ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.08.2005 • Ժողովրդավարություն, կրթություն և բազմամշակութայնություն. քաղաքացիության երկընտրանքները գլոբալ աշխարհում

 
 
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱԶՄԱՄՇԱԿՈՒԹԱՅՆՈՒԹՅՈՒՆ.
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔՆԵՐԸ ԳԼՈԲԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ

 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը` ՄԻԺԻ-ն, հայաստանյան ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որն իր գործունեության ողջ ընթացքում հետևողական աշխատանք է իրականացրել և շարունակում է իրականացնել իր հիմնական նպատակի` Հայաստանում մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացման ուղղությամբ: Հավատացած ենք, որ դա հայ ժողովրդի` իբրև անհատ և հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու և զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաև մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:

Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության զարգացման գործում խիստ կարևորելով համագործակցության կայացումը` ՄԻԺԻ-ն շարունակում է հավաստել իր պատրաստակամությունն առ ցանկացած կառուցողական համագործակցություն, որն իր հիմքում ունի թե՛ մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացման, թե՛ պետականաշինության և թե՛ Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման հրամայականը:

Հայաստանում ժողովրդավարական գործընթացների իրագործման դերակատար համարելով իր իրավունքներին իրազեկ և գիտակից, ազատ ու ստեղծագործ անհատին և հավաքականությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, բնակչին, և ընդհանրապես հայ մարդուն` ՄԻԺԻ-ն առանձնահատուկ կարևորություն է տալիս ժողովրդի կողմից իր շահերի պաշտպանության գործընթացներին և ընթացակարգերին ծանոթությանը, գիտակցությանը և հանուն իր անհատական ու հավաքական իրավունքների պաշտպանության՝ պայքարին:

Իր նախընթաց վեցամյա գործունեության ընթացքում առանցքային շեշտադրում անելով ժողովրդավարական քաղաքացիական գիտակցության և մշակույթի զարգացմանն ու հիմնավորմանը` ՄԻԺԻ-ն խորապես գիտակցում և կարևորում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների օրենսդրական և կիրառման մեխանիզմների զարգացման և իրագործման գործընթացում ժողովրդի բոլոր շերտերի, և հատկապես իրավազուրկ խավերի ինքնագիտակցությունը և իրական մասնակցությունը:

Նաև համոզված ենք, որ հայ ժողովրդի գոյատևման ու բարգավաճման կարևոր հիմքերից մեկն էլ ինքնուրույն մարդկային և ազգային դիմագիծ ունեցող հարուստ մշակույթի կերտումն է: Խորապես գիտակցում ենք նաև, որ այդ ինքնատիպությունը՝ հավաքական ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ու հարստությունը, մեծապես պայմանավորված են համամարդկային առաջավոր քաղաքակրթության ու մշակույթի յուրացմամբ, ազգայինի և համամարդկային ճշմարիտ հաղորդակցմամբ ու ներդաշնակմամբ:

Այդ գիտակցությամբ էլ ձեռնարկում ենք մեր ուրույն թարգմանչական ծրագիրը` անգլերենից հայերեն թարգմանելով և հրատարակելով Կառլոս Ալբերտո Թորեսի «Ժողովրդավարություն, կրթություն և բազմամշակութայնություն. քաղաքացիության երկընտրանքները գլոբալ աշխարհում» գիրքը, որը կրթության, քաղաքացիության և քաղաքականության մասին է. մարդկանց կողմից «հավասարության ձգտող» և ժողովրդավարական հասարակություններում մարդկանց «ազատության ու երջանկության» համապատասխան եղանակների ձեռքբերման պատկերացման մասին: Գրքում արծարծվում են կրթության և կրթողների հիմնական դերի ու ներկա մարտահրավերների խնդիրները, և փորձ է արվում մտածելու առիթ տալ ու վերամտածել այդ մարտահրավերները դիմագրավելու, մարդ անհատի և քաղաքացու` իր պետության և երկիր մոլորակի մարդկային ներդաշնակ զարգացումն ապահովելու մտահոգությամբ:

ՄԻԺԻ-ի այս գործունեությունը նպատակաուղղված է հայ մտածողության և լեզվամտածողության զարգացմանը: Մեր ազգի և մեր պետականության կերտման արդի իրականության լույսի տակ մենք այդ զարգացումները գերակա ԿԵՆՍԱԿԱՆ անհրաժեշտություն ենք համարում, որոնք, սակայն, դժբախտաբար, թե՛ Հայաստանի, և թե՛ Սփյուռքի ազգային և պետականաշինության օրակարգի վրա չեն. միայն շատ փոքրաթիվ անհատներ ու կառույցներ, գիտակցելով այդ կենսական անհրաժեշտությունը, փորձում են իրենց լուման ներդնել: ՄԻԺԻ-ն իրականացնում է այս ձեռնարկն իր իսկ մտահղացումով և նախաձեռնությամբ` շնորհիվ իր անդամների ու համակիրների (Հայաստան և Սփյուռք) թե՛ մտավոր, թե՛ բարոյական, և թե՛ ֆինանսական ներդրումների և ամենօրյա նվիրական, դժվարին, կամավոր աշխատանքի:

Սույն հրատարակմամբ ՄԻԺԻ-ն նպատակ ունի նաև մեր ժողովրդի (Հայաստան և Սփյուռք) համար քննարկման նյութ դարձնել պետության տեսությունների, պետության և պետական քաղաքականության բնույթի էական կարևորությունը կրթության հանրային-քաղաքական բնույթի ու պետական քաղաքականության ձևավորման և, մասնավորապես, կապերը կրթության, քաղաքացիության, ժողովրդավարության և բազմամշակութայնության միջև: ՄԻԺԻ-ն ցանկանում է նաև վերոհիշյալ թեմայի շուրջ աշխուժացնել մեր ժողովրդի մեջ դեռևս ոչ բավարար ուշադրության արժանացած տեսակետների, վերագնահատման նոր սկզբունքների բացահայտումն ու դրանց առանցքային դերի գիտակցումը ազգային և հասարակական վերարտադրության գործում: Սա ընտրության և կողմնորոշվելու մեծ հնարավորություն կտա կարծիքների ու տեսակետների բազմազանության մեջ այս հիմնախնդրով հետաքրքրվող և/կամ զբաղվող լայն հանրությանը:

Մեր ժողովրդի ներկա իրականության լույսի ներքո ՄԻԺԻ-ի համար, ինչպես նաև յուրաքանչյուրիս համար` իբրև մարդ անհատներ, իբրև հայ մարդ և նոր պետականություն կերտող ժողովուրդ, կենսական անհրաժեշտություն է այս մարտահրավերները լիարժեք գիտակցելը և մեր անհատական-հավաքական ուժն ու հնարավորություններն այդ ուղղությամբ ուղղորդելը: ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ և քաղաքացիությունը բանալին են լիարժեք մարդ դաստիարակելու և արդար ու սոլիդար մարդկային պետականություն կերտելու համար: Մենք հավատում ենք դրան, և մեր առաքելությունն ու պարտականությունը համարում նաև՝ պայքարել ու աշխատել այդ ուղղությամբ:

Վերջում ՄԻԺԻ-ն ցանկանում է իր խորին շնորհակալությունը հայտնել Կ.Ա. Թորեսին` ՄԻԺԻ-ին հայերեն թարգմանության և հրատարակության համար հեղինակային իրավունք տրամադրելու, ինչպես նաև, հայերեն հրատարակությանը ներածական գրելու և սեպտեմբեր 2005-ին Հայաստանում ՄԻԺԻ-ի կողմից կազմակերպված գրքի ներկայացմանը, ելույթներին ու բանավերճերին (դիսկուսիաներին) մասնակցելու իր պատրաստակամության համար: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում այս գրքի հայերեն հրատարակության թարգմանիչ Վարդան Ազատյանին, համեմատական խմբագիր Հրաչ Բայադյանին, սրբագրիչ Գևորգ Լալայանին, հրատարակության շապիկի դիզայնի պատրաստող «Փրինթինֆո»-ին, տպագրության համար` «Զանգակ-97» հրատարակչությանը, և ՄԻԺԻ-ի բոլոր անձնվեր անդամներին ու համակիրներին, ովքեր նպաստեցին այս արժեքավոր և դժվարին ձեռնարկը կենսագործելուն:
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ
Երևան, օգոստոս 2005

 

ԳՐԱԴԱՐԱՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014