ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

27.02.2012 ՄԻԺԻ-ի նախագահ Արփինե Գալֆայանը հարցազրույց է տվել Lragir.am կայքին քաղաքացիական զարգացումների վերաբերյալ: Փորձում են հին ձևով հարցեր լուծել վերնագրով

 
 
ՄԻԺԻ-ի ՀԿ նախագահ, քաղաքացիական ակտիվիստ Արփինե Գալֆայանի հարցազրույցը Lragir.am կայքում:

Արփինե, նախորդ մեր զրույցում նշում էիք, որ հասունանում է սոցիալական շարժման տեքստը: Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ այն, ինչ տեղի է ունենում տասնութ օր Մաշտոցի պուրակում, հենց այդ հասունացած տեքստի արդյունքն է: 

Ես կասեի`սա հասարակության և քաղաքացիական շարժման հասունացման ընթացքն է, որն արդեն զարգացման մի նոր մակարդակ է տեղափոխվել: Քաղաքացիական պայքարի այս փուլն արդյունքն է Թեղուտի շարժման, Թռչկանի հաղթանակի, Ուսանողական այգու և Վիշապի այգու պայքարների, Բանակն իրականում նախաձեռնության և ուրիշների: Մենք այստեղ արդեն տեսնում ենք համագործակցություն տարբեր նախաձեռնությունների միջև, ավելի մեծ թվով մարդկանց ներգրավում: Բացի այդ, խնդիրները շեշտադրվում են իրենց էական պատճառների հարթության վրա` ոչ միայն այգու ու կանաչ տարածքի պաշտպանություն, այլև հանրային տարածքների ու հանրային սեփականության խնդիր` ի հակադրության մասնավոր և խոշոր սեփականության: Ստացվում է, որ հանրային իշխանությունները, տվյալ դեպքում քաղաքապետարանը, առաջնորդվում է ոչ թե հանրության շահերի պաշտպանությամբ, այլ աշխատում է մի քանի հոգու մասնավոր շահի օգտին: Այդ պատճառով Մաշտոցի այգու պաշտպաններն այսօր բարձրացնում են նաև մասնակցային, թափանցիկ ու հաշվետու կառավարման հարցը` ինչպե՞ս է քաղաքապետարանը որոշումներ կայացրել, ինչո՞ւ չի հարցրել հանրության կարծիքը, ովքե՞ր են այն մարդիկ, ում համար ոտնահարվում են հանրության իրավունքներն ու շահերը: Այս գործընթացը նաև նոր, քաղաքացիական մշակույթի ներդրման շարժում է` մասնակցային, բաց, ստեղծագործ... 

Արփինե, այս անգամ մի քանի կուսակցություններ ակտիվացան, եկան կանգնեցին պուրակի պաշտպանների կողքին: Սա նախընտրական PR է, թե՞ հասկացել են` հասարակական շահը պետք է լինի իրենց գործունեության հիմքում: 

Կարծում եմ`այստեղ երկու կողմ կա. կան կուսակցական և քաղաքական գործիչներ, ովքեր մշտապես մտահոգ են եղել, կանգնած են եղել քաղաքացիական նախաձեռնությունների կողքին, փորձել են օգնել որպես ՀՀ քաղաքացիներ: Դրա հետ միասին, կա նաև նախընտրական շրջանի գործոնը, քանի որ տարբեր քաղաքական ուժերի ակտիվությունն ակնհայտորեն ավելացել է: Ամեն դեպքում, հստակ է, որ Մաշտոցի այգու պաշտպանության շարժիչ ուժը քաղաքացիական խմբերն ու անհատ քաղաքացիներն են`անկախ իրենց քաղաքական հայացքներից: Քաղաքացիական նախաձեռնություններն ապակուսակցական են, և շարժումը զգոն է, որ կուսակցությունները, կամ որևէ ներքին և արտաքին կազմակերպված ուժեր չփորձեն սեփականաշնորհել պայքարը, չվարկաբեկեն, չշեղեն այն իր նպատակից կամ ոչնչացնեն այն: 

Հանրային խորհրդում պուրակի հարցը քննարկելիս Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ երիտասարդների հետ կոնֆլիկտ ունենալ իրենք էլ չեն ուզում և չեն ուզում բարիկադների տարբեր կողմերում գտնվել: Հարցը հիմա ինչպե՞ս պետք է լուծվի, որոշակի փոխզիջման, քննարկման տարբերակներով, թե՞... 

