ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

27.03.2012 ՄԻԺԻ-ի նախագահ Արփինե Գալֆայանի մեկնաբանությունը Lragir.am-ի հարցին` կապված Մաշտոցի պուրակի խնդրի շուրջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարության հետ

 
 
ՄԻԺԻ-ի նախագահ Արփինե Գալֆայանի  մեկնաբանությունը Lragir.am-ի հարցին` կապված Մաշտոցի պուրակի խնդրի շուրջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարության հետ:

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Մաշտոցի պուրակում մշտական տաղավարներ չեն տեղադրվելու և դրանք տեղափոխելու են, որ կա նաև Սերժ Սարգսյանի հանձնարարականը` Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնելու համար: Վարչապետը նաև նշել է, որ այդ ծրագիրը պետք է հաստատվի նաև կառավարության կողմից, որպեսզի վստահություն  լինի  քաղաքացիների  մոտ, որ այդ  խնդիրը  կլուծվի: Բացի այդ, վարչապետը նշել է նաև, որ Երևանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր և իրեն դուր չի գալիս, որ այնտեղ իրականացվում է կապիտալ շինարարություն: 

- Վարչապետի երեկվա հայտարարության հետ կապված մի շատ հարցեր ու խնդիրներ են ի հայտ եկել. 

1) Նշվում է, որ Երևանի քաղաքաշինական հարցերը, այդ թվում՝ Գլխավոր պողոտայի Մաշտոցի պուրակի խնդիրը քննարկվել է ճարտարապետների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ: Հետաքրքիր է, թե ո՞ր հասարակական ակտիվ զանգվածի հետ է խոսել վարչապետը, եթե արդեն 19-րդ օրն է հասարակությունը գտնվում է Մաշտոցի պուրակում և կոչ է անում լիազոր մարմիններին գալ այգի, լսել հանրությանը և կատարել հանրության պահանջը, և որևէ իրավասու պաշտոնյա մինչև օրս չի ներկայացել: Ավելին, երբ հանրությունն ինքը գնաց քաղաքապետի մոտ, քաղաքապետը հրաժարվեց դուրս գալ և խոսել քաղաքացիների հետ: 

2) Տիգրան Սարգսյանը նշել է, որ իր վրա մեծ տպավորություն է գործել Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, ըստ որի` Հայաստանում այլևս ձևավորվել է քաղաքացիական հասարակություն: Հետաքրքիր է, որ վարչապետի վրա տպավորություն չեն գործում շաբաթներ շարունակ Մաշտոցի այգում ամեն օր իրենց հանրային սեփականության և իրավունքների համար պայքարող մարդիկ, Թռչկանում, Թեղուտում, Քաջարանում, Երևանում և այլուր իրենց Սահմանադրական իրավունքների, հանրային տարածքների և հանրային ունեցվածքի համար պայքարող ու նաև իրենց սահմանադրական պարտականություններն իրական դաշտում կենսագործող քաղաքացիները: Ստացվում է, որ վարչապետը չի հետևում հասարակության մեջ տեղի ունեցող զարգացումներին: 

Նույն հանդիպման ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ «պատրաստ է համագործակցել ճարտարապետների միության հետ, գտնել մայրաքաղաքում առկա խնդիրների լուծումները»: Սրանով փորձ է արվում խնդիրը արհեստականորեն տանել դեպի զուտ մասնագիտական մակարդակ, մինչդեռ խնդիրն առաջին հերթին հանրային և իրավական հարթության վրա է: Անշուշտ, մասնագետների ներգրավումը և մասնագետների հետ խորհրդակցելը անչափ կարևոր է. հակաօրինական ու հակասահմանադրական որոշումներ կայացնելիս երբևէ հաշվի չեն առնվում իրական մասնագետների տեսանկյունները: Դրանք անընդհատ աղավաղվում են` հարմարեցվելով օլիգարխիկ շահերին, ոտնահարվում են քաղաքաշինական, մշակութային ու ճարտարապետական սկզբունքները, մարդկանց անվտանգության և ազգային անվտանգության խնդիրները… 

3) Մյուս հիմնական և խիստ էական հարցն այն է, որ վարչապետը, ինչպես և մյուս պաշտոնյաները, լռության են մատնում հանրության կողմից բարձրացված ամենակարևոր հարցը` Մաշտոցի այգու պարագայում, ինչպես նաև մի շարք այլ հանրային տարածքների դեպքում, խախտվել են օրենքներ և Սահմանադրության դրույթներ: Տեղական ինքնակառավարման մարմինները թույլ են տվել ապօրինություններ, գործել են ոչ ժողովրդավարական և ոչ հաշվետու կարգով: Եթե իրական կամք կա վերջ տալու այս ամենաթողություններին, ապա անհրաժեշտ է բացահայտել ապօրինությունները և պատժել մեղավորներին ու նաև անհապաղ ճշտել սխալները. Հակառակ դեպքում այս հայտարարությունները դեկլարատիվ են հնչում և կարծես փորձ է կատարվում շեղել հիմնախնդիրների առանցքը, -ասել է ՄԻԺԻ նախագահը: 

Ժամանակավոր, թե մշտական` հանրային այգին չպետք է վերածվի առևտրի կենտրոնի: Հանրության պահանջն անփոփոխ է` բուտիկները պետք է անհապաղ ապամոնտաժվեն այգուց և այգին պետք է բարեկարգվի: Մաշտոցի այգու պաշտպանության համար համախմբված հանրությունը պահանջում է մի շարք տեղեկություններ հրապարակել բուտիկների սեփականատերերի, Աբովյան փողոցում այդ բուտիկների տեղադրման օրինականության հարցերի մասին և այլն: Մասնավոր սեփականության իրավունքը և դրա իրացումը չպետք է վնասի շրջակա միջավայրը խախտումի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը (ՀՀ Սահմանադրության 31 հոդված): 

Իսկ մեծ հասարակական հնչեղություն ունեցող հարցերի շուրջ հանրաքվե իրականացնելու մասին Վարչապետի առաջարկությունը ոչ այլ ինչ է, քան ապօրինություններից ուշադրությունը շեղելու կամ դրանք լեգիտիմացնելու փորձ: Տեղական հանրաքվեների ձևով հանրության կարծիքը տարբեր ծրագրերի մասին պարզելը, անշուշտ, ժողովրդավարական գործընթաց է, որը սակայն չի հարգվում մեր քաղաքի ու երկրի կառավարման համակարգում: Այս դեպքում խոսքը գնում է ապօրինի, հակաիրավական ծրագրերի մասին` այդպիսին է Աբովյան փողոցի ու Մաշտոցի այգու պարագան, ինչպես նաև Երևանում ու ամբողջ Հայաստանում տեղի ունեցող և հանրային դժգոհություն առաջացրած բազմաթիվ այլ ծրագրեր: Պետք է հրապարակել պահանջվող տեղեկատվությունը, պատժել ապօրինի որոշումներ կայացնողներին, անհապաղ ապամոնտաժել բուտիկները և բարեկարգել այգին: Իսկ ապագայում`պետք է նաև բացառել որևէ կառուցապատում հանրային ու կանաչ տարածքների հաշվին: Քաղաքացիական շարժման կողմից դրված հիմնախնդիրները շատ հստակ են և քաղաքային, և պետական պատկան մարմիններն ու պաշտոնյաները ուզեն թե չուզեն, պարտավոր են հաշվի նստելու մեր քաղաքի և պետության իրական տիրոջ՝ ժողովրդի հետ,- ասել է Արփինե Գալֆայանը:
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014