ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

12.11.2012 - Վերլուծական. Պահպահենք Թռչկան ջրվեժը

 
 
Վերլուծական. Պահպահենք Թռչկան ջրվեժը
Նախապատմությունը և ընթացքը

Թռչկան ջրվեժը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում` Լոռու մարզում, Չիչխան գետի վրա և հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր ջրվեժներից մեկը (բարձրությունը շուրջ 22 մետր): Մոտակա բնակավայրը Շիրակամուտ (նախկինում Նալբանդ) գյուղն է, որը ջրվեժից հեռու է շուրջ 15 կիլոմետրով: 2008թ-ից ի վեր Թռչկան ջրվեժը գրանցված էր բնության պահպանվող հուշարձանների ցուցակում, ուստի այդ շրջանում արգելվում էր որևէ տնտեսական գործունեություն, որը կարող է խաթարել ջրվեժի բնականոն գործունեությունը և տեսքը:

2011թ-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատել է Չիչխան գետի վրա, Թռչկան ջրվեժից քիչ վեր, փոքր հիդրոէկեկտրակայան (ՀԷԿ) կառուցելու նախագիծ: Տրված թույլտվությունն անօրինական էր, քանի որ ՀԷԿ-ի գործունեությունն անխուսափելիրեն ազդելու էր ջրվեժի վրա՝ ջրառը կատարվելու էր ջրվեժից վերև ընկած հատվածում և ջուրը գետն էր վերադարձվելու արդեն ջրվեժից ներքև հատվածում:

Որոշման մասին հանրությունը տեղեկացավ 2011թ. օգոստոսի վերջին, մամուլի միջոցով: Ջրվեժին սպառնացող վտանգի մասին խոսեց ծնունդով Շիրակամուտցի գրող Ռազմիկ Դավոյանը, որից հետո բնասեր-բնապահպանների մի խումբ արշավ կազմակերպեց դեպի ջրվեժը` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այստեղ նրանք ականատես եղանք շինարարական աշխատանքների. դեպի ջրվեժ գնացող ճանապարհը, որն անցնում էր ձորով, լայնացվել ու առաջացրել էր սողանքային իրավիճակ, հատվել էին ծառեր, կառուցվել էր ՀԷԿ-ի տեղակայման ֆունդամենտը, ջրվեժի վերևից ճանապարհ էր բացվել ջրատարն անցկացնելու համար, կառուցվում էր ամբարտակ՝ ջուրը ՀԷԿ հասցնելու համար:

2011թ. սեպտեմբերի 8-ին բնասերներերի և բնապահպան քաղաքացիական ակտիվիստների մի փոքր խումբ բողոքի ակցիա կազմակերպեց Երևանում՝ ՀՀ Կառավարության դիմաց` պահանջելով դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը: Արդյունքում հաջորդ օրը` սեպտեմբերի 9-ին, Բնապահպանության նախարարը խորհրդակցություն հրավիրեց բնապահպանների, շինարարական կազմակերպության և նախարարության մասնակցությամբ, որի ժամանակ պահանջեց Ռոբշին ընկերությունից 20 օրով կասեցնել ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, իսկ մինչ այդ պետք է ճշտվեր` արդյոք ՀԷԿ-ի գործունեությունն անդրադառնալու է Թռչկան ջրվեժի վրա: Դրանից հետո նախարարությունն անցավ սակարկությունների, փորձեց զիջումներ առաջարկել. օրինակ՝ նախարարը հայտարարեց, որ ՀԷԿ-ի շինարարությունը կշարունակվի, սակայն տնտեսվարող սուբյեկտը՝ Ռոբշին ընկերությունը, ամառվա ամիսներին ջրառը կդադարեցնի, իսկ մնացած ժամանակ ջրառը կկազմակերպի այնպես, որ ջրվեժի ջրի առատությունը կազմի վայրկյանում 400 լիտր: Համեմատության համար նշենք, որ մասնագետների ու բնապահպանների հավաստմամբ, բնական վիճակում ջրվեժի ջրի առատությունը կազմում է վայրկյանում մինչև 1500 լիտր, իսկ 400 լիտրը ջրի այն նվազագույն քանակն էր, որը լինում էր օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ու այդ ընթացում ՀԷԿ-ը չէր աշխատելու։

