ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

28.03.2012 ՄԻԺԻ-ի հիմնադիր Արմինէ Առաքելեանի հոդվածը պետականության վերաբերյալ: Բարենպաստ հնարավորության հասունացում վերնագրով

 
 
Բարենպաստ հնարավորության հասունացո՞ւմ. 
քաղաքացիական պետության արմատական սլացքը ճեղքում է քրեա-օլիգարխիկ պետությունը

Այն, ինչ ներկայում տեղի է ունենում մեր հայրենիքում, հատկանշում է քրեա-օլիգարխիկ պետությունից դեպի քաղաքացիական պետություն անցման սլացքը: Վերջին տարիներին Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների առաջացումը, և մասնավորապես այս նախաձեռնությունների համախմբման արագացող ու բյուրեղացող գործընթացները անշրջելի են դարձնում արմատական անցումը մի պետական համակարգից մյուսին՝ քրեա-օլիգարխիկ պետությունից քաղաքացիական պետություն: Վերջինս, ի դեպ, հայ ժողովրդի ու Հայաստանի հասարակության այն գաղափարն ու ծրագիրն է հայոց արդի պետականության մասին, որն ամրագրված է ՀՀ ներկա Սահմանադրությամբ:

Նոր սերնդի այս երիտասարդներն ու նրանց համախմբմամբ խորհրդանշվող քաղաքացիական նախաձեռնությունները բնապահպանական, մարդու իրավունքների, հանրային սեփականության ու տարածքների և այլ խնդիրների շուրջ` 1988-ին սկսված, սակայն ընդհատված, պետականշինական և քաղաքացիական գործընթացների ու ակտիվիստների լեգիտիմ ժառանգորդներն են: Նրանք մոտ տասը տարեկան էին, երբ սկսվեցին հայոց անկախ քաղաքացիական պետականության ու պետականաշինության գործընթացները, որոնք հետագայում` հայոց ազատագրական պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո, ոմանց կողմից ընդհատվեցին ու շեղվեցին: Հայ ժողովրդի հավաքական սեփականությունն ու ունեցվածքն անսանձ թալանելու հոգեբանությամբ և ախորժակով ուժը զավթած փոքրաթիվ խավը՝ ներքին օլիգարխիան համաշխարհային օլիգարխիայի հետ համատեղ և արտաքին տարրերի և դրանց խորհդանիշ Համաշխարհային Բանկի ու ԱՄՀ-ի գործակցությամբ` շեղեցին առողջ գործընթացները և ձևական ժողովրդավարական պիտակի տակ իրականում հաստատեցին քրեական-օլիգարխիկ թույլ, կախյալ, անազատ, անհավասար ու անարժանապատիվ, այսպես կոչված` չկայացած և խոցելի մի պետություն, այսօր՝ սնանկ և հանձնված: Սրա արդյունքն այն է, ինչ մենք տառապելով ճաշակում ենք ամեն օր և ինչը միտում է թևաթափ անելու մեր ժողովրդին` սնանկ ու հանձնված պետությունից տանում են իրենց ԱՎԱՐԸ՝ մարդկային, նյութական, հոգևոր, մշակութային հարստությունն ու ունեցվածքը. Տեղի է ունենում հայրենիքի հայաթափում (մարդկային ներուժի «ինքնակամ դեպորտացիա»), մարդկային գիտական, արհեստավարժ ռեսուրսների գլխատում ու նվիրաբերում այլ երկրներին, ազգային ու հավաքական ռեսուրսների վերջին մնացորդների անսանձ մասնավորեցում, թունավորում, թալան: Շարունակվում է տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային հավաքական գոյությունն ու համերաշխությունը երաշխավորող մոդելների բացարձակ սնանկացումն և ամլացումը, որպեսզի երկիրը զրկվի զարգացման որևէ հեռանկարից: Այս է միշտ պատահում թույլ, սնանկացած և հանձնված համախմբումների ու պետությունների հետ: Հիմա մենք դրանց շարքում ենք: Մենք` մարդասիրական ու հայրենասիրական գիտակցություն և արժանապատվություն ունեցողներս, միայն և միայն ցասումով, վրդովմունքով և ըմբոստացման ոգով կարող ենք ընդունել այս ամենը և շարունակել դիմադրական պայքարը: 

Քրեա-օլիգարխիկ պետությունն ու քաղաքացիական պետությունն իրենց էությամբ խորապես տարբեր, իրարամերժ ու անհամատեղելի են: 

- Արժեքային հարթության վրա՝ քաղաքացիական պետության հիմքում ընկած են մարդու իրավունքներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը/արժանապատվությունը և աշխարհիկ արժեքները: Իսկ քրեա-օլիգարխիկ պետության մեջ մարդը, բնությունն ու հոգևորը որևէ արժեք չեն ներկայացնում` արժեքը նյութն է, իրավունքը բացակայում է` փոխարենը գերակայում է անազատութունը/բռնությունը, անհավասարությունն ու անարդարությունը, իսկ արժանապատվությունը նահատակվում է անձնական նեղ հեղինակությունների պաշտպանությամբ` մերժելով այլոց նկատմամբ հարգանքը, կարեկցանքն ու գոտեկցությունը: 

- Համակեցության գործընթացների հարթության վրա՝ քաղաքացիական պետությունում գործում է մարդ-անհատի բազմազան ինքնությունների կերտման ու հավաքականության հետ ներդաշնակությունը. այն անհատականությունների ու հավաքական ինքնությունների կերտման բնօրրան է, ներառող է: Մարդկային փոխհարաբերություններում տիրում են հանդուրժողությունը տարբերությունների նկատմամբ, բնույթների ու բնագավառների բազմազանությունը, ստեղծագործությունն ու գոտեկցությունր, հոգատարությունն ու կարեկցանքը միմյանց նկատմամբ, և մանավանդ ամենից թույլ կամ խոցելի մարդկանց, նաև բնության, կենդանիների նկատմամբ: Գերակայում են արդարատենչությունն ու իրավականությունը: Համակարգը բաց է ու թափանցիկ: Մինչդեռ քրեա-օլիգարխիկ համակարգում գերակայում են զուտ արյունակցական և/կամ կորպորատիվ շահերը, հանցագործ հարաբերությունները, բացակայում է իրավականը, տիրում է անողորմ մրցակցություն, խմբավորումից դուրս գտնվողները զրկվում են «ավարի» բաժնից, անխնա ոտնակոխ են արվում: Ամեն ինչ և ամեն ոք, ով դուրս է խմբավորումից, կա՛մ պետք է ծառայի խմբավորմանը, կա՛մ էլ վերանա կամ դուրս մղվի տարածքից: Համակարգը փակ է ու թաքուն: 

- Կառավարման գործընթացների հարթության վրա` քաղաքացիական պետությունը առաջնորդվում է գիտակցության և փոխըմբռնման սկզբունքով, մասնակցային ու հորիզոնական է, ժողովրդավարական է՝ բաց, թափանցիկ ու հաշվետու, գեակայում է երկխոսությունը: Քրեա-օլիգարխիկ պետությունը առաջնորդվում է բնազդային ու բռնատիրական սկզունքներով, արխայիկ է, բուրգային, կենտրենաձիգ կառուցվածք ունի, անօրինական է, խտրականության ու բացառման սկզունքն է գերակայում, փակ ու թաքուն է, անհաշվետու և հովանավորչական: 

Կոմպրոմիսային ելք չի կարելի փնտրել այս երկու էապես ու որակապես տարբեր համակարգերի միջև, անհնար է, որ այս հիմնովին տարբեր պետական գաղափարներն ու համակարգերը համատեղ գոյություն ունենան Հայաստանում: Քաղաքացիական պետության գերակայումը նշանակում է՝ քրեա-օլիգարխիկ պետության ապամոնտաժում, քաղաքացիական պետության կերտումը նշանակում է քրեա-օլիգարխիկի վերացում: 

Այո, ժամանակը և սերնդափոխության բնական ընթացքը մեծ դերակատարություն ունեն այս նոր քաղաքացիական սերնդի գոյացման գործում: Սակայն այս որակական փոփոխության մեջ հիմնական դերակատարություն ունի նոր սերնդի տեսական ու գործնական կրթությունը՝ ընտանիքում և քաղաքացիական կյանքում: Դա նշանակում է գիտակցության արթնացնում ու մշակում, ինքնակերտում և ապա համախմբում` իբրև լիարժեք ու արժանապատիվ մարդ-անհատներ, քաղաքացիներ, հայ պետականության կերտման գործոններ: Ներգործուն աշխատանքը, զուգորդվելով ժամանակի և այլ բարենպաստ կոնտեքստների հետ, կերտում, հասունացնում ու մշակում է որակյալ սերունդ: Որակյալ բերքը լավ եղանակից ու բարենպաստ հողից բացի պահանջում է սեր, հոգատարություն, ծրագրավորում և պատշաճ մշակում: Նույնն էլ սերունդների մարդկային ու քաղաքացիական կերտման գործընթացներն են. որակյալ նոր սերունդը պետք է կարողանա գիտակցել իր առաքելությանը, վերաիմաստավորել անցյալի ժառանգությունը, ստեղծագործել ու կերտել որակապես նորը, պետք է կարողանա զարգացնել և պատշաճ օգտագործել իր և այլոց դրական ու բացասական գիտելիքներն ու փորձը` միշտ հավատարիմ մնալով ազատ ու ստեղծագործ մարդ-անհատի ու հավաքականությունների ներդաշնակ ինքնակերտմանը և մարդ-բնություն-տիեզերք ներդաշնակությանը: 

Այսօր կրկին ապրում ենք այն կուլմինացիոն ժամանակահատվածը, այն պահը, երբ ինտենսիվորեն հասունացող քաղաքացիական նախաձեռնություններն ու հետզհետե ընդլայնվող քաղաքացիական դերակատարներն արձակել են նետը, որի նպատակակետը ՀՀ Սահամանադրության կենսագործումն է և ի վերջո քաղաքացիական պետության կերտումը: Պահը հասունացել է, ոչ միայն այն պատճառով, որ այս քսան տարիների ընթացքում տիրող համակարգը սպառվել է ու պետությունը հասել է սնանկացման, այլև այն պատճառով, որ թուլանում է քրեա-օլիգարխիկ ուժերին սնող ճակատը արտաքին համաշխարհային զարգացումներում` նոր-ազատականությունը ճեղք է տվել, վերադասավորվում են ռեսուրսներն ու աշխարհաքաղաքականությունը, համընդհանուր մարդկային քաղաքակրթության ճգնաժամ է: Ներկա աշխարհն ավարտին է մոտենում, ապամոնտաժվում է, իսկ որակապես նորը դեռ ձևակերպված չէ: Սրա արդյունքն են անորոշությունն ու անկայունությունը. նման վիճակից կարող են հետևել նոր սպառնալիքներ և հետադիմական հոլովույթներ, ինչպես նաև նոր դրական որական բարեփոխումների հնարավորություններ: Այս երկու հակադիր ուղղվածությամբ հոլովույթներից` մեկը դեպի հետ և ոչնչացում, իսկ մյուսը` դեպի ապագա և զարգացում, մեկի կամ մյուսի հաղթանակը հիմնականում կախված է մարդկային գիտակցության, կամքի, կենսագործական հմտություններից: 

Նոր սերնդի քաղաքացիական վերածնունդը խորհրդանշող նետը կհասնի՞ արդյոք իր նպատակակետին, թե՞ ոչ` կարևոր խնդիր ու մարտահրավեր է մեր ողջ ժողովրդի ներկայի ու ապագայի իմաստով: Համաշխարհային քաղաքակրթական ճգնաժամում և նոր դասավորումներում, մեր երկրի սնանկացման ու հանձնման գործընթացներում, այս վերածնունդը ևս մեկ անգամ արտահայտում է մեր ժողովրդի դիմակայության ու գոյության ռեֆլեքսների աշխատունակությունը, ինչպես եղավ 1918-ին` Սարդարապատով, 1988-ին քաղաքացիական և Արցախյան գոյապայքարներով: Ռիսկը մնում է նույնը` այդ գործընթացները վիժեցվել ու շեղվել են արտաքին ուժերի, բայց մանավանդ դրանց տեղական ծառաների ու գործընկերների միջոցով` արգելակելով ժողովրդի ու ազգի ապաքինումը և հետո իրական զարգացումը՝ արժանապատիվ, ազատ, ինքնիշխան ներուժի որակի ու ստեղծագործական միջոցներով: 

Այսօր կրկին անգամ դեմ հանդիման ենք կանգնած նմանօրինակ ռիսկի, բայց նաև բացված է դրական հնարավորությունների դարպասը: Նոր սերնդի քաղաքացիական շարժման հաջողության գլխավոր երաշխիքը ներքին իմաստով մեկն է՝ հավաքական գոյության ու զարգացման գիտակցության, կամեցողության և հետո կենսագործման կոնսոլիդացումն ու ընդարձակումը զանգվածային և համաժողովրդական մասշտաբներով: Սա ենթադրում է գործընթացների որակի ապահովում, այսինքն դրանց հավատարմությունը քաղաքացիական արժեքներին, քաղաքացիական հմտությունների և գիտակցության զարգացում, նոր մոդելների ստեղծում, ինքնության կերտում: Անհրաժեշտ է զգոնություն թե՛ ներքին, և թե՛ արտաքին ռիսկերի նկատմամբ` կանխելու համար որևէ զավթում, շեղում, վիժում, առողջ ներքին գործընթացների արգելափակում կամ ոչնչացում հակադիր գործոնների ու նրանց գործիքների միջոցով: 

Գիտակցություն, կամք, հմտություն և զգոնություն է անհրաժեշտ` նավարկելու այնպես, որպեսզի նոր սերնդի քաղաքացիական շարժումը միաժամանակ ապահովի ժողովրդի գոյության ու դիմակայության կարողականության արթնացումն ու կոնսոլիդացումը, ուրվագծի, մշակի ու սկսի կերտել քաղաքացիական պետության հիմքերն ու զարգացման հնարավորությունները, և վերջապես, անաղարտ ու անխոցելի դարձնի այս գործընթացները հակադիր արգելակիչ գործոններից ու գործընթացներից՝ ներքին հոգեբանական և ֆիզիկական սպառնալիքներ՝ բռնություն, ահաբեկում և գլխատում, արտաքին միջամտություն, պատերազմ, գաղութատիրական ոտնձգություններ` ինչ բնույթ էլ որ դրանք կրեն` արտաքին վարկ, ստրատեգիական ոլորտների մասնավորեցում և հանձնում կամ դասական տարածքային ոտնձգություն: 

Քաղաքացիական գնացքն արդեն շարժվել է: 

Արմինէ Առաքելեան, 
Քաղաքագետ և միջազզգային իրավաբան,
ՄԻԺԻ-ի Հիմնադիր
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014