ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

23.02.2012 ՄԻԺԻ-ի փոխնախագահ Գոռ Հակոբյանը հարցազրույց է տվել Lragir.am կայքին Մաշտոցի պուրակի զարգացումների վերաբերյալ : Որտեղ է իսկական քաղաքականությունը վերնագրով

 
 
ՄԻԺԻ-ի փոխնախագահ, քաղաքագետ, Մաշտոցի պուրակի պահպանման քաղաքացիական ակտիվիստ 
Գոռ Հակոբյանի հարցազրույցը Lragir.am-ին

Գոռ, քաղաքապետի` փետրվարի 21-ի տարածած հայտարարություն մեջ կարևոր հարց է բարձրացվում` կապված սեփականության իրավունքի հետ, ըստ որի` առանց սեփականության իրավունքիարդյունավետ պաշտպանության անհնար է որևէ զարգացում: Քաղաքապետը սկզբում ձեզ ասել էր, որ իր հետ օրենքով չխոսեք, հիմա ի՞նչ տեղի ունեցավ, որ սկսել է սեփականության իրավունքից խոսել: 

Մեր հասարակության, քաղաքացիական ակտիվիստների հաջողությունը նրանում է, որ վերջիվերջո քաղաքային իշխանությունները, հանձին քաղաքապետի, սկսեցին մեզ հետ խոսել իրավական հարթության մեջ, ինչ որ կարգն է քաղաքացիական պետությունում. մենք ի սկզբանե առաջնորդվել ենք հենց այս սկզբունքներով: Քաղաքացիական պետության յուրահատկությունն է, որ հանրությանը մտահոգող հիմնախնդիրները քննարկվում և որոշվում են քաղաքացիական մասնակցության և երկխոսության միջոցով, իրավական հարթության մեջ: 

Թեև քաղաքապետի հայտարության մեջ մի շարք կետեր կան, որ կարելի է անդրադառնալ, սակայն ինչպես նաև դուք նշեցիք ձեր հարցադրման մեջ, այդ հայտարարության իսկական առանցքը քաղաքային իշխանությունների և պետական իշխանությունների տեսանկյունն է սեփականության հարցի վերաբերյալ, որը արտահայտում է իշխանության գերակա աշխարհայացքը: Այո, սեփականությունը կարելի է համարել մարդ-անհատի ու մարդկության նյութական և սոցիալական հարաբերությունների մեջ կարևոր շարժիչ տարր, բայց սեփականության պաշտպանության, այսինքն՝ սեփականության իրավունքը բացարձակ չէ: 20-րդ դարի զարգացումներն այն չեն համարում բացարձակ և հիմնարար իրավունք, քանզի այն կարող է սահմանափակվել հանրային սեփականության և հանրային շահի, կամ նույնիսկ այլ մասնավոր սեփականության իրավունքով: 

Մեր անկախությունից սկսած սեփականության իրավունքը համապետական և ազգային մակարդակում հանրային քննարկման նյութ չի եղել ու հանրային համաձայնություն ձեռք չի բերվել: Հիմնականում կիրառվել է իշխանական լծակներ ունեցողների դիտանկյունից՝ պաշտպանելով փոքրաթիվ մարդկանց սեփականությունն ու շահերը՝ ի հաշիվ հանրության ու պետության սեփականության: Անկախությունից ի վեր սեփականաշնորհման ու մասնավորեցման գործընթացները չեն կատարվել սահմանադրական ու իրավական հիմքերով ու դեռ շարունակվում են՝ վայրագորեն ոտնահարելով թե՛ անհատ սեփականատերերի իրավունքները, թե՛ մանավանդ հանրային, պետական ու ազգային սեփականությունն ու շահը: 

Արդար ու սահմանադրական հիմունքներով սեփականաշնորհման և մասնավորեցման կիրառումն առանցքային նշանակություն ունի՝ սոցիալական արդարության և համերաշխության պահպանման գործում: Սա ռեսուրսների արդար վերաբաշխման և հավասար հնարավորությունների մատչելության խնդիրն է բոլոր խավերի ու մարդկանց համար: Հենց այս հանրույթն է սոցիալական արդարության ու համերաշխության սիրտը և ոգին: Երբ սրանք են դառնում մեր պետականության հիմքերը և գերակա արժեքներն ու աշխարհայացքը, որն ամրագրված է ՀՀ սահմանադրության մեջ, երբ տիրապետում է օրինականությունն ու իրավական մշակույթն ու գործընթացները, ապա հանրային հիմնախնդիրները լուծվում են իրական արդարության հիման վրա, և խոսք իսկ չի կարող լինել «առանձին քաղաքացիների արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա» հիմնախնդիրների լուծման մասին, ինչը հաստատում է քաղաքապետն իր հայտարարության մեջ, որն անտրամաբանական ու հուզական բնույթ ու իմաստ է կրում: 

Ցավոք, մեր քաղաքում և երկրում սոցիալական արդարության և սեփականության իրավունքը գերակա չեն, և ընդհարապես իրավական նորմերը չեն գերակայում: Մենք պայքարում ենք դրանց հաստատման համար և ոչ թե զուտ դրանց խախտման ու ոտնահարման հետևանքների վերացման համար: Այսօրվա իրականությունը դրա հետևանքն է: Այսպիսով, նախկինում սեփականաշնորհվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի մայթն ու կանաչապատ տարածքը, ինչպես նշված է քաղաքապետի հայտարարությունում, սակայն չի նշում, որ դա կատարվել է հանրային սեփականության հաշվին: Նա, ի դեպ, հանրությանը չի տեղեկացնում այն մարդկանց անունները, որոնք այդ որոշումը կայացրել են և ովքեր են այդ մասնավոր սեփականատերերը: Մենք էլ ենք սեփականության ու սեփականության իրավունքի պաշտպաններ: Անհեթեթությունը նրանում է, որ եթե քաղաքային իշխանությունները պաշտպանում են սեփականության իրավունքը, ապա նրանք խախտում են մեր, այսինքն՝ հանրային սեփականությունը՝ ի շահ ոմանց մասնավոր շահի, որ այս դեպքում արտահայտվում է բուտիկներով: Մյուս անհեթեթությունը նրանում է, որ ի սկզբանե ժամանակի քաղաքային իշխանությունների անօրինական որոշումը շարունակում և վերարտադրում են ներկա քաղաքային իշխանություններն, այս անգամ մի այլ հանրային ու համայնքային տարածքի ու սեփականության հաշվին, այն է՝ Մաշտոցի այգին մասնավոր սեփականատերերին շնորհելով, փոխհատուցման ձևով, կարևոր չէ դրա ժամանակավոր կամ ոչ ժամանակավոր բնույթը: Կարևորը անօրինականությունն է: Օրենքի խախտումը ժամանակավոր կամ ոչ ժամանակավորություն չի ընդունում: Օրենքը կամ խախտվում է, կամ չէ: Ժամանակավորի մասին խոսք լինել չի կարող, սա անհեթությո՞ւն է, անգրագիտությո՞ւն, թե հուզականություն… 

Արդեն իսկ անարդար ու ոչ սահմանադրական իրավիճակը վերարտադրվում է: «Առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության» քաղաքապետը իր հայտարարության մեջ գտնում է, որ «անհնար է զարգացում և հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում»: Ահա հենց այստեղ է թաղված շան գլուխը: Արժեքային հիերարխիայի առումով, մեր սահմանադրությամբ և ընդհանրապես մարդու իրավունքների արժեքային համակարգում սեփականության իրավունքը չի գերակայում, այլ ազատությունը, հավասարությունը և եղբայրությունը /արժանապատվություն/: Մեր քաղաքի և պետության զարգացումը և հանրային կարևորություն ցանկացած խնդրի լուծումը գտնվում է այս արժեքների և դրանից բխող հիմնարար իրավունքների գերակայության մեջ և ոչ թե զուտ սեփականության իրավունքի մեջ: Հանրային շահի գիտակցության ու պաշտպանության մեջ, հարգելով ու ներդաշնակելով հանրային ու անհատական սեփականությունն ու իրավունքը՝ սահմանադրական կարգով ընդունած արժեքների գերակայության պաշտպանությամբ և կիրառմամբ: Մենք՝ իբրև ազատ ու գիտակից քաղաքացիներ, տեր ենք կանգնում, վերականգնում ենք ու պահանջում այս արժեքները ու կարգը, որը միակ երաշխքն է, որ մենք ներկայիս և մեր ապագա սերունդները կարողանան ունենալ իրական զարգացում, իրական սոցիալական արդարություն ու համերաշխություն: 

Գոռ, ինչպե՞ս եք պատկերացնում Մաշտոցի պուրակի հարցի վերջնական լուծումը: Քաղաքապետը կարծես մեղմել է իր դիրքորոշումը, ողջունում է, որ նման ակտիվիստներ կան, որոնք պայքարում են հանրային տարածքների համար: 

Այո, մենք պայքարում ենք հանրային տարածքների կամ հանրային սեփականության համար: Մեր պահանջը նորից մնում է նույնը` պահպանել և չառևտրականացնել հանրային այգին, ապամոնտաժել բոլոր կրպակները և շինությունները և բարեկարգել այգին: Այս պահանջի իրականացումը մեր քաղաքին կտա մի նոր` գեղեցիկ, կանաչապատ ու հանրային տարածք, որը և քաղաքապետի հիմնական գործառույթներից մեկն է: 

Այս պահին մենք սպասում ենք քաղաքապետի առաջարկին ու նրան մեր այգում, քանզի մենք գնացինք նրա մոտ և ներկայացրեցինք մեր պահանջը: 

Գոռ, մինչև ակցիան մտածո՞ւմ էիք, որ այն շատերին կհետաքրքրի, հանրային շահի մասին կմտածեն անգամ նրանք, որոնք մինչև հիմա իշխանության շահերն էին պաշտպանում: 

Այս գործընթացը սկսել է ավելի շուտ`Թռչկանի ջրվեժի պահպանությունից, մինչ այդ եղած քաղաքացիական այլ շարժումներից և իհարկե Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունից, երբ մենք բարձրացնում ենք ազգային ունեցվածքի պահպանության հարց և համաձայն չենք, որ մասնավոր ընկերությունները անխնա շահագործեն հանքային հարստությունը և թունավորեն ներկա և ապագա սերունդներին:Մաշտոցի այգու պահպանությունը միայն բնապահպանական հարց չէր, այլ նաև հանրային տարածքի ու սեփականության պաշտապանություն: 

Քաղաքապետի հայտարարությունից հետո սկսեց քննարկվել Սահմանադրական իրավական հարցեր՝ մարդու հիմնարար իրավունքների դիտանկյունից, իսկ քաղաքի մակարդակով բարձրացվեց արդար փոխհատուցման հարցը: Ինչպես գիտեք, մի տարի առաջ արգելվեց քաղաքում զբաղվել բացօթյա առևտրով ու չտրվեց որևէ փոխհատուցում այդ առևտրականներին, ապամոնտաժվեցին Փափազյան փողոցի կրպակներն, առանց որևէ փոխահատուցման և այլն: Այս հարցերի բազմազանությունն էլ ներգրավում և միավորում է ավելի շատ մարդկանց այս գործընթացում: 

Կարելի՞ է ասել, որ քաղաքացիական նախաձեռնությունները, որ մինչև հիմա քաղաքականությանը վանում էին իրենցից, հիմա գործողությունների վեկտորը ուղղում են քաղաքականություն: 

Որևէ քաղաքացիական գործընթաց, քաղաքացիական շարժում իր գործունեությամբ մաս է դառնում քաղաքական գործընթացների կամ հենց ինքն է ստեղծում նոր քաղաքական գործընթաց: Որևէ հանրային մասնակցություն կամ ճնշում պետական որոշումներում արդեն իսկ քաղաքական գործընթաց է: Քաղաքականությամբ զբաղվում են բոլորը, և դա միայն կուսակցությունների մենաշնորհը չէ: Քաղաքացիական նախաձեռնությունները խուսափում են կուսակցականացումից և ապակուսակցական են, բայց ոչ ապաքաղաքական: Քաղաքականությունը մեզ համար միջոց է և մեթոդ՝ մասնակցելու հանրային կյանքին, որոշումների ընդունմանը, իրացնելու մեր սահմանադրական իրավունքները և պարտականությունները: Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունները ամենաիսկական քաղաքականությամբ զբաղվողներն են, քանի որ միայն իրենք են բարձրացնում հանրության ամենահիմնարար ու խորքային հիմնահարցերը և բերելով հանրային օրակարգ՝փորձում են միասնական ուժերով լուծումներ գտնել և պարտադրել այն ինստիտուտներին, որ կոչված են այդ անել: 

Մեծ հաշվով զսպաշապի՞կ են իշխանությունների կամայականություններին: 

Քաղաքացիական հասարակությունը ունի ուղղորդող, պարտադրող և վերահսկող առաքելություն և գործառույթ քաղաքացիական պետության մեջ. մենք գիտակցում ենք մեր առաքելությունը և իրականացնում ենք: 

Սա նոր հեղափոխությա՞ն սկիզբ է: Երբ ոչ միայն Ազատության հրապարակն է վերածվում հանրային տարածքի, այլն նաև Մաշտոցի պուրակը: 

Սա շարունակական քաղաքացիական գիտակցության և մշակույթի, և գործառույթների ու Հեղափոխության սլացքն է, սա կամրջում է 1988-ի սկսած քաղաքացիական ու պետականաշինության սկսած, սակայն ընդհատված գործընթացը: Թե արդյոք կամրջողներս կտեսնենք կամուրջի կոնսոլիդացումը կամ ավարտը, թե կփոխանցենք ապագա սերունդներին, սա մեր մարտահրավերն է: Մենք գիտակից և զգոն ենք մեր պետականության գոյության և զարգացման ներքին և արտաքին բոլոր ռիսկերին և հնարավորություններին: 

Գոռ, այս անգամ կարծես ակտիվացան նաև կուսակցությունները, սա նախընտրական պրոցեսներո՞վ եք պայմանավորում, թե՞ իրենք էլ հասկացան, որ հանրային շահը պետք է դնեն իրենց օրակարգում: 

Ես ավելի հակված եմ կարծել, որ այս ակտիվությունը պայմանավորված է նախընտրական գործընթացներով, քան թե հանրային շահի մասին իրենց գիտակցումով: Հիմնականում 2011թ-ից քաղաքացիական նախաձեռնություններն են փորձել բարձրացնել հանրության խորքային հարցերը և խնդիրները ու բերել դրանք հանրային օրակարգ, և այս մեկ տարվա ընթացքում հանրային օրակարգում քննարկվել են հիմնականում այն հարցերը, որի հետևում կանգնած է եղել որևէ քաղաքացիական նախաձեռնություն` Բանակն Իրականում, Թռչկան, Արժանապատիվ Տրանսպորտ, Մեր Քաղաք, Մենք ենք այս քաղաքի տերը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն և այլն: Քաղաքացիական ուժերն են, որ նաև փորձում են հասկանալ ու քննարկել հանրային կարևորագույն հարցրերն ըստ իրենց պատկերացումների և մասնագիտական կարողությունների, ինչպես օրինակ Հեղաֆորումը: Չկայացած ժողովրդավարական քաղաքական ոլորտը ներկայացնում են ինքնակենտրոն, ինքնանպատակ դարձած ինստիտուտները` կուսակցությունները և ուժերը: Երբ նրանք կընկալեն ու կգիտակցեն իրենց իրական առաքելությունը քաղաքացիական պետության զարգացման գործում,այսինքն՝ հանրության մեջ եղած շահերի ձևակերպմամբ ու շահերի պաշտպանությամբ, գաղափարական, ծրագրային և մոբոլիզացման իմաստով, ապա նրանք գործընկերը կլինեն հավասար սկզբունքով քաղաքացիական նախաձեռնությունների հետ:

Սիրանույշ Պապյան
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014