարեց, որ այս տարվա ներդրումային ծրագրով հնարավոր չի լինի այլ ֆինանսավորում ավելացնելու և ստորգետնյա ենթակայանի տարբերակը գուցե քննարկվի հետագայում կառուցվելի, բայց ոչ այս ենթակայանի համար։

Այս ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ բակի 3 շենքերի բնակիչների հետ՝ ավելի շատ մարդկանց ներգրավելու ու մասնակից դարձնելու նպատակով: Բնակիչների հետ համատեղ ձևակերպվեցին պահանջները՝ շինարարությունը պետք է դադարեցվի, իսկ ենթակայանը չի կարող լինել վերգետնյա ու խաթարել բակի ներկա տեսքը. կամ պիտի կառուցվի ստորգետնյա ենթակայան, կամ էլ հզորացվի շենքերից քիչ հեռու գտնվող հին ենթակայանը։

Պայքարի ընթացքում, մինչ ընթանում էին պաշտոնական մարմինների հետ բանակցությունները, փորձ արվեց այս պայքարի մեջ ներգրավել սպառողների շահերը պաշտպանող, բնապահպանական, շահերի պաշտապանությամբ զբաղվող  կազմակերպությունների, բնապահպանական ակտիվիստական խմբերի ու ԶԼՄ-ների։

Պաշտոնական մարմինների պատասխաններից նաև պարզ դարձավ, որ նախատեսվող ենթակայանը չի կառուցվում միայն այս 3 շենքերի համար, դրանից կարող են օգտվել նաև այլ բաժանորդներ ու այն դառնալու է էլէկտրաէներգիայի բաշխման մի նոր հզոր կետ։ Չնայած բնակիչների անընդհատ դիմումներին ու բողքներին, շինարարական աշխատանքները սկսվում էին:

Կրկին անգամ բնակիչները դիմեցին պատկան մարմիններին ու ՀԷՑ-ին, արդեն սկսվող հողաշինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով՝ մինչև հնարավոր լինի միասնական ու փոխզիջումային լուծում գտնել։ Երևանի քաղաքապետին ուղղված էր նաև պահանջ, որ նա չեղյալ հայտարարի 2004թ-ի հողահատկացման որոշումը: Այս վերջին դիմումին քաղաքապետարանը որևէ ձևով չպատասխանեց և միայն բանավոր կարգով, մի շարք աշխատողների միջոցով հայտնեց իր կարծիքը՝ թե սա ՀԷՑ-ի ու բնակիչների խնդիրն է ու թող միասին լուծեն այն: Այդ նույն ժամանակ, տարբեր տեղական ազդեցություն ունեցող քրեական տարրեր սկսեցին բնակինչերի վրա ճնշումներ բանեցնել ու ահաբեկել առավել ակտիվ պայքարողներին, որոնք հիմնականում տարեց կանայք էին։ Իսկ ՀԷՑ-ը պատասխանում էր, որ ինքը պատրաստ է այլ տեղ կառուցել ենթակայանը, եթե քաղաքապետարանը տեղ տրամադրի, սակայն ստորգետնյա ենթակայան կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունի, իսկ կողքի ենթակայանը հզորացնելու դեպքում նույնպես մալուխային ցանցը երկարելու է կրկին  ֆինանսական խնդիրներ են առաջանալու։ Բնակիչներն այս ամենին ի պատասխան նշեցին, որ նախկին ենթակայանի տարածքը, որն ազատվելու է նորի տեղադրումից հետո, կարող են վաճառվել և փակել ֆինանսների պակասը, իսկ քաղաքապետին կրկին դիմում-պահանջ ներկայացվեց՝ պատասխանելու իրենց նամակին և անվավեր ճանաչելու իր 2004թ. որոշումը։