Ամբողջ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ընթանում էր ակտիվ իրավական նամակագրություն ակտիվիստների և նախարարության միջև, լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում էին խնդիրը, որոշ մտավորականներ սկսեցին հանդես գալ ջրվեժի պաշտպանության պահանջով: Այս նույն ընթացքում արշավական և բնապահպանական տարբեր խմբեր համախմբվեցին, սկսեցին միասնական պայքար ծրագրել, տեղի ունեցան մի քանի փոքր արշավներ դեպի Թռչկան:

2011թ. հոկտեմբերի 22-ին արշավական ու բնապահպանական խմբերի ջանքերով կազմակերպվեց ճանաչողական և բողոքի արշավ դեպի Թռչկան ջրվեժ, որի նպատակն էր հանրության ավելի լայն շերտերին իրազեկել խնդրի մասին և ներգրավել պայքարում: Արշավին մասնակցեց շուրջ 150 հոգի՝ դարձնելով այն մինչ այդ եղած ամենաբազմամարդ քաղաքացիական-բնապահպանական ակցիան: Ճանաչողական բնույթից բացի արշավի ժամանակ տեղի ունեցավ ինքնաբուխ ուղղակի գործողություն՝ ակտիվիստների մի փոքր խումբ, տեսնելով որ շինարարությունը դեռևս շարունակվում է, չնայած Բնապահպանության նախարարության հավաստմամբ այն պետք է առժամանակ դադարեցված լիներ, սեփական ուժերով, մեքենաների դիմաց կանգնելով, առժամանակ կանգնեցրեց շինարարությունը: Վստահանալով, որ նախարարության խոսքերն ու արաքները իրար չեն համապատասխանում, ակտիվիստների մի խումբ որոշեց վերադառնալ տարածք և շուրջօրյա պաշտպանել ջրվեժը տեղում, մինչ մնացածները կպայքարեն իրավական ու տեղեկատվական դաշտում՝ Երևանում:

Հոկտեմբերի 25-ին շուրջ 10 ակտիվիստներ մեկնեցին ջրվեժի տարածք, տեղում կրկին անգամ դադարեցրեցին շինարարությունը, այս անգամ վերջնականապես, և հիմնեցին քաղաքացիական ճամբար շուրջօրյա հերթապահությամբ: Հաջորդ 2 շաբաթներում գործընթացը հետևյալ կերպ զարգացավ. ակտիվիստների մի խումբը շուրջօրյա հերթապահություն էր իրականացնում Թռչկանում՝ թույլ չտալու համար շինարարության վերսկսումը, մյուս խումբը Երևանում բարձարցնում էր խնդիրը հանրային օրակարգում, ներգրավում լրատվամիջոցներին, շարունակում էր ճնշումներն իրավական դաշտում և նորանոր մարդկանց ներգրավում` ճնշում գործադրելու  պատկան մարմինների վրա Թռչկան ջրվեժի մոտ ՀԷԿ-ի շինարարության մասին որոշումը չեղյալ համարելու նպատակով: Շրջակա գյուղերի բնակիչները, որոնք սկզբնական շրջանում թերահավատ էին, նույնպես բացահայտ կամ թաքուն օժանդակություն սկսեցին ցույց տալ պայքարին: Թռչկանի պայքարում առաջին անգամ քաղաքացիական և բնապահպանական պայքարը դուրս եկավ Երևանի ակտիվիստների շրջանակից և համագործակցություններ ստեղծվեցին Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի անհատների ու խմբերի միջև:

Բնապահպանության նախարարությունը դեռևս որոշ ժամանակ փորձեց «փոխզիջումային» տարբերակ գտնել: Սակայն ակտիվիստները սկզբունքայնորեն պնդում էին, որ բնության պահպանվող հուշարձանի տարածքում չի կարող որևէ տեսակի տնտեսական գործունեություն ծավալվել, դա սահմանված է օրենքով ու նախարարությունն իրավունք չունի խախտելու օրենքները: Վճռական լինելով իրենց սկզբունքայնության և օրինականության պահանջի մեջ ու չգնալով գործարքի՝ ակտիվիստները պարտադրեցին, որ ՀՀ Կառավարությունը չեղյալ հայտարարի որոշումը և ջրվեժի վրա ազդող որևէ տնտեսական միջամտություն արգելվի: Նոյեմբերի 3-ին Կառավարության նիստի ժամանակ վարչապետի առաջարկությամբ որոշում ընդունվեց, որ Թռչկան ջրվեժը և նրան հարող տարածքը սահմանվի որպես բնության պահպանվող գոտի, որտեղ չի կարող իրականացվել որևէ տնտեսական գործունեություն, որը կվնասի ջրվեժի տեսքին ու բնականոն ընթացքին: Որոշվեց նաև, որ կկազմվի ջրվեժի անձնագիրը, որտեղ հստակ սահմանագծված կլինի պահպանման ենթակա տարածքը: Նոյեմբերի 6-ին Շիրակամուտ գյուղում կազմակերպվեց հաղթական ռոք համերգ, որի հաջորդ օրը Թռչկանի ճամբարն ավարտվեց և ակտիվիստները վերադարձան տուն: Ջրվեժի անձնագրավորման գործընթացը շարունակվեց ևս մեկ տարի. ակտիվիստների մի փոքր խումբ շարունակեց հետամուտ լինել հարցին, նրանց մասնակցությամբ կազմվեց ջրվեժի անձնագիրը, որը Բնապահպանության նախարարության կողմից վերջնականորեն հաստատվեց 2012թ. նոյեմբերի 9-ի թիվ 293-Ն որոշմամբ:


Հիմնախնդիրը և նպատակները 

Պայքարի հենց սկզբում ձևակերպվեց երկու հիմնախնդիր:

1. Բնապահպանության նախարարության կողմից ընդունված որոշումը չի համապատասխանում ներկա օրենսդրության պահանջներին,այն անօրինական է:
 2. Բնությունը,  շրջակա միջավայրը և ավելի լայն հանրային շահը ստորադասվում է  մասնավոր շահին և տնտեսական օգուտի համար ոտնհարավում են այլոց  իրավունքները:

Նպատակներն ու պահանջները հետևայլն էին՝

1. Դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը
 2. Փոխել նախարարության համապատասխան որոշումը և չեղյալ հայտարարել ՀԷԿ կառուցելու որոշումը
 3. Փոխհատուցել շրջակա միջավայրին պատճառած վնասները
 4. Կրկին ամրագրել, որ Թռչկան ջրվեժը համարվի բնության պահպանվող հուշարձան
 5. Պատասխանատվության ենթարկել անօրինական որոշում ընդունողներին և սխալ եզրակացություն տված փորձագետներին ու պաշտոնյաններին:

Այս նպատակներից իրականացվեցին հետևյալները`

1. Դադարեցվեց ՀԷԿ-ի շինարարությունը
 2. Չեղյալ հայտարարվեց ՀԷԿ կառուցելու որոշումը
 3. Կառավարությունը կրկին ամրագրեց, որ Թռչկան ջրվեժը բնության պահպանվող հուշարձան է, հաստատվեց ջրվեժի անձնագիրը:

Շրջակա միջավայրին տրված վնասը վերականգնվել է մասամբ, սակայն փոխհատուցում չի տրվել: Անօրինական որոշում ընդունող որևէ պաշտոնյա կամ մասնագետ պատասխանտվության չի ենթարկվել:


Ինչ ռազմավարություններ են ձևակերպվել և իրագործվել և ինչպես 

Այս պայքարի ընթացքում իրագործվել է երկու հիմնական ռազմավարություն՝

1. Հանրային ճնշում Կառավարության վրա, որպեսզի նա փոխի իր որոշումը: Այս ուղղությամբ իրականացվել են տարբեր գործողություններ`

