ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.09.2010 - ՄԻԺԻ-ի առաջարկները ՀՀ զինված ուժերի ժամանակակից կերպարի հայեցակարգի վերաբերյալ

 
 
ՀՀ զինված ուժերի ժամանակակից կերպարի հայեցակարգային դրույթներ
ՄԻԺԻ-ի առաջարկությունները

2010թ. հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) դիմել է ՄԻԺԻ-ին` առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու ՀՀ զինված ուժերի ժամանակակից կերպարի հայեցակարգային դրույթների վերաբերյալ: Այս հայեցակարգը մշակվում է ՀՀ զինված ուժերի պաշտպանական բարեփոխումների ծրագրի շրջանակներում, ՀՀ զինված ուժերը 21-րդ դարի բանակներին ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու, հասարակության շրջանում բանակի նկատմամբ վստահությունն առավել խորացնելու, զինված ուժերի գործունեության թափանցիկության ապահովման և աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակով:
 
Ստորև ներկայացվում են ՄԻԺԻ-ի առաջարկները, ինչպես նաև ՊՆ պատասխանն այդ առաջարկներին:
 
Ներկայացվող առաջարկները բաժանված են երեք հիմնական խմբի.
1.        Հայ զինվորի դաստիարակության և կրթության գործընթացը,
2.        Բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը,
3.        Այլ հարցեր
 
Առաջին խումբն իր հերթին բաժանել ենք երկու մասի.
1.        Զինվորի արժեքային և գաղափարական դաստիարակությունը և դրա կազմակերպումը
2.        Զինվորի մասնագիտական կրթությունը, այսինքն, որպես բանակային, ինչպիսի հմտություններ և կարողություններ է ձեռք բերում զինվորը և ինչպես է ամրապնդում ու զարգացնում դրանք:
 
1.       Հայ զինվորի դաստիարակության և կրթության գործընթացը և դրա կազմակերպումը
1.1 Զինվորի արժեքային և գաղափարական դաստիարակությունը և դրա կազմակերպումը
Չափազանց կարևոր է, թե ինչպիսի արժեքային, գաղափարական դպրոց է անցնում հայ երիտասարդը, քաղաքացին իր բանակային ծառայության ընթացքում, թե ինչպիսի ազդեցություն դա կունենա նրա հետագա կյանքի վրա և ինչպես կդրսևորվի պատերազմական պայմաններում: Երկու տարին բավական ժամանակ է նման ազդեցության համար: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ զինվորների գերակշիռ մասը զորակոչվում է տասնութ տարեկանում, և բանակում է, որ շատերն առաջին անգամ սկսում են ինքնուրույն կյանք վարել, քանզի Հայաստանում մինչև տասնութ տարեկանը պատանիները լիովին վերահսկվում են իրենց ծնողների կողմից: Ինքնուրույն կյանք վարելու առաջին քայլերը հսկայական ազդեցություն են թողնում անհատի ձևավորման և հետագա ամբողջ կյանքի վրա: Պետք է գիտակցել նաև, որ խնդիրը միայն կարգապահ, մարտունակ և քաջ զինվոր ունենալը չէ, այլ նաև պետականության իմաստով օրինապահ, գիտակից և նախաձեռնող քաղաքացի կերտելը: Բանակն այս գործընթացին կարող է նպաստել, կամ էլ` խոչընդոտել: Ուստի այս հարցը դրվում է Հայոց բանակի առջև, հաշվի առնելով, որ պետական միասնական կրթական համակարգում հանրակրթական դպրոցից հետո, բանակը երկրորդ հաստատությունն է, որ հնարավորություն ունի և պարտավոր է հոգ տանել մարդու, քաղաքացու դաստիարակության և կրթության մասին:
 