Քաղաքապետարանը հրաժարվում էր կատարել բնակիչների պահանջը։ Շինարարությունը ողջ թափով սկսվեց, բնակիչները դեռևս դիմում էին պատկան մարմիններին որոշումը փոխելու պահանջով, օգտագործում այլ ճնշման գործիքներ՝ նամակներ էին ուղղարկվել ՀՀ Կառավարություն, Ազգային Ժողովի նախագահի վերահսկողական ծառայություն և այլ հնարավոր պատկան մարմիններ, որոնք որևէ կերպ կարող էին առնչվել այս հարցին։ Հասկանալով, որ այս ամենը չի օգնում, բնակիչները սկսեցին ուղիղ քաղաքացիական գորոծղություններ անել, օրինակ, գիշերը հետ էին լցնում ենթակայանի հիմքի համար փորված հողը, քանդում էին շինարարությունն ապահովող ցանկապատերը, մեքենաներով ժամանակավոր փակում էին բակի մուտքերը, դուրս էին գալիս բակ ու խանգարում շինարարաներին իրենց աշխատանքները կատարելիս: Սակայն այս ամենը չէր կատարվում կազմակերպված ու հետևողական ձևով, ու նաև փորձ էր կատարվում թաքցնել կառուցողներից, թե ով է արել այս ամենը։ Շինարարությունն անխափան դարձնելու համար ՀԷՑ-ը այս ամենի մեջ ներգրավվեց ոստիկանական հատուկ ջոկատայիններին, ովքեր գալիս ու շրջափակում էին շինարարական տարածքը բնակիչներից, թույլ չէին տալիս, որ վերջիններս խանագարեն շինարարության ընթացքին։

Այս լարված վիճակն իր հանգուցալուծումը սկսեց ստանալ այն պահից, երբ շինարարները որոշեցին սկսել հիմքի լցման աշխատանքները և վերջնական փոսորակը փորելու համար ավելի մեծ տեխնիկա փորձեցին մտցնել բակ: Այս անգամ բնակիչներն ուղղակի թույլ չտվեցին, որ տեխնիկան բակ մտնի ու նստեցին տրակտորների առաջ: Ոստիկանությունը փորձեց հեռացնել բնակիչներին, սակայն չկարղացավ հիմնավորել իր գործողությունները: Բացի այդ, բակի իրադարձությունները հանրային իմաստով այնպիսի արձագանք էին ստացել, որ կառուցապատողները ստիպված եղան դադարեցնել շինարարությունը, բակից հանել տեխնիկան ու հեռանալ։ Այդ օրը բնակիչներն իրենց ուղիղ քաղաքացիական գործողությամբ հասկացրեցին բոլորին, որ իրենք լուրջ են տրամադրված, չեն զիջելու ու հետևողականորեն պայքարը շարունակելու են։ Քանի որ քաղաքապատերանը շարունակում էր լռել ու չէր պատասխանում բնակիչների պահանջներին, որպես վերջին ատյան, հրապարակային նամակ ուղղվեց ՀՀ նախագահին, որտեղ պահանջը մեկն էր՝ որ նա վերահսկի իր նշանակած պաշտոնյանների աշխատանքը և ստիպի նրանց պատասխան տալ բնակիչների պահանջին՝ դրական, թե բացասական (2007թ-ին Երևանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի չէր, այլ նշանակվում էր նախագահի կողմից)։ Մի քանի օր անց Երևանի քաղաքապետն արձագանքեց, փոխեց հողահատկացման որոշումը և արգելեց բակում որևէ տեսակի շինարարություն, իսկ ենթակայանի հարցը լուծվեց հարակից հին ենթակայանի վերզինման ու վերկառուցման միջոցով։ Մինչև այսօր այդ բակային տարածքը մնացել է կանաչապատ հանրային տարածք, ավելին, քաղաքային իշխանությունների կողմից ներկայացվում է որպես օրինակելի բակի նախագիծ։

 
Հիմնախնդիրը և նպատակները 

Բակի պահպանության ժամանակ բնակիչների կողմից ձևակերպվել էին հետևյալ հիմնախնդիրները.
Իրենք մասնակից չեն եղել ու օտարված են եղել իրենց բակի ու էլէկտրաէնէրգիայի մատակարարման հետ կապված որոշումների կայացման գործընթացից։
Պատկան մարմինները չէին տրամադրում պատշաճ տեղեկատվություն և անտարբերություն էին ցուցաբերում բնակիչների պահանջի նկատմամբ: Քաղաքապետարանը մինչև վերջ հրաժարվում էր գրավոր տեղեկատվություն տրամադրել ու հիմնավորել իր գործողությունները։
Տնտեսական ու մասնավոր շահը վեր էր դասվում հանրային ընդհանուր շահից: Այս դեպքում բակի հանրային կանաչապատ տարածքը տրամդրվում էր մասնավոր շահույթ ստացող ընկերությանը իր շահաույթներն ավելացնելու համար։
Երևանում գնալով պակասում են կանաչապատ տարածքները, դրանք պետք պահպանել, այլ ոչ թե ոչնչացնել։