Նախևառաջ պետք է ընկալեն, որ նման քննարկումները պետք է լինեն ոչ թե որոշումը կայացնելուց հետո, այլ որոշումը կայացնելուց առաջ, և որոշումները կայացվում են ոչ միայն զուտ հանրային քննարկումների արդյունքում, այլև հանրության լիիրավ տեղեկացվածությամբ ու մասնակցությամբ: Եթե ժամանակին իրական հանրային քննարկումներ անեն և էապես ներառեն հանրությանը տեղական կառավարման գործընթացներում, ապա լավագույն որոշումը կգտնվի հենց սկզբից և այն կընկալվի հանրության կողմից: Իրենք փորձում են հին ձևերով շարունակել հարցերը լուծել` ենթադրում են, որ հասարակությունը ուշադրություն չի դարձնի և հերթական անգամ իրենց անօրինական, հակաիրավական գործերն աննկատ կանցնեն: Սակայն իրավիճակը փոխվել է. կան մարդիկ, խմբեր, ովքեր իրենց տեր են համարում այս քաղաքին, այս երկրին և պահանջատեր են իրենց սահմանադրական իրավունքներին: 

Այն փաստը, որ քաղաքապետարանը սկսել է խոսել իրավունքի լեզվով, արդեն իսկ քաղաքացիական այս շարժման նվաճումն է: Եթե նրանք ընդունում են իրենց սխալը և պատրաստ են փոխելու իրենց էությունն ու աշխատելաոճը, ապա պետք է հարգեն ՀՀ Սահմանադրությունը, աշխատեն ի շահ հանրության և իրավական հարթությունում: Այս պարագայում, նրանք պիտի կատարեն հանրության պահանջը` ապամոնտաժեն խանութներն այգուց, հրապարակեն պահանջված ամբողջ տեղեկատվությունը հանրային տարածքների՝ անցյալում Աբովյան պուրակի և ներկայում Մաշտոցի այգու սեփականաշնորման ու խանութների սեփականության հետ կապված, և ամբողջությամբ վերականգնեն այս հանրային սեփականությունն ի շահ հանրության: 

Նոր սերնդի այս քաղաքացիական նախաձեռնություններն արմատական հարց են դնում` հանրային տարածքը և հանրային սեփականությունը չի կարող ստորադասվել մասնավոր շահին, և հանրությունը մինչև վերջ պաշտպանելու է իր այդ սահմանադրական իրավունքը, իսկ քաղաքային իշխանություններն այլևս պետք է վերջ տան ժողովրդի ունեցվածքի հաշվին անօրեն ու թաքուն կերպով որոշ արտոնյալ անհատների և խմբերի լավություն անելու մշակույթին: Հանրային ու ազգային հարստությունն իրենց չի պատկանում, նրանք պիտի գիտակցեն, որ պաշտոնյաներ են, հանրության ծառաներն են և առանց իրական տիրոջ՝ հանրության որոշման իրավունք չունեն որևէ բան առնել-ծախելու, և իրենց արածի ու չարածի համար էլ հաշվետու են իրենց միակ տիրոջը՝ ժողովրդին: 

Դուք պայքարելու եք մինչև բուտիկների վերջնական քանդո՞ւմը: 

Այո: Այգում արդեն մոտ մեկ շաբաթ է`դադարեցված է շինարարությունը, բայց քաղաքապետարանը պետք է պաշտոնական հայտարություն անի շինարարությունը դադարեցնելու մասին, ապամոնտաժի արդեն իսկ մասամբ տեղադրված բուտիկները և բարեկարգի հանրային տարածքը: Բացի այդ, հիմա մեկ այլ պրոցես է զարգանում` այգին արդեն իսկ օգտագործվում է որպես հանրային տարածք. ամեն օր այստեղ կազմակերպվում են հանրային զրույցներ, տեղի են ունենում մշակութային միջոցառումներ`համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ… կոնցեպտուալ և պատկերային մակարդակներում հանրությունը ստեղծագործում է և ստեղծում իր ուզած տարածքը: 

