ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

12.11.2012 -Վերլուծական. Ժամանակավոր անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանություն

 
 
Վերլուծական. Ժամանակավոր անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանություն

Նախապատմությունը և ընթացքը

2010թ. դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը: Այն փոխարինելու եկավ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերի պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» օրենքին, որը շարունակելով դեռևս խորհրդային ժամանակներում ձևավորված ավանդույթը` հղիության և ծննդաբերության ժամանակավոր արձակուրդի 140 օրերի ընթացքում յուրաքանչյուր կնոջ փոխհատուցում էր արձակուրդին նախորդող վերջին երեք ամիսների ընթացքում իր միջին աշխատավարձի 100%-ի չափով` առանց հարկելու և պահումներ կատարելու: Նոր օրենքով, սակայն, 100% փոխհատուցումը նպատակահարմար էր համարվում միայն ՀՀ նվազագույն աշխատավարձի հնգապատիկից քիչ (մինչև 150.000 դրամ) վաստակող կանանց համար, իսկ ավելի շատ վաստակող կանայք պիտի փոխհատուցվեին միայն նվազագույն աշխատավարձի հնգապատիկին համարժեք: Օրենքն այդուհետ հարկելու է նաև մայրերին տրամադրվող նպաստները` դրանով իսկ նվազեցնելով հղիության և հետծննդաբերական շրջանի արձակուրդում գտնվող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եկամուտները: Օրենքի փոփոխություններից մասնավորապես տուժելու էին այն կանայք, ովքեր իրենց կրթության վրա ներդրում էին կատարել, մասնագիտական իմաստով հիմնականում կայացել էին և 150.000 դրամից ավելի էին վաստակում:

Այս ամենն, ընդ որում, տեղի էր ունենում մի երկրում, որտեղ 2009թ-ին ընդամենը 0.2% ժողովրդագրական աճ է գրանցվել, որն ընդգրկված է նվազող բնակչություն ունեցող աշխարհի 22 պետությունների շարքում և հանդիսանում է արտագաղթի երկիր:

Օրենքի փոփոխություններն ընդունվել էին առանց հանրային քննարկումների, և հանրության լայն շրջանակները դրանց մասին իմացան միայն այն ժամանակ, երբ օրենքը բոլոր 3 ընթերցումներով Ազգային Ժողովում հապճեպորեն ընդունվելուց հետո ներկայացվել էր Նախագահի ստորագրության համար: Շահագրգիռ հանրությունը որոշակի տեղեկություն էր ստացել օրենքի մասին երկրորդ ընթերցումից հետո Առավոտ թերթում տպագրված հոդվածից: Այդ հոդվածին հաջորդել էր մի շարք հասարակական կազմակերպությունների նամակը` ուղղված ՀՀ Նախագահին, որին տրվել էր օրենքի անհրաժեշտությունը հիմնավորող անհեթեթ պատասխան:

Հարկ է նշել, որ օրենքը վերաբերվում էր ոչ միայն հղիության և հետծննդաբերական արձակուրդին, այլ բոլոր այն դեպքերին, երբ քաղաքացին ժամանակավորապես անաշխատունակ է, օրինակ` հիվանդության պատճառով: Սակայն պայքարը պիտակավորվեց որպես հղիների պայքար, քանի որ հիմնական պայքարողները երիտասարդ կանայք էին, այդ թվում հղի կանայք, ովքեր տուժելու էին այդ օրենքի հետևանքով:

Նախաձեռնող խմբի անդամները պնդում էին, որ օրենքի նման փոփոխությունը կդրդի բարձր որակավորում ունեցող կին մասնագետներին կա՛մ լքել Հայաստանը, կա՛մ ձեռնպահ մնալ երեխաներ ունենալուց: Նրանք հավաստիացնում էին, որ վերոնշյալ օրենքով մի խումբ իրավական ակտեր են խախտվել։ Մասնավորապես՝ խախտվել էր Հայաստանի կողմից ստորագրված Սոցիալական խարտիայի 8-րդ հոդվածը, որով աշխատող կանայք ծննդաբերությունից առաջ և հետո ապահովվում են առնվազն 14 շաբաթյա վճարովի արձակուրդով (Հայաստանի Աշխատանքային օրենսգրքով այդ արձակուրդը կազմում է 140 օր կամ 20 շաբաթ): Խախտվել էր նաև Սահմանադրության 35-րդ հոդվածը, որով յուրաքանչյուր կին հղիության շրջանում վճարովի արձակուրդի իրավունք է ստանում։