Որպես նպատակ դրվեց. դադարեցնել շինարարական աշխատանքները, փոխել հողահատակցման մասին քաղաքապետարանի որոշումը, բարեկարգել ներբակային տարածքը, ոռոգման համակարգ անցկացնել այնտեղ, լուսավորել տարածքը, վերանորոգել բակային ճանապարհները և հանրային կանաչ տարածքի տնօրինումը հանձնել բնակիչներին։

Այս նպատակներից իրականացվեցին հետևյալները` դադարեցվեց շինարարությունը, չեղյալ հայտարարվեց հողահատկացման որոշումը, անցակցվեց ոռոգման համակարգ, բակի ճանապարհները վերանորոգվեցին, լուսավորություն անցակցվեց: Սակայն բակի ընդհանուր բարեկարգում չիրականացավ, իսկ տնօրինումը չհանձնվեց բանկիչներին։

Միայն 4 տարի անց, 2012թ-ին (Թռչկան ջրվեժի և Մաշտոցի պուրակի պայքարիներից հետո) բակը վերջնականորեն բարեկարգվեց ու ամռանը քաղաքապետարանի կողմից կազմակերպվեց բակի բացումը՝ որպես Երևանի օրինակելի բակ։

Ինչ ռազմավարություններ են ձևակերպվել և իրագործվել և ինչպես 

Բակի պաշտպանության համար օգտագործված ռազմավարությունները երեքն էին։
Առաջինը շահերի պաշտպանության միջոցների ու գործիքների օգտագործումն էր, որը ենթադրում էր օգնել բնակիչներին՝ ձևակերպելու իրենց պահանջներն ու բողոքները, ներկայացնել դրանք որոշում ընդունողներին, ձեռք բերել համապատասխան տեղեկատվություն, ներգրավել հանրության այլ շահագրգիռ խմբերի և այլն։ Այս ռազմավարության շնորհիվ հնարավոր եղավ ստանալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, ստեղծել պայքարի համար համապատասխան իրավական բազա, հստակ ձևակերպել լուծման հնարավոր ուղիները և բնակիչների սկզբունքային պահանջները, ու այնուհետև դրանք հասանելի դարձնել հանրությանը և փորձել խնդիրը դարձնել հանրային օրակարգի առարկա։ Վերը նշված նվաճումները, սակայն, չփոխեցին ուժերի հարաբերությունն այնպես, որ քաղաքապետարանը փոխի իր որոշումն ու կատարի բնակիչների պահանջները:
Երկրորդ ռազմավարական ուղղությունը բնակիչների հետ տարված աշխատանքն էր և հանրային կրթական գործընթացը, որի արդյունքում բնակիչների մի փոքր խումբը որոշ ժամանակ անց համախմբեց ավելի մեծ թվով բնակիչների՝ տարբեր մասնագիտությունների, կրթության ու սոցիալական դիրքի անձանց, ովքեր կարողացան ազատվել իշխանությունների նկատմամբ վախից, կոտրել անտարբերությունը, կարևորել իրենց արածը և իրենց ձեռքը վերցնել իրենց հանրային կյանքին վերաբերվող որոշումների կայացումը: Այս կրթական գործընթացը կատարվել է անհատական զրույցների, հանդիպումների, կոնկրետ գործողությունների ժամանակ օրինակ ծառայելու ճանապարհով։ Այս ռազմավարությունն օգնեց, որպեսզի բնակիչները կարողանան միասնական ձևավորել իրենց հավաքական պահանջը և պատրաստ լինեն կատարելու ուղիղ քաղաքացիական գործողություն, որն էլ օգտագործված երրորդ ռազմավարությունն է:
Ուղղակի գործողության կամ քաղաքացիական անհնազանդության ռազմավարությունը ցույց տվեց բնակիչների կամքը և վճռականությունը, իրենց իրավունքները պաշտապանելու հաստատակամությունը, որն էլ ի վերջո ստիպեց համապատասխան պատկան մարմիններին փոփոխելու իրենց որոշումները։ Սա առաջին դեպքերից էր, երբ հանրության մի փոքր խումբ, լինելով հստակ կազմակերպված, հստակ իր պահանջը ձևակերպած լինելով՝  իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով, ոչ բռնի պայքարի միջոցով կարողացավ համակարգին պարտադրել, որ այն պահպանի հանրային շահը և իրականացնի իրենց տրված լիազրությունները։

