ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

28.05.2005 - ՄԻԺԻ-ն պահանջում է բազմակարծության ժողովրդավարական սկզբունքի հարգումը և պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում - Բաց նամակ

 
 
Բ Ա Ց  Ն Ա Մ Ա Կ
 
ՄԻԺԻ-ն պահանջում է բազմակարծության
ժողովրդավարական սկզբունքի հարգումը և պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում
հանուն աղքատության դեմ պայքարի իրական հանրային մասնակցության և ժողովրդավարական պետության զարգացման

Համաշխարհային բանկը և նրա կողմից ֆինանսավորվող ծրագրերն ու կառույցները խուսափում են հանրայնացնել Հայաստանում Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) և գործընթացների վերաբերյալ այլընտրանքային տեսակետներն ու գործունեությունը, որոնց թվում նաև ՄԻԺԻ-ի տեսակետներն ու գործունեությունը /տես ՄԻԺԻ-ի 3 մարտ 2005 Ուղերձը/:
 
Մարդու Իրավունքների և ժողովրդավարության Ինստիտուտ` ՄԻԺԻ, հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունը` որպես ԱՀՌԾ գործընթացների մասնակից ներգործուն քաղաքացիական կառույց, Ընդդեմ իրավական կամայականության հայաստանյան հասարակական կազմակերպությունից առաջարկ է ստացել ներդրումով հանդես գալ նրա կողմից հրատարակության պատրաստվող «ԱՀՌԾ մասնակցություն. հայկական փորձը» գրքույկում, որի նպատակն է` ներկայացնել ԱՀՌԾ մշակման հայաստանյան փորձը` որպես հաջողված օրինակ, ինչպես նաև այս գործընթացի թերությունները և նրանից քաղված դասերը:
 
Նախատեսվում է, որ գրքույկը պետք է արտահայտի հնարավորինս բազմազան տեսակետներ ԱՀՌԾ փուլերի վերաբերյալ: Գրքույկը պատրաստվում է Համաշխարհային բանկի և նորվեգական «Թրաստ» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Սոցիալական պատասխանատվության և մասնակցային մոնիտորինգի փորձարկումն ու կարողությունների ամրապնդման մոտեցումները» նախաձեռնության շրջանակներում:
 
ՄԻԺԻ-ի կողմից տրամադրված նյութը նախատեսվում էր գրքույկում ընդգրկել ներդիրի տեսքով /տես ներփակ Ա. թղթածրարը/:
 
ՄԻԺԻ-ի տեսակետն արտահայտող նյութը գրքույկի պահաջներին լիովին  համապատասխան ձևակերպումով ներկայացվել է Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպություն և հրատարակիչների կողմից որոշ խմբագրումներով ներառվել  է գրքույկի նախագծում: Սակայն, հետագայում, 30 ապրիլ 2005-ով թվագրված նամակով /տես ներփակ Բ. թղթածրարը/ ծրագրի համակարգողից տեղեկացվեցինք, որ ծրագիրը ֆինանսավորող Համաշխարհային բանկը մերժել է ՄԻԺԻ-ի ներդրումը` գրքույկի ընդհանուր ֆորմատին և նպատակադրության հետ անհամապատասխան լինելու «հիմնավորմամբ»:
 
Այսպիսի մոտեցումը և կեցվածքը ՄԻԺԻ-ն գնահատում է որպես բազմակողմանի և այլընտրանքային մոտեցումների մերժման, իրական մասնակցային սկզբունքի ոտնահարման բացահայտ դրսևորում, և կասկածի տակ է առնում նախատեսվող հրատարակության անաչառությունն ու հասարականպաստությունը: Ցավոք, մեկ անգամ ևս հավաստվում է ՄԻԺԻ-ի 3 մարտ 2005-ի Ուղերձ - քննադատությունը. ԱՀՌԾ գործընթացներում Համաշխարհային բանկի նման շահույթ հետապնդող արտաքին կառույցի թելադրանքի ոճը ՀՀ պետության տեղական գործոնների, քաղաքականության և գործունեության նկատմամբ բացարձակ անընդունելի է և հակադրվում է ինքնիշխանության հարգման սկզբունքին:
 
ա) ՄԻԺԻ-ն պաշտպանում է խոսքի ազատությունը, բազմակարծությունը, ազատ արտահայտվելու իրավունքը, որոնք հանդիսանում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնական սկզբունքերը և ամրագրված են ՀՀ օրենքներում ու միջազգային իրավական ակտերում: Թե ՀՀ պետությունը, և թե Հայաստանում գործող յուրաքանչյուր կառույց, տեղական թե միջազգային, պարտավոր է հարգել այդ սկզբունքերը: ՄԻԺԻ-ն Համաշխարհային բանկից պահանջում է ներկայացնել այն չափանիշները, որոնց համապատասխան կատարվել է գրքույկի նյութերի ընտրությունը և հիմնավորել ՄԻԺԻ-ի կողմից ներկայացված նյութի մերժումը:
 
ՄԻԺԻ-ն ԱՀՌԾ-ը Հայաստանում չի գնահատում որպես մի հաջողված պետական ռազմավարական փաստաթուղթ և գործընթաց թե նպատակների, թե իրականացման և թե կառավարման համակարգի իմաստով: Հակիրճ օրինակի կարգով նշենք անհաջողության մի շարք խնդիրներ` ա) ԱՀՌԾ պետական ռազմավարությունը` կառավարության քաղաքականությունը, մոտ 200 էջանոց փաստաթուղթ է, որը կարելի է համարել ավելի շատ ակադեմիական աշխատություն, քան հանրային քաղաքականություն: Հետաքրքիր է, թե որոշում կայացնողներից, իրականացնողներից և վերահսկողներից քանիսն են այդ ԳԻՐՔՆ ամբողջությամբ կարդացել, բ) ԱՀՌԾ-ը աղքատության պատճառները չի նշում.  ՀՀ-ում աղքատության հիմնական պատճառը ժողովրդավարական արդյունավետ և մարդու զարգացմանն ուղղված կառավարման սկզբունքի, վարքագծի և քաղաքականության բացակայությունն է. այդ  է որ ծնունդ է տվել և տալիս աղքատության, գ) ԱՀՌԾ-ն ՀՀ օրակարգ է մտել 2000թ-ին` արտաքին ֆինանսական կազմակերպությունների ուղղորդմամբ և վարկեր տալու պայմանով, այլ ոչ հասարակության ձևավորված պահանջարկով ու պահանջատիրությամբ: Աղքատությունը Հայաստանում խնդիր է, և մեծ խնդիր, բայց հասարակության պահանջով չէ, որ այն օրակարգ է դարձել. հասարակությունը մասնակիցը չէր և տեր չէր այդ քաղաքականությունը մշակելիս,  և հետագա գործընթացներում էլ իրեն տեր չի զգում: Ժողովրդի զուտ իրազեկությամբ խնդիրը չի լուծվում. ժողովուրդն աղքատության հաղթահարման քաղաքականության և գործընթացների տեր պետք է լինի. ներկայումս այդ չէ իրականությունը և ժողովուրդն օտարված է այդ հանրային քաղաքականությունից և գործընթացներից: Իշխանությունների և որոշ ընտրախավերի համար այդ նաև գործոն է ուժային իմաստով իրենց ամրապնդման համար, իսկ աղքատության հաղթահարման համար իրական քաղաքական կամք չկա. եթե վարկերը դադարեն կամ ֆինանսական կառույցները փոխեն իրենց քաղաքականությունն ու ԱՀՌԾ-ին գումարներ չհատկացվեն և ուշադրություն չդարձվի, ապա վաղն իսկ ԱՀՌԾ-ն կանհետանա նույն կերպ, ինչպես դրսից մտավ ՀՀ օրակարգ` միթե` ցածից ձևավորվի հասարակական պահանջը և հզորանա` որպես պահանջող ու վերահսկող ուժ, և  իրական քաղաքական կամք ձևավորվի այդ իրապես հաղթահարելու համար: դ) Թե ԱՀՌԾ փաստաթուղթը և թե գործընթացները ձևական են, դրանք հանդիսանում են մի խումբ ընտրախավի ինքնակարևորման ինքնանպատակ հնարավորությունը, իսկ ժողովուրդը դրանց տերը չէ: Ոչ ուժերի կամ շահերի բախում, ոչ էլ իրական բանակցություններ տեղի չեն ունենում. թե դրամաշնորհներ ստացողները, թե որոշում կայացնողները, թե իրականացնողներն ու վերահսկողները հաճախ նույն մարդիկ են: Սա հակասում է ժողովրդավարության սկզբունքներին: Յուրաքանչյուրի պատասխանատվությունը պետք է հստակեցված լինի. իշխանություններն իրենց կայացրած որոշումներով պատասխանատու են հասարակության ու ժողովրդի առաջ և հաշվետու են նրան, իսկ քաղաքացիական հասարակությունը դրա վերահսկողն ու հաշվետվություն պահանջողն է: ԱՀՌԾ գումարների մեծ մասը ուղղվում է ոչ թե հիմնական շահառու աղքատ խավին, այլ փորձագիտական և վարչական աշխատանքներին ե) ԱՀՌԾ նպատակներն ու գերակայությունները նույնպես դրվել են միջազգային ֆինանսական կառույցների ուղղորդմամբ` նեոլիբերալ ուղղվածությամբ: Որպես հիմնական նպատակ դրվել են տնտեսական աճն ու եկամուտների աճը, այլ ոչ տնտեսական ու սոցիալական զարգացումը, արդար հնարավորությունների ապահովումը, բարիքների արդար վերաբաշխումը: Երկրորդ նպատակը` մարդկային աղքատության կրճատումը, զուտ քանակական իմաստով է դրված և դուրս է թողնում մարդու ունակությունների և կարողությունների զարգացումը` կրթության որակի, մարդուժի զարգացման խնդիրը, և դրանց կապը տնտեսական զարգացման հետ: Ավելին, դուրս է մնացել արդյունավետ և ժողովրդավարական կառավարման խնդիրը, որն աղքատությունը ծնող հիմնական պատճառ է, ուստի ՀՀ-ում կառավարման զարգացումը թե կենտրոնական, թե տեղական մակարդակներում հիմնական նպատակներից մեկը պետք է լինի:
 
ՄԻԺԻ-ի գնահատմամբ, եթե Համաշխարհային բանկի համար ԱՀՌԾ-ն Հայաստանում հաջողված մի փորձ է, ապա մեր պետության համար սա ձախողում է, քանզի Համաշխարհային բանկի հետապնդած շահերը լիովին հակադիր են հայ ժողովրդի և պետության շահերին: ԱՀՌԾ փորձը հաջողված ցույց տալու մեր իշխանությունների (64%) և որոշ փոքրաթիվ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների ու կառույցների մոտեցումը և վարքագիծը (14%), այս իմաստով, անհասկանալի է: Համաշխարհային բանկը մարդասիրական կամ բարեսիրական կառույց չէ, այլ Բանկ, շահույթ հետապնդող թելադրող կազմակերպություն, որն աշխատում է “Վաշինգտոնյան կոնսենսուսի” /տես, «Տեսակետ  ՄԻԺԻ» N 14-15, էջ 22/ սկզբունքների հիման վրա:
 
Ինչ վերաբերվում է Հայաստանում ԱՀՌԾ-ի հասարակական վերահսկողության բացակայությանը, ապա դա հիմնականում պայմանավորված է իրական մասնակցության բացակայությամբ և մասնակցային ինստիտուտների ձևական բնույթով: Թե միջազգային ֆինանսական կազմակերպությունները, թե հայկական իշխանությունները և թե որոշ քաղաքական և քաղաքացիական գործոններն իրական քայլեր չեն ձեռնարկում հանրային մասնակցությունը բովանդակային և ազդեցիկ դարձնելու համար, այլ ավելի են օտարում հասարակությանը պետական ռազմավարություններում և քաղաքականություններում իր կարծիքը ներկայացնելու, պաշտպանելու և որոշում ընդունելու գործընթացից, այդ որոշումների վրա իրապես ազդելու հնարավորությունից:
 
բ) ՀՀ-ում գործող կառավարական և ոչ-կառավարական կազմակերպությունները, անհրաժեշտ է,  որ հանդես գան իբրև ինքնուրույն պետական և քաղաքացիական գործոններ, և պաշտպանեն մարդու իրավունքները և ժողովրդավարության հիմնարար,  ՀՀ Սահմանադրական և օրենսդրական սկզբունքերը, և չվերածվեն միջազգային ֆինանսական թելադրող ու տիրապետող, նյութական և քաղաքական շահույթ հետապնդող գործոնների գործակատարների: Մարդու իրավունքերի սկզբունքները չպետք է տեղի տան ֆինանսական կազմակերպությունների քաղաքականությանը, չպետք է թույլ տալ այս ֆինանսական կառույցներին թելադրող ոճ կիրառել ինքնիշխան կառավարական և ոչ կառավարական կառույցների և մեր ինքնիշխան պետության նկատմամբ: Այսպիսիով վտանգվում են թե քաղաքացիական հասարակության, և թե ինքնուրույն պետականության կայացումը  և զարգացման հեռանկարները Հայաստանում:
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ – ՄԻԺԻ
Երևան, 28 մայիս 2005
 
*        *        *
 
Ա. թղթածրարը
 
ՄԻԺԻ-ի ներդրումը
«ԱՀՌԾ մասնակցային գործընթաց. հայկական փորձը» գրքույկին
/վերաբերվում է գրքույկի 7 –րդ կետին, որն է «ԱՀՌԾ փաստաթղթի գերակայությունների առանձնացում և վերջնական մշակում» և
9-րդ կետին, որն է «Մասնակցային գործընթացի դինամիկան` մշակումից դեպի իրականացում»/
Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտ` ՄԻԺԻ հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունը 2000 թվականից սկսած գիտակից և հանձնառու մասնակցել է ԱՀՌԾ գործընթացներին:
 
Անդամակցելով ԱՀՌԾ կառույցներին` ՄԻԺԻ-ն մտածել էր, որ կարող էր ազդել աղքատության հաղթահարման հանրային քաղաքականության գերակայությունների վրա: Իր չորսամյա աշխատանքի, և իր հետ գործընկեր մյուս հասարակական կառույցների կազմակերպած մասնակցային գործընթացների արդյունքում ամրագրվել է առաջարակված սկզբունքներից միայն մեկը` «աղքատության կրճատում» հասկացությունը փոխարինվել է «աղքատության հաղթահարում» հասկացությամբ: Սակայն ՄԻԺԻ-ի և իր մասնակցային գործընթացների առաջադրած բոլոր մյուս փորձերը` ԱՀՌԾ գերակայություն դարձնել արդար վերաբաշխումը, հավասար հնարավորությունները բոլորի համար, դուրս են մնացել պետության աղքատության հաղթահարման ռազմավարությունից: Իսկ ԱՀՌԾ գումարների մեծ մասը ուղղվում է ոչ թե հիմնական շահառու աղքատ խավին, այլ փորձագիտական և վարչական աշխատանքներին:
 
            ՄԻԺԻ-ն Հայաստանում աղքատությունը համարում է հիմնականում քաղաքական և հանրային կառավարման, և ոչ զուտ տնտեսական խնդիր: Դրա հիմնական պատճառը տեսնում է Հայաստանում`
պետական հանրային քաղաքականության առանցքում մարդուն` որպես ազատ ու ստեղծագործ էակի, գնահատման ու արժևորման  բացակայության մեջ,
Հայ ժողովրդի` ԲՈԼՈՐԻ բաղձանքները և շահերը անձնավորող հայեցակարգի բացակայության մեջ,
հասարակության փոխհարաբերության մեջ հավասարության, արդարության և հիմնական մարդկային սկզբունքների և իրավունքների բացակայության մեջ,
հասարակության տևական զարգացմանն ուղղված համակեցության, համերաշխության   և սոլիդարության իրական ժողովրդավարական սկզբունքային մեկնակետերի և մոտեցումների բացակայության մեջ:
 
Աղքատությունը Հայաստանում կարող է հաղթահարվել, եթե Հայաստանի հանրային քաղաքականություն համարվող Աղքատության հաղթահարման ռազմավարության մեջ գործոն է դիտվում մարդ-անհատը` իր ստեղծագործական ունակություններով հանդերձ: Եթե հասարակության ԲՈԼՈՐ` սոցիալական, տնտեսական, մշակութային ՏԱՐԲԵՐ խավերի համար հավասար և արդար մասնակցության ու զարգացման հնարավորություններ են ապահովվում:
 
Տնտեսական աճը չի կարող նպաստել հասարակությունում տարածված աղքատության, անհավասարության ու անարդարության հաղթահարմանը, այլ տնտեսական զարգացումը` ներդաշնակված սոցիալական, մշակութային և քաղաքական զարգացման հետ:
 
Տնտեսական, սոցիալական անհավասարության ու անարդարության վերացման համար պետք է հաղթահարել մարդու գործունեություն ծավալելուն, այդ թվում` տնտեսական ու սոցիալական գործունեություն ծավալելուն խոչընդոտող հանրային քաղաքականության ձևավորման, կրթության, կառավարման ու դատաիրավական համակարգերի թերություններով պայմանավորված հնարավորությունների անհավասարությունը:
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ – ՄԻԺԻ

Բ. թղթածրարը
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014