Նախաձեռնող խմբի անդամները կազմակերպեցին համակարգված միջոցառումների շարք, որը բաղկացած էր բողոքի ակցիաներից, մամլո ասուլիսներից, նրանք նամակներ հղեցին և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներին, լայնորեն ներգրավեցին լրատվամիջոցներին և հասարակական ակտիվ խմբերին:

Ի վերջո, մի քանի ամիս տևած պայքարն ավարտվեց հաղթանակով։ Հասարակական ճնշման արդյունքում` 2011 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը սկսեց օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ մշակել` ներգրավելով նաև շահագրգիռ հանրությանը, իսկ փետրվարի 24-ին Կառավարությունը որոշեց անհետաձգելի կարգով Ազգային Ժողով ներկայացնել օրենսդրական փոփոխություն, որով վերականգնվում էին ժամանակավորապես անաշխատունակ բոլոր անձանց նպաստներն այն չափով, ինչ եղել են մինչև 2010 թվականի դեկտեմբերի 1-ը։ Սակայն նպաստները հարկելու մասին դրույթը պահպանվեց:


Հիմնախնդիրը և նպատակները 

Պայքարի սկզբում ձևակերպվեցին հետևյալ երկու հիմնախնդիրները`

1.  Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամ է ապրում արտագաղթի և ծնելիության ցածր տեմպերի պատճառով, իսկ ՀՀ իշխանությունները, փոխանակ ծնելիությունը խթանելու, այս օրենքով է՛լ ավելի է նպաստում վերջինիս անկմանը:

2. Խախտվում է կամ խտրական կերպով է կիրառվում կանանց` հղիության շրջանում վճարովի արձակուրդից օգտվելու սահմանադրական իրավունքը:

Նախաձեռնության հիմնական նպատակն ու պահանջն էր` անհապաղ վերանայել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հաշվարկման կարգը և այն համապատասխանեցնել նախկինում գործող` «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգին: Այն է` հղիության և հետծննդաբերական շրջանի արձակուրդում գտնվող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու փոխհատուցել իր աշխատավարձի 100%-ի չափով` առանց հարկելու և պահումներ կատարելու:

Պայքարը մեծ մասամբ հասավ նպատակին: Օրենքը դարձյալ փոփոխվեց և հաստատվեց, որ յուրաքանչյուր քաղաքացի ժամանակավոր անաշխատունակության արձակուրդի շրջանում հատուցվելու է իր ամբողջ աշխատավարձի չափով: Սակայն նպաստները հարկելու մասին դրույթը պահպանվեց:

 
Ինչ ռազմավարություններ են ձևակերպվել և իրագործվել և ինչպես 

Այս պայքարի ընթացքում հիմնական ռազմավարությունը հանրային կարծիքի միջոցով ճնշում գործադրելն էր Կառավարության և Ազգային Ժողովի վրա, որպեսզի վերջիններս վերանայեն օրենքը: Ընդ որում, խումբը պայքարում էր` փոխելու արդեն ուժի մեջ մտած օրենքը, քանի որ ավելի վաղ փուլերում օրենքի փոփոխությունների մասին հանրային տեղեկատվություն չէր շրջանառվել և փոփոխություններն ընդունվել էին առանց հանրային քննարկումների:

Պայքարը «պիտակավորվեց» որպես հղիների պայքար, ինչը նախաձեռնող խմբին մեծ առավելություն էր տալիս, քանի որ հանրային ընկալման մեջ հղիները խոցելի կերպար ունեն, վայելում են հասարակության համակրանքն ու հոգատարությունը: Չնայած իրականում պայքարող կանանց առավելապես մտահոգում էր հղիության հետ կապված նպաստների կրճատումը, ու չնայած հղի «պիտակը» տվյալ պայքարի շրջանակներում նպաստավոր էր խմբի անդամների համար, սակայն խմբի անդամները միտումնավոր փորձում էին շեշտել, որ իրենք պայքարում են ժամանակավոր անաշխատունակ յուրաքանչյուր մարդու իրավունքի համար: Լրատվամիջոցները, սակայն, ըստ էության խնդիրը պարզ ներկայացնելու համար այն պիտակեցին հղիների պայքար, որը ակամայից խմբի համար նպաստավոր էր:

Մյուս կողմից, հղիների պայքար և հիմնականում կանանց պայքար լինելու խոցելի կողմն այն էր, որ Հայաստանի հասարակության պատրիարխալ ընկալումներում կանայք, առավել ևս հղիները հակված են էմոցիոնալ, չհիմնավորված և ոչ ռացիոնալ պահանջներ ներկայացնելու: Ուստի նախաձեռնող խմբի մարտահրավերներն էր` բազմակողմանի և հիմնավոր փաստարկներով ամրապնդել խմբի պահանջը, ստիպել պատկան մարմիններին լրջորեն ընդունել խմբի անդամներին և հավասար բանավեճի մեջ մտնել նրանց հետ:

Վերը նշված հիմնական ռազմավարության շրջանակում իրականացվեցին հետևյալ գործողությունները:

- Կատարվեց օրենքի վերլուծություն, մանրամասնորեն ներկայացվեցին ընդունված օրենքի բացերը, կետ առ կետ ներկայացվեցին օրենքի փոփոխության պահանջները` համապատասխան հիմնավորումներով:

- Այս հիմնավորումներով նամակներ ուղղվեցին ՀՀ Կառավարությանն ու  Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին: Հարկման կարգի մասին պարզաբանումներ ներկայացնելու պահանջով նամակ ուղղվեց նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտե:

- Կազմակերպվեցին ասուլիսներ, նախաձեռնող խմբի առաջարկներն ու գործողությունների մասին տեղեկատվությունը պարբերաբար ուղարկվում էր լրատվամիջոցներին: Մինչ այն պահը, երբ Վարչապետը հանձնարարեց սոց.ապ. նախարարին օրենքի վերանայման աշխատանքներ սկսել, այս հիմնախնդրով հետաքրքրված էին միայն էլեկտրոնային լրատվամիջոցները և արդեն փակման եզրին գտնվող ԱԼՄ հեռուստաալիքը, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանը: Վարչապետի հանձնարարականից հետո միայն դրանով հետաքրրվեցին Հ1-ը, Երկիր մեդիան և այլ լրատվամիջոցներ: Կազմակերպվեցին մի շարք հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, բազմաթիվ հոդվածներ հրապարակվեցին էլեկտրոնային մամուլում, լայնածավալ քննարկումներ տեղի ունեցան սոցիալական կայքերում:

- Նախաձեռնող խումբը մասնակցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպած հանրային լսմանը, որտեղ նաև բանավոր ներկայացվեցին խմբի պահանջները և հիմնավորումները:

- Կազմակերպվեցին բողոքի ակցիաներ, պիկետներ Նախագահական նստավայրի և Կառավարության շենքի դիմաց, ստորագրահավաք:

Կառավարությունը փորձեց արդարացնել իր գործողությունները` ներկայացնելով մի քանի դեպքեր, երբ հղիության արձակուրդից առաջ կոռումպացված համաձայնություններ էին կայացել գործատուի և աշխատողի միջև, որոնց արդյունքում արձակուրդից առաջ հղի կնոջ աշխատավարձը մի քանի անգամ ավելացվել էր, և պետությունը շուրջ 4 ամիս վճարել էր մեծ գումարներ, որոնք գործատուն ու աշխատողը յուրացրել էին` կիսելով միմյանց միջև: Սակայն նման մի քանի դեպքերի բացահայտումը մեծ արդյունք չունեցավ և ընդհանուր առմամբ Կառավարության կողմը փաստարկների իմաստով պարտված դուրս եկավ: Մի քանի հարյուր կամ հազար հղի կանանց աշխատավարձերի հաշվին պետական բյուջեն համալրելու փաստարկը համոզիչ չէր, իսկ չարաշահումներից խուսափելու հարցը կարելի էր լուծել աշխատավարձի «կասկածելիորեն շեշտակի» բարձրացումների առանձին դեպքերը հետաքննելով, այլ ոչ թե մի քանի դեպքերի պատճառով բոլորի իրավունքը ոտնահարելով:

Կարելի է ասել` Կառավարությունն ու Ազգային Ժողովը նման բուռն արձագանք չէին սպասում և ակնկալում էին, որ օրենքի փոփոխությունները կանցնեն քաղաքացիների լուռ համաձայնությամբ: Պետական պաշտոնյաների այն մեկնաբանությունները, թե «հոգ չէ, քանի որ օրենքից տուժող հղիները ՀՀ աշխատաշուկայում ընդգրկված կանանց միայն 5%-ն են կազմում» կամ «մենք գիտեինք, որ այս օրենքով կնեղացնենք որոշ կանանց, սակայն չէին մտածում, որ նրանք այսքան կբողոքեն», վկայում են այն մասին, որ պետությունը հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում լիարժեք փոխհատուցում ստանալը ոչ թե կանանց հիմնարար իրավունքների շարքին է դասում, այլ` իր բարի կամքի դրսևորում է համարում: Բարի կամք էլ պետությունը դրսևորում է այնքան, որ քան կամենում է կամ կարող է իրեն թույլ տալ:

 
Ինչ հասարակական-քաղաքացիական խմբեր և անհատներ են համախմբվել նախաձեռնությունում, ինչ մեխնիզմներով են աշխատել ու իրականացրել կազմակերպչական աշխատանքները

Նախաձեռնող խումբը ձևավորվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով և կարճ ժամանակում հավաքագրեց շուրջ 1500 անդամներ: Բուն նախաձեռնող խումբը կազմված էր 5-10 երիտասարդ կանանցից, իսկ փողոցային ակցիաների մասնակիցների թիվը տատանվում էր 20-30-ի շրջանում: Նրանցից շատերը քաղաքացիական գործունեության փորձ ունեին, պայքարում էին կանանց իրավունքների ոլորտում, մարդու իրավունքների ակտիվիստներ էին կամ աշխատում էին լայն իմաստով քաղաքացիական դաշտում: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ պայքարի մասնակիցները «միջին խավի» ներկայացուցիչներ էին, մարդիկ, ովքեր համեմատաբար բարձր էին վճարվում և մասնագիտական դաշտում առավել կայացած էին: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդ կանայք էին:

Խմբում որոշումները կայացվել են կոնսենսուսի սկզբունքով: Հիմնականում որոշումները կայացվել են նախաձեռնող խմբի հանդիպումների ժամանակ և կամ էլ օնլայն տարածքում քննարկումների արդյունքում` նախաձեռնող խմբի շրջանակում: Խմբի հանդիպումների և ակցիաների մասին Ֆեյսբուքի միջոցով իրազեկվում էին հանրային բաց խմբի բոլոր անդամները, այսինքն յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված էր մասնակցելու կամ պատասխանատվություն ստանձնելու, կարող էր դա անել:

 
Ինչ արդյունքներ են ձեռք բերվել և ինչ ազդեցություն է ունեցել պայքարը հետագա քաղաքացիական ու հանրային կյանքում 

Հղիների պայքարում առաջին անգամ կանանց իրավունքների խնդիրը բարձրացվեց դրվեց ոչ միայն մասնագիտացված հասարակական կազմակերպությունների կողմից, այլ սովորական քաղաքացիների կողմից:

Այս պայքարում առաջնահերթ դրվեցին կանանց իրավունքների և աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, որոնց զուգահեռ քննարկման թեմա դարձան նաև արտագաղթի և ծնելիության խնդիրները, ժողովրդագրական իրավիճակը և դրա պատճառները:

Հաշվի առնելով, որ շահագրգիռ հանությունը հիմնականում կրթված և համեմատաբար լավ վճարվող միջին խավն էր, մասնավորապես կանայք, պայքարը սահմանափակվեց նեղ շրջանակում` առավել իրազեկ և առաջադեմ երիտասարդության շրջանում: Լայն հասարակական շերտերը, չնայած հեռուստատեսության միջոցով հետևում էին իրադարձություններին, սակայն սոցիալական պայքարին գործնականում չմիացան:

Այս քաղաքացիական պայքարը հատկանշական է նաև այն իմաստով, որ առաջին անգամ օրենսդրական փոփոխության ձեռնամուխ եղավ քաղաքացիների խումբը, այլ ոչ` որևէ կազմակերպություն կամ պետական կառույց: Միևնույն ժամանակ, այս քաղաքացիական պայքարն ի սկզբանե արձագանք էր ՀՀ իշխանությունների կողմից փոխված (վատթարացված) իրավիճակին, ուստի պայքարի նպատակն էր` վերականգնել նախկին ստատուս քվոն. ավելի մեծ պահանջներ նախաձեռնությունը չներկայացրեց:

Ժամանակավոր անաշխատունակ անձնանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, իր մեջ ներառելով երկու կարևորագույն և Հայաստանի համար խիստ արդիական հարցեր` կանանց իրավունքներն ու աշխատանքային իրավունքները, ավելի լայնածավալ շարժման վերաճելու ներուժ կարող էր ունենալ, եթե իր առջև նման նպատակ դներ, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Միևնույն ժամանակ, շարժման մեջ ընդգրկված անձնանցից շատերը շարունակում են ակտիվորեն մասնակցել կանանց իրավունքների և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների պաշտպանությանը տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և կազմակերպությունների շրջանակում, ուստի բացառված չէ, որ հեռանկարում վերոնշյալ խնդիրներն ավելի արմատական կերպով հանրային օրակարգ բարձրացվեն:


Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ)
Երևան, նոյեմբեր, 2012թ.
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014