- Իրազեկվել են հանրության լայն շերտեր՝ ինտերնետով ու սոցիալական ցանցերով, խնդիրը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներով, Թռչկանի մասին հաղորդումներ են պատարաստվել, կազմակերպվել են արշավ, ցույցեր ու պիկետներ, ներգրավվել են բնասիրական ու բնապահպանական խմբեր, հանրության կարծիքի վրա ազդող անհատներ ու խմբեր, մասնագետներ: Այս ռազմավարության արդյունքում պարզ դարձավ, որ հանրության մի շարք խմբեր դեմ են Կառավարության ընդունած որոշմանը, հայտարարում են, որ կատարվել է անօրինականություն, պնդում են, որ բնության այս հուշարձանը չպետք է վնասվի և գտագործվի մասնավոր շահի համար, քանզի այն ավելի մեծ հանրային նշանակություն ունի: Այս խմբերն իրենց ակտիվությամբ ու դիրքորոշվածությամբ նաև ցույց տվեցին, որ իրենք օտարված են եղել որոշումների ընդունման գործընթացից ու նաև դրա արդյունքում է, որ նման անօրինական որոշում է ընդունվել և հիմա իրենք ուզում են մասնակից լինել որոշումների ընդունման գործընթացին:

- Իրավական դաշտի վերլուծություն է կատարվել, կառավարությանն ու պատկան մարմիններին ուղարկվել են բազմաթիվ նամակներ ու դիմումներ, որոնցում հիմնավոր կերպով ապացուցվել է Թռչկան ջրվեժի տարածքում ՀԷԿ-ի շինարարության ապօրինությունը: Բացի նամակներից, իրավական ու փորձագիտական քննարկումներ են անցկացվել նախարարությունում և տարբեր հանձնաժողովներում:

2. Երկրորդ ռազմավարությունը ուղղակի քաղաքացիական գործողությունն էր, երբ մասնակիցները գնացին կառուցվող ՀԷԿ-ի տարածք, իրենց ֆիզիկական միջամտությամբ դադարեցրին շինարարությունը և սկսեցին պաշտպանել Թռչկան ջրվեժը որևէ այլ միջամտությունից: Քաղաքացիական ուղղակի գործողությունը իր ձևով քաղաքացիական ճամբար էր ջրվեժի տարածքում և ուներ հետևյալ նպատակները` դադարեցնել շինարարությունը, պաշտպանել ջրվեժի տարածքը որևէ միջամտությունից, հնարավորություն տալ Երևանում գործող խմբերին այս ամենն օգտագործելու ավելի մեծաքանակ հանրություն մոբիլիզացնելու և խնդիրը հանրայնացնելու համար: Իսկ գաղափարական առումով այս ռազմավարությունը ենթադրում էր հետևյալ թեզը. եթե պատկան մարմինները չեն կարողանում իրագործել հանրության կողմից տրված իրենց լիազորությունները, ապա հանարությունն ինքը կարող է և իրավունք ունի իր կյանքին վերաբերվող որոշումներն ընդունելու և իրագործելու դրանք՝ առանց պատկան մարմինների միջամտության:

Գործընթացը ցույց տվեց, որ Թռչկան ջրվեժը հնարավոր եղավ պահպանել հենց երկրորդ ռազմավարության օգտագործման շնորհիվ, ավելի ճիշտ՝ երկու ռազմավարությունների համատեղման ու համակարգման արդյունքում: Մինչև ճամբարը և ուղղակի գործողության գործադրումը Կառավարությանն ուղղված դիմումները կցկտուր պատասխանների էին արժանանում և իրականում փոփոխության չէին հանգեցնում:

Թռչկանի պայքարը ցույց տվեց, որ քաղաքացիական հասարակությունը կարողանում է ազդել որոշումների վրա միայն այն դեպքում, երբ ի վիճակի է լինում ձևակերպելու համապատասխան հակադիր ուժ և պարտադրելու լուծումներ: Հակառակ դեպքում, որքան էլ մեծ լինի անօրինականությունը կամ որքան էլ վնասվի հանարային շահը, իշխանությունները զիջումների չեն գնում: Թռչկանը սրա վառ օրինակն է, քանզի ամենատարրական իրավական գիտելիք կամ տեղեկություն ունեցող յուրաքանչյուր մարդ կարող էր փաստել, որ ՀԷԿ-ի շինարարության մասին ընդունված որոշումն անօրինական է՝ օրենքում հստակ գրված է, որ արգելվում է որևէ տնտեսական գործունեություն, որը կարող է վնասել բնության պահպանվող հուշարձանը: Այդ մասին տարբեր դիմումներով, նամակներով, ԶԼՄ-ներով տեղեկացվել էր Կառավարությանը, սակայն, անօգուտ: Միայն այն ժամանակ, երբ հանրությունը կազմակերպվեց, իրենից ուժ ներկայացրեց՝ իր հետևում ունենալով ոչ միայն ուժեղ հասարակական կարծիք, այլ նաև գնալով ուղղակի քաղաքացիական գործողության, Կառավարությունը փոխեց իր ընդունած անօրինական որոշումը: Միևնույն ժամանակ, նշենք նաև, որ քաղաքացիական կազմակերպման այս ուժը բավարար չեղավ ու նաև հետևողական չեղավ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, չնայած որ դատախազությանը ներկայացվել էր դիմում` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Դատախազությունն այս հարցով նույնիսկ հարցաքննեց մասնակիցներից մի քանիսին, սակայն վերջում դիմումը վարույթ չընդունեց մեղադրանք առաջադրելու համար։ Դատախազությունը չիրականացրեց հանրային շահերի պաշտպանի իր ֆունկցիան։