Դաստիարակության միջոցները և մեթոդները
Բանակում կարևորվում են զինվորների հասարակական-պետական ուսուցման համար հատկացված ժամերը և զինվորական բարձր ղեկավար անձնակազմի հետ հանդիպումները` առավոտյան տողանները, կիրակնօրյա հանդիպումներն ու միջոցառումները, հանձնարարականների տրման և բացատրական աշխատանքների ժամանակ հանդիպումները գումարտակների, և ավելի քիչ` վաշտերի կազմով: Հաշվի առնելով վերը նշվածի մատուցման որակը և հանրակրթական դպրոցների կողմից այս հարցերի նկատմամբ չափազանց անփույթ վերաբերմունքը, կարելի է ասել, որ բանակային կրթությունն էական ազդեցություն չի ունենում գաղափարապես հասուն և մարտունակ զինվոր պատրաստելու գործում: Իսկ կրթական գործընթացի համար պատասխանատու ղեկավար անձնակազմը և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները հիմնականում ուշադրություն են դարձնում կարգապահական հարցերին:
 
Ստորև նշված առաջարկները ներկայացնում ենք ընդհանուր, հիմնական կետերով, իսկ դրանց ընդունման պարագայում այս առաջարկությունները կարելի է մանրամասնել.
Ա. Փոփոխել հասարակական-պետական ուսուցման որակը, բացի պատմության ուսուցումից, ներառել հետևյալ կարևոր դրույթները` ինչ է պետությունը, որոնք են պետական ինստիտուտները և դրանց դերը, բանակի դերը և տեղը պետական համակարգում, Սահմանադրությունը և նրա դերը, Ազգային անվտանգության հիմնահարցերը և հնարավոր լուծումները, քաղաքացիական ինստիտուների դերը և նշանակությունը, մարդու հիմնարար իրավունքները և այլն:
Բ. Բացի զգացմունքային հայրենասիրական դաստիարակությունից ուսումնասիրել ավելի գործնական հարցադրումներ բանակի դերի մասին: Զինվորներից շատ քչերն են, որ կկռվեն զուտ □հայրենիքի համար□. անհրաժեշտ է բացատրել, որ բանակը հարկավոր է իր երկրի անկախությունը և ազատությունը պաշտպանելու, և ըստ այդմ` իր սեփական անկախության, ազատության, ինքնուրույն ապրելու և իր իրավունքները պաշտպանելու համար: Բանակn անհրաժեշտ է իր ընտանիքը պաշտպանելու համար: Պետք է կարողանալ իրապես ցույց տալ, հավատացնել  զինվորին, որ բանակում անցկացրած յուրաքանչյուր օր կարևոր է իր, իր ընտանիքի և պետության համար, և որ յուրաքանչյուր զինվորի կյանքն ու արժանապատվությունը կարևոր է Հայաստանի Հանրապետության և հայոց բանակի համար:
Գ. Կազմակերպել հանդիպումներ քաղաքացիական անձանց հետ, որոնք իրենց կյանքի փորձով կարող են օրինակ ծառայել զինվորին, այդ թվում` հանդիպումներ պատերազմին մասնակցած անհատների հետ, դասախոսություններ ու քննարկումներ ազգային անվտանգության հարցերի, Արցախյան հիմնահարցի և Թուրքիայի հետ հարաբերությունների թեմաներով, հանդիպումներ մարդու իրավունքների ոլորտի, քաղաքացիական գործիչների հետ և այլն:
Դ. Այն զորամասերում, որոնք սահմանապահ նշանակություն ունեն և ձևավորվել են սահմանների պաշտպանության կամավոր խմբերի հիման վրա, անհրաժեշտ է զինվորներին ծանոթացնել այդ կամավորների հետ և լսել նրանց պատմությունները, կազմակերպել հանդիպումներ տեղական բնակչության հետ, որպեսզի զինվորները գիտակցեն, թե ինչ պատասխանատվություն է դրված իրենց վրա պատերազմի և մարտական հերթապահության ժամանակ:
Ե. Մշտապես վերապատրաստել այս հարցերով պատասխանատու մարդկանց: Դասավանդող սպաները կամ այլ մասնագետները պետք է բարձր մասնագիտական և մարդկային որակներ ունենան:
 