Հետագայում քաղաքացիական անհնազանդության և ուղղակի գործողության ևս մի քանի դեպքեր տեղի ունեցան Երևանում: Իսկ արդեն 2011թ. Թռչկանի պայքարում և 2012թ. Մաշտոցի պուրակում պայքարի այս ձևն ավելի կատարելագործվեց և փաստեց, որ այս համակարգում հարցերի լուծման համար քաղաքացիական անհնազանդությունը, իհարկե այլ ռազմավարությունների հետ զուգորդված, ամենաարդյուավետ միջոցն է ուժերի հարաբերությունը փոխելու, քաղաքացիների իրավունքներն պաշտպանելու ու հանրային շահը և կենսագործելու համար։

Ռազմավարական իմաստով կարևոր է նաև նշել, որ բակային հանրային տարածքի պաշտպանության պայքարն ընթանում էր 2007թ. խորհրդարանական և 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակահատվածում: Այս շրջանում, բարձրաստիճան օղակները և պաշտոնյաներն ավելի շատ զբաղված էին սեփական աթոռների ապագայով և խուսափում էին ավելորդ խնդիրներից ու վատ հանրային կերպար ձեռք բերելուց: Ուստի նրանք հակված էին զիջելու այս պայքարում, որպեսզի դա չխանգարի իրենց ավելի լուրջ գործերին ու պաշտոններին:


Ինչ հասարակական-քաղաքացիական խմբեր և անհատներ են համախմբվել նախաձեռնությունում, ինչ մեխազնիզմներով են նրանք աշխատել ու կազմակերպվել

Պայքարող կորիզը բակին հարակից բազմաբնակարան շենքի բնակիչներն էին, ովքեր հին Երևանցիներ էին, իրենց տները ժառանգել էին ծնողներից, ունեին այդ տարածքի հետ կապված հիշողություններ և հոգևոր կապ, ցավում էին քաղաքի և իրենց բակի ապագայի համար: Ավելի անուղղակի կերպով պայքարին մասնակցեցին նաև բնապահպանական հասարակական կազմակերպությունները և ակտիվիստիկան խմբերը, քանի որ բակում ոչնչացման ենթակա էր մի ստվար կանաչապատ հատված:

Կարևոր դեր ունեցավ ՄԻԺԻ ոչ կառավարական կազմակերպությունը, որն այս պարագայում ոչ միայն աջակցում էր բնակիչներին, այլ ուղղակի ընդգրկված էր պայքարում, մասնակցում էր բոլոր ակցիաներին ու գործողություններին, և ավելին,   կարելի է ասել ուղղակի գործողությունները հնարավոր եղան հիմնականում ՄԻԺԻ-ի ակտիվիստների անմիջական օրինակի արդյունքում: Բնակիչները, ոստիկանության, քաղաքային իշխանությունների և շինարարական ընկերության հետ իրենց վարքագծում օրինակ էին վերցնում ՄԻԺԻ-ի ակտիվիստներից։

Այս գործընթացում ընդգրկված էին նաև տարբեր պատկան մարմիններ՝ Երևանի քաղաքապետարանը, Կենտրոն թաղապետրանը, ՀՀ կառավարությունը, Նախագահը, Բնապահպանության, Քաղաքաշինության և էներգետիկայի նախարարությունները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ոստիկանությունը և այլն։ Շատ դեպքերում պայքարի գործողությունները կառուցվել են այս պատկան մարմինների հակասությունների ու նաև բնակիչների նկատմամբ եղած համակրանքի վրա։

Ընդհանրացնելով, կարելի է ասել, որ հիմնականում կար երկու խումբ՝ բնակիչներ ու պատկան մարմիններ. մյուս հանրային գործոնները քիչ ազդեցություն են ունեցել գործընթացի վրա:

Կազմակերպչական հարցրեը լուծվել են հանդիպումների միջոցով. բակում կազմակերպվում էին ժողովներ ու հանդիպումներ, որտեղ բաց և թափանցիկ կերպով քննարվում էին հարցերը: Ժողովները բաց են եղել բոլորի համար և որոշումների կայացումը եղել է մասնակցային: Բացի այդ, ավելի ակտիվ կորիզը ժամանակ առ ժամանակ գրավոր հաշվետվություններ ու պլանավորումներ էր պատրաստում և տարածում բնակիչների շրջանում կամ փակցնում շենքերի մուտքերում, ինչը բոլորովին նոր մշակույթ էր: Կարելի է ասել, որ այն ժամանակվա հանրային գործընթացների առումով գործընթացը եղել է առավելագույս բաց, թափանցիկ ու հաշվետու։


Ինչ արդյունքներ են ձեռք բերվել և ինչ ազդեցություն է ունեցել այս պայքարը հետագա  քաղաքացիական ու հանրային կյանքում 

Բակի պահպանությունը ցույց տվեց, որ տեղական մակարդակում հնարավոր է լինում ձևակերպել հավաքական նպատակ ու պահանջ շատ կոնկրետ հարցերի վերաբերյալ, և այդ հարցերը հիմնականում հանրային տարածքներն են ու հանրային սեփականությունը, իսկ դրանք էլ կապվում են ընդհանուր սոցիալական արդարության հետ։

Հնարավոր եղավ փաստել, որ կան բաներ, որոնց նկատմամբ մարդիկ անտարբեր չեն ու դեռևս կարողանում են ուժ գտնել ու պայքարել, ու դա հնարավոր է լինում, եթե լինում է մի խումբ որը կարողանում են օրինակ ծառայել մնացած մասնակիցների համար։ Այս պայքարի ժամանակ բնակիչները տեսնում էին, թե ինչպես են ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչները շատ պահանջատիրական ու իրավունքի գիտակցությամբ խոսում պատկան մարմինների, ոստիկանության ու մասնավոր ընկերությունների հետ, տեսնում էին, որ պահանջատիրական ձևով խոսելով նրանց հետ ոչինչ չի պատահում (դատաստանի իմաստով) և մյուս անգամ իրենք էլ ավելի վստահ էին կարողանում նույն հարցրեը ձևակերպել ու ներկայացնել այլ կողմերին։

Բակի պահպանության ժամանակ օգտագործված մեթոդներն ու գործիքները փաստեցին, որ եթե ռազմավարական իմաստով խնդիրները ճիշտ են ձևակերպված, նպատակները ունեցած ռեսուրսների համեմատ հասանելի են, գործողությունները կազմակերպված են, ապա այն ինչ անհնար էր թվում, կարող է հնարավոր դառնալ։ Հայաստանում ընդունված կարծիք է, որ հայերն ինքնաբուխ են, որ քաղաքացիական պայքարը պետք չէ պլանավորել, սակայն այս բակի պատմությունը ցույց տվեց հակառակը, որ հենց կազմակերպված պայքարը, նույնիսկ փոքրաթիվ ռեսուրսներով հասնում է հաջողություն։

Առկա էին շահերի պաշտպանության ոլորտի գործիքներ ու մեթոդներ և դրանք կիրառելու հմտություն, կար բնակիների վճռականությունը՝ տեր լինելու իրենց բակին ու հանրային տարածքին, և կար մարդկանց խումբ, որն օրինակ էր ծառայում այս պայքարի ժամանակ։ Հնարավոր եղավ ստեղծել մի համալիր մեթոդ, որն իր մեջ ներառում էր տարբեր ռազմավարություններ, գործիքներ ու տարբեր շահեր, բայց ճիշտ ու կազմակերպված տնօրինելու պարագայում դրանով հանարավոր է լինում ձևավորել ուժ, որը կարողանում է Հայաստանում տիրող քրեաօլիգարխիկ համակարգի պարագայում քաղաքացիական ու իրավական ճանապարհով պարտադրել իրեն շահավետ որոշումներ։

Բակի պատմությունը նաև ցույց տվեց, որ ոչ կառավարական կազմակերպությունները զուտ շահերի պաշտպանության գործիքները և ռազմավարություններն օգտագործելով չեն կարող ներկա համակարգում հասնել իրական արդյունքների և նրանք պետք է կարողանան աշխատել հանրության հետ՝ հանրության խմբերին հզորացնելու և կրթելու ճանապարհով. սա մի դաս է, որը հայաստանյան շատ ոչ կառավարական կազմակերպություններ դեռևս չեն քաղել։


Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ)
Երևան, նոյեմբեր 2011թ.
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014