Ինչ հասարակական-քաղաքացիական խմբեր և անհատներ են համախմբվել նախաձեռնությունում, ինչ մեխնիզմներով են աշխատել ու իրականացրել կազմակերպչական աշխատանքները

Պահպանենք Թռչկան ջրվեժը քաղաքացիական նախաձեռնության հիմնական կորիզը կազմում էին բնապահպահպան քաղաքացիական ակտիվիստները և բնասիրական ու արշավային խմբերը, հիմնականում երիտասարդներ: Չնայած ջրվեժի խնդիրը բնապահպանական լինելով իր մեջ ներառում էր ավելի մեծ՝ օրինականության ու հանրային սեփականության օգտագործման խնդիրներ, սակայն այս վերջին հարցերով մտահոգ խմբերին չհաջողվեց ներառել պայքարի մեջ: Թռչկանի պայքարում առաջին անգամ մասնակցություն ունեցան արշավային-տուրիստական կազմակերպությունները կամ խմբերը, որոնք, շահույթ հետապնդող միավորումներ լինելով հանդերձ, ներդրում ունեցան հանրային ունեցվածի պաշտպանությանը։ Շատ բնասերներ, որոնք մինչև այդ որևէ կերպ չէին մասնակցել դեռևս 2007թ-ից սկսված բնապահպանական ակցիաներին, ներգրավվեցին Թռչկանի պայքարում և դրանից հետո էլ սկսեցին ակտիվ դերակատարում ունենալ մյուս բնապահպանական շարժումներում: Պայքարին մասնակից եղան նաև այդ շրջանի մի շարք ճանաչված անհատներ, որոնք որոշ չափով ազդեցություն ունեին հանրային կարծիքի ձևավորման գործում: Ներգրավվեցին նաև անհատներ ու խմբեր Վանաձորից ու Գյումրիից, նաև Արմավիրից ու Էջմիածնից: Հետաքրքիր դեր խաղացին լրագրողները, որոնք այս ընթացքում մի տեսակ կրթվեցին, դարձան բնապահպան լրագրողներ և շատ դեպքերում նույնիսկ ակտիվիտների հետ հավասար հանդես էին գալիս պայքարի տարբեր տեղերում ու փուլերում: Գործընթացին իրենց մասնակցությունն ունեցան նաև բնապահպանական և մարդու իրավունքների պաշտպանության մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք անուղղակի աջակցություն և խորհրդատվություն էին տրամադրում մասնակիցներին՝ գործընթացներն ավելի գրագետ ու կազմակերպված դարձնելու համար: Ճամբարի 14 օրերի ընթացքում մեծ կազմակերպչական առաջընթաց տեղի ունեցավ՝ վերջին օրերին ճամբարն արդեն ուներ կանոններ, օրվա աշխատանքների ցանկ, պահեստի համար հատկացված տարածք, տարբեր հարցերով պատասխանատուներ և այլն:

Թռչկանի մյուս մասնակիցները հանրության տարբեր շերտերի, տարբեր մասնագիտութունների ու կրթության տեր անհատներն էին, ովքեր սննդի, տեխնիկական և նյութական  առումով աջակցություն ցույց տվեցին քաղաքացիական ճամբարի մասնակիցներին: Դրանց թվում հատկապես կարևոր էին մոտակա գյուղերի բնակիչները, որոնք բացահայտ կամ թաքուն, բնամթերքով, վառելիքով օգնում էին ճամբարի ակտվիստներին: Որոշ գյուղացիներ ավելի վճռական ու բացահայտ օգնություն էին ցույց տալիս՝ տրամադրելով տրանսպորտ, իրենց տունը և տեխնիկան, ինչը կարևորագույն նշանակություն ուներ ճամբարի և Երևանի միջև հաղորդակցությունը պահպանելու համար, մանավանդ հաշվի առնելով, որ բուն ճամբարի տարածքում որևէ կապի միջոց չէր գործում:

Թռչկանի պայքարում քաղաքացիական նախաձեռնությունները կարողացան անհատ մարդկանց զուտ դիտորդի ու պասիվ մասնակցի դերից հանել, ներգրավել գործընթացի մեջ և ստանալ նրանց համակրանքն ու աջակցությունը: Կազմակերպչական հարցերի և տեղեկատվություն տրամադրելու հարթակ հանդիսացավ Ֆեյսբուք սոցիալական ցանցը՝ Պահպանենք Թռչկանի ջրվեժը խմբով, որին կարճ ժամանակամիջոցում միացան շուրջ 5000 օգտատերեր:

Որոշումներն ընդունվել են տարբեր ձևաչափերով. մի շարք որոշումներ ընդունվել են հանրային մեծ քննարկումների ժամանակ, որոնք կատարվել են ֆեյսբուքյան խմբում, մի շարք որոշումներ կայացվել են ավելի փոքր շրջանակում ֆեյսբուքյան չաթերի միջոցով կամ հանդիպումների ընթացքում: Որևէ մեկի մասնակցությունը չի սահմանափակվել և յուրաքանչյուր ոք հնարավորություն է ունեցել մասնակցելու ողջ գործընթացին՝ ըստ իր ստանձնած հանձնառությունների և կարողությունների: Կազմակերպչական մարմին, որը կհամակարգեր բոլոր գործողությունները, որպես այդպիսին, չի եղել. տարբեր մարդիկ նախաձեռնել են տարբեր գործողություններ, գտել են համակիրներ, ստանձնել են տվյալ գործողության իրականացման պատասխանատվությունը և իրականացրել են դա՝ համակարգելով ու տեղեկացնելով մյուսներին:

Թռչկանում առաջին անգամ իրականացվել է հանրային դրամահավաք, որի միջոցով արված ծախսերը բաց և թափանցիկ ձևով ներկայացվել է հանրությանը ֆեյսբուքյան հանրային խմբի միջոցով:


Ինչ արդյունքներ են ձեռք բերվել և ինչ ազդեցություն է ունեցել Թռչկանը հետագա քաղաքացիական ու հանրային կյանքում 

Թռչկանի պայքարում օգտագործված ուղղակի քաղաքացիական գործողության ռազմավարությունը այս պայքարի առանձնահատկությունն էր: Սրանով հնարավոր եղավ խաղաղ, ոչ բռնի և օրինական պայքարով ցույց տալ պատկան մարմինների անգործությունը ու փաստել, որ եթե լիազոր մարմինը  չկա, ապա քաղաքացին ինքն է տեր կանգնում իր իրավունքներին ու ինքն է կայացնում որոշումներ: Թռչկանում հնարավոր եղավ ապացուցել այս ռազմավարության արդյունավետությունը, և դրանով Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիական պայքարները ստացան մի նոր ռազմավարություն, որը հետագայում օգտագործվեց այլ պայքարներում ևս՝ օրինակ Երևանի Մաշտոցի պուրակում 2012թ., որտեղ այն ավելի  հղկված ու բազմազան դարձավ:

Թռչկանով հնարավոր եղավ նոր շունչ հաղորդել ողջ բնապահպանական շարժմանը, ակտիվացան Թեղուտի պաշտպանության համար ու հանքարդյունաբերության դեմ պայքարները, ինչպես նաև բազմաթիվ մարդիկ զուտ համակիրներից դարձան մասնակիցներ ու հետագայում սկսեցին զբաղվել քաղաքացիական գործունեությամբ:

Նոր որակով սկսեցին օգտագործվել սոցիալական ցանցերը, մասնավորապես Ֆեյսբուքը, որը գործիք դարձավ քննարկումներ կատարելու և առավել մեծ թվով մարդկանց հետ որոշումներ ընդունելու համար, հնարավոր եղավ ավելի մեծ մասնակցություն ապահովել որոշումների ընդունման գործընթացում:

Մյուս կարևոր նվաճումը քաղաքացիական զարթոնքն էր. Թռչկանի հաղթանակը ակտիվացրեց ոչ միայն բնապահպանական նախաձեռնություններին, այլ նաև ակտիվություն մտցրեց ողջ քաղաքացիական դաշտում: Երկար տարիներ մարդկանց մոտ առաջացած այն կարծրատիպը և վախը, որ ոչինչ հնարավոր չէ անել ու ոչինչ չի լինի փոխել, սկսեց կոտրվել. ի հայտ եկավ մի նախադեպ, երբ մի խումբ երիտասարդներ, որոնք վճռական են, խիզախ, նվիրված և պատրաստ են պայքարել իրենց բնության ու երկրի համար, իրենց հավատացած արժեքների համար, հասան հաջողության: Շատ սաղնմային մակարդակում սկսեց քննարկվել, որ իշխանափոխությունը խնդիրները լուծելու միակ ճանապարը չէ (այս միտքն իր զարգացման բարձրակետին հասավ Մաշտոցի պուրակի պայքարի ընթացքում): Թռչկանի հաջողությունը նաև սերմանեց այն միտքը, որ ներկա քաղաքական ոլորտն անընդունակ է քաղաքացիական և պետական հիմնախնդիրները հանրային օրակարգում ձևակերպելու և լուծելու, որ այս գործն ավելի արդյունավետ է արվում քաղաքացիական պայքարի միջոցով, և որ քաղաքացիական մեխանիզմներն ու գործիքները հնարավորություն են տալիս ներկա համակագում արձանագրելու որոշ հաջողություն:

Սա շատ կարևոր հանգամանք  է, քանի որ պատկան մարմիններն ամեն ձևով փորձեցին ցույց տալ, որ Թռչկանի պահպանությունը ակտիվիստների պայքարի արդյունքը չէր, որ պայքարն ընդամենը հարցին հնչեղություն տվեց, իսկ մնացած որոշումներն ընդունվել են պատկան մարմինների «ողջախոհության» արդյունքում, մինչդեռ իրականում պայքարի արդյունքում պատկան մարմիններն ստիպված են եղել զիջել և այլ տարբերակ չեն ունեցել, քան փոխելու իրենց նախկին անօրինական որոշումը: Թռչկանի պահպանության մասին որոշումը Կառավարությունն ընդունեց, քանի որ ստիպված էր դա անելու, այդ որոշումը պարտադրվեց Կառավարությանը հետզհետե զարգացող քաղաքացիական հասարակության կողմից:

Կառավարությունն ամեն կերպ ժխտեց այս հանգամանքը և ներկայացրեց իր տարբերակը. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ հարցը լուծվել է նախագահի հանձնարարականով ու նաև ինքը հանդիպում է ունեցել բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ՀՀ Կառավարությանն առընթեր Կայուն զարգացման ծրագրի համակարգման խորհրդի շրջանակներում, որի արդյունքում որոշվել է լուծել հարցը: ՀՀ նախագահի հանձնարարականի հետ կապված էլ Վարչապետը բերեց այն բացատրությունը, թե ՀՀ նախագահին նամակով դիմել է Սպիտակի շրջանի պատգամավորը՝ ջրվեժը պահպանելու խնդրանքով: Այսպիսով պատկան մարմինները փորձեցին ցույց տալ, որ ներկա կառավարման համակարգի ու հասարակական սեկտորի հետ համագործակցության մեխանիզմներն իբրև թե աշխատում են և սպառված չեն, ինչն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:

Հետագայում շրջանառության մեջ դրվեց այն թեզը, որ այս ողջ պայքարը կազմակերպված էր վարչակազմի կողմից կամ ուղղորդվում էր արտաքին ուժերի կողմից: Նման թեզեր շրջանառվեցին և շարունակում են շրջանառվել կապված ոչ միայն Թռչկանի, այլև Մաշտոցի պուրակի և այլ նախաձեռնությունների դեպքում, որպեսզի քաղաքացիները ու հանրությունը չհավատան, որ իրենք ունակ են որևէ բան անելու և որ իրենք են երկրի տերը:

Այնուամենայնիվ, զարգացող քաղաքացիական հասարակության նպատակային, ինքնուրույն, հետևողական և վճռական պայքարի, նաև ակտիվիստների սկզբունքայնության, անկեղծության և նվիրվածության շնորհիվ հանրությունը հիմնականում դրական վերաբերմունք, համակրանք և վստահություն ունի քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Սրա վկայություններից մեկն այն է, որ գնալով ավելանում են դեպքերը, երբ քաղաքացիները, տարբեր քաղաքներում ու գյուղերում, կազմակերպվում են իրենց հանրային շահը և իրավունքները պաշտպանելու համար, և օգնության են կանչում քաղաքացիական ակտիվիստական խմբերին:

Թռչկանի դասերը և հեռանկարային մարտահրավերները 

Թռչկանի պայքարի արդյունքում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը նոր մակարդակի բարձրացավ` ուղղակի գործողությունը համադրվեց իրավական և հանրայնացման գործողությունների հետ, և հենց այս նոր տարրի` քաղաքացիական անհնազանդության շնորհիվ էր, որը ուժերի հարաբերությունը փոխվեց հօգուտ ակտիվիստների: Ստեղծվեց բազմաբևեռ կոալիցիա, որում մասնակցում էին բնապահպան քաղաքացիական ակտիվիստները, բնասերներն ու արշավական խմբերը, լրատվամիջոցներ, տեղի գյուղացիներ, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներ և այլն, ընդ որում ակտիվ դերակատարություն ունեին ոչ միայն Երևանի, այլև տարբեր մարզային խմբերն ու անհատները: Թռչկանի պարագայում նաև երևաց, որ ապակենտրոն պայքարը կարող է ավելի արդյունավետ լինել, քան մեկ կենտրոնից համակարգվող գործունեությունը: Բաց և հաշվետու աշխատանքը, կոնսենսուսի հիմունքով որոշումների ընդունման մեխանիզմը գործնականում նորից ապացուցեցին իրենց արդյունավետությունը:

Միաժամանակ, առաջացան հետևյալ հարցերը` ի՞նչ անել սրանից հետո, ինչպե՞ս շարունակել պայքարել միասին ու ինչպե՞ս ներգրավել նոր մարդկանց, ինչպե՞ս ավելի կազմակերպված և արդյունավետ պայքարել, և միևնույն ժամանակ, ավելի բարդ պայքարներում, օրինակ հանքարդյունաբերության դեմ պայքարում, արդյոք պետք է շարունակե՞լ ապակենտրոն կազմակերպման ձևը, թե՞ փորձել կենտրոնացնել գործունեության համակարգումը:

Քաղաքացիական նախաձեռնությունների և ակտիվիստական խմբերի առջև կանգնած մյուս մարտահրավերներն են`

- ավելի խորքային ռազմավարական, ծրագրված գործունեությունը` որպես հավասարակշռում ինքնաբուխ կետային գործողությունների,

- սեփական գործունեությունը շարունակաբար գնահատելու ու վերլուծելու կարողությունը, դասեր քաղելը` պայքարի ընթացքում և պայքարից հետո,

- ակտիվիստների շարունակական ինքնակրթությունը` մասնավորապես քաղաքական, տնտեսական, սոցիալական գործընթացների իմացության իմաստով,

- կարողանալ պայքարում ներգարվել մասնագետների ու փորձագետների, որոնք հանդես կգան և՛ որպես ակտիվիստեր, և՛ որպես գիտնականներ

- կարողանալ պայքարում ներգրավել ավելի ավագ սերնդի մարդկանց ու սերունդների միջև հաղորդակցութուն ստեղծել

- այլընտրանքային մոդելների կենսագործումը տարբեր բնագավառներում` քաղաքացիական կազմակերպման ու գործունեության մեջ, տնտեսական ոլորտում, մշակութային իմաստով և այլն,

- ստեղծել նախադեպեր, երբ անօրինական որոշում կայացնողները իրավական պատասխանատվության ենթարկվեն:


Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ)
Երևան, նոյեմբեր, 2012թ.
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014