1.2 Զինվորի մասնագիտական կրթությունը
Հայոց բանակում զինվորն իր հիմնական ռազմական գիտելիքները ձեռք է բերում առաջին վեց ամիսների ընթացքում, որից հետո դրանք կիրառում է մարտական հերթապահության ժամանակ: Սակայն, վերջին շրջանում պայմանագրային զինծառայողների ներգրավումից հետո, թիկունքային և առավել ևս հրաձգային զորամասերում ծառայող զինվորները մնացած տասնութ ամիսներին որևէ նոր ռազմական գիտելիք չեն ստանում և իմացածն էլ չեն ամրապնդում:
Մենք առաջարկում ենք զինվորական ծառայությունը կրճատել մեկ տարով, սակայն հաշվի առնելով, որ այս փոփոխությունն այսօր գործնականում հնարավոր չէ արագ իրագործել, առաջարկում ենք ստեղծված անգործությունը լցնել զորավարժություններով: Առկա է այն հանգամանքը, որ զորավարժությունները ծախսատար են, ուստի հարկավոր է մշակել առավել փոքր մասշտաբի ռազմական առաջադրանքների խմբեր, որոնք կուսուցանվեն մարտավարական դասաժամերին: Ռազմական գիտելիքի ձեռքբերման ոլորտում այսօր առավել հաջողությամբ և կանոնավոր կերպով է իրականցվում հրաձգության ուսուցանումը. անհրաժեշտ է այս փորձը տարածել նաև մյուս ոլորտների վրա:
Հետաքրքրական և ուսանելի կլինի զինվորների համար Արցախյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած մարտերի վերախաղարկումը, դրանց ուսումնասիրությունը և վերլուծությունները:
 
2.       Բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը
Առաջարկությունների այս մասում մանրամասն չենք վերլուծում և ներկայացնում բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասական ազդեցություն թողնող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են` կաշառակերությունը, հովանավորչությունը, քրեական արժեքների և երևույթների առկայությունը, արտոնյալ զինվորների գոյությունը, նվաստացումներն ու ստորացումները, զինվորների և սպաների կողմից զինվորների շահագործումը, արժանապատվության մշտական վիրավորումը, ոչ կանոնադրական հարաբերությունները և այլն: Բանակաշինության և բանակային կյանքի բարեփոխման համար առաջնահերթ է արդարության, հավասարության և կարգապահության սկզբունքների արմատավորումը: Առանց այս սկզբունքների հարգման և խստիվ պահպանման, հնարավոր չի լինելու ստեղծել առողջ մթնոլորտ, որտեղ զինվորը կկարողանա ձեռք բերել ռազմական գիտելիքներ և դառնալ հայրենքի մարտունակ զինվոր:
Անհրաժեշտ է առավել արմատավորել կանոնադրական հարաբերություները և արդար ձևով իրականացնել պատիժները:
 
3.       Այլ հարցեր
3.1 Հանրային վերահսկողություն
Բանակը շարունակում է մնալ փակ համակարգ: Բանակի կանոնադրության, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների խախտումների բացահայտումն ու պատիժ հիմնականում գտնվում են բանակի հրամանատարության պատասխանատվության տակ: Ցանկալի է բանակում գործի դնել անկախ հանրային վերահսկողության մեխանիզմ, որի շնորհիվ կարող են բացահայտվել և պատժվել բանակում տեղի ունեցող հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները: Միաժամանակ, նման մեխանիզմը պետք է կազմավորվի և գործի այնպես, որ զինծառայողները լիակատար վստահությամբ ու առանց վախի կարողանան հայտնել գոյություն ունեցող անարդարությունների, մարդու իրավունքների խախտումների և տարբեր թերությունների մասին:
 
