ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.09.2006 - Կրթության դերը և ապագան Հայաստանում` ժողովրդավարական, սոցիալական արդար և սոլիդար պետականության զարգացման համար

 
 
«Կրթության դերը և ապագան Հայաստանում` ժողովրդավարական, սոցիալական արդար և սոլիդար պետականության զարգացման համար»
 
ՄԻԺԻ-ի քաղաքացիական կոնֆերանսներ

«Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտ»` ՄԻԺԻ hայաստանյան անկախ, ոչ կառավարական կազմակերպությունը, գնահատելով կրթությունը որպես ՀՀ պետական ռազմավարական նշանակություն ունեցող գերակա ոլորտ, իր գործունեության մեջ հատուկ նշանակություն է տալիս վերջինիս:
ՄԻԺԻ-ն գտնում է, որ հատկապես այնպիսի պետության համար, ինչպիսին Հայաստանն է, որն ունի սահմանափակ բնական ռեսուրսներ, չունի ելք դեպի ծով և աշխարհաքաղաքական իմաստով համեմատաբար աննպաստ դիրք է զբաղեցնում, առավել պետք է կարևորվի ՄԱՐԴ-ը և մարդկային ռեսուրսը` մեր երկրի տևական զարգացումն ապահովելու համար: Կրթությունը կյանքի ընթացքն է` անընդհատ ու շարունակական, որի նպատակն է նախ և առաջ ՄԱՐԴ դարձնել մարդուն, ապա` գիտակից ու պատասխանատու քաղաքացի կերտել և այնուհետև` պիտանի մասնագետ կրթել իր պետության համար: Ժողովրդավարական պետությունում կրթությունը կարևորագույն առաքելություն ունի` դաստիարակել գիտակից և պատասխանատու մարդ-անհատ-քաղաքացի:
Սույն թվականի մայիս-հուլիս ամիսներին ՄԻԺԻ-ն իրականացրեց «Կրթության դերը և ապագան Հայաստանում` ժողովրդավարական, սոցիալական արդար և սոլիդար պետականության զարգացման համար» խորագրով քաղաքացիական կոնֆերանսների շարք Երևանում, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերում: Հիմնական թեմային զուգահեռ այստեղ արծարծվում են 2005թ. ՄԻԺԻ-ի նախաձեռնությամբ թարգմանված և հրատարակված «Ժողովրդավարություն, կրթություն և բազմամշակութայնություն. քաղաքացիության երկընտրանքները գլոբալ աշխարհում» Կ.Ա. Թորեսի գրքում ներկայացված կրթության և քաղաքացիության հիմնախնդիրներն ու վերլուծությունները:
Քաղաքացիական կոնֆերանսները նպատակ ունեն ևս մեկ անգամ արծարծել կրթության հիմնախնդիրը ու դրա շուրջ հանրային պահանջ ձևակերպել, նպաստել հանրային քաղաքացիական վերահսկողության իրականացմանը պետության կողմից կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության նկատմամբ:
Քաղաքացիական կոնֆերանսների մասնակիցները, ընդհանուր առմամբ մոտ 100 հոգի, ընտրվել էին նախապես ՄԻԺԻ-ի կողմից տրված հայտարարությանն արձագանքողների շրջանից: Նրանք Հայաստանի քաղաքացիներ ու բնակիչներ էին` մանկավարժներ, ուսանողներ, ծնողներ, տարբեր մասնագիտությունների ու սոցիալական խավերի մարդիկ, ովքեր մտահոգ են Հայաստանում կրթության ապագայով:
Քաղաքացիական կոնֆերանսների առաջին մասում նրանք խորությամբ իրազեկվեցին մեր երկրի կրթական համակարգի, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Այնուհետև մասնակիցները, ըստ իրենց առավել հուզող հիմնախնդիրների, բաժանվեցին տարբեր թեմատիկ խմբերի, որոնց շրջանակներում ՄԻԺԻ-ի և նրա կողմից հրավիրված փորձագետների օգնությամբ մշակեցին դիրքորոշումներ, նկատառումներ և առաջարկներ Հայաստանում կրթության հետ կապված որոշ հիմնահարցերի վերաբերյալ:
ՄԻԺԻ-ի այս երկամսյա աշխատանքը ցույց տվեց, որ մեր երկրի բնակչությունը չափազանց վատ է իրազեկված կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Մասնակիցների մեծ մասը, որոնք ի դեպ կրթությանը այս կամ այն կերպ մոտ կանգնած մարդիկ էին, միայն մակերեսային պատկերացումներ ունեին իրականացվող բարեփոխումների մասին, այն էլ հիմնականում հանրակրթության 12-ամյա համակարգին անցնելու մասին: Ուսուցիչները, ծնողները, մեր ժողովրդի ու հասարակության ներկայացուցիչները փաստորեն շարունակում են բացառված մնալ որոշումների կայացման գործըթնացում իրենց կարծիքն արտահայտելուց և որոշումների կայացման վրա ներգործելու հնարավորությունից: ՄԻԺԻ-ն վստահ է, որ ժողովրդավարական պետության մեջ պետական քաղաքականություն մշակողներն ու իրականացնողները հանրային մասնակցություն պետք է ապահովեն ոչ միայն ընտրական ժամանակահատվածում: Պետական կարևորագույն քաղաքականությունները, մանավանդ նրանք, որոնք վերաբերվում են և մտահոգում են մեր ժողովրդի մեծամասնությանը, անհրաժեշտ է, որ մշակվեն և ձևակերպվեն շահառուի անմիջական մասնակցությամբ, նրա հետ խորհրդակցելով և նրա պահանջները հաշվի առնելով: Երբ ժողովուրդը մասնակիցն ու տերը չէ բարեփոխումների ու հանրային քաղաքականությունների, անկախ բովանդակությունից` դրանք ձախողված են:
Իսկ կրթական բարեփոխումների պարագայում կարող ենք վստահորեն պնդել, որ ժողովուրդը, կամ գոնե նրա մի մասը, խիստ հետաքրքրված է և պատրաստակամ` իր միտքը, ժամանակը և աշխատանքը ներդնել, ձևակերպել և տեղ հասցնել իր պահանջը:
ՄԻԺԻ-ն կոչ է անում մեր ժողովրդին ու հասարակությանը` անտարբեր չլինել երկրի կրթական ոլորտի նկատմամբ, իսկ կրթության ոլորտի պատասխանատուներին` հստակ մեխանիզմներ գործադրել կրթության ոլորտում որոշումների կայացման ու իրականացման գործընթացին ՀՀ քաղաքացիների ու բնակիչների իրազեկման, և հնարավորինս լայն ներգրավման ուղղությամբ:
Քաղաքացիական կոնֆերանսների մասնակիցների ու նաև կրթության ոլորտի մասնագետների կողմից բարձրաձայնված մեկ այլ կարևորագույն մտահոգությունը բարեփոխումների ձևականացումն է: Օրինակ, շատերի հավաստմամբ 12-ամյա հանրակրթական համակարգին անցնելու հետ մեկտեղ դպրոցներում չեն ստեղծվել անհրաժեշտ նյութա-տեխնիկական պայմաններ, կրթական ծրագրերը նոր համարկարգին չեն հարմարեցված, ուսուցիչներն անհրաժեշտ վերապատրաստումը չունեն... Բարձրագույն կրթության պարագայում, օրինակ, բակալավրիատ-մագիստրատուրա համակարգին անցումը կատարվել է մեխանիկորեն. նախկին չորս կամ հինգ ուսումնական տարիների համար մշակված ծրագրերն արհեստականորեն ձգելով և բաժանելով չորս+երկու համակարգի, առանց համապատասխան բովանդակային փոփոխություններն ապահովելու:
ՄԻԺԻ-ն նույնպես իր մտահոգությունն է հայտնում բարձրացված այս խնդիրների կապակցությամբ և ցանկանում է շեշտել, որ կրթության ոլորտում յուրաքաչյուր նորամուծության ու փոփոխության նպատակը պետք է լինի կրթության որակի բարձրացումը, իսկ ներկայիս գործադրվող մեխանիկական մոտեցումները ոչ մի կերպ չեն կարող նպաստել դրան:

* * *
Ստորև ամփոփ ներկայացնում ենք վերոնշյալ քաղաքացիական կոնֆերանսների մասնակիցների գնահատումները, դիրքորոշումներն ու առաջարկները: Մենք հրավիրում ենք համապատասխան պետական մարմինների ուշադրությունն այս խնդիրների վրա և կոչ ենք անում արձագանքել դրանց: Այս գնահատումներն ու վերլուծություններն ուղղում ենք նաև բոլոր նրանց, ովքեր մտահոգ են կրթությամբ` նպաստելու համար մեր երկրում կրթության հիմնախնդրի շուրջ հանրային երկխոսության ծավալմանը, ժողովրդի և հանրության իրազեկմանը և ներգրավմանը կրթության ոլորտում որոշումների կայացման գործընթացին:

* * *
Առաջարկներ ՀՀ-ում քաղաքացիական կրթության հարցերի հետ կապված
Գտնում ենք, որ ՀՀ-ում քաղաքացիական կրթության ոլորտում առկա են հետևյալ խնդիրները`
քաղաքացիական հասարակության ինստիտուտների և կրթական կառույցների միջև կապի բացակայություն,
դպրոցում` քաղաքացու ժողովրդավարական, հումանիստական աշխարհայացքի և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված համալիր մոտեցման բացակայություն:
Առաջարկում ենք`
կրթօջախներում օրինապահ քաղաքացու ձևավորմանն ուղղված համալիր մոտեցման մշակում, դպրոցում ժողովրդավարական մթնոլորտի ձևավորում, բոլոր դասագրքերում քաղաքացիական կրթության տարրերի ներառում,
քաղաքացիական կառույցների որոշակի մասնակցություն և ներգրավվածություն կրթական գործընթացին (քաղաքացիական կրթությանը նպաստող ծրագրերի իրականացում կրթական կառույցներում, պետության կողմից դրանց խրախուսում, դպրոցների կողմից այդպիսի մասնակցության քաջալերում)։
Առաջարկների հեղինակներն են`
Եսթեր Բարսեղյան – Երևան, ուսանող-մանկավարժ 
Արմինե Իվանյան – Երևան, թիվ 27 դպրոց, փոխտնօրեն 
Սյուզաննա Բարսեղյան - Երևան, սոցիոլոգ, Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոն 
Աննա Ասատրյան - Երևան, ուսանող-մանկավարժ 
Եպրաքսյա Հակոբյան - Երևան, ծնող

* * *
Առաջարկներ ՀՀ կրթական ոլորտի որակի հետ կապված որոշ խնդիրների վերաբերյալ
Ընդունելով հանդերձ 12 ամյա կրթությունը և դպրոցական առաջին դասարանցիների համար 6 տարեկանի տարիքային ցենզը, կարծում ենք, բաց է թողնված մի շատ կարևոր հանգամանք: Կարծում ենք, որ 12 ամյա կրթության համակարգը պետք է ապահովի դպրոց-մանկապարտեզ մեկ միասնական համակարգ, որը բարեփոխումների ծրագրով չի նախատեսվում:
Կրթական բարեփոխումների խնդիրներից է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների անցումը բակալավրիատ-մագիստրատուրա համակարգի, որտեղ նույնպես մենք տեսնում ենք լուրջ բացթողումներ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆորմալ առումով անցնելով քառամյա բակալավրիատի և երկամյա մագիստրատուրայի մոդելի` նախկին հնգամյա ուսուցումը մեխանիկորեն բաժանել են վեցի. չորս տարին` բակալավրիատ, երկու տարի` մագիստրատուրա, այսպիսով բակալավրիատը փաստացի դարձնելով թերի բարձրագույն: Հետևաբար ԲՈՒՀ-ական ծրագրերի առումով խիստ անհրաժեշտ է դրանց վերանայում և քննարկում` միջազգային ճափանիշներին համապատասխան:
Առաջարկների հեղինակներն են`
Արտեմիս Լեփեջյան – Երևան, «Սուրբ Սանդուխտ» ՀԿ-ի նախագահ 
Էմիլյա Սայադյան - Երևան, թիվ 135 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն 
Ինեսսա Ամիրբեկյան - Երևան, բանկային ծառայող 
Անահիտ Լեփեջյան- Երևան, մատենադարանի աշխատակից 
Հայարփի Քեշիշյան- Երևան, թարգմանչուհի

* * *
Առաջարկներ կապված հանրակրթության բովանդակության բարելավման հետ
Առաջարկում ենք.
Դասագրքերի ստեղծման և ընդունման կարգի փոփոխություն: Դասագրքերի բովանդակությունը կազմելու համար ստեղծել տարբեր մակարդակների հանձնաժողովներ` օժտված համապատասխան լիազորություններով: Այդ հանձնաժողովներում ներգրավվել կոնկրետ ոլորտների մասնագետների` ուսուցիչների մտավորականների, ՀԿ-ների ներկայացուցիչների:
Դասագրքերի կազմումը դարձնել թափանցիկ` ապահովելով հանրության մասնակցությունը, դասագրքերը կազմելիս նախօրոք կատարել հասարակական հարցումներ դպրոցականների, ուսուցիչների շրջանում, և հենվել այս արդյունքների վրա:
Հայրենագիտությունը ինտեգրել դպրոցում դասավանդվող բոլոր առարկաներում, պարտադիր ուսումնական ծրագրում ներառել ազգային երգ, երաժշտություն, պարարվեստ, արվեստի այլ ճյուղեր և արհեստներ:
Պարբերաբար անցկացնել քննարկումներ, թեմատիկ ստուգատեսներ, բանավեճեր աշակերտների մասնակցությամբ (ցանկալի է նրանց կազմակերպչական մասնակցությունը) հանրության համար կարևոր գլոբալ խնդիրների շուրջ:
Առաջարկների հեղինակներն են`
Լաուրա Գևորգյան – ք. Եղեգնաձոր, Եղեգնաձորի երկրագիտական թանգարան 
Սիրանուշ Պողոսյան – ք.Արմավիր, մանկավարժ 
Սոֆյա Ստեփանյան - ք. Արմավիր, տնտեսագետ 
Վահան Թումասյան – ք. Գյումրի, «Շիրակ Կենտրոնի» ՀԿ-ի նախագահ 
Նանե Ասատրյան – ք. Եղեգնաձոր, լրագրող 
Օվսաննա Սիմոնյան – ք. Եղեգնաձոր, երիտասարդ հասարակական գործիչ

* * *
Առաջարկներ ուղղված հանրակրթությունում ուսուցման մեթոդների բարելավմանը
Քանի որ մենք կառուցում ենք ժողովրդավարական երկիր, ըստ այդմ անհրաժեշտություն կա այնպիսի անհատների ձևավորման, որոնք ունակ լինեն ստեղծագործելու, ինքնուրույն մտածելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու: Փոխվել է մեր կրթական համակարգը: Առաջանում են նոր պահանջներ և պետք է ստեղծվեն նոր մեթոդներ 12-ամյա կրթական համակարգին արդյունավետ անցում կատարելու համար:
Մենք առաջարկում ենք, որ մեր լավագույն դպրոցների առաջավոր և կայացած մեթոդները տպագրվեն թեկուզ համառոտ ձևով, և ուղարկվեն դպրոցներ:
Առաջարկում ենք նաև հանրային հեռուստատեսությամբ կառավարության պատվերով համապատասխան հաղորդումներ կազմակերպել, որպեսզի մեր մանկավարժական հանրությունը, ծնողները, դպրոցականները իրազեկված լինեն դասավանդման նորագույն մեթոդների վերաբերյալ և երկխոսության հնարավորություն ունենան:
Առաջարկների հեղինակներն են`
Ռուզաննա Փիլիկյան- ք. Արմավիր, Արմավիրի թիվ 5 դպրոց, մանկավարժ 
Մարգարիտա Պողոսյան - ք. Արմավիր, Արմավիրի թիվ 5 դպրոց, մանկավարժ 
Ազատուհի Գալստյան - ք. Արմավիր, մանկավարժ 
Նաիրա Առաքելյան – ք. Արմավիր, Արմավիրի Զարգացման Կենտրոն` ՀԿ-ի նախագահ 
Մարիամ Ջանոյան – ք. Գյումրի, մանկավարժ 
Մուշեղ Պողոսյան - ք. Արմավիր, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ 
Արտակ Գրիգորյան - գ.Նոր Արմավիր, Նոր Արմավիրի դպրոցի փոխտնօրեն

* * *
Հանրակրթական դպրոցներում կադրային քաղաքականության բարելավման հետ կապված առաջարկներ
Յուրաքանչյուր դպրոցում անչափ կարևոր է կադրային քաղաքականությունը՝ ճիշտ կադրերի ընտրությունը:
Այս առումով անհրաժեշտ է.
անընդհատ դասալսումների միջոցով վերհանել ուսուցիչների դրական և բացասական կողմերը, և հասնել նրան, որ անորակ մասնագետները իրենք համոզվեն իրենց վատ մասնագետ լինելուն, որը նրանց համար խթանիչ դեր կունենա կատարելագործվելու առումով
անցկացնել ուսուցիչների տեստավորում աշակերտների շրջանում
նոր ուսուցիչներին ընտրել ծնողական խորհրդի և դպրոցական խորհրդի միջոցով
մեկ տարվա պայմանագիր կնքելով` ուսուցչին տալ աշխատանք և հնարավորություն, իսկ եթե նա չի արդարացնում իր լավ ուսուցիչ լինելը` ազատել աշխատանքից
Այնուամենայնիվ, կադրային քաղաքակության առումով ցանկանում ենք նշել, որ անհասկանալի և անընդունելի է, երբ նորավարտ ուսուցիչն անգամ կարիք ունի վերապատրաստման: Այսօր մեր ԲՈՒՀ-երը չեն աշխատում ժամանակի պահանջներին համապատասխան ծրագրերով և մեթոդներով: Գործում են հին մեթոդները, և ԲՈՒՀ-երը դպրոցին տալիս են մեր պետության ժամանակակից պահանջներին ոչ համապատասխան մասնագետ-մանկավարժներ: Եթե Կրթության և գիտության նախարարությունը ցանկանում է բարձրացնել կրթության որակը, ապա ինչու դա չի արվում ԲՈՒՀ-երում, այլ կրկնակի և անիմաստ աշխատանք է կատարում` նախ, միջոցներ է ծախսում ուսանողի վրա, իսկ այնուհետև` նրա վերապատրասման համար:
Առաջարկների հեղինակներն են`
Գայանե Ջոմարդյան- ք. Վանաձոր, «Սոցիալ-տնտեսական և իրավական 
բարեփոխումների կենտրոն» 
Աշոտ Անտինյան – գ. Մարգահովիտ, դպրոցի տնօրեն 
Արփիկ Ալոյան – գ. Գետափ, մանկավարժ 
Սամսոն Ուլիխանյան - գ. Փամբակ, գյուղապետ 
Կարեն Բադիշյան – ք. Գյումրի, Շիրակի մարզի ՀԿ կենտրոնի կոորդինատոր

* * *
Հանրակրթական դպրոցների ֆինասական կառավաման հետ կապված առաջարկներ
Հայտնի է, որ դպրոցը ֆինասավորվում է ըստ աշակերտների թվի: 1999 թվականից մինչև այսօր 4-5 անգամ ավելացվել է աշակերտին տրվող միավոր գումարը. եթե 1999 թ-ին 1 աշակերտին հատկացվում էր տարեկան 14 000 դրամ, ապա այսօր այս գումարը հասել է 57 000 դրամի:
Սակայն դպրոցին հատկացվող գումարները հիմնականում չեն հերիքում այլ բանի, քան ուսուցչի աշխատավարձերի վճարմանը, կենսաթոշակային ֆոնդին հատկացումներին, լույսի, ջրի և այլ կենցաղային ծախսերին (մասնավորպես փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում): Որևէ գումար չի հատկացվում դպրոցի լրացուցիչ ծախսերի համար:
Առաջարկվում է, որ դպրոցում արտաբյուջետային եկամուտները առանց տոկոսների լիարժեք մնան դպրոցի բյուջեում, որպեսզի դպրոցի ղեկավարությունը կարողանա դրանով հոգալ մնացած լրացուցիչ ծախսերը:
Առաջարկների հեղինակներն են`
Լուսինե Պետրոսյան – ք. Արմավիր, Մայիսյանի միջնակարգ դպրոց, մանկավարժ 
Համլետ Ոսկանյան - գ. Ազատան, մանկավարժ 
Նորիկ Մկրտչյան – ք. Եղեգնաձոր, Կրթության Ազգային ինստիտուտի Վայոց Ձորի մասնաճյուղ 
Գայանե Աքուլյան – ք. Վանաձոր, «Աղջիկներն առաջնորդում են մեր աշխարհը» ՀԿ-ի նախագահ 
Սոֆյա Գալստյան – գ. Գլաձոր, մանկավարժ 
Խորեն Փնջոյան – ք. Վանաձոր, Վանաձորի թիվ 10 դպրոցի տնօրեն

* * *
Առաջարկներ ՀՀ Կրթական համակարգում իրականացվող քաղաքականության վերաբերյալ
Ծանոթանալով և վերլուծելով ՀՀ կրթական ոլորտում իրականացվող քաղաքականությունը գտնում ենք, որ
- անհրաժեշտ է` կրթությունն ուղիղ համեմատական լինի տնտեսության զարգացմանը, որի համար պետ է մշակվի կրթության և տնտեսական զարգացման համապարփակ պետական ռազմավարություն 
- կրթությունը պետք է նպաստի քաղաքացիական հասարակության զարգացմանը 
- անհրաժեշտ է ստեղծել գիտության զարգացման համար բավարար նախադրյալներ /գիտության բավարար հիմքեր/:
Կրթությունը պետք է հանդիսանա ազգային անվտանգության հայեցակարգի հիմնական և անբաժանելի մասը: Կրթությունը, ինչպես պետության պաշտպանության ոլորտը, պետք է դիտվի որպես ազգային պետական գերակա ոլորտ
Ապակուսակցականացնել կրթության ոլորտը: Չի կարելի կրթության ոլորտը փորձադաշտ դարձնել այս կամ այն կուսակցության քարոզչական նպատակների իրագործման համար:
Առաջարկների հեղինակներն են`
Նարինե Հարությունյան – հայցորդ, քաղաքագետ 
Լալա Խաչատրյան – մանկավարժ 
Սուրեն Գալուստյան – մասնավոր խուզարկու 
Տաթևիկ Ավետիսյան – լրագրող 
Լուսինե Նահապետյան - դասախոս 
Արմեն Գևորգյան – իրավական խորհրդատու 
Գոհար Բարխուդարյան - դասախոս, տնտեսագետ

* * *
Առաջարկներ ուղղված ՀՀ կրթական համակարգի արդյունավետության բարձրացմանը և վերջինում մասնակցային գործընթացների և մեխանիզմների ուժեղացմանը
Ելնելով այն հանգամանքից, որ կրթական համակարգում իրականացվող յուրաքանչյուր գործընթաց առաջին հերթին վերաբերում է հասարակության տարբեր շահագրգիռ խմբերին, սույն համակարգում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն և բարեփոխում պետք է առաջին հերթին նախաձեռնվի և վերահսկվի հենց հասարակության շահագրգիռ խմբերի կողմից:
Դրա համար առաջարկում ենք հետևյալը.
ՀՀ մարզերում ստեղծել նախաձեռնող խմբեր-հանձնաժողովներ, որոնց մեջ ներգրավված կլինեն կրթական համակարգին տարբեր բնույթով առնչվող շահագրգիռ անձեր և կազմակերպություններ:
Հանձնաժողովի աշխատանքներին աջակցություն պետք ցուցաբերի կրթության նախարարությունն իր լծակներով, և յուրաքանչյուր քաղաքականության վերաբերյալ նախօրոք տեղեկացնի այդ խմբերին:
Ստեղծված նախաձեռնող խմբերը պարբերական աշխատանքների միջոցով պետք է վերհանեն կրթության ոլորտում արձանագրված թերությունները և ներկայացնեն իրենց առաջարկությունները համապատասխան պետական մարմիններին:
Մարզերից նախաձեռնող խմբերից ստեղծել համապետական մարմին, որը աշխատանքներ կգումարի 6 ամիսը մեկ, կամ տարին մեկ հաճախականությամբ:
Համապետական վեհաժողովի ընթացքում, որին հրավիրված կլինեն պետական համապատասխան մարմիններից ներկայացուցիչներ, կկատարվի աշխատանքների ամփոփում, խորհրդակցություն և փորձի փոխանակում:
Վեհաժողովի ավարտից հետո ստեղծվի առաջարկությունների փաթեթ, որը կփոխանցվի կառավարությանը: Կառավարությունը սահմանվող ժամկետում պարտավոր է պատասխանել բոլոր առաջարկություններին:
Առաջարկների հեղինակներն են`
Արթուր Ղազինյան – ք. Վանաձոր, «Դաշինք» ՀԿ, նախագահ 
Սևակ Դերձյան – ք. Վանաձոր, ՍԻՄ կուսակցության անդամ 
Ինեսսա Հակոբջանյան – ք. Վանաձոր, երիտասարդ հասարակական գործիչ 
Դերենիկ Մալխասյան – ք. Գյումրի, քաղաքագետ, լրագրող-վերլուծաբան

* * *
Առաջարկներ կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հանրային վերահսկողոթյան հետ կապված
Քանի որ հասարակությունը պետք է մասնակից լինի իշխանության կողմից կատարվող բոլոր արմատական փոփոխություններին, հետևաբար անհրաժեշտ է մինչև դրանց ընդունելն ու իրականացնելը իրազեկել հանրությանը, և ավելին` հաշվի առնել նրա կարծիքը:
Հանրության իրազեկման և հանրային վերահսկողություն իրականացնելու համար չափազանց կարևոր է հասարակության նախաձեռնող ակտիվությունը: Հասարակության մեջ անհրաժեշտ է ձևավորել կրթության հիմնախնդիրներով մտահոգված ակտիվ նախաձեռնող խմբեր, որոնց մեջ կարող են մտնել ՀԿ-երի անդամներ ու ակտիվ մտահոգ անհատներ: Վերջիններս, հասարակական ընդհանուր շահերից ելնելով, համագործակցության ընդհանուր եզրեր գտնեն իշխանության հետ և իրական կապող օղակ հանդիսանան իշխանության և հասարակության միջև:
Առաջարկների հեղինակներն են`
Սարգիս Ավետիսյան – ք. Արմավիր, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ 
Ռուզաննա Ազարյան – ք. Երևան, մանկավարժ, երաժիշտ 
Մարինե Ավետիսյան- ք. Գյումրի, «Մեղվիկ» ՀԿ-ի անդամ 
Կարապետ Մաթոսօղլյան- ք. Գյումրի, սոցիալական աշխատող 
Նարինե Ավետիսյան – ք. Գյումրի, երիտասարդ հասարակական գործիչ
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014