ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.12.2006 - ՄԻԺԻ-ի նոր դիրքորոշումը Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) մասին՝ վերանայման գործընթացի շրջանակներում

 
 
ՄԻԺԻ-ի նոր դիրքորոշումը Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) մասին՝ վերանայման գործընթացի շրջանակներում
                 
Միայն նվազագույն նյութական պահանջմունքների բավարարումը չի բերելու մարդու սոցիալական հնարավորությունների մեծացման և աղքատության վերացմանը …
Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կառավարության կողմից շարունակվում են ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) վերանայման գործընթացները, որոնց նպատակն է գնահատել մինչև այժմ կատարված աշխատանքները` 2003թ-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատված ԱՀՌԾ-ի շրջանակում, և ըստ այդմ՝ կատարել փոփոխություններ առաջիկա երկու տարվա ծրագրային դրույթներում: Վերանայման այս գործընթացը ՀՀ կառավարությունը պետք է կատարեր 2005թ.-ին, սակայն այն չիրականացվեց և սկսվեց միայն 2006թ-ին: Այս մասին տես «Տեսակետ-ՄԻԺԻ» 20-րդ համարում, էջ 12-13, հուլիս 2006թ.։
 
ՄԻԺԻ-ն՝ 2006թ-ի հուլիսի 12-ին, հանդես եկավ ԱՀՌԾ վերանայման գործընթացի և գերակայությունների վերաբերյալ իր առաջարկություններով ու դիրքորոշումով (տես «Տեսակետ-ՄԻԺԻ» 20-րդ համար, հուլիս 2006թ), որտեղ ևս մեկ անգամ՝ 2001թ-ից սկսյալ, ՄԻԺԻն կրկին անգամ հստակ դրեց այն գերակայությունները, որոնք պետք է ամրագրվեն ՀՀ կառավարության կողմից՝ ԱՀՌԾ-ի վերանայման ընթացքում:
 
ՄԻԺԻ-ի առաջարկությունների հիմնական առանցքը՝ ծրագրի գերակայությունների փոփոխումն է, քանզի տնտեսական աճի քաղաքականությունը ՉԻ ԿԱՐՈՂ հաղթահարել աղքատությունը ՀՀ-ում, այլ հանրային կառավարման, արդարադատության, կրթության ոլորտում կատարվող հիմնական և իրական բարեփոխումները ` հիմնված եկամուտների արդար վերաբաշխման, արդար ու սոլիդար (քաղաքացիական գոտեկցության) սոցիալական համակարգի սկզբունքների վրա , որ հնարավորություն կտան մշակել աղքատության հաղթահարման համար իրական և ազդու քաղաքականություններ ու մեխանիզմներ Հայաստանի Հանրապետությունում:
 
ՄԻԺԻ-ն իր այս դիրքորոշման մեջ կրկին և առավել պնդում է իր սկզբունքային դիրքորոշումը ու նաև կրկին բացահայտում է մի շարք հիմնական խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնվեն ՀՀ կառավարության կողմից՝ վերանայումների և ռազմավարական ծրագրի հետագա իրականացման ընթացքում:
ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի առաջին բաժնի 1-ին գլխի 41-րդ մասում տրված է աղքատության սահմանումը. «… աղքատության տակ հասկացվում է կենսաբանական, սոցիալական, հոգևոր-մշակութային նվազագույն պահանջմունքները բավարարելու անհնարինությունը …»: Հետագա շարադրանքում առավել մանրակրկիտ ներկայացվում են վերոնշյալի բնութագրերը: Իսկ 42-րդ մասում գրված է. «Մարդն աղքատ է կամ աղքատ չէ` հիշյալ երեք խմբերի համակցությամբ, և միայն նվազագույն նյութական (կենսաբանական) պահանջմունքների բավարարումը չի բերելու մարդու սոցիալական հնարավորությունների մեծացման և աղքատության վերացմանը … » /Աղքատության Հաղթահարման Ռազմավարական ծրագիր, էջ 21-22, Երևան, 2003 թ./: Սակայն ՀՀ կառավարության 2003-2004թթ-ի և 2004-2005թթ. առաջին կիսամյակի ԱՀՌԾ հաշվետվություններում, որոնք ի դեպ այն փաստաթղթերն են, որոնց տվյալների հիման վրա է այսօր խոսվում աղքատության հաղթահարման «մեծ նվաճումների» մասին, աղքատությունը չափվում է զուտ կենսաբանական և նյութական կողմի գնահատման սկզբունքների վրա: Եվ մինչև օրս ՀՀ կառավարությունը, ԱՀՌԾ-ն իրականացնողները` խոսելով աղքատների թվաքանակի կրճատման մասին, շրջանցում են բուն աղքատության սահմանումը, ուստի հրապարակված ցուցանիշներում այն նույնպես հաշվի չի առնված, որը մեր գնահատումներով՝ առնվազն 1.5 անգամ կարող է ավելացնել աղքատների ներկայիս թվաքանակը (39 % x 1.5=58.5%):
 
ՀՀ կառավարությունը, ԱՀՌԾ-ն իրականացնողները, վերահսկողները մոնիտորինգային խմբերը և այլ հիմնական դերակատարներ վերոնշյալն արդարացնում են այն հանգամանքով, որ դեռևս հնարավոր չէ չափել սոցիալական և հոգևոր-մշակութային աղքատությունը, և այդ պատճառով դրանք չեն դրվում աղքատության չափման հիմքում: Սակայն սա իրավունք չի տալիս խաբել հասարակությանը և ժողովրդին, թե աղքատությունն իրականում հաղթահարվում է ՀՀ-ում, թվախեղդ անել այդ մասին կասկած արտահայտողներին ու ձեռնավարության (մանիպուլյացիա) ենթարկել ժողովրդին և հասարակությանը:
 
Սա նաև հասարակության մեջ անլուրջ տպավորություն է ստեղծում աղքատության հաղթահարման գործընթացի նկատմամբ` որպես կեղծ ու ձևական գործընթաց : Ելնելով այս ամենից, ի թիվս վերը նշված գերակայությունների` ՄԻԺԻն առաջարկում ու պնդում է, որ գերակա խնդիր պետք է լինի աղքատության սոցիալական և հոգևոր-մշակութային ցուցանիշների և չափորոշիչների համակարգի մշակումը, որը մեզ հնարավորություն կտա իրապես չափել աղքատությունը, և ըստ այդմ իրագործել քաղաքականությունները և որոշումները: Մենք վստահ ենք, որ այս պարագայում, ԱՀՌԾ-ում հռչակված տնտեսական աճի քաղաքականությունը չի կարող հիմք հանդիսանալ իրական աղքատության հաղթահարման համար:
 
ՄԻԺԻ-ի դիտանկյունից՝ մյուս կարևոր հիմնախնդիրն առնչվում է հենց «կենսաբանական» աղքատությանը կամ աղքատության նյութական կողմին: Սա վերաբերում է նվազագույն սպառողական զամբյուղին, որը 2004-2005թթ. առաջին կիսամյակի հաշվետվությունում կազմում է մոտ 20000 դրամ : Պետք է նշել, որ այստեղ նվազագույն պարենային զամբյուղը հաշվարկված է ավելի պակաս, քան մեկ շնչին մեկ օրում բաժին ընկնող 2400 կկալ-ով, ինչպես նախատեսվում է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից: Հարկավոր է փոխել սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը և ըստ այդմ հաշվարկել կենսաբանական աղքատությունը, քանզի ծիծաղելի և անհեթեթ է, որ այսօր ՀՀ-ում ամսական 20000 դրամով մարդը կարող է ապահովել իր «… սնունդը, անձնական և կենցաղային հիգիենայի անհրաժեշտ նվազագույն պահանջների բավարարումը և նվազագույն սեզոնային հագուստը, բնակարանի առկայությունը, ջրի, ջերմության և էլեկտրաէներգիայի անհրաժեշտ նվազագույն սպառման հնարավորություն …» /Աղքատության Հաղթահարման Ռազմավարական ծրագիր, 41-րդ մաս, էջ 21 /:
 
Պետք է սահմանվի այնպիսի սպառողական նվազագույն զամբյուղ, որը լիարժեք և որակով կարողանա ապահովել վերը նշված պահանջները, խնայողությունները և պարունակի գնաճի, դրամի գնողունակության ռիսկերը:
 
Պատկերացրեք մի երիտասարդ ընտանիք` կազմված երկու հոգուց, որն ըստ այսօրվա աղքատության գծի «աղքատ» չի համարվում. օրինակ` երկուսի եկամուտը կազմում է ամսական 42000 դրամ… և դրանով ընտանիքը պետք է ապահովի իր կենսաբանական պահանջմունքները… Ամենավառ երևակայությունն անգամ այս գումարով հնարավորություն չի տալիս պատկերացնել «առողջ», առավել ևս «մարդավայել», անգամ կենսաբանական պահանջմունքների բավարարում: Իսկ կրթության, առողջապահության, մշակութային պահանջմունքների, երեխա ունենալու, ինքնազարգացման և նմանատիպ այլ բաներն ուղղակի անիրականանալի երազանք են դառնում:
Ժամանակն է ՀՀ այս պետական ռազմավարական ծրագիրը դարձնել ԻՐԱԿԱՆ աղքատության հաղթահարման ծրագիր, ԻՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ աղքատության ԴԵՄ՝ ի խնդիր մեր ժողովրդի և հասարակության ԶԱՐԳԱՑՄԱՆ ։ Քանզի մեր պետության և ժողովրդի համար ափսոս է ու նաև անթույլատրելի այն Էներգիան, աշխատանքն ու ֆինանսները, որ ծախսվում են ոչ նպատակային, և ծրագիրն էլ դարձնում՝ ինքնանպատակ և զուտ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ:
 
ՄԻԺԻ-ն ՊԱՀԱՆՋՈՒՄ է ՀՀ կառավարությունից և ԱՀՌԾ-ն իրականացնող կառույցներից լինե՛լ արդար ու ճշմարիտ, դնել աղքատության բնութագրման ճիշտ չափը և ԻՐԱՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ դրա դեմ. այդ ժամանակ այս գործընթացը չի համարվի ձևական ու կեղծ, ու հասարակությունը և ժողովուրդը` իրական շահառու խումբը, կհավատա ու կմասնակցի այս գործընթացին, նաև նրա ԼԻԱՐԺԵՔ ՏԵՐԸ ԿԴԱՌՆԱ:
 
ՄԻԺԻ-ն ՊԱՀԱՆՋՈՒՄ է ՀՀ կառավարությունից և ԱՀՌԾ-ն իրականացնող կառույցներից քաղաքական և քաղաքացիական, իրական և հզոր ԿԱՄՔ ու հանրային հավաքական շահի ճիշտ ԳԻՏԱԿՑՈՒՄ և ԳՈՐԾԱԴՐՈՒՄ։
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014