3.2 Բջջային հեռախոսներ
Բջջային հեռախոսների օգտագործման խնդիրը բանակում ամենավիճահարույց հարցերից մեկն է, որը ավելի շատ մտահոգում է զինվորներին և նրանց ծնողներին: Չնայած արգելքին` բանակի զինվորների կեսից ավելին ունի բջջային հեռախոս, և գրեթե բոլոր զինվորներն օգտվում են կապի այդ միջոցից: Փաստորեն, բանակում հեռախոս չօգտագործելու արգելքն իրականում չի գործում:
Մեր առաջարկն է թույլատրել բջջային հեռախոսները, սակայն սահմանափակել դրանց օգտագործումը. օրինակ, թույլ տալ օգտագործել երեկոյան ժամերին և այնպիսի հեռախոսներ, որոնք չունեն լուսանկարելու հնարավորություն: Բջջային հեռախոսների օգտագործման արգելքը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում սպաների և զինվորների միջև, զինվորների միջև, ավելորդ անհանգստության պատճառ հանդիսանում ծնողների հետ, որոնք զինծառայող երեխաներից հեռախոսները վերցնելուց հետո սկսում են ծանոթներ փնտրել դրանք վերադարձնելու համար և այլն: Խնդիրներ են առաջանում նաև զինվորների անվտանգության համար, քանզի հեռախոսները լիցքավորելու նպատակով նրանք դիմում են տարատեսակ միջոցների` էլեկտրականություն ստանալու համար:
Բջջային հեռախոսների օգտագործումը միանշանակ դրական ազդեցություն կունենա, և մենք առաջարկում ենք թույլատրել դրանց գործածումը, առավել ևս, որ բանակի բոլոր զինվորներն այսպես, թե այնպես դրանցից օգտվում են:  


Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի
նախագահ Ա. Գալֆայանին
16 դեկտեմբերի, 2010թ. 
 
Հարգելի տիկին Գալֆայան,
շատ ուրախ ենք, որ հասարակական տարբեր խմբերն այսպես ակտիվորեն արձագանքեցին մեր առաջարկությանը։ Հիրավի, սա բանակ□հասարակություն անքակտելի կապի արգասիք է։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում մանրամասն ուսումնասիրվել են □ՀՀ զինված ուժերի ժամանակակից կերպարի□ հայեցակարգի վերաբերյալ Ձեր առաջարկությունները, որոնք հետաքրքիր են ու դիտարժան։ Անշուշտ, հայեցակարգը կազմելիս հաշվի ենք առել Ձեր կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև դրանց իրագործման հնարավորությունները։ Ուշագրավ է հատկապես բջջային հեռախոսների վերաբերյալ առաջարկությունը։ Այս խնդիրը հիմնովին լուծելու համար Դուք բավականին ընդունելի տարբերակ եք առաջարկում։
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արդեն սահմանվել և գործում է զորամասերում պարտադիր ժամկետային զինծառայողների կողմից բջջային հեռախոսների օգտագործման կարգը։ Ինչ վերաբերում է հանրային վերահսկողությանը ընդլայնման խնդրի առնչությամբ Ձեր կողմից արված առաջարկություններին, պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը որդեգրել է թափանցիկ աշխատելու քաղաքականությունը, ներկայումս մշակվում է ՀՀ ԶՈՒ նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կանոնակարգը։ Միաժամանակ արդյունավետ աշխատանք է ծավալել պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը։ Բավականին ընդգրկուն ծրագրեր են իրականացվում ՊՆ հետ համագործակցող հասարակական կառույցների հետ։
Համոզված եղեք, որ պաշտպանության նախարարությունը քննարկում է հանրության կողմից արված յուրաքանչյուր առաջարկություն՝ դիտարկելով այն բանակ□հասարակություն կապի ամրապնդման համատեքստում։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է շարունակելու Ձեր կազմակերպության հետ հետագա համագործակցությունը։
 
Հարգանքով՝
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնությայն հետ կապերի վարչության պետ,
քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի պետական խորհրդական
Վ. Ավետիսյան
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ
Երևան, 1 սեպտեմբերի, 2010թ.
 
   
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014