Ազատության հրապարակը մեկ տարի առաջ ազատագրվեց, հիմա հերթը Մաշտոցի պուրակի՞նն է: 

Ազատության հրապարակում ապօրինաբար արգելվում էին հանրահավաքները, այդ արգելքը վերացված է: Սակայն իմ կարծիքով Ազատության հրապարակը առայժմ միայն քաղաքական ուժերի, կուսակցությունների սեփականությունն է, դեռևս ժողովրդինը չէ: Մաշտոցի այգում շատ տպավորիչ է հենց այն փաստը, որ այստեղ տեղադրվել էՔաղաքացիական ամբիոն, որտեղից յուրաքանչյուր ոք կարող է արտահայտվել` ամեն օր ամբիոնից հանրային զրույցներ են հնչում: Այստեղ տեսնում ենք մշակույթների ու ենթամշակույթների բազմազանություն և համակեցություն, ամեն ոք հնարավորություն ունի որևէ բան նախաձեռնելու և իր նախաձեռնությունը կյանքի կոչելու: Միաժամանակ, բոլորը հոգ են տանում այս տարածքի և միմյանց մասին: Սա մի հրաշալի գործընթաց է, որը պետք է ամեն կերպ սնուցվի ու զարգացվի:

Սիրանույշ Պապյան

Ցավոք, մեր քաղաքում և երկրում սոցիալական արդարության և սեփականության իրավունքը գերակա չեն, և ընդհարապես իրավական նորմերը չեն գերակայում: Մենք պայքարում ենք դրանց հաստատման համար և ոչ թե զուտ դրանց խախտման ու ոտնահարման հետևանքների վերացման համար: Այսօրվա իրականությունը դրա հետևանքն է: Այսպիսով, նախկինում սեփականաշնորհվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի մայթն ու կանաչապատ տարածքը, ինչպես նշված է քաղաքապետի հայտարարությունում, սակայն չի նշում, որ դա կատարվել է հանրային սեփականության հաշվին: Նա, ի դեպ, հանրությանը չի տեղեկացնում այն մարդկանց անունները, որոնք այդ որոշումը կայացրել են և ովքեր են այդ մասնավոր սեփականատերերը: Մենք էլ ենք սեփականության ու սեփականության իրավունքի պաշտպաններ: Անհեթեթությունը նրանում է, որ եթե քաղաքային իշխանությունները պաշտպանում են սեփականության իրավունքը, ապա նրանք խախտում են մեր, այսինքն՝ հանրային սեփականությունը՝ ի շահ ոմանց մասնավոր շահի, որ այս դեպքում արտահայտվում է բուտիկներով: Մյուս անհեթեթությունը նրանում է, որ ի սկզբանե ժամանակի քաղաքային իշխանությունների անօրինական որոշումը շարունակում և վերարտադրում են ներկա քաղաքային իշխանություններն, այս անգամ մի այլ հանրային ու համայնքային տարածքի ու սեփականության հաշվին, այն է՝ Մաշտոցի այգին մասնավոր սեփականատերերին շնորհելով, փոխհատուցման ձևով, կարևոր չէ դրա ժամանակավոր կամ ոչ ժամանակավոր բնույթը: Կարևորը անօրինականությունն է: Օրենքի խախտումը ժամանակավոր կամ ոչ ժամանակավորություն չի ընդունում: Օրենքը կամ խախտվում է, կամ չէ: Ժամանակավորի մասին խոսք լինել չի կարող, սա անհեթությո՞ւն է, անգրագիտությո՞ւն, թե հուզականություն… 

Արդեն իսկ անարդար ու ոչ սահմանադրական իրավիճակը վերարտադրվում է: «Առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության» քաղաքապետը իր հայտարարության մեջ գտնում է, որ «անհնար է զարգացում և հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում»: Ահա հենց այստեղ է թաղված շան գլուխը: Արժեքային հիերարխիայի առումով, մեր սահմանադրությամբ և ընդհանրապես մարդու իրավունքների արժեքային համակարգում սեփականության իրավունքը չի գերակայում, այլ ազատությունը, հավասարությունը և եղբայրությունը /արժանապատվություն/: Մեր քաղաքի և պետության զարգացումը և հանրային կարևորություն ցանկացած խնդրի լուծումը գտնվում է այս արժեքների և դրանից բխող հիմնարար իրավունքների գերակայության մեջ և ոչ թե զուտ սեփականության իրավունքի մեջ: Հանրային շահի գիտակցության ու պաշտպանության մեջ, հարգելով ու ներդաշնակելով հանրային ու անհատական սեփականությունն ու իրավունքը՝ սահմանադրական կարգով ընդունած արժեքների գերակայության պաշտպանությամբ և կիրառմամբ: Մենք՝ իբրև ազատ ու գիտակից քաղաքացիներ, տեր ենք կանգնում, վերականգնում ենք ու պահանջում այս արժեքները ու կարգը, որը միակ երաշխքն է, որ մենք ներկայիս և մեր ապագա սերունդները կարողանան ունենալ իրական զարգացում, իրական սոցիալական արդարություն ու համերաշխություն: 

Գոռ, ինչպե՞ս եք պատկերացնում Մաշտոցի պուրակի հարցի վերջնական լուծումը: Քաղաքապետը կարծես մեղմել է իր դիրքորոշումը, ողջունում է, որ նման ակտիվիստներ կան, որոնք պայքարում են հանրային տարածքների համար: 

Այո, մենք պայքարում ենք հանրային տարածքների կամ հանրային սեփականության համար: Մեր պահանջը նորից մնում է նույնը` պահպանել և չառևտրականացնել հանրային այգին, ապամոնտաժել բոլոր կրպակները և շինությունները և բարեկարգել այգին: Այս պահանջի իրականացումը մեր քաղաքին կտա մի նոր` գեղեցիկ, կանաչապատ ու հանրային տարածք, որը և քաղաքապետի հիմնական գործառույթներից մեկն է: 

Այս պահին մենք սպասում ենք քաղաքապետի առաջարկին ու նրան մեր այգում, քանզի մենք գնացինք նրա մոտ և ներկայացրեցինք մեր պահանջը: 

Գոռ, մինչև ակցիան մտածո՞ւմ էիք, որ այն շատերին կհետաքրքրի, հանրային շահի մասին կմտածեն անգամ նրանք, որոնք մինչև հիմա իշխանության շահերն էին պաշտպանում: 

Այս գործընթացը սկսել է ավելի շուտ`Թռչկանի ջրվեժի պահպանությունից, մինչ այդ եղած քաղաքացիական այլ շարժումներից և իհարկե Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունից, երբ մենք բարձրացնում ենք ազգային ունեցվածքի պահպանության հարց և համաձայն չենք, որ մասնավոր ընկերությունները անխնա շահագործեն հանքային հարստությունը և թունավորեն ներկա և ապագա սերունդներին:Մաշտոցի այգու պահպանությունը միայն բնապահպանական հարց չէր, այլ նաև հանրային տարածքի ու սեփականության պաշտապանություն: 

Քաղաքապետի հայտարարությունից հետո սկսեց քննարկվել Սահմանադրական իրավական հարցեր՝ մարդու հիմնարար իրավունքների դիտանկյունից, իսկ քաղաքի մակարդակով բարձրացվեց արդար փոխհատուցման հարցը: Ինչպես գիտեք, մի տարի առաջ արգելվեց քաղաքում զբաղվել բացօթյա առևտրով ու չտրվեց որևէ փոխհատուցում այդ առևտրականներին, ապամոնտաժվեցին Փափազյան փողոցի կրպակներն, առանց որևէ փոխահատուցման և այլն: Այս հարցերի բազմազանությունն էլ ներգրավում և միավորում է ավելի շատ մարդկանց այս գործընթացում: 

Կարելի՞ է ասել, որ քաղաքացիական նախաձեռնությունները, որ մինչև հիմա քաղաքականությանը վանում էին իրենցից, հիմա գործողությունների վեկտորը ուղղում են քաղաքականություն: 

Որևէ քաղաքացիական գործընթաց, քաղաքացիական շարժում իր գործունեությամբ մաս է դառնում քաղաքական գործընթացների կամ հենց ինքն է ստեղծում նոր քաղաքական գործընթաց: Որևէ հանրային մասնակցություն կամ ճնշում պետական որոշումներում արդեն իսկ քաղաքական գործընթաց է: Քաղաքականությամբ զբաղվում են բոլորը, և դա միայն կուսակցությունների մենաշնորհը չէ: Քաղաքացիական նախաձեռնությունները խուսափում են կուսակցականացումից և ապակուսակցական են, բայց ոչ ապաքաղաքական: Քաղաքականությունը մեզ համար միջոց է և մեթոդ՝ մասնակցելու հանրային կյանքին, որոշումների ընդունմանը, իրացնելու մեր սահմանադրական իրավունքները և պարտականությունները: Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունները ամենաիսկական քաղաքականությամբ զբաղվողներն են, քանի որ միայն իրենք են բարձրացնում հանրության ամենահիմնարար ու խորքային հիմնահարցերը և բերելով հանրային օրակարգ՝փորձում են միասնական ուժերով լուծումներ գտնել և պարտադրել այն ինստիտուտներին, որ կոչված են այդ անել: 

Մեծ հաշվով զսպաշապի՞կ են իշխանությունների կամայականություններին: 

Քաղաքացիական հասարակությունը ունի ուղղորդող, պարտադրող և վերահսկող առաքելություն և գործառույթ քաղաքացիական պետության մեջ. մենք գիտակցում ենք մեր առաքելությունը և իրականացնում ենք: 

Սա նոր հեղափոխությա՞ն սկիզբ է: Երբ ոչ միայն Ազատության հրապարակն է վերածվում հանրային տարածքի, այլն նաև Մաշտոցի պուրակը: 

Սա շարունակական քաղաքացիական գիտակցության և մշակույթի, և գործառույթների ու Հեղափոխության սլացքն է, սա կամրջում է 1988-ի սկսած քաղաքացիական ու պետականաշինության սկսած, սակայն ընդհատված գործընթացը: Թե արդյոք կամրջողներս կտեսնենք կամուրջի կոնսոլիդացումը կամ ավարտը, թե կփոխանցենք ապագա սերունդներին, սա մեր մարտահրավերն է: Մենք գիտակից և զգոն ենք մեր պետականության գոյության և զարգացման ներքին և արտաքին բոլոր ռիսկերին և հնարավորություններին: 

Գոռ, այս անգամ կարծես ակտիվացան նաև կուսակցությունները, սա նախընտրական պրոցեսներո՞վ եք պայմանավորում, թե՞ իրենք էլ հասկացան, որ հանրային շահը պետք է դնեն իրենց օրակարգում: 

Ես ավելի հակված եմ կարծել, որ այս ակտիվությունը պայմանավորված է նախընտրական գործընթացներով, քան թե հանրային շահի մասին իրենց գիտակցումով: Հիմնականում 2011թ-ից քաղաքացիական նախաձեռնություններն են փորձել բարձրացնել հանրության խորքային հարցերը և խնդիրները ու բերել դրանք հանրային օրակարգ, և այս մեկ տարվա ընթացքում հանրային օրակարգում քննարկվել են հիմնականում այն հարցերը, որի հետևում կանգնած է եղել որևէ քաղաքացիական նախաձեռնություն` Բանակն Իրականում, Թռչկան, Արժանապատիվ Տրանսպորտ, Մեր Քաղաք, Մենք ենք այս քաղաքի տերը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն և այլն: Քաղաքացիական ուժերն են, որ նաև փորձում են հասկանալ ու քննարկել հանրային կարևորագույն հարցրերն ըստ իրենց պատկերացումների և մասնագիտական կարողությունների, ինչպես օրինակ Հեղաֆորումը: Չկայացած ժողովրդավարական քաղաքական ոլորտը ներկայացնում են ինքնակենտրոն, ինքնանպատակ դարձած ինստիտուտները` կուսակցությունները և ուժերը: Երբ նրանք կընկալեն ու կգիտակցեն իրենց իրական առաքելությունը քաղաքացիական պետության զարգացման գործում,այսինքն՝ հանրության մեջ եղած շահերի ձևակերպմամբ ու շահերի պաշտպանությամբ, գաղափարական, ծրագրային և մոբոլիզացման իմաստով, ապա նրանք գործընկերը կլինեն հավասար սկզբունքով քաղաքացիական նախաձեռնությունների հետ:

Սիրանույշ Պապյան
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014