ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

15.04.2009 - ՄԻԺԻ-ի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումների վերաբերյալ

 
 
ՄԻԺԻ-ի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումների վերաբերյալ

 
Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ պաշտոնական բանակցություններ են սկսվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Մինչև օրս հայ հանրության համար հստակ չէ, թե ինչ օրակարգով են տեղի ունենում այս բանակցությունները և ինչ է ակնկալում Հայաստանի Հանրապետությունը բացի հայ-թուրքական սահմանի բացումից: Վերջին ամսվա ընթացքում բանակցությունների վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությունը մեզ խոր մտահոգություն է պատճառում, ուստի ներկայացնում ենք մեր դիրքորոշումը հիմնական խնդիրների վերաբերյալ:
 
Խնդիր Ա. Հայաստանի և Թուրքիայի ներկայիս սահմանների փոխադարձ ճանաչումը.
Եթե նման համաձայնություն կայանա, ապա դա կնշանակի հայ ժողովրդի հրաժարում Արևմտյան Հայաստանի բոլոր տարածքների նկատմամբ ներկա և ապագա ազգային արդար ու կենսական պահանջատիրությունից, ու նաև` տարածաշրջանում ազդեցության լծակներ ունենալու և կարևոր գործոն դառնալու/մնալու հեռանկարից:
 
Ոչ վաղ անցյալում` 1921թ-ին, Հայաստանի Խորհրդային հանրապետության ղեկավարությունը գնաց նման մի թուլամորթ քայլի` ստորագրեց Կարսի պայմանագիրը: Մինչև օրս, նույնիսկ հայ դպրոցական դասագրքերում այս քայլը ներկայացվում է որպես դիվանագիտական թուլամորթություն ու անհեռատեսություն, դավաճանություն պետական շահերին: Սա այն դեպքում, երբ 1921թ-ին Հայաստանը գտնվում էր շատ ավելի ծանր սոցիալական, տնտեսական և աշխարհքաղաքական պայմաններում, հյուծված էր բազմաթիվ պատերազմներից, լցված էր անօթևան գաղթականներով, դեռ չէր մարել սովի ու համաճարակի ալիքը:
 
Որքան էլ Թուրքիայի քաղաքական, տնտեսական և ռազմական ուժը գերազանցի հայկականին, այս քայլը չի կարող արդարացված լինել, քանի որ մեր ժողովրդին կզրկի իր գոյության ու զարգացման կենսական իրավունքներից, ինչպես նաև մեր հայրենիքին` Հայաստանին, տարածաշրջանում իր քաղաքական խաղաքարտերից: Մենք դեմ ենք, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: ՀՀ իշխանությունների` դավաճանական համաձայնություն կնքելու պարագան հղի է քաղաքացիական ու ժողովրդական դիմադրության հեռանկարով, և ՄԻԺԻ-ն որպես հայ քաղաքացիական գործոն, ամեն ջանք կգործադրի մեր ժողովրդին ու հանրությանը մոբիլիզացնելու համար` համագործակցելով առկա բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են այստեղ նշված նպատակները:
 
Խնդիր Բ. Արցախյան կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցությունը
Հայ-թուրքական բանակցություններում Թուրքիան որպես նախապայման է նշում Արցախյան հարցի կարգավորումը, ինչպես նաև շրջանառության մեջ է դրվում Արցախյան կարգավորման գործընթացում Թուրքիայի ընդգրկմասն հարցը։
 
Մենք բացարձակ անընդունելի ենք համարում, որ Թուրքիան որևէ կերպ ընդգրկվի Արցախյան կարգավորման գործընթացում, նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է լինի Արցախի հաշվին: Միանգամայն հստակ է, որ հայ ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումներն Արցախյան հարցում նույնն են, և նրանք վարում են համատեղ մշակված հակահայկական քաղաքականություն:  
 
Խնդիր Գ. Հայոց  Ցեղասպանությունն ուսումնասիրող հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծումը
Ըստ շրջանառվող տեղեկատվության` պետք է ստեղծվի ինչ-որ հանձնաժողով, որը պետք է քննարկի Հայոց Ցեղասպանության հարցը:
 
Նմանատիպ անիրավական, անմարդկային ու անբարոյական տգետ համաձայնությունները միանշանակ մերժելի են: Ավելին, մենք սխալ ենք համարում Հայոց Ցեղասպանության առանձնացումը բուն Հայկական հարցից, երբ այն դիտարկվում է զուտ որպես մարդկության դեմ հանցագործություն, և պահանջվում է ճանաչում □հանուն ճանաչման□: Թուրքիայի հետ բանակցություններում Հայոց Ցեղասպանությունը հայ ժողովրդի ու իր հայրենիքի` Հայաստանի համար նախ և առաջ մարդկային ու ազգային անվտանգության և արդար  ու իրավական հատուցման հիմնահարց է:
 
*          *          *
Մենք պահանջում ենք, որ ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով մեր ժողովրդին, որին նրանք առաջին հերթին են հաշվետու, պաշտոնապես և հստակորեն հայտնեն իրենց դիրքորոշումն այս հիմնահարցերի շուրջ ու նաև անհապաղ հանրայնացնեն բանակցությունների սեղանին դրված կետերը, քանզի սրանք առնչվում են մեր բովանդակ ժողովրդի գոյության ու անվտանգության հիմնական շահերին: Ոչ մի իշխանություն իրավունք չունի գաղտնի գործընթացներում համաձայնության գալու հայ ժողովրդի կենսական շահերի և իրավունքների վերաբերյալ, թշնամի կամ ոչ թշնամի արտաքին ուժերի ու երկրների հետ, առանց ժողովրդի համաձայնությունը ստանալու և լեգիտիմություն վայելելու: Պետք է դասեր քաղել մեր իսկ պատմությունից և ընկալել, թե ինչո՛ւ է դարեր շարունակ հայ ժողովուրդը ենթարկվել ջարդերի ու ցեղասպանության, զուրկ եղել և կորցրել իր անվտանգության ու գոյության երաշխիք հանդիսացող հայկական ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
 
Մենք պահանջում ենք, որ ՀՀ իշխանություններն անհապաղ հայտարարեն, որ իրենք չեն ստորագրի որևէ համաձայնագիր, որը կներառի հայ-թուրքական ներկա տարածքային ամբողջականության ճանաչումը, Թուրքիայի ընդգրկումն Արցախյան կարգավորման գործընթացում և կասկածի տակ կդնի (կքննարկի) Հայոց Ցեղասպանության փաստը:
 
Հայ իշխանությունները և ղեկավարությունն իրավունք չունեն կրկին անգամ անտեսելու պատմության դասերը հանուն կեղծ տնտեսական շահերի` բարեկամության ձեռք սեղմելու  հայ ժողովրդի նկատմամբ թշնամորեն դիրքորոշված Թուրքիայի հետ: Նրանք իրավունք չունեն դարձյալ օտար տերությունների գործիքը և կամ խամաճիկը դառնալ, ստրկամտությամբ զոհ գնալ մեծ քաղաքականություններին` ուրանալով հայ ժողովրդի մարդկային, ազգային-պետական շահերը, նաև ֆիզիկական ոչնչացման ու հոգևոր հիասթափության հեռանկար ստեղծելով մեր ժողովրդի համար:
 
Այսօր հայ ժողովրդի և պետության համար գերխնդիրներ են անվտանգությունը, համընդհանուր բարօրությունն ու արդարությունը, և ոչ թե Թուրքիայի հետ սահմանների բացումը, որի նպատակահարմարությունը ներկա պայմաններում խիստ վիճելի է: Տնտեսական և սոցիալական մեր ներքին խնդիրները լուծելու համար պետք է կատարվի ազգային հարստության արդար վերաբաշխում և սոցիալական արդարություն հաստատելուն ուղղված քայլեր ժողովրդավարական սկզբունքներով ընտրվող ու առաջնորդվող Հայ լեգիտիմ իշխանությունների ու կառավարման համակարգի շնորհիվ:
 
ՄԻԺԻ-ն գտնում է, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը չի կարելի առանձնացնել Հայկական Հարցից, մանավանդ որ հայ ժողովրդի դեմ թշնամորեն դիրքորոշված և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար այն մեկ ամբողջական քաղաքականության մաս է կազմում, իսկ Հայոց Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը շարունակվում է թուրքական ամենաբարձր ամբիոններից:
 
Անհապաղ համապատասխան պատասխան ենք պահանջում ՀՀ իշխանություններից:
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ
Երևան, 15 ապրիլի, 2009